ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 140 |
քաղ. Մոսկվա |
ՆԵՐԿԵՐԻ ԵՎ ԼԱՔԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.60 ենթակետով՝
«7.1.60. Ներկեր և լաքեր՝ պահածոների բանկաների մետաղական կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ, դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերով և ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն՝ 500 տոննայից ոչ ավելի ծավալով, և Ղազախստանի Հանրապետություն՝ 100 տոննայից ոչ ավելի ծավալով:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այնպիսի փաստաթղթի առկայության դեպքում, որը տրվել է Հայաստանի Հանրապետության՝ գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից, կամ Ղազախստանի Հանրապետության՝ արդյունաբերության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից, և որը տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների նպատակային նշանակության, անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից կամ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Այն ապրանքների օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնությունը, թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով:
Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են նախքան սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով ապրանքների օգտագործումը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից 5 տարուց ոչ ավելի:»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.59» թվերը փոխարինել «7.1.60» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|