ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
09/08․07․2021 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի | ||
|
|
Ս. Օհանյանի |
21 հունիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ Արմեն Ռաֆիկի Վարոսյանի ներկայացուցիչ Գ․Միքայելյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել երկու ամիս ժամկետով Արմեն Ռաֆիկի Վարոսյանի նկատմամբ, նրա հաշվառման և աշխատանքի վայրում, ինչպես նաև՝ հնարավոր գտնվելու այլ վայրերում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունը։
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ վերոգրյալ միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել երկու ամիս ժամկետով Արմեն Վարոսյանի նկատմամբ, նրա հաշվառման ու աշխատանքի վայրում, ինչպես նաև՝ հնարավոր գտնվելու այլ վայրերում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:
2․ Ա․Վարոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա․Վարոսյանի ներկայացուցիչ Գ․Միքայելյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոքի հեղինակը նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվությունը ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը չի բխում վերաբերելի օրենսդրական պահանջներից և նախադեպային իրավունքից։
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվությունը ստանալու միջնորդությամբ, ի թիվս այլնի, պետք է նշվի միջոցառման իրականացման տեղը, ինչը դատարանի կողմից ենթակա է գնահատման՝ պարզելու համար հայցվող միջոցառումն այդտեղ իրականացնելու հնարավորությունը։ Տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը թույլատրել է Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնել նաև «հնարավոր գտնվելու այլ վայրերում»։ Ըստ բողոքի հեղինակի՝ չկոնկրետացված, անսահմանափակ տեղերում Ա․Վարոսյանի նկատմամբ հայցվող միջոցառման իրականացման հնարավորությունը չի համապատասխանում դրա բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին, և որպես արդյունք՝ հանգեցնում նրա հիմնարար իրավունքի սահմանափակման չարաշահմանը։
Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը, բողոքում բարձրացված նշված հարցը դիտարկելով ապացույցների թույլատրելիության համատեքստում, ըստ այդմ էլ՝ արձանագրելով, թե այն կարող է քննարկման առարկա դարձվել գործի ըստ էության քննության ընթացքում, փաստացի առարկայազրկել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի էությունը։
4․1․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունը ներկայացվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից։
Այսպես՝ քննարկվող հարցի շրջանակներում օրենսդրական կարգավորումները հանգում են հետևյալին․ դատարան դիմելու իրավասությունը վերապահված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին, ով, տվյալ դեպքում, ըստ բողոք բերած անձի՝ բացառապես ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարան է դիմել ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը, այլ անհայտ անձը՝ օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի անունից, ով ոչ միայն չի կարող հանդիսանալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավար, այլև ստորաբաժանման ղեկավար։ Բացի այդ, նշվել է, որ խախտվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ դատարան դիմելու ընթացակարգային կանոնը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, բողոքի հեղինակը նշել է, որ «ազգային անվտանգության մարմին» և «հատուկ ստորաբաժանում» եզրույթները տարբեր են ու չեն կարող նույնացվել։ Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության հիշյալ դեպարտամենտը չի կարող համարվել նաև ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանում։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն՝ «(...) ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ, գնդապետ Ա․Մարգարյանի միջնորդությունը բավարարել։
Թույլատրել երկու ամիս ժամկետով, Արմեն Ռաֆիկի Վարոսյանի նկատմամբ, վերջինիս հաշվառման՝ (․․․) հասցեում, նրա աշխատավայրի՝ (․․․) հասցեում, ինչպես նաև հնարավոր գտնվելու այլ վայրերում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում։ (․․․)»1։
7․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) «[Ա]զգային անվտանգության մարմինների» մասին խոսելով օրենսդիրը նկատի ունի ոչ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն՝ ընդհանրացված ձևով, այլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություններ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումներին՝ օրինակ կենտրոնական կամ մարզային մարմիններին, ուստի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում նշված իրավասությունը վերաբերում է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, այլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների՝ մարմինների պետերին։
Սույն պարագայում ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարում է [1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ] քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, քանզի քննության է առնվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի՝ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Ա․Մարգարյանի, պատճառաբանված որոշման հիման վրա, որում պարունակվում է միջնորդություն՝ այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ ներկայացված ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի 3-րդ բաժնի օպերլիազոր Հ․Դավթյանի կողմից, իսկ այս մասով վերաքննիչ բողոքում արված պատճառաբանություններն անհիմն են։
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին, ինչը նշանակում է, որ տեղակալը ստանձնում է և կատարում է պետի պարտականությունները, ինչը և սույն դեպքում իրականացվել է։ Այլ կերպ՝ սույն պարագայում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշումը կայացրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Ա․Մարգարյանը, որը ստորագրվել է վերջինիս տեղակալի կողմից՝ պետի բացակայության պատճառով, ինչը չի հանգեցնում ներկայացված միջնորդության ոչ իրավաչափության, ուստի այս մասով վերաքննիչ բողոքում արված պատճառաբանություններն անհիմն են։
(․․․) [Ա]յնքանով, որքանով Վերաքննիչ դատարանին հասու չէ պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե Արմեն Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը փաստացի ինչ վայրերում է իրականացվել և արդյոք նշված այլ վայրերը համապատասխանում են [1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ] քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետով սահմանված «բնակարան» հասկացությանը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արմեն Վարոսյանի նկատմամբ «Հնարավոր գտնվելու այլ վայրերում» ՕՀՄ իրականացնելու թույլատրելիության գնահատումը դուրս է [Առաջին ատյանի դատարանի]՝ (․․․) որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Վարոսյանի վերաբերյալ քրեական գործը ներկա պահին ըստ էության քննվում է Առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հարցերը քննության են ենթակա գործի ըստ էության քննության ընթացքում»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա․Վարոսյանի վերաբերյալ միջնորդությունը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումները:
9․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
10․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(․․․) [«ներքին դիտում»] (․․․) օպերատիվ-հետախուզական միջոցառում[ը], (․․․) կարող [է] անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 3. (․․․) [Օ]պերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն` այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ: (․․․):
(․․․)
6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: (․․․)»։
Նույն օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն որոշումը կազմելու օրը, ամիսը, տարին և տեղը, դատավորի ազգանունը, միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը, (․․․) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու (․․․) մասին նշում` ցույց տալով այդ գործողությունը կամ միջոցը և ում վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը, դատավորի կնիքով վավերացված ստորագրությունը»։
11․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողության նպատակային նշանակությունը հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցի ստուգումն է3, ինչը եզրափակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտի կայացմամբ։ Այս առումով ակնհայտ է, որ եթե դատարանը թույլատրում է միջամտություն, ապա անհատի հիմնական իրավունքին միջամտելու հանրային իշխանության իրավասության շրջանակը կանխորոշվում է թույլատրվող օպերատիվ-հետախուզական միջոցառման կատարման վերաբերյալ դատական ակտով սահմանված պայմաններով։
Այսինքն, դատական ակտը՝ հիմնական իրավունքի միջամտության համար հիմք ծառայելով հանդերձ, միաժամանակ ունի միջամտության հարցում հանրային իշխանության հայեցողության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու պայմանների ամրագրման միջոցով սահմանափակող նպատակ։ Հետևաբար, հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար հիմնավորումներ պարունակող դատական ակտի առկայությունը, մարդու սահմանադրական իրավունքների անհարկի և անհամաչափ սահմանափակումը դեռևս չի երաշխավորում, քանի որ հետապնդվող նպատակի տեսանկյունից լուրջ կարևորություն են ներկայացնում նաև կայացրած որոշման որակական հատկանիշները4։ Այս իմաստով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատի հիմնական իրավունքին միջամտությունը կարգադրող դատական ակտին առաջադրվող որակական պահանջներին՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին կամայական միջամտություններից կամ չարաշահումներից պաշտպանող բավարար ու արդյունավետ երաշխիքների համատեքստում5։
Այսպես՝ դատական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջների հետ մեկտեղ, օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ձևով հիմնական իրավունքին միջամտությունը թույլատրող դատական ակտը inter alia պետք է պարունակի հստակ նշում դրա տեսակի, այն անձի, ում նկատմամբ այն պետք է իրականացվի, և դրա գործողության ժամկետի, իսկ որոշ դեպքերում՝ նաև տեղի մասին։ Վկայակոչված որակական պահանջների իրավակիրառական նպատակն անհատի հիմնական իրավունքին միջամտելու թույլատրելի սահմաններն ու պայմաններն ընդգծելն է, որպեսզի թույլատրելի միջամտությունը չլինի կամայական, անսահմանափակ ու անհամատեղելի, և միաժամանակ ապահովվի կատարող անձանց գործողությունների օրինականության հետագա ստուգման հնարավորությունը։ Հետևաբար, նշված պահանջի պահպանումն անհատի իրավունքին թույլատրելի միջամտությունների իրավաչափության պայմաններից մեկն է։
Վերոնշյալ նկատառումներով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չափազանց անորոշ ձևակերպումներով կազմված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու դատարանի թույլտվությունը (որոշումը) իր բնույթով չի սահմանափակում անձի իրավունքին միջամտությունն այն չափով, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում», քանզի անորոշության ու անկանխատեսելիության հետևանքային ազդեցությամբ միջոցառումն իրականացնող մարմնին թողնում է լայն հայեցողություն որոշելու համար, օրինակ՝ միջոցառումների անցկացման տեղը, որպիսի պայմաններում կամայականությունը և չարաշահումները չեն բացառվում, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չի ապահովում հանրային շահի ու անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։
11․1․ Հարկ է նշել, որ վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում անորոշ ձևակերպումներով տրված թույլտվության դատական պրակտիկան հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) որդեգրած մոտեցումներին։ Այսպես, մի շարք գործերով, որոնք վերաբերում էին մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման վարույթին, դատարանն ընդգծել է, որ թույլտվությունը պետք է ունենա որոշակի սահմանափակումներ, որպեսզի թույլատրելի միջամտությունը չլինի պոտենցիալ անսահմանափակ և անհամաչափ: Թույլտվության ձևակերպմամբ պետք է հստակ մատնանշվեն դրա կիրառման շրջանակն ու դրա կիրառման չափանիշները, իսկ լայն ձևակերպումներ պարունակող թույլտվությունը, որը, սակայն, որևէ տեղեկություն չի պարունակում նշվածի վերաբերյալ, արդար հավասարակշռություն չի ապահովում կողմերի իրավունքների միջև՝ նախնական քննություն իրականացնող մարմիններին տրված լիազորությունների լայն շրջանակի պատճառով6։
Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ վերահսկողության միջոցառումներ իրականացնելու թույլտվության մեջ նշված չի եղել դիմումատուի անունը՝ որպես այն անձի, որի նկատմամբ թույլատրվել է ոստիկանության կողմից ձայնագրում և տեսանկարահանում կատարելը։ Բացի այդ, ոստիկանությունն իրականացրել է հեռախոսային խոսակցությունների վերահսկում և գաղտնալսում, մինչդեռ դատարանի որոշմամբ այդ միջոցառումները չեն հստակեցվել։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գաղտնի վերահսկողության համար հիմք ծառայող դատական թույլտվությունը չէր կարող այնպիսի անորոշ ձևակերպում ունենալ, որ մտորումների ու ենթադրությունների տեղիք տար դրա բովանդակության մասով և, որ ամենակարևորն է, այն անձի ինքնության մասով, որի նկատմամբ տվյալ միջոցառումը պետք է իրականացվեր։ Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ կիրառված գաղտնի վերահսկողությունը չի իրականացվել պատշաճ դատական վերահսկողությամբ ու վճռել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դիմումատուին գաղտնի դիտել են ոչ «օրենքով նախատեսված» կարգով7։
12․ Կարևորելով օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող դատական ակտում միջոցառման իրականացման պայմանների հստակ ամրագրման անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող դատական ակտին առաջադրված որակական պահանջներին։ Այսպես, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է իրականացվել միայն անձին (անձանց) բնակարանում հետևելու նպատակով8։ Հետևաբար, որպես վերահսկողության գաղտնի միջոցառման այդ տեսակի բնութագրիչ հատկանիշի հստակեցում, միջոցառումը թույլատրող դատական ակտում կարևոր է որոշակիացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման տեղը և հստակ մատնանշել դրա նույնականացման համար անհրաժեշտ ու բավարար տվյալները՝ նպատակ ունենալով թույլ չտալու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության անվերահսկելի կամ կամայական իրացումը։ Հակառակ պարագայում նախնական դատական վերահսկողության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։ Այս հարցի շրջանակներում հարկ է նշել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդության բովանդակությանը ներկայացվող պահանջները, որտեղ օրենսդիրն ուղղակի նշում է միջոցառման իրականացման տեղը՝ դատարան ներկայացված միջնորդությամբ կոնկրետացված լինելը9։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում ներկայացված միջնորդությամբ դրա իրականացման տեղը հստակ նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է դատարանի կողմից այդպիսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով իբրև «բնակարան» դիտարկելու հարցը և որպես արդյունք՝ հիշյալ միջոցառումն այդտեղ իրականացնելու հնարավորությունը քննարկելու նկատառումներով։
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունն ու թույլատրվել երկու ամիս ժամկետով Ա․Վարոսյանի նկատմամբ, նրա հաշվառման և աշխատանքի վայրում, ինչպես նաև՝ հնարավոր գտնվելու այլ վայրերում, իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում10,
- Նշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու համար դատարան դիմելու իրավասությունը վերապահված է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, այլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների՝ մարմինների պետերին։ Տվյալ դեպքում քննության է առնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի ղեկավարի միջնորդությունը, որը, ղեկավարի բացակայությամբ պայմանավորված, ստորագրվել է նրա տեղակալի կողմից, ինչի իրավասությունը տեղակալին վերապահված է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի ուժով։ Վերաքննիչ բողոքում բարձրացված՝ «հնարավոր գտնվելու այլ վայրերում» Ա․Վարոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու թույլտվություն տրամադրված լինելու փաստարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ հարցը դուրս է վերաքննության շրջանակից և հետագա քննության առարկա է կազմում։ Որպես նման եզրահանգման հիմնավորում նշվել է, որ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա չէ համապատասխան միջոցառումը փաստացի իրականացնելու տեղերի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով իբրև «բնակարան» դիտարկելու առումով11։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողությունը չի ապահովել հանրային շահի և Ա․Վարոսյանի մասնավոր կյանքի հավասարակշռված պաշտպանությունը՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ․
Այսպես՝ Առաջին ատյանի դատարանը բավարարելով Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը՝ իր որոշմամբ թույլատրել է նաև «հնարավոր գտնվելու այլ վայրերում» վերահսկողություն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տրված այդպիսի անորոշ ձևակերպումն օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնին օժտում է անսահմանափակ հայեցողությամբ՝ որոշելու վերահսկողությունն իրականացնելու տեղը։ Այսինքն՝ նման ձևակերպումը հնարավոր է դարձնում այնպիսի տեղերում վերահսկողություն, որի օրինականության հարցը, ու որպես արդյունք՝ թույլտվությունը, դատական վերահսկողության առարկա չի դարձել, և դրանից ածանցվող՝ չի ապահովում միջոցառումը կատարող անձանց գործողությունների օրինականության հետագա ստուգման հնարավորությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի կարող եզրահանգել, որ իրավունքի իրականացման սահմանափակման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը, տվյալ դեպքում, հանդիսացել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին կամայական միջամտություններից կամ չարաշահումներից պաշտպանող երաշխիք։
Վերաքննիչ դատարանի դատական ակտում արտացոլված այն մոտեցումը, որ դատական ակտով տրված անորոշ ձևակերպման հետ կապված հարցը հետագա քննության առարկա է կազմում, ևս ընդունելի չէ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի վերաքննության առարկայից ելնելով։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ է սահմանազատել ապացույցի ձեռքբերման ընթացակարգի իրավաչափության ստուգումն այդ ապացույցը ձեռքբերելու թույլտվություն տվող դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացակարգից12։ Վերաքննության առարկան վիճարկվող դատական ակտի հիմնավորվածության ու օրինականության գնահատումն է, որն ընդգրկում է նաև թույլատրվող միջոցառման կատարման պայմաններն անհրաժեշտ և բավարար չափով որոշակիացված լինելու ստուգումը՝ սույն որոշմամբ վեր հանված նկատառումներից ելնելով։ Այսինքն՝ վերանայման գործառույթի իրացման արդյունքում, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ և գնահատեր Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման տեղի ու դրա նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ որոշակիացված և հստակ մատնանշված լինելու հանգամանքը։
15․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 4.1-րդ կետում մատնանշած փաստարկին, հարկ է նկատել, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգային անվտանգության մարմինները կազմում են միասնական համակարգ, որը կառուցված է լիազորված մարմնից, ներառյալ` կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, հատուկ ու այլ ստորաբաժանումներից։ Միաժամանակ, նշված մարմինները հանդիսանում են հանցագործությունների դեմ պայքարի գործունեության ոլորտում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններ: Վերոգրյալից հետևում է, որ ազգային անվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարը՝ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավար է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի իմաստով։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն պնդմանը, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը բացառապես ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է, քանզի հիշյալ օրենքի իրավակարգավորումներից հետևում է, որ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը հանդիսանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավար։ Տվյալ դեպքում, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է հանդիսացել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող ստորաբաժանման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարի, այսինքն, կառուցվածքային վերոգրյալ առանձնահատկությամբ պայմանավորված, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը13, որում պարունակվում է Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պետական ծառայության ինքնուրույն, միաժամանակ իր բնույթով զինվորական համարվող ծառայություն է և կարգավորվում է ոչ միայն ազգային անվտանգության ոլորտային օրենքներով, այլ նաև զինված ուժերի կանոնադրություններով, կանոնագրքերով14: Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ․ ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին, ինչը նշանակում է, որ տեղակալը ստանձնում է և կատարում է պետի պարտականությունները, ինչը և սույն դեպքում իրականացվել է։ Այլ կերպ՝ սույն պարագայում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշումը կայացրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Ա․Մարգարյանը, որը ստորագրվել է վերջինիս տեղակալի կողմից՝ պետի բացակայության պատճառով»։
16․ Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այնքանով, որքանով թույլատրվել է Ա․Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնել նաև «հնարավոր գտնվելու այլ վայրերում», անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ։
17․ Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Ա․Վարոսյանի նկատմամբ «հնարավոր գտնվելու այլ վայրերում» իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում։ Սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի՝ կատարված լինելու փաստի ուժով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է15:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով պետք է ճանաչել Արմեն Ռաֆիկի Վարոսյանի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի խախտման փաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ճանաչել Արմեն Ռաֆիկի Վարոսյանի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի խախտման փաստն այնքանով, որքանով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ թույլատրվել է Արմեն Ռաֆիկի Վարոսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնել նաև «հնարավոր գտնվելու այլ վայրերում»։
2․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 5-6։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 106-118։
3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը։
4 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kolesnichenko v. Russia գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռը, գանգատ թիվ 19856/04, Iliya Stefanov v. Bulgaria գործով 2008 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 65755/01, Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, Aleksanyan v. Russia գործով 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 46468/06։
5 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bagiyeva v. Ukraine գործով 2016 թվականի ապրիլի 28-ի վճիռը, գանգատ թիվ 41085/05, 50-րդ կետ։
6 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Van Rossem v. Belgium գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41872/98 և Bagiyeva v. Ukraine գործով 2016 թվականի ապրիլի 28-ի վճիռը, գանգատ թիվ 41085/05։
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 43478/11, 65-68-րդ կետեր:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով վերը նշված որոշումը։
9 Տե՛ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մաս։
10 Տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
12 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը, կետ 17։
13 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 36-37։
14 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ՍԴՈ-1683 որոշման 4․2-րդ կետ։
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և Մհեր Պոլոսկովի գործով 2023 թվականի օգոստոսի 9-ի թիվ ԵԴ/2622/07/20 որոշումը։
Նախագահող` Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ս. Օհանյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|