Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.09.2023
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԿԴ/0184/11/11

Նախագահող դատավոր՝

 Մ. Պետրոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
 

 քարտուղարությամբ`
մասնակցությամբ դատախազ՝ 

 ԱՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՏՊՈՂՈՍՅԱՆԻ

1 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով դիմող Շուշանիկ Ոսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանի բացառիկ վերանայման բողոքները`

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2010 թվականի դեկտեմբերի 30-ին, Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է թիվ 19133410 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Շուշանիկ Ոսկանյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Նախաքննության մարմինը 2011 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել թիվ 19133410 քրեական գործով վարույթը կարճելու ու Մարզպետունի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Շ.Ոսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի բողոքը՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է:

2 Տուժողի իրավահաջորդ Շ.Ոսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի բողոքը՝ նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011 թվականի օգոստոսի 30-ի և դատախազի՝ բողոքը մերժելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումների դեմ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2012 թվականի մարտի 15-ի որոշմամբ մերժվել է:

3 Դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մայիսի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող ՇՈսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշմամբ վերադարձվել է:

5 ՇՈսկանյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի կազմով, Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հունվարի 24-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական դրույթների խախտման փաստը։

6 Որպես նոր հանգամանք վկայակոչելով Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բացառիկ վերանայման բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 16-ի որոշմամբ դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 22-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ, իսկ 2023 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ։

 

Բացառիկ վերանայման բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7 Դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի պնդմամբ` Եվրոպական դատարանի կողմից 2023 թվականի հունվարի 24-ին Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշումը վերանայելու համար:

7.1 Վերոշարադրյալի հիման վրա, դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը խնդրել է բեկանել ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 7-ի որոշումներն ու վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը գտել է, որ Եվրոպական դատարանի կողմից 2023 թվականի հունվարի 24-ին Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը՝ վիճարկվող դատական ակտերը բեկանելն ու գործն այդ մասով Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելն է:

8.1. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշումը, վերանայման արդյունքում բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 7-ի որոշումները, և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Նախաքննության մարմնի՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ արձանագրվել է, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանի մահվան առնչությամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բժիշկ Մարզպետունի Մինասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, վնասվածքը պատճառվել է ինքնավնասման միջոցով և որևէ անձի գործողություներում չկա հանցակազմ, ուստի անհրաժեշտ է քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով1։

10. Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, 2012 թվականի մարտի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, իսկ Շուշանիկ Ոսկանյանի ներկայացուցիչների պատճառաբանությունները դատարանը գնահատել է որպես իրադարձությունների և դատավարական գործողությունների յուրովի, սուբյեկտիվ մեկնաբանում2։

11 Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ արդեն իսկ տրվել է լիարժեք և սպառիչ պատասխան և արձանագրվել է, որ նախաքննական մարմնի կողմից անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն, որի արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված ու պատճառաբանված որոշում, որպիսին բեկանելու հիմքերը բացակայում են (․․․3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշումը վերանայելու համար:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (․․․) նոր հանգամանքի (․․․) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

(․․․)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

(․․․)

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, (․․․) կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի (․․․) 2-րդ կետ[ով] նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով

(․․․)

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»:

14. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը4։

15 Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները կիրառել է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ

Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի` 2023 թվականի հունվարի 24-ի վճռով արձանագրել է. «(…) 2010 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև իր մահվան օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 24-ը, Ոսկանյանը եղել է կալանավորված և հետևաբար գտնվել է Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ նրա մահվանը հանգեցրած վարակն առաջացել է մաշկի տակ թուք ինքնաներարկելու պատճառով: Անկախ դրանից՝ հաշվի առնելով, որ Ս.Ոսկանյանը այդ ժամանակ գտնվել է ներպետական մարմինների հսկողության տակ, Դատարանը կոչված է քննելու, թե արդյոք իշխանություններն ամեն բան արել են ողջամտության սահմաններում, բարեխղճորեն և ժամանակին՝ փորձելու համար կանխել մահացու ելքը:

Ս. Ոսկանյանի բժշկական քարտի համաձայն՝ նա առաջին անգամ բժշկական օժանդակություն է խնդրել 2010 թվականի հոկտեմբերի 18-ին: Այնուամենայնիվ, նրան հիվանդանոց տեղափոխելու որոշումը կայացվել է միայն 2010 թվականի հոկտեմբերի 24-ին, բայց նրա կյանքը փրկելու համար արդեն շատ ուշ է եղել (...):

Բժշկական փաստաթղթերից պարզվել է, որ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին բժիշկ Ն.-ն կալանավայրի ղեկավարությանն ահազանգել է Ս.Ոսկանյանի վատթարացող առողջական վիճակի մասին, և նույն օրը քաղաքացիական հիվանդանոցից հրավիրվել է վիրաբույժ՝ բժիշկ Ա.-ն: Այնուամենայնիվ, ի տարբերություն Ս.Ոսկանյանի բժշկական քարտում առկա այլ բժշկական գրառումների, որոնք պարունակում են բողոքների մանրամասն նկարագրությունը, օբյեկտիվ ուսումնասիրությունը և նշանակված բուժումը՝ բժիշկ Ա.-ի այցի վերաբերյալ գրառումը որևէ նման նկարագրություն չի պարունակում, ինչը կասկած է հարուցում, թե արդյոք նա իրապես զննել է Ս. Ոսկանյանին այդ այցի ընթացքում, թե՝ ոչ: Այդ կասկածները վերահաստատվել են այն ժամանակ, երբ հետագայում բոլոր դատաբժշկական փորձագետները հաստատել են, որ անհրաժեշտ բուժումը հիմնականում վիրաբուժական բնույթ է կրել, և որ նույնիսկ թերապևտը պետք է անհրաժեշտ համարեր Ս.Ոսկանյանի փոխադրումը հիվանդանոց՝ հաշվի առնելով նրա կլինիկական վիճակը, հետևապես վիրաբույժը՝ առավել ևս: Հետևաբար չի կարելի համարել, որ անհրաժեշտ վիրաբուժական միջամտության նպատակով Ս.Ոսկանյանին հիվանդանոց փոխադրելը փոխհատուցվել է կալանավայրի ղեկավարության կողմից կազմակերպված այս այցով:

Քննության ընթացքում պարզվել է, որ արդեն իսկ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին առկա են եղել ավելի լուրջ ախտահարման՝ գազային փտախտի նշաններ, որն առաջացրել է վարակի բուժման համար շտապ հոսպիտալացման անհրաժեշտություն, որով հնարավոր կլիներ կանխել հիվանդության բացասական ելքը:

Չնայած հետագա փորձագիտական զեկույցում նշվել է, որ չի կարելի որոշակիորեն ասել, որ հնարավոր կլիներ փրկել Ս.Ոսկանյանի կյանքը, եթե նա ստացած լիներ անհրաժեշտ բուժումը, երկրորդ փորձագիտական խումբը նույնպես եզրակացրել է, որ Ս.Ոսկանյանի առողջական վիճակը պահանջում է հոսպիտալացում և վիրաբուժական միջամտություն: Ամեն դեպքում նախորդ փորձագիտական խմբի զեկույցի հիմնավորվածությունը՝ կալանքի տակ գտնվելիս Ս.Ոսկանյանի բուժման բավարար լինելու վերաբերյալ եզրահանգումների մասով, երբեք կասկածի տակ չի դրվել: Փաստորեն լրացուցիչ դատական փորձաքննություն նշանակելու միակ նպատակը եղել է հանգուցյալի մարմնից վերցված նմուշներում էթիլային սպիրտի առկայության հետ կապված անհամապատասխանությունները պարզելը:

Թեև Դատարանը պատշաճ կերպով է հաշվի առնում Կառավարության փաստարկը՝ մասամբ հիմնվելով երկրորդ փորձագիտական խմբի եզրակացության վրա այն մասին, որ Ս.Ոսկանյանի ինքնավնասման վարքագիծը և վերքերի ոչ պատշաճ հիգիենան կարող էին նպաստել վարակի անկանխատեսելի զարգացմանը և տրամադրված բուժման անարդյունավետությանը, այն չի գտնում, որ այդ հանգամանքները որոշիչ են եղել սույն գործի բուն էության համար հետևյալ պատճառներով: Վարակված վերքի մասին հաղորդման առաջին իսկ օրվանից բանտի ղեկավարությունը ըստ էության իրազեկված է եղել այդ հարցերի մասին: Ավելին և որն ավելի կարևոր է, փորձագիտական զեկույցներից և համապատասխան բժշկական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերի ընթացքում Ս.Ոսկանյանի կլինիկական ծանր վիճակը պետք է որ կասկածի տակ չդներ նրա հրատապ հոսպիտալացման անհրաժեշտությունը՝ լուրջ և արագ տարածվող վարակի՝ գազային փտախտի հիմքով, որի վրա այլևս ազդեցություն չի ունեցել անցկացվող բուժումը: Այդ առումով դիահերձման արձանագրությունն ինքնին վկայում է խիստ տարածված և նկատելի վարակի և հյուսվածքի վնասվածքի մասին:

Հաշվի առնելով փորձագիտական խմբի միասնական եզրակացությունը Ս.Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության մասին՝ Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով վարակի անկառավարելիության աստիճանը՝ բանտի ղեկավարությունը պետք է գիտակցեր՝ ինչ վտանգ է սպառնում նրա կյանքին նրա ուշացած տեղափոխմամբ հիվանդանոց: Քանի որ Դատարանի քննության առարկան է պարզել, թե արդյոք ներպետական մարմինները կատարել են դիմումատուի ամուսնու կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը նրան պատշաճ և ժամանակին բուժում տրամադրելու միջոցով, վերոհիշյալ դիտարկումները Դատարանին հնարավորություն են տալիս եզրակացնել, որ ներպետական մարմինների վարքագիծը ծանր հիվանդ կալանավորված անձի նկատմամբ ենթադրում է արգելանքի տակ պահվող անձանց կյանքը պաշտպանելու պետության պարտավորության խախտում:

Դրանից հետևում է, որ պատասխանող պետությունը չի պաշտպանել Ս.Ոսկանյանի կյանքը կալանքի տակ գտնվելու ժամանակ:

Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական կողմի խախտում:

Ինչ վերաբերում է ներպետական մարմինների կողմից անցկացված քննությանը, Դատարանը նշում է, որ իշխանության մարմինները մի շարք քննչական գործողություններ են ձեռնարկել Ս.Ոսկանյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Այնուամենայնիվ, չնայած դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված ապացույցներին այն մասին, որ Ս.Ոսկանյանի հիվանդության մահացու ելքը կարելի էր կանխել, եթե վերջինս ստացած լիներ համապատասխան բուժում և ժամանակին տեղափոխված լիներ հիվանդանոց, քննությունը սահմանափակվել է բժիշկ Մ.-ին անձնական քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով և չի ուսումնասիրել ավելի վաղ հիվանդանոց չտեղափոխելու պատճառը և չի հայտնաբերել պատասխանատուներին, հատկապես եթե հաշվի առնենք բժիշկ Մ.-ի հայտարարություններն այն մասին, որ վերջինս հաղորդել է Ս.Ոսկանյանի առողջության անհանգստացնող վիճակի մասին կալանավայրի ղեկավարությանը և իր վերադասներին:

Դատարանը, հետևաբար, գտնում է, որ քննության եզրակացությունները հիմնված չեն եղել բոլոր կարևոր տարրերի մանրամասն և օբյեկտիվ վերլուծության վրա: Արդյունքում քննությունը լիովին չի պարզել Ս.Ոսկանյանի մահվան բոլոր հանգամանքները՝ դրանով մեղավորներին պատասխանատվության չենթարկելով:

Հետևաբար Դատարանը գտնում է, որ իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Ս.Ոսկանյանի մահվան համապատասխան և արդյունավետ քննություն: Ուստի ավելորդ է քննել քննության մյուս հարցերը:

Այսպիսով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմի խախտում»5:

16 Հաշվի առնելով նախորդ կետում ներկայացված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշումը վերանայելու հիմք է։

 

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի բեկանման հիմքը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական դրույթների մասով խախտումը, հիմք է դիմող Շ.Ոսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի մայիսի 7-ի որոշումները բեկանելու համար:

18 Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»6:

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում ()»7:

19 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:

20 Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:

Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են դիմող Շ.Ոսկանյանի ամուսնու՝ ՍՈսկանյանի մահվան պատճառներին, ինչպես նաև այդ հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։

Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում և փաստել, որ պետության կողմից չի պաշտպանվել Ս.Ոսկանյանի կյանքը կալանքի տակ գտնվելու ժամանակ, ինչպես նաև իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Ս.Ոսկանյանի մահվան համապատասխան և արդյունավետ քննություն:

22. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման (նյութաիրավական և ընթացակարգային դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքների քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել, ինչը միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանված գումարի վճարմամբ չի կարող շտկվել, ուստի, տվյալ դեպքում «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու տեսանկյունից, անհրաժեշտ է դիմող ՇՈսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի բողոքի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում արձանագրված խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոց կիրառելու նպատակով վարույթը պետք է փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի և Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի մայիսի 7-ի դատական ակտերը պետք է բեկանել ու վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 24-ի վճռով արձանագրված՝ դիմողի ամուսնու՝ Սլավիկ Ոսկանյանի մահվան պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու նյութաիրավական և ընթացակարգային պահանջների խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոցը կիրառելու նպատակով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 22-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում դիմող Շուշանիկ Ոսկանյանի ներկայացուցիչներ Է.Մարուքյանի և Կ.Թումանյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 15-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 7-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

__________________

1 Տե'ս նյութեր, թերթեր 1-15:

2 Տե'ս նույն տեղում:

3 Տե'ս նույն տեղում:

4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հունվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 623/13, կետեր 20-33:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: