Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.05.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
17.05.2024
Дата вступления в силу
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0019/06/21

Նախագահող դատավոր՝

 Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

17 մայիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Երեմ Վահանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2021 թվականի ապրիլի 3-ին հարուցվել է թիվ 37100921 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 3 որոշմամբ Երեմ Վահանի Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ե.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

1.1. Նախաքննության մարմինը 2021 թվականի մայիսի 20-ին միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մասնակի բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 1 (մեկ) ամիս ժամկետով:

3. Դատախազ Գ.Խաչիկյանի, պաշտպաններ Ա.Կարապետյանի և Ս.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է, իսկ պաշտպանների բողոքը բավարարել. բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը, մերժել է մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, վերացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրան ազատել կալանքից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության մասով կայացրել է անհիմն, չպատճառաբանված որոշում, թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ, 17-րդ, 55-րդ, 135-րդ, 136-րդ և 137-րդ հոդվածներով նախատեսված պահանջների խախտումներ, ինչի հետևանքով խաթարվել է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը: Բողոքաբերը նշել է, որ վիճելի են Վերաքննիչ դատարանի կողմից ձևավորված վերացական, ձևական և անորոշ հետևությունները, որոնց արդյունքում վերջինս հանգել է սխալ հետևության:

5.1. Բողոքաբերը նշել է, որ տվյալ դեպքում անձի արարքի իրավական գնահատականի փոփոխման հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է գնահատման ենթարկվեր նաև այն հանգամանքը, որ անձին մեղսագրված արարքի փաստական հանգամանքների էական փոփոխություն տեղի չի ունեցել, և որ արարքի իրավական գնահատականը խստացվել է՝ հաշվի առնելով ենթադրյալ հանցանքի կատարման շարժառիթը: Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը Ե.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակել է առանձնապես ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմով, քանի որ պարզել է, որ հանցավորը ենթադրաբար ոչ թե հասարակական կարգը խախտելու, այլ թշնամական շարժառիթով սպանություն կատարելու դիտավորություն է ունեցել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

5.2. Այսպիսով, բողոքաբերը եզրակացրել է, որ երբ ըստ էության նույնատիպ փաստական հանգամանքների պարագայում անձին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականը փոխվում է, ապա դատարանները հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս պետք է առաջնորդվեն ոչ թե ձևական պահանջների պահպանմամբ, այլ մեղադրանքի էության գնահատմամբ:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 7որոշումը և մերժել պաշտպանների բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ե.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործած առարկայի ողորկափող հրազենի օգտագործմամբ անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է խուլիգանություն:

Այսպես. Երեմ Հովհաննիսյանը, նրա ընկերներ Աշոտ Գարեգինի Սահակյանը և Վասպուրական Սմբատի Մխիթարյանը 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Երեմ Հովհաննիսյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող, հասարակական վայր հանդիսացող ավտոտեխսպասարկման կետի մոտ, որտեղ Երեմ Հովհաննիսյանը և Աշոտ Սահակյանն իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Տարոն Նորայրի Հարությունյանի նկատմամբ, անհիմն վիճաբանության են բռնվել ավտոտեխսպասարկման կետից դուրս եկած Արամ Մարտիկի Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում Երեմ Հովհաննիսյանը Վասպուրակ Մխիթարյանի հետ բռնություն են գործադրել Արամ Հովհաննիսյանի նկատմամբ, մասնավորապես՝ առանց նրա կամքը հաշվի առնելու, դիտավորությամբ բռնել են նրա ձեռքից և քաշքշել, որի ընթացքում նաև Աշոտ Սահակյանը «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից ցուցադրաբար դուրս է հանել TG 1 տիպի 12X76 մմ տրամաչափի 1915590051 համարի որսորդական ողորկափող հրազենը, ինչը նկատել է Արամ Հովհաննիսյանը, ով առողջության համար իրական վտանգ զգալով՝ դիմել է փախուստի: Այդ պահին Աշոտ Սահակյանը վերոնշյալ զենքը փոխանցել է Երեմ Հովհաննիսյանին, ով իր հերթին հետապնդելով Արամ Հովհաննիսյանին, նրա առողջության համար իրական վտանգ ստեղծելու եղանակով, 20-30 մետր հեռավորությունից վերջինիս ուղղությամբ արձակել է երեք կրակոցներ, որոնք Արամ Հովհաննիսյանին թեև չեն դիպել, սակայն լուրջ անհանգստություն և վախի զգացում են առաջացրել Տարոն Նորայրի Հարությունյանի մոտ, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ նա չի միջամտել տեղի ունեցած վիճաբանությանը:

Կրակոցներ արձակելուց հետո Երեմ Հովհաննիսյանը, Աշոտ Սահակյանն ու Վասպուրական Մխիթարյանը «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության բաժին (…)»2:

7.1. Մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 20-ի միջնորդության քննությունն Առաջին ատյանի դատարանում նշանակվել է 2021 թվականի մայիսի 25-ին3։

7.2. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ հետևյալ արարքի համար. «(…) [Ը]նկերոջ՝ Աշոտ Սահակյանի հետ միասին 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր կողմից վարած «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի միջպետական ճանապարհով դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ երթևեկելու ընթացքում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց նկատելով Արամ Հովհաննիսյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց է կատարել և կայանել ավտոտեխսպասարկման կետի դիմաց: Իջնելով ավտոմեքենայից՝ Երեմ Հովհաննիսյանը և Աշոտ Սահակյանը վիճաբանության մեջ են մտել ավտոտեխսպասարկման կետից դուրս եկած Արամ Հովհաննիսյանի հետ՝ պայմանավորված վերջինիս և Երեմ Հովհաննիսյանի միջև տևական ժամանակ ձևավորված լարված փոխհարաբերություններով, որի ընթացքում Երեմ Հովհաննիսյանը բռնել է Արամ Հովհաննիսյանի աջ ձեռքից, Աշոտ Սահակյանը «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված TG 1 տիպի 12X76 մմ տրամաչափի 1915590051 համարի որսորդական ողորկափող հրազենը, ինչը նկատելով՝ Արամ Հովհաննիսյանը ձեռքը քաշելով ազատվել է Երեմ Հովհաննիսյանից և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ դիմել է փախուստի: Այդ պահին Աշոտ Սահակյանը հանցագործության գործիք հանդիսացող վերոնշյալ զենքը փոխանցել է Երեմ Հովհաննիսյանին, ով հետապնդել է Արամ Հովհաննիսյանին ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 20-30 մետր հեռավորությունից՝ 2 հատ «RECORD 0-4,25 mm N-0-70mm» տեսակի և մեկ հատ «CHEDDITE» տեսակի որսորդական փամփուշտներով, երեք կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Արամ Հովհաննիսյանին հաջողվել է փախչել և փրկել իր կյանքը (…)»4:

7.3. Քննիչ Վ.Ավետիսյանը, պատասխանելով Առաջին ատյանի դատարանում նիստը նախագահողի հարցին, հայտնել է, որ միջնորդությունը ներկայացվել է 2021 թվականի մայիսի 20-ին, և այդ օրվա դրությամբ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրված չի եղել, և որ միջնորդության մեջ ներկայացված հիմնավոր կասկածը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքին: Բացի այդ, քննիչը նշել է նաև, որ այդ պահի դրությամբ քննարկելի է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը, և քանի որ ներկայումս Ե.Հովհաննիսյանը մեղադրվում է ավելի ծանր արարքի կատարման մեջ, գտել է, որ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը հիմնավոր է5:

8. Առաջին ատյանի դատարանը, 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ անդրադառնալով մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությանը, արձանագրել է հետևյալը. «(…) [Մ]եղադրյալ Ե.Հովհաննիսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը, այսինքն` առկա է տվյալ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը, առնչությունը, ինչպես նաև դեպքի համընկնումը այն ենթադրյալ հանցանքին, որոնց առերևույթ կատարման մեջ Ե.Հովհաննիսյանը մեղադրվում է: Դրա վկայությունն են՝ սույն միջնորդության մեջ շարադրված, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված ապացույցները, մասնավորապես, դեպքի վայրի զննության արձանագրությունը, տուժող Արամ Մարտիկի Հովհաննիսյանի, վկա Տարոն Նորայրի Հարությունյանի հարցաքննության արձանագրությունները, վկա Տարոն Հարությունյանի և տուժող Արամ Հովհաննիսյանի, վկա Տարոն Հարությունյանի և կասկածյալ Երեմ Հովհաննիսյանի, վկա Տարոն Հարությունյանի և կասկածյալ Աշոտ Գարեգինի Սահակյանի առերես հարցաքննության արձանագրությունները, «ԲՄՎ X 5» մակնիշի 77 TT 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությունը:

Այսինքն՝ վերը նշված փաստական տվյալները բավարար են ԵՀովհաննիսյանին մեղսագրվող արարքին վերջինիս առնչությունը /հիմնավոր կասկածը/ հաստատված համարելու և լիովին ապահովում են կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառման և կալանքի ժամկետը երկարացնելու պայմանները:

Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Վ.Ավետիսյանի միջնորդության մեջ նշված մեղադրյալ ԵՀովհաննիսյանի ազատության մեջ մնալու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված նրա հավանական գործողությունների մասին Վ.Ավետիսյանի դատարանում ներկայացված հետևությունները նույնպես հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, որոնք դատարանը համարում է առկա:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 4-7 տարի ժամկետով, բացի այդ, փոփոխվել է նրան առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսվում է պատիժ ութից տասնհինգ տարի ժամկետով, որն էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, վերոգրյալը ևս հաստատում է ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի՝ հավանական գործողությունների մասին միջնորդության մեջ նշված Վ.Ավետիսյանի հետևությունները, քանի որ անձին մեղսագրվող հանցանքի ծանրությունն ու ակնկալվող պատժի խստությունը էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում և այդ հանգամանքը հաստատվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում:

(…)

Նկատի ունենալով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը թեև դրսևորել է պատշաճ ջանասիրություն գործի քննությունն օրենքով սահմանված ժամկետում ավարտելու համար, սակայն դեռևս անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը, կատարել դրա հետ կապված անհրաժեշտ դատավարական գործողություններ, զննել խուզարկությամբ ավտոմեքենայից հայտնաբերված հեռախոսների պարունակությունը, կատարել դրանցից բխող այլ քննչական ու դատավարական գործողություններ, հետաքննության մարմնի կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքներով կատարել մեղադրյալ Աշոտ Սահակյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարից կայացած հեռախոսազանգերի վերծանումների տվյալներում նշված՝ հետաքրքրություն ներկայացնող անձանց հարցաքննություններ, որից հետո վերջնական քրեաիրավական գնահատական տալ վերջինիս արարքին, այնուհետև կողմերին հայտնել նախաքննության ավարտման մասին և ծանոթացնել քրեական գործի նյութերին, պարզել վերջիններիս կողմից միջնորդություններ ունենալու հանգամանքը, այդպիսիք լինելու դեպքում քննարկել և լուծել դրանք, որից հետո կազմել մեղադրական եզրակացություն և քրեական գործն ուղարկել դատարան, և նկատի ունենալով, որ քրեական գործով կազմված է քննչական խումբ, որում ներառված են ևս երկու քննիչներ, դատարանը վերոգրյալները համարում է բավարար հիմք՝ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու և մեղադրյալ Երեմ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը 1 ամիս ժամանակով երկարացնելու համար (...)» 6:

9. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմնավոր կասկածին դատարանը պետք է անդրադառնա և գնահատական տա այն համատեքստում, որը վերաբերում է խափանման միջոց կալանավորումը կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին միջնորդության մեջ նշված մեղադրանքին, քանի որ հենց այդ միջնորդությունն է ընդգծում դատական վերահսկողության առարկան ու սահմանները, որից դուրս գալու իրավասություն դատարանը չունի: Ի վերջո, դատարանը, որպես անձի անձնական ազատության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մարմին, ստուգում է քննիչի կողմից միջնորդության մեջ նշված անձին ազատությունից զրկելու համար բերված հիմքերի, հիմնավորումների, պայմանների և այլնի առկայությունը /բացակայությունը և չի կարող քննիչի միջնորդության մեջ չնշված որևէ այլ հանգամանք և փաստարկ հիմք ընդունել հօգուտ անձի կալանավորման, քանի որ դրանով կխախտի ոչ միայն օրինականության, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները, այլև անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու, ներկայացված միջնորդությունից պաշտպանվելու իրավունքը, և ըստ էության դատարանը կվերածվի քրեական հետապնդման մարմնի՝ օբյեկտիվ և անկողմնակալ արբիտրի փոխարեն:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շարունակական կալանքի մասին որոշում կարող է կայացվել բացառապես այն դեպքում, երբ դատարանը հաստատած կհամարի, որ հիմնավոր կասկածը շարունակում է առկա լինել, ընդ որում այն մեղադրանքի սահմաններում, որը ներկայացվել է միջնորդության մեջ (Վերաքննիչ դատարանի կարծիքով սա իմպերատիվ կանոն է), փաստում է, որ մեղադրանքի փոփոխությունը բացառում է սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի քննությունն առհասարակ, քանի որ այն այլևս օբյեկտիվորեն գոյություն չունի, հետևաբար, ինքնին այդ հանգամանքը բավարար է փաստելու, որ սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող, այն բացակայում է: Իսկ փոփոխված մեղադրանքով քննիչի ներկայացրած միջնորդությունը քննության առարկա չի կարող դարձվել, քանի որ օրենսդրությամբ նախատեսված չէ նման հնարավորություն, այսինքն՝ քննիչն իրավունք չունի փոխելու միջնորդության մեջ նշված նախնական մեղադրանքը, իսկ դատարանն իրավունք չունի հիմք ընդունելու միջնորդությունից դուրս և միջնորդության մեջ չնշված որևէ մեղադրանք և քննարկելու դրա շրջանակներում հիմնավոր կասկածի առկայության հարցը:

(...)

Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ Դատարանը հիմնավոր կասկածի հարցը քննարկել և հանգել է եզրակացության, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը, մինչդեռ պարզ չի դառնում, թե Առաջին ատյանի դատարանը ո՞ր մեղադրանքով է հաստատված համարել հիմնավոր կասկածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թե 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ավելին՝ նշել է, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսում է պատիժ ազատազրկում 4-7 տարի ժամկետով, բացի այդ փոփոխվել է առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսվում է պատիժ ութից տասնհինգ տարի ժամկետով, որն էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:

Փաստացի ստացվում է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածը քննարկել և հաստատած է համարել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այնպես էլ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ առաջինը գոյություն չի ունեցել Դատարանի կողմից որոշում կայացնելու պահին, քանի որ այն արդեն իսկ քննիչի կողմից փոփոխված է եղել, իսկ երկրորդ մեղադրանքով միջնորդություն Դատարանում չի եղել, հետևաբար Առաջին ատյանի դատարանը չէր կարող այն քննարկել, որպեսզի դուրս չգար միջնորդության սահմաններից ու առարկայից և չվերածվեր քրեական հետապնդման մարմնի: Ընդ որում, առավել խնդրահարույց է այն, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար հիմք է ընդունել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար օրենքով սահմանված պատժաչափը, այնպես էլ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար օրենքով սահմանված պատժաչափը, մինչդեռ, ինչպես նշվեց՝ առաջինը գոյություն չունի այլևս, իսկ երկրորդի մասով միջնորդություն չկա:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում է կայացրել այդ պահին գոյություն չունեցող մեղադրանքով, փաստելով նաև մյուս մեղադրանքի առկայությունը, որի վերաբերյալ միջնորդություն ներկայացված չի եղել, որպիսի հանգամանքը բավարար է փաստելու, որ Դատարանի կողմից թույլ է տրվել քրեադատավարական օրենքի հիմնարար խախտում:

(...)

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձնում պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքներում շարադրված մյուս փաստարկները՝ կալանավորման հիմքերի, պայմանների և պատշաճ ջանասիրության մասով (…)»7:

10. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2021 թվականի հունիսի 17-ին ստացվել է քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Երեմ Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և Աշոտ Սահակյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ: 2021 թվականի հոկտեմբերի 8-ի դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին պաշտպաններ Ա.Կարապետյանի և Ս.Հովհաննիսյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն օրվա թիվ ԱՎԴ4/0019/01/21 որոշմամբ այն բավարարել է՝ ամբաստանյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինելով գրավով՝ գրավի չափ սահմանելով 3 (երեք) միլիոն ՀՀ դրամը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ մերժվել է8։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելուց հետո անձին առաջադրված մեղադրանքը փոփոխվում կամ լրացվում է, հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելու իրավաչափության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք հիմնավոր կասկածի բացակայության հիմքով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն պատճառաբանությամբ, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության մեջ ներկայացված մեղադրանքի փոփոխությունը բացառում է հիմնավոր կասկածի առկայությունը:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է (…)»:

14. Կալանավորման պայմաններից մեկի՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում բազմիցս վերահաստատել է, որ «hիմնավոր կասկածը» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում9։ Ընդ որում, Եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ հիմնավոր կասկածի առկայությունը փաստական կողմից զատ, պահանջում է, որ դրա հիմքում դրված փաստերը, ներպետական օրենսդրության համաձայն, որակվեն որպես հանցավոր վարքագիծ10: Ըստ այդմ, հիմնավոր կասկածը չի կարող առկա լինել, եթե արարքը, որի կատարման մեջ կասկածվում է անձը, դրա կատարման պահին չի համարվել հանցագործություն11։

15. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը12։ Հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս, դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, արդյո՞ք առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին13։

15.1. Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ կրկնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գանահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի14:

Ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմը առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին15։

15.2. Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակում հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելիս դատարանը խնդիր ունի պարզելու ոչ թե անձին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականի ճիշտ կամ սխալ լինելը, այլ այդ արարքում ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հանցակազմի առերևույթ առկայությունը և այդ արարքի փաստական նկարագրության առերևույթ համապատասխանությունն այդ հանցակազմի հատկանիշներին։ Այլ կերպ՝ խնդրո առարկա միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կողմից հիմնավոր կասկածի առկայությունը փաստելը չի ենթադրում անձի մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականը հավաստելը և կոնկրետ հանցակազմի առկայությունը հաստատապես հիմնավորելը։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- նախաքննության մարմնի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ե.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով16,

- նշված մեղադրանքով նախաքննության մարմինը 2021 թվականի մայիսի 20-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ։ Նշված միջնորդության քննությունը դատական նիստում նշանակվել է 2021 թվականի մայիսի 25-ին17,

- նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով18,

- քննիչ Վ.Ավետիսյանն Առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ հայտնել է, որ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է 2021 թվականի մայիսի 20-ին, և այդ օրվա դրությամբ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրված չի եղել, և որ միջնորդության մեջ ներկայացված հիմնավոր կասկածը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքին19,

- Առաջին ատյանի դատարանը, մասնակի բավարարելով մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը, այսինքն` առկա է տվյալ ենթադրյալ հանցանքի կատարման հիմնավոր կասկածը, ինչպես նաև դեպքի համընկնումը այն ենթադրյալ հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ Ե.Հովհաննիսյանը մեղադրվում է։ Բացի այդ վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու հավանականությունը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 4-7 տարի ժամկետով, բացի այդ, փոփոխվել է նրան առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսվում է պատիժ ութից տասնհինգ տարի ժամկետով20,

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը արձանագրել է, որ մեղադրանքի փոփոխությունը բացառում է սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի քննությունն առհասարակ, քանի որ այն այլևս օբյեկտիվորեն գոյություն չունի, հետևաբար, ինքնին այդ հանգամանքը բավարար է փաստելու, որ սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող, այն բացակայում է: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածի հարցը քննարկել և հանգել է եզրակացության, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը, մինչդեռ պարզ չի դառնում, թե Առաջին ատյանի դատարանը որ մեղադրանքով է հաստատված համարել հիմնավոր կասկածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թե 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածը քննարկել և հաստատած է համարել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այնպես էլ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ առաջինը գոյություն չի ունեցել դատարանի կողմից որոշում կայացնելու պահին, քանի որ այն արդեն իսկ քննիչի կողմից փոփոխված է եղել, իսկ երկրորդ մեղադրանքով միջնորդություն Առաջին ատյանի դատարանում չի եղել, հետևաբար Առաջին ատյանի դատարանը չէր կարող այն քննարկել։ Վերաքննիչ դատարանը խնդրահարույց է համարել այն, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար հիմք է ընդունել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար օրենքով սահմանված պատժաչափը, այնպես էլ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար օրենքով սահմանված պատժաչափը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում է կայացրել այդ պահին գոյություն չունեցող մեղադրանքով՝ փաստելով նաև մյուս մեղադրանքի առկայությունը, որի վերաբերյալ միջնորդություն ներկայացված չի եղել21:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ե.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ներկայացվել է 2021 թվականի մայիսի 20-ին, և միջնորդության մեջ ներկայացված հիմնավոր կասկածը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքին։ Քննարկվող միջնորդությունը ներկայացնելուց հետո՝ 2021 թվականի մայիսի 25-ին, Ե.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի մասին քննիչ Վ.Ավետիսյանը հայտնել է 2021 թվականի մայիսի 25-ին՝ Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ժամանակ։ Ըստ այդմ էլ, Առաջին ատյանի դատարանը քննարկել է Ե.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը՝ փաստելով Ե.Հովհաննիսյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին և դրանում հանցակազմի առերևույթ առկայությունը։ Ընդ որում, նոր մեղադրանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ե.Հովհաննիսյանին մեղսագրված արարքի փաստական հանգամանքների էական փոփոխություն տեղի չի ունեցել, այլ փոխվել է արարքի իրավական գնահատականը։ Ուստի, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումից պարզ չէ, թե վերջինս որ մեղադրանքով է հաստատված համարել հիմնավոր կասկածը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս առումով Վերաքննիչ դատարանը հակասական դիրքորոշում է արտահայտել՝ մի կողմից՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումից պարզ չէ, թե վերջինս որ մեղադրանքով է հաստատված համարել հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝ հստակորեն արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածը քննարկել և հաստատած է համարել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այնպես էլ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Ինչ վերաբերում է մեղադրանքի փոփոխությանը, ապա Առաջին ատյանի դատարանը դա քննարկել և ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի խստությունը հաշվի է առել ոչ թե հիմնավոր կասկածի շրջանակում, այլ կալանավորման հիմքերից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելիս։

17.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ կոնկրետ դեպքում թե սկզբնական և թե փոփոխված մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը քննարկվել չէր կարող, ապա սույն որոշման 14-15.2-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը և միաժամանակ տեղյակ լինելով սկզբնական մեղադրանքով Ե.Հովհաննիսյանին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության մասին, ոչ թե խնդիր ուներ հաստատելու սկզբնական կամ փոփոխված իրավական գնահատականը, այլ պարզելու Ե.Հովհաննիսյանին մեղսագրված արարքում հանցակազմի առերևույթ առկայությունը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ սույն գործով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների փոփոխություն տեղի չի ունեցել, կալանավորման հիմքերի ու պայմանների առկայությունը հիմնավորող նոր փաստեր չեն ներկայացվել։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել էր սկզբնական մեղադրանքով, փոփոխված մեղադրանքի մասին տեղյակ լինելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը զրկված չէր նույն փաստական հանգամանքների պայմաններում փոփոխված իրավական գնահատականը հաշվի առնելու հնարավորությունից։ Վերոշարադրյալը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ նույն տրամաբանությամբ դատարանը չէր կարող զրկված լինել մեղադրանքի մեղմացման պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու նպատակահարմարությունն ավելի մեղմ մեղադրանքի լույսի ներքո քննարկելու հնարավորությունից։ Այս դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ օրինակ՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուց հետո առաջադրված սկզբնական մեղադրանքի իրավական գնահատականի փոփոխությունն կասկածի տակ չի կարող դնել սկզբնական մեղադրանքով հիմնավոր կասկածի վերաբերյալ դիրքորոշման իրավաչափությունը։

18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չեն հիմնավոր կասկածի բացակայության հիմքով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ այն պատճառաբանությամբ, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ ներկայացված մեղադրանքի փոփոխությունը բացառում է հիմնավոր կասկածի առկայությունը:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 17-րդ, 55-րդ, 135-րդ, 136-րդ և 137-րդ հոդվածներով նախատեսված պահանջների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է։ Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, Ե.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և որոշում է կայացվել ամբաստանյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ22, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մեղադրյալ Երեմ Վահանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_______________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 104-105:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 264-273, 277։

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 282-287:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 292-301:

6 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 292-301:

7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 50-58:

8 Տե՛ս datalex.am տեղեկատվական համակարգը։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ K. F. v. Germany գործով 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kandzhov v. Bulgaria գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 68294/01, կետ 57:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wloch v. Poland գործով 2000 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 27785/95, կետ 109, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06, կետ 136։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը, Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը։

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշման 15-րդ կետը։

14 Տե՛ս Հարություն Խաչատրյանի գործով վերը հիշատակված որոշման 13-րդ կետը։

15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը։

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան