Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.05.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
10.05.2024
Дата вступления в силу
10.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

ԵԴ/0147/01/19

նախագահող դատավոր՝

 ԱՎարդանյան

դատավորներ՝

 Մ. Պապոյան

 ՍՄարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

10 մայիսի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գոհար Սարիբեկի Գյոզալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 09102419 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Գոհար Սարիբեկի Գյոզալյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով, և մյուսների։

11 Դատաքննության ընթացքում մեղադրողը, ղեկավարվելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 3091-րդ հոդվածի կանոններով, որոշում է կայացրել Գոհար Գյոզալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, ու նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 14-ի դատավճռով ԳԳյոզալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։ ԳԳյոզալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով, նույն օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ԳԳյոզալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիման վրա ԳԳյոզալյանն ազատվել է պատժից:

Նույն դատավճռով ներկայացված մեղադրանքում մեղավոր են ճանաչվել նաև Կարեն Վազգենի Զախարյանը և Հասմիկ Հարությունի Մկրտչյանը։

3 Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 14-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Այսպես, բողոքաբերը նախ նշել է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրելով, որ դատական վարույթի ընթացքում չի հայտնաբերվել որևէ նոր փաստական հանգամանք, որը մեղադրանքը փոփոխելու հիմք կարող էր հանդիսանալ, մեղադրողի՝ մեղադրանքը փոփոխելու լիազորության իրականացման իրավաչափությունը գնահատել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կառուցակարգի շրջանակներում։ Մինչդեռ, տվյալ դեպքում, մեղադրանքի փոփոխությունն իրականացվել է նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված կառուցակարգի կիրառմամբ, որը Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել է այնպես, որ այդ կառուցակարգով մեղադրանքի փոփոխումը կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ փոփոխման հիմք հանդիսացող փաստական հանգամանքը մինչդատական վարույթում հայտնի է եղել։

Վերաքննիչ դատարանը, դիտարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կառուցակարգի կիրառելիության հարցը, իր հերթին, վերաբերելի իրավանորմերի յուրովի և հակասական մեկնաբանմամբ հանգել է ոչ իրավաչափ եզրահանգմանն առ այն, թե դատաքննության արդյունքներով չի հիմնավորվել սկզբնական մեղադրանքից տարբերվող հանցանքի կատարումը։

Մինչդեռ, ըստ բողոքի հեղինակի՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայել են, որ ԳԳյոզալյանը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։ Որպես նման եզրահանգման հիմնավորում նշվել է, որ ԳԳյոզալյանն իրացնելու նպատակով արդեն իսկ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ապօրինի փոխադրել է խոշոր չափերով հոգեմետ նյութ, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով այդ փաստական հանգամանքը, արարքը որակել է որպես չավարտված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միևնույն ժամանակ տեխնիկական վրիպակի արդյունքում արարքին տրված քրեաիրավական գնահատականը չի պարունակել նաև հղում նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, այն դեպքում, երբ համապատասխան փաստական հանգամանքն ընդգրկված էր մեղադրանքի ձևակերպման մեջ։

Այսպիսով, բողոքի հեղինակը փաստել է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կառուցակարգով դատաքննության ընթացքում մեղադրանքը՝ քրեաիրավական առումով փոփոխելու հիմքը։

51 Նշվածի հետ մեկտեղ, ակներև է, որ դատաքննության ընթացքում փոփոխված մեղադրանքին ծանոթացնելը և դրան արձագանքելու ու պաշտպանությունը կազմակերպելու համար բավարար ժամանակի և հնարավորության տրամադրումը՝ փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի ապահովման գործուն միջոց են, ուստի, դրանց կենսագործումն անհիմն է դարձնում պաշտպանության իրավունքի խախտման մասին դատարանների պնդումը։

Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը փաստել է, որ պարզելով փոփոխված մեղադրանքի առնչությամբ ամբաստանյալի դիրքորոշումը, Առաջին ատյանի դատարանը շարունակել է դատական վարույթը և եզրափակիչ դատական ակտով չի քննարկել փոփոխված մեղադրանքի ապացուցվածության հարցը։ Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի, անհնար է պատկերացում կազմել, թե ԳԳյոզալյանի մասով դատաքննությունը որ մեղադրանքի սահմաններում է ընթացել, ինչը պաշտպանության իրավունքի խախտում է։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ԳԳյոզալյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7 Որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2019 թվականի մարտի 15-ի որոշման և հաստատված մեղադրական եզրակացության համաձայն՝ Գոհար Գյոզալյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրվում է այն արարքի համար, որ նա «(․․․) [Խ]ախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 707-Ն որոշման պահանջները թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, 26.07.2018թ.-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող իր որդի Նարեկ Հայրապետի Գյոզալյանին, փորձել է իրացնել իր կողմից նախապես «Նևիգրամոն» տեսակի դեղամիջոցի տարայում 26 հատ կիսահատվածներից կազմված դեղապատիճներով լցրած խոշոր չափի՝ 4,09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը, սակայն հանձնուքի պարունակությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան աշխատակցի կողմից ստուգվելուց հետո, հայտնաբերվել է նշված հոգեմետ նյութը և Գ.Գյոզալյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել»2։

71 Դատաքննության ընթացքում փոփոխված մեղադրանքի համաձայն՝ ԳԳյոզալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մեղադրանքի փաստական կողմի հետևյալ ձևակերպմամբ «(․․․) Գ․Գյոզալյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 707-Ն որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող իր որդուն՝ Նարեկ Հայրապետի Գյոզալյանին խոշոր չափերի՝ 4,09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ապօրինի իրացնելու նպատակով, 2018 թվականի հուլիսի 26-ին «Նևիգրամոն» տեսակի դեղամիջոցի տարայում 26 հատ կիսահատվածներից կազմված դեղապատիճներով լցրած խոշոր չափերի՝ 4,09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութն ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ կալանքի տակ գտնվող Նարեկ Հայրապետի Գյոզալյանին հանձնելու նպատակով, սակայն հոգեմետ նյութը հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից»3։

8 Առաջին ատյանի դատարանը, որպես սկզբնական մեղադրանքով եզրափակիչ դատական ակտ կայացնելու եզրահանգման հիմնավորում, նշել է «(․․․) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ որպես առաջադրված մեղադրանքի՝ խստացման կամ մեղմացման առումով լրացման կամ փոփոխման թույլատրելիության իմպերատիվ պահանջ պետք է լինի այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք քրեական հետապնդման մարմիններին հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում: Վերոգրյալից անհերքելիորեն հետևում է, որ պետք է առկա լինի կա՛մ այնպիսի հանգամանք, որը հայտնի չի եղել, կա՛մ այնպիսին, որը չէր կարող հայտնի լինել և ի հայտ է եկել գործի դատական քննության ընթացքում, հակառակ պայմաններում օրենքի տրամաբանություից բխում է, որ մինչդատական վարույթում անձին առաջադրված մեղադրանքը դատարանում փոփոխման ենթակա չէ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Քննարկվող դեպքում [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ չի պահպանվել օրենքի իմպերատիվ պահանջը, քանի որ դատարանում քրեական գործի քննության ընթացքում որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, որը կարող էր հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի հիմքով Գոհար Գյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը խստացման առումով փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու համար:

(․․․) Բացի այդ, [Գ․Գյոզալյանը] պետք է ունենար բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու, իրականացնելու և դրա փաստացի մարտավարությունն ընտրելու համար, մինչդեռ, չնայած այն հանգամանքին, որ օրենքի պահանջների պահպանմամբ Գ.Գյոզալյանին տրվել է իրեն առաջադրված նոր մեղադրանքին ծանոթանալու բավարար ժամանակ, այդուամենայնիվ, այս գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալ Գոհար Գյոզալյանը փաստացի պաշտպանվել է իրեն ի սկզբանե առաջադրված այլ մեղադրանքից և չի բացառվում, որ իր պաշտպանի հետ մշակե[ր] և իրականաց[ն]ե[ր] այդ մեղադրանքից պաշտպանվելու այլ մարտավարություն, ուստի, ամբաստանյալին զրկել՝ [«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»] եվրոպական կոնվենցիայով և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված նրա նվազագույն, դրա հետ մեկտեղ կարևորագուն՝ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից, [Առաջին ատյանի] դատարանը համարում է անթույլատրելի և ոչ իրավաչափ»4։

81 Առաջին ատյանի դատարանը պատժի անհատականացման գործընթացում որպես ԳԳյոզալյանի պատիժը ծանրացնող հանգամանք արձանագրել է հանցանքը կատարելու ռեցիդիվը՝ հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության [առաջին ատյանի] դատարանի 21.11.2016թ-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով Գոհար Գյոզալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով, որի վճարումը հետաձգվել է մեկ տարով: 30.11.2018թ-ին նրա նկատմամբ կիրառվել է 01.11.2018թ-ի համաներման ակտը և նա ազատվել է նշանակված պատժից: Հետևաբար, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ վերջինիս արարքում առկա է հանցանքը կատարելու հասարակ ռեցիդիվը, քանի որ համաներման ակտի հիմքով ազատված լինելով նշանակված պատժից և դեռևս դատվածությունը չմարած, Գ.Գյոզալյանը կատարել է այս գործով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքները»5։

82 Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով նշանակված պատժից ԳԳյոզալյանին ազատելու հիմքի առկայության հարցին, արձանագրել է, որ «(․․․) [Կ]իրառելի է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, որի պայմաններում վերջինս ենթակա է ազատման նշանակված պատժից, քանի որ (․․․) Գ․Գյոզալյանը ծնվել է 1955թ-ի փետրվարի 17-ին, ուստի հիշյալ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ լրացած է եղել նրա 63 տարին: Միևնույն ժամանակ, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ Գոհար Գյոզալյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման ակտը կիրառելու որևէ սահմանափակում, (․․․) ելնելով այն հանգամանքից, որ Գ.Գյոզալյանը փաստացի մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (․․․)»6։

9 Վերաքննիչ դատարանը, քննարկելով ԳԳյոզալյանին ներկայացված մեղադրանքը դատաքննության ընթացքում մեղադրողի կողմից փոփոխելու լիազորության իրականացման իրավաչափությունը, արձանագրել է հետևյալը «(․․․) [Մ]եղադրողը դատարանում մեղադրանքը փոփոխել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեժիմով, (․․․

Վերաքննիչ դատարանը, համադրելով Գ.Գյոզալյանին առաջադրված սկզբնական և նոր մեղադրանքների որոշումները, դրանց հիմքում դրված (կողմերի չվիճարկած) ապացույցները (ըստ դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի), արձանագրում է, որ դատաքննության արդյունքներով չի պարզվել, որ ամբաստանյալ Գ.Գյոզալյանը կատարել էր մեղսագրվածից տարբերվող (այլ) հանցանք, ուստի բացակայում էին նրան առաջադրված սկզբնական մեղադրանքը փոփոխելու փաստական և իրավական հիմքերը, քանի որ՝

- ամբաստանյալ Գոհար Գյոզալյանը 4,09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութն ապօրինի չի փոխադրել, քանի որ թմրամիջոցի ապօրինի փոխադրումն իր մեջ ներառում է այնպիսի գործողություն, որով թմրամիջոցը կամ հոգեներգործուն նյութը ցանկացած փոխադրամիջոցով տեղափոխվում է մեկ տեղից մյուսը:

- Գ.Գյոզալյանի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած հանգամանքը՝ հոգեմետ նյութի ապօրինի փոխադրման եղանակը, մասնավորապես՝ փոխադրամիջոցի մասին տվյալները, պետք է նախևառաջ նկարագրվեին Գ.Գյոզալյանի նոր մեղադրանքի ձևակերպման մեջ, ավելին՝ այդ հանգամանքը պետք է հիմնված լիներ և հաստատվեր դատաքննությամբ հետազոտված որևէ ապացույցով:

Հենց այդ փաստարկով է մեղադրողը հանգել հետևության, որ ամբաստանյալը կատարել է այլ (այդ թվում՝ ավարտված հանցակազմով) հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում էր, ինչը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի մոտեցում չէ:

Անդրադառնալով մեղադրանքի փոփոխմամբ սկզբնական մեղադրանքի և մեղադրական եզրակացության մեջ թույլ տրված «տեխնիկական վրիպակը» դատարանում ուղղելու, մասնավորապես՝ ամբաստանյալ Գոհար Գյոզալյանին վերագրված արարքի դիսպոզիցիան, ըստ էության մեղադրանքի փաստական կողմը ճիշտ նկարագրվելու, սակայն սխալ (թերի) որակվելու խնդրին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (․․․) այդ լուծումը չի բխում ՀՀ քրեական [դատավարության] օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումից և գործնականում չպետք է ընդունելի ճանաչվի, եթե քրեաիրավական տեսանկյունով (օրինակ՝ նոր մեղադրանքում այլ հոդվածի կամ կետի ավելացում) վրիպակի ուղղումը վատթարացնում է ամբաստանյալի քրեաիրավական վիճակը»7։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի կողմից ԳԳյոզալյանին ներկայացված սկզբնական մեղադրանքի սահմաններում դատական ակտ կայացնելու իրավաչափության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»։

Տվյալ քրեադատավարական նորմի ձևակերպումից հետևում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեադատավարական օրենսգրքի որդեգրած հայեցակարգի պայմաններում դատաքննության սահմանները սահմանափակված են անձին մեղսագրված փաստական հանգամանքներով (in rem) և դրան տրված քրեաիրավական գնահատականով։ Դատաքննության սահմանների ընդհանուր կանոնին հակադարձ համեմատական է դատարանում մեղադրանքը փոփոխելու քրեադատավարական ինստիտուտը, որի կառուցակարգերի գործադրմամբ կարող են փոփոխվել դատաքննության սահմանները: Վճռաբեկ դատարանը, դատարանում մեղադրանքի փոփոխման ինստիտուտի կառուցակարգերի մեկնաբանման ու կիրառման կապակցությամբ ձևավորված նախադեպային իրավունքում, սահմանազատելով դրանց գործադրման հիմքերը, արձանագրել է, որ վարույթի սահմանների այսօրինակ փոփոխությունը կարող է իրականացվել դրա իրավաչափությունը կանխորոշող քրեադատավարական կոնկրետ կառուցակարգերի գործադրման միջոցով կառուցակարգերի ոչ ճշգրիտ գործադրումը կչեզոքացնի դրա իրավաչափության համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդյունքում դատարանը դուրս կգա դատական քննության սահմաններից։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված են դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխման երկու հարաբերականորեն ինքնուրույն կառուցակարգեր մեղադրանքի փոփոխում՝ քննչական գործողությունների կատարմամբ, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով, և փոփոխում՝ առանց քննչական գործողությունների կատարման, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգի կիրառման անհրաժեշտ պայման չէ մեղադրանքը փոփոխելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքների անհայտ լինելը մինչդատական վարույթում և դրանց ի հայտ գալը միայն դատաքննության ընթացքում։ Այլ խոսքով՝ այդ կառուցակարգով մեղադրանքի փոփոխությունը կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ դրա հիմք հանդիսացող հանգամանքները մինչդատական վարույթում հայտնի են եղել8։

111 Անդրադառնալով առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին քննարկել վերոհիշյալ դիրքորոշման համաչափությունը՝ հաշվի առնելով արդարացի հավասարակշռությունը դատարանում մեղադրանքը փաստական հանգամանքների մասով փոփոխելու մեղադրողի լիազորության և դատաքննության արդարությունն ապահովելու նպատակի միջև:

Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի օրենսդրական ձևակերպումից բխում է, որ այս կառուցակարգի կիրառմամբ մեղադրանքի փոփոխությունը պետք է լինի դատարանում հետազոտված ապացույցների անհերքելի վկայություն։ Նման իրավակարգավորումից հետևում է, որ դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտումը համարվում է մեղադրանքի փոփոխման պայման և բացառվում է մեղադրանքի փոփոխություն, որը չի հանդիսանում դատարանում ապացույցների հետազոտության արդյունք։ Այստեղ հարկ է նկատել, որ ամրագրված այդ պայմանն ինքնանպատակ չէ, և պետք է մեկնաբանվի այն նպատակի լույսի ներքո, որն ունի վարույթի ընդհանուր համատեքստում։ Այսպես, ապացույցների հետազոտումը` որպես մեղադրանքի փոփոխման պայման, անմիջականորեն կապված է մեղադրանքի փաստական կողմի հետ, և ապացույցների հետազոտման արդյունքում փոփոխվել կարող են բացառապես մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները: Արարքի իրավաբանական որակումը, արտահայտելով մեղադրանքի փաստ-իրավունք բաղադրիչների կապը, դուրս է ապացույց-փաստ կապի շրջանակից, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն, առանց փաստական հանգամանքների փոփոխության, դատարանում փոփոխվել չի կարող։ Այսպիսով պետք է արձանագրել, որ դատարանում, մեղադրողի կողմից այս կառուցակարգի կիրառմամբ սկզբնական մեղադրանքով արարքին տրված քրեաիրավական որակման՝ խստացման առումով փոփոխությունը հետևանք է ապացույցների հետազոտման վրա հիմնված մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխության9։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության սկզբունքի, ինչպես նաև միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների հետևողական կենսագործումն ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և զարգացնելու առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը և արձանագրելու, որ առանց քննչական գործողությունների կատարման փաստական հանգամանքների մասով մեղադրանքը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն այն դեպքում, երբ ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել և հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են անձին նոր մեղադրանք ներկայացնելու անխուսափելիության մասին։ Հետևաբար, առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգի դեպքում ևս մեղադրանքը փոփոխող հանգամանքներն իրենց բնույթով պետք է նոր լինեն, այսինքն, մինչ այդ պահն օբյեկտիվորեն դուրս գտնվեն մինչդատական վարույթն իրականացնող իրավասու մարմնի իմացության տիրույթից։ Եթե մինչդատական վարույթում հայտնի փաստական հանգամանքն այդ փուլում անձին չվերագրելու դեպքում նախատեսվի դատաքննության ընթացքում այդ հնարավորությունն ապահովող եղանակ, ապա այդպիսով դատարանում մեղադրանքը փոփոխելու միջոցով դատաքննության սահմանների փոփոխությունը կդառնա դատախազի կամահայտնության արդյունք։

Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը՝ որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կառուցակարգով մեղադրանքը փոփոխելու պայման, չպետք է մեկնաբանվի չափազանց ձևականացված (excessive formalism) և սկզբնական մեղադրանքով արարքին տրված քրեաիրավական գնահատականի՝ խստացման առումով մեղադրողի կողմից փոփոխությունն իրավաչափ համարվի այն դեպքերում, երբ մեղադրանքի այդօրինակ փոփոխությունը փոխկապակցված չէ մինչդատական վարույթում անհայտ հանգամանքների ի հայտ գալու և որպես արդյունք՝ մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխության հետ, այլ, օրինակ, պարզապես սկզբնական մեղադրանքի ծավալում ընդգրկված փաստական հանգամանքների վերաձևակերպում կամ մինչդատական վարույթում հայտնի և անձին չվերագրված փաստի մեղսագրում է։

112 Այս առումով հատկանշական է տեղի ունեցած օրենսդրական զարգացումը, մասնավորապես, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փաստերի մասով կարող է փոխել միայն հանրային մեղադրողը, և միայն այն դեպքում, երբ դատարանում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք վկայում են մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացնելու անխուսափելիության մասին։

113 Վերոգրյալից բացի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կառուցակարգը հնարավոր չէ կիրառել նաև մեղադրանքի սուբյեկտիվ բաղադրիչի՝ արարքի որակման սխալն ուղղելու համար։ Մասնավորապես՝ հիշյալ նորմով սահմանված իրավակարգավորման՝ «հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են» դրույթը, ապացույցների հետազոտման գործընթացի քրեադատավարական իմաստի հետ համակցված, արտահայտում է օրենսդրի կամքը՝ մեղադրանքը փոփոխելու այս կառուցակարգը մեկնաբանելու այնպես, որ փաստի նկատմամբ կիրառված քրեական օրենքի հոդվածը, այդ թվում՝ միևնույն հոդվածի կետի կամ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի հոդվածի հղումը, առանց փաստական հանգամանքների փոփոխության, մեղադրողի կողմից փոփոխվել չի կարող, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։

12 Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

- սկզբնական մեղադրանքով ԳԳյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքը ձևակերպված է եղել հետևյալ կերպ ԳԳյոզալյանը քրեակատարողական հիմնարկում պահվող որդուն փորձել է ապօրինի իրացնել «Նևիգրամոն» տեսակի դեղամիջոցի տարայում լցված խոշոր չափերով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ, ինչը հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից՝ հանձնուքը ստուգելուց հետո և ԳԳյոզալյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել10,

- մեղադրողը, դատաքննության ընթացքում, ԳԳյոզալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներկայացված մեղադրանքը փոփոխել և մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ մեղադրանքի փաստական կողմի հետևյալ ձևակերպմամբ քրեակատարողական հիմնարկում պահվող որդուն հոգեմետ նյութ ապօրինի իրացնելու նպատակով «Նևիգրամոն» տեսակի դեղամիջոցի տարայում լցված խոշոր չափերով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութն ապօրինի փոխադրել է քրեակատարողական հիմնարկ՝ որդուն հանձնելու նպատակով, սակայն հիշյալ նյութը հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից11,

- Առաջին ատյանի դատարանը, մեղադրանքի փոփոխությունը համարել է ոչ իրավաչափ։ Դատարանը գտել է, որ մեղադրողի կողմից մեղադրանքը կարող է փոփոխվել այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում հայտնաբերվել է այնպիսի նոր հանգամանք, որ մինչ այդ պահը դուրս է գտնվել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի իմացության տիրույթից։ Տվյալ դեպքում, դատաքննության ընթացքում այդպիսի հանգամանք ի հայտ չի եկել, ուստի, մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունն իրականացվել է այն իրավաչափ դարձնող պայմանի խախտմամբ։ Բացի այդ, փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը, սույն դատական վարույթով, չի կարող համարվել ապահովված։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատական ակտ է կայացրել սկզբնական մեղադրանքի սահմաններում12,

- Վերաքննիչ դատարանը ևս արձանագրել է մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորության իրականացման ոչ իրավաչափ լինելը՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները։ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դատաքննության արդյունքներով չի պարզվել, որ ԳԳյոզալյանը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։ Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ապօրինի փոխադրումը ենթադրում է ցանկացած փոխադրամիջոցով դրա տեղափոխելը մեկ վայրից մյուսը։ Տվյալ դեպքում, փոփոխված մեղադրանքում պետք է ձևակերպված լիներ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ապօրինի փոխադրման եղանակը, մասնավորապես, փոխադրամիջոցի տվյալները, ընդ որում, այդ հանգամանքը պետք է հիմնված լիներ և հաստատվեր դատաքննությամբ հետազոտված որևէ ապացույցով։ Նշվածի հետ մեկտեղ նշվել է, որ որակման սխալների դեպքում դատաքննության ընթացքում մեղադրանքի իրավական կողմը փոփոխելու մոտեցումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը, չի բխում դատարանում մեղադրանքը փոփոխելու ինստիտուտի իրավակարգավորումներից13։

13 Սույն որոշման 11-113-րդ կետերում շարադրված և արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ԳԳյոզալյանին մեղսագրված չավարտված հանգագործությունը փոփոխված մեղադրանքով որպես ավարտված որակելու հիմք է հանդիսացել սկզբնական մեղադրանքի ծավալում ընդգրկված և որևէ իրավական գնահատականի չարժանացած փաստական տվյալը։ Այսպես՝ որպես փոփոխվող փաստական հանգամանք նշվել է խնդրո առարկա հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող արարքներից մեկը՝ ապօրինի փոխադրելը ԳԳյոզալյանի կողմից կատարված լինելը, այն դեպքում, երբ ըստ սկզբնական մեղադրանքով որպես չավարտված հանցագործություն որակված արարքի փաստական հանգամանքների՝ ա) ԳԳյոզալյանը ներկայացել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում էր նրա որդին, բ) հանձնուքը ստուգելիս հայտնաբերվել է խոշոր չափերով հոգեմետ նյութ և գ) հոգեմետ նյութը նախապես լցված է եղել դեղամիջոցի տարայում։ Այսինքն՝ սկզբնական մեղադրանքի վերը շարադրված բովանդակությունը բավարար է արձանագրելու, որ ԳԳյոզալյանին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումն Առաջին ատյանի դատարանում մեղադրողի կողմից փոփոխվել է՝ հիմքում դնելով բացառապես մինչդատական վարույթում հայտնի փաստական տվյալը։

Այսպիսով, պետք է փաստել, որ սկզբնական մեղադրանքը՝ մինչդատական վարույթում հայտնի փաստական հանգամանքով Առաջին ատյանի դատարանում փոփոխելու հնարավորությունը մեղադրողի կողմից իրականացվել է սույն որոշման 111-րդ կետում մատնանշված պայմանի խախտմամբ։

Ինչ վերաբերում է որակման տեխնիկական վրիպակը շտկելու անհրաժեշտությամբ մեղադրանքը փոփոխելու մասին բողոքի հեղինակի պնդմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում խոսք է գնում ոչ թե զուտ տեխնիկական վրիպակը շտկելու, այլ իրավակիրառողի կողմից թույլ տրված որակման սխալի ուղղման մասին։ Այս առումով հարկ է ևս մեկ անգամ փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կառուցակարգը հնարավոր չէ կիրառել իրավակիրառողի թերացմամբ պայմանավորված փաստին տրված սխալ իրավական գնահատականն ուղղելու համար, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։ Ուստի, սկզբնական մեղադրանքով ԳԳյոզալյանին մեղսագրվող արարքի կատարման համար պատասխանատվություն նախատեսող քրեական օրենսգրքի հոդվածի կետը՝ փոփոխվող մեղադրանքով մեղադրողի կողմից լրացնելը ևս չի կարող համարվել իրավաչափ։

131 Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կառուցակարգի գործադրմամբ Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու լիազորությունը մեղադրողի կողմից իրացվել է դրա իրավաչափությունը կանխորոշող պայմանների խախտմամբ։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ մեղադրողի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ՝ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու մասին որոշման կայացումը հավասարազոր է օրենքով սահմանված կարգով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունը չօգտագործելուն, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատաքննության արդյունքներով համապատասխան դատական ակտը պետք է կայացնի սկզբնական մեղադրանքի սահմաններում14։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ԳԳյոզալյանին ներկայացված սկզբնական մեղադրանքի սահմաններում մեղադրական դատական ակտ կայացնելով՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է կայացրել: Ուստի, Առաջին ատյանի դատարանի կողմից ԳԳյոզալյանին ներկայացված սկզբնական մեղադրանքի սահմաններում դատական ակտ կայացնելու իրավաչափության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է։

Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն որոշման 51-րդ կետում շարադրված վճռաբեկ բողոքի փաստարկներին, քանզի դատարանում մեղադրանքը փոփոխելու կառուցակարգը ոչ ճիշտ կիրառված լինելու մասին հետևությունն առարկայազուրկ է դարձնում դրա իրավաչափության համար անհրաժեշտ մյուս պայմանների պահպանված լինելու հարցի քննարկումը։

14 Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով ամբաստանյալին մեղսագրվող հանցակազմերում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերոնշյալ փոփոխություններն ամբաստանյալ Գ.Գյոզալյանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «[Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը], որոնք կատարվել են՝

(․․․)

3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում,

(․․․)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։

Նույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը], որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»։

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «[Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը], որը կատարվել է՝

(․․․)

5) ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում,

(․․․)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։

Նույն օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը], որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունը նախ ցույց է տալիս, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմերը համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին ու 396-րդ հոդվածի 3-րդ մասին։ Միևնույն ժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի սանկցիան, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համեմատ, մեղմացել է՝ հինգից տասը տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսելով չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի համեմատ, ևս մեղմացել է՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։ Հետևաբար, նոր քրեական օրենսգիրքը մեղմացնում է ԳԳյոզալյանին վերագրվող արարքների պատժելիությունը և այդ մասով հետադարձ ուժ ունի։

141 Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով ԳԳյոզալյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող հանցավոր արարքները գործող իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Գյոզալյանին մեղսագրվող հանցավոր արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 44-46-396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին։

15 Անդրադառնալով ամբաստանյալ ԳԳյոզալյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով առաջացած դատվածությունը հաշվի չի առնվում հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս։ Սույն գործի փաստերից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն դատվածությունը, որն առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով15, ուստի, ըստ գործող քրեական օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումների, նախկինում հանցագործությունների ռեցիդիվ համարվող ԳԳյոզալյանի արարքն այլևս այդպիսին չի համարվում։ Ուստի, ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի, գործող քրեական օրենսգիրքը մեղմացնում է ԳԳյոզալյանին վերագրվող արարքների պատժելիությունը, մասնավորապես, բացառում է հանցագործությունների ռեցիդիվի կանոններով վերջինի նկատմամբ պատիժ նշանակելը, և այդ մասով ևս հետադարձ ուժ ունի։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման գործընթացում, որպես ԳԳյոզալյանի պատիժը ծանրացնող հանգամանք, պետք է հաշվի առնել հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը16։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքը որևէ արտոնյալ վերին շեմ չի նախատեսում հանցափորձի դեպքում պատիժ նշանակելու համար, հետևաբար սույն գործով կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, քանի որ անձի համար նախատեսում է հանցափորձի դեպքում պատիժ նշանակելու նպաստավոր կանոն։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԳԳյոզալյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով՝ համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից ոչ ավել։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ԳԳյոզալյանի կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, ինչպես նաև պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված մյուս հանգամանքները17, գտնում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ԳԳյոզալյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 44-46-396-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

Անդրադառնալով հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոնը, քանի որ այն, գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համեմատ, անձի համար, ընդհանուր առմամբ, նախատեսում է պատիժ նշանակելու առավել նպաստավոր կանոններ։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԳԳյոզալյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով։

Այսպես՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել 44-46-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 6 (վեց) ամիսն՝ Գ.Գյոզալյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։

151 Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրական դատավճռով՝ տարիքային հիմքով համաներման կիրառմամբ, ամբաստանյալ ԳԳյոզալյանն ազատվել է Առաջին ատյանի դատարանի կողմից իր նկատմամբ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից18։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Գյոզալյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիությունը ներկայացված վճռաբեկ բողոքով վիճարկվում է այնքանով, որքանով դա փոխկապակցվում է մեղադրանքը փոփոխելու իրավաչափության դեպքում հանցանքների համակցությունը կազմող արարքներից մեկով Համաներման մասին օրենքը կիրառելու արգելքի հետ, իսկ այլ արգելքների առկայության մասին փաստարկ չի ներկայացվել։ Ուստի, կաշկանդված լինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ևս «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ ԳԳյոզալյանին պետք է ազատել նշանակված պատժից։

16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Գոհար Սարիբեկի Գյոզալյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-38-268-րդ հոդվածի 3-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը մասնակիորեն բեկանել ու փոփոխել։

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Գոհար Սարիբեկի Գյոզալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 44-46-396-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գոհար Սարիբեկի Գյոզալյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 6 (վեց) ամիս ազատազրկումն և ամբաստանյալ Գոհար Սարիբեկի Գյոզալյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ Գոհար Սարիբեկի Գյոզալյանին ազատել նշանակված պատժից:

2 Գոհար Սարիբեկի Գյոզալյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 161-163, 198-216 և հատոր 5-րդ, թերթ 6:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 7-15:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 105-152:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 105-152:

6 Տե՛ս նույն տեղում։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 63-82:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սերոբյանի գործով 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07, Սուրեն Նալբանդյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09, Արկադի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ /0115/01/09, Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11, Արսեն Սերոբյանի ու Էդվարդ Պետրոսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13, Էդուարդ Նագդալյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0108/01/14 և Կարեն Կունգուրցևի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԼԴ/0141/01/14 որոշումները։

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Նալբանդյանի գործով վերը նշված որոշման 21-րդ կետը, Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով հիշյալ որոշման 23-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի գործով վերը նշված որոշման 22-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը և քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 105-152։

16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Կարախանյանի գործով 2024 թվականի փետրվարի 23-ի թիվ ՇԴ/0021/01/20 որոշման 17-րդ կետը։

17 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 105-152:

18 Տե՛ս սույն որոշման 8․2-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: