Գլխավոր տեղեկություն
Номер
N 3144-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
20.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
20.08.2024
Дата вступления в силу
21.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3144-Ա

«20» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արայիկ Աթանեսյանի 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 9-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արայիկ Աթանեսյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի օգոստոսի 9-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Արայիկ Աթանեսյանը խնդրել է փոխհատուցել 2024 թվականի հուլիսի 18-ին Արցախի պողոտայի թիվ 12ա հասցեի դիմաց կայանված՝ «HONDA MNV» մակնիշի «09 OE 090» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած վնասը, որը, ըստ ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 30-ին տրված թիվ Ք-294-03-24 եզրակացության՝ կազմում է 634,000 (վեց հարյուր երեսունչորս հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի մարտի 6-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YG705226 վկայագրի համաձայն՝ «HONDA MNV» մակնիշի «09 OE 090» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսացել է Արայիկ Աթանեսյանի սեփականությունը:

2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումի կապակցությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 12ա հասցեում տապալված բարդու՝ չորացած ճյուղն ընկել է քաղաքացի Արայիկ Աթանեսյանին պատկանող «HONDA MNV» մակնիշի «09 OE 090» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա: Տեղեկացվել է նաև, որ նշված չորացած բարդին ունեցել է հաստատված ծառահատման թերթիկ, սակայն տարածքում գտնվող ավտոտնակի սեփականատերը սկզբում չի թույլատրել, որպեսզի կազմակերպության աշխատակիցները հատեն բարդին, պատճառաբանելով, որ կվնասվի իր ավտոտնակը, իսկ երբ համաձայնվել է՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից կիրառվել է արգելանք:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/3596/05/24 վարչական գործով 2024 թվականի հուլիսի 15-ին կայացվել է հայցի ապահովում կիրառելու մասին որոշում, որով դատարանն արգելել է Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի վարչական տարածքում կենսունակությունը կորցրած և/կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինման (դրանց հատումով ուղեկցվող) գործողություն կատարել, և պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ժամանակավոր պահպանել կենսունակությունը կորցրած և/կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինման հետ կապված փաստացի առկա իրավիճակը՝ մինչև թիվ ՎԴ/3596/05/24 գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 30-ին տրված ապրանքագիտական թիվ Ք-294-03-24 եզրակացությամբ փորձագետը պատասխանել է առաջադրված հետևյալ հարցին. «Որոշել փորձաքննությանը ներկայացված «HONDA MNV» մակնիշի, նույնականացման LVHDH2861P5001775 համարով, «09 OE 090» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասի վերականգնման /նորմալ շահագործողական վիճակի բերելու/ շուկայական արժեքը:»:

2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումին կից, ինչպես նաև 2024 թվականի օգոստոսի 9-ին կայացած լսումների ժամանակ դիմումի առարկային, այն է՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև դատական ակտ՝ վնասը վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու փաստի հաստատման մասին:

««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 30-ին տրված ապրանքագիտական թիվ Ք-294-03-24 եզրակացությամբ 2024 թվականի հուլիսի 18-ին Արցախի պողոտայի թիվ 12ա հասցեի դիմաց տեղի ունեցած պատահարի և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապը չի կարող հաստատված համարվել, քանի որ այն իրենից ներկայացնում է ապրանքագիտական եզրակացություն և փորձագետը հետազոտության չի ենթարկել փորձաքննության առարկա փոխադրամիջոցի վնասվածքների առաջացման պատճառը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/3596/05/24 վարչական գործով 2024 թվականի հուլիսի 15-ի՝ հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ չի ներկայացվել «HONDA MNV» մակնիշի «09 OE 090» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություն և առկա չէ ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող դատական ակտ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արայիկ Աթանեսյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97682-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան