Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.02.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
22.02.2024
Дата вступления в силу
22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Մ․ հարությունյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԼԴ/0004/12/22

նախագահող դատավոր՝

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

22 փետրվարի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Վանիկ Արարատի Առուստամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի դատավճռով Վանիկ Արարատի Առուստամյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարվել է, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի դատավճիռը՝ պատժի մասով բեկանվել և փոփոխվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Վանիկ Առուստամյանը դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով։

11 ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2022 թվականի մարտի 1-ի որոշմամբ դատապարտյալ ՎԱռուստամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա 9 (ինը) ամիս ժամկետով կրճատվել է ու վերջինիս թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։

2 Քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, և նոյեմբերի 15-ին միջնորդագրով ներկայացրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ դատապարտյալ ՎԱռուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժվել է։

3 Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և փոփոխել է։ Դատապարտյալ ՎԱռուստամյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ պատժի չկրած մասի ժամանակահատվածով սահմանված փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու ու բնակության վայրը փոխելու դեպքում հիշյալ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություններ դնելով։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Այսպես, բողոքաբերը նշել է, որ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ ՎԱռուստամյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նույնպես նախատեսված չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն։

Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական և քրեակատարողական օրենսդրությունների խնդիրները տարբեր են նշված ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, որտեղ սահմանված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են քննարկվող ինստիտուտին վերաբերող այլ հարցեր, մասնավորապես, իրավասու մարմինների կողմից կազմվող զեկույցների բովանդակությունը, դրանց կազմելու ժամկետը, չափանիշները, այդ գործընթացում դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքներն ու պարտականությունները։

51 Բողոքաբերն անդրադարձել է նաև Վերաքննիչ դատարանի՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ՎԱռուստամյանի վերասոցիալականացման հնարավորության մասին Վերաքննիչ դատարանի հետևության հիմնավորվածությանը։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 7. Դատապարտյալ Վ.Առուստամյանի պաշտպան Կ.Ղալումյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը չի բովանդակում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու անհնարինությունը հիմնավորող իրավական հիմք։

Անդրադառնալով առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ՎԱռուստամյանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկներին՝ պաշտպանն ըստ էության գտել է, որ դրանք կառուցված չեն վերջինիս վարքագծի, նրա անձի և կատարած հանցագործության մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության ու համակցության մեջ գնահատման վրա։

8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Կ.Ղալումյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. ՎԱռուստամյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված և համաներման ակտի կիրառմամբ փոփոխված պատժի սկիզբը հաշվարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ից1։

10 Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատապարտյալ ՎԱռուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիրը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Դ]ատապարտյալ Վանիկ Առուստամյանը դատապարտվել է ազատազրկման 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Տվյալ դեպքում դատապարտյալը կարող է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել միայն պատժի ժամկետի առնվազն կեսը կրելուց հետո:

(․․․) [2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ] քրեական օրենսգիրքը նրա նկատմամբ կիրառելու հնարավորությունը քննարկելիս պետք է հաշվի առնել, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Սույն դեպքում Վանիկ Առուստամյանի համար ընդունվել է նրա անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով այդ դրույթի հետադարձ ուժ ունենալու մասին իրավակարգավորում առկա չէ, այլ կերպ ասած՝ դատապարտյալների համար սույն փոփոխությունը չունի հետադարձ ուժ, քանի որ դրա հետադարձ ուժ ունենալու մասին ՀՀ քրեական օրենսգրքում և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում նշում առկա չէ: (․․․2:

11 Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Վերաքննիչ դատարանը (․․․) արձանագրում է, որ պատիժն իրականացնող մարմինը դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավունքի ծագման պահը հաշվարկելիս գործել է իրավաչափորեն, որպիսի հետևության հանգում է հետևյալ իրավական վերլուծության և դատողության արդյունքներով

Այսպես, (․․․) [դատապարտյալ ՎԱռուստամյանը] պատիժը սկսել է կրել 2004 թվականի դեկտեմբերի 24-ի օրենսգրքի (այսուհետ Հին ՔԿՕ), իսկ պատժից նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու միջնորդությունը ներկայացվել է արդեն 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսգրքի (այսուհետ՝ Նոր ՔԿՕ) և դրա կարգավորումների ժամանակ։

Նոր ՔԿՕ-ի ուժի մեջ մտնելու իրավահարաբերությունները կանոնակարգող նույն օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին (․․․)»։

(․․․) Ժամանակի ընթացքում քրեակատարողական օրենքի գործողությունը կանոնակարգող դրույթը նախատեսված է Նոր ՔԿՕ 3-րդ հոդվածում (․․․

Վերոնշյալ իրավական նորմերի մեկնաբանման և դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ համադրելու արդյունքներով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Նոր ՔԿՕ-ն դատապարտյալ Վ.Առուստամյանի նկատմամբ նշանակված պատժի կատարումը, դրա կարգն ու պայմանները պայմանավորում է քրեակատարողական օրենքի (օրենսդրության)՝ պատժի կատարման պահին գործելու հանգամանքով, ուստի՝ պատիժն ի կատարած ածող մարմիններն իրավաչափորեն ղեկավարվել են ճյուղային օրենսդրությամբ՝ Նոր ՔԿՕ դրույթներով և կարգավորումներով։

Տվյալ հետևությունը հիմնավորվում է նաև ստորև ներկայացվող փաստարկով։

(․․․) Նոր ՔԿՕ 132-133-րդ հոդվածների վերոնշյալ կարգավորումներից ևս հետևում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալի իրավունքը (լեգիտիմ ակնկալիքը) և այդ իրավունքը երաշխավորելու վերաբերյալ պատիժ իրականացնող (քրեակատարողական) մարմնի համարժեք պարտականությունները ծագում են դատապարտյալի նկատմամբ նշանակված և փաստացի կրած պատժի ժամկետի համապատասխան մասը լրանալու օրը, ընդ որում՝ պատժի կրած և չկրած մասերի հաշվարկը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով։

Տվյալ իրավիճակում, մասնավորապես՝ երբ դատապարտյալը պատիժ է կրում օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի հիման վրա, այլևս նշանակված և կրվող պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի համատեքստում ազատման քրեաիրավական պայմանների վերաբերյալ նորմեր[ի] կիրառելիության հարցի պարզումը կրում է քրեակատարողական բնույթ, այլ կերպ՝ պատժի մնացած մասից պայմանական վաղաժամկետ ազատման նաև քրեաիրավական պայմանների առկայությունը ստուգելու և պարզելու համար իրավասու քրեակատարողական մարմինը պետք է դիմի բլանկետային նորմի, որպիսին տվյալ դեպքում հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը։ Մասնավորապես՝ Նոր ՔԿՕ 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հենց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական (ճյուղային) օրենսդրությունն է սահմանում «պատիժների կատարման ընդհանուր դրույթները և սկզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, (…), դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, (…)»։

Պատժի կատարման փուլում ծագող վերը թվարկված հարցերի միայն որոշակի նեղ հատվածն է, որ ենթակա է լուծման դատարանի կողմից օրենքի ուղղակի պահանջով կամ էլ իրավական վեճ առաջանալու պարագայում։

Նոր ՔԿՕ 132-րդ հոդվածի, դրանում վկայակոչված 133-րդ հոդվածի բովանդակությունից, այդ թվում՝ հոդվածների տեքստում ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի վրա ուղղակի հղում կատարելու փաստից հետևում է, որ օրենսդիրը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու՝ քրեաիրավական պայմանների առկայության կամ բացակայության ստուգումն ու փաստումը պայմանավորում է նոր՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի հետ։ Ընդ որում, Նոր ՔԿՕ վկայակոչված հոդվածներն այլ կերպ ընկալելու, մեկնաբանելու և կիրառելու նորմեր, սույն որոշման մեջ նշված կերպով կիրառելու վերապահումներ տվյալ օրենսգրքի 169-րդ և 170-րդ հոդվածներով չեն նախատեսվել։

Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ (նոր) քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը դատապարտյալ Վ.Առուստամյանի վիճակը բարելավող օրենք է, սակայն Հին քրեական օրենսգրքի (75-րդ հոդված) և Նոր քրեական օրենսգրքի (85-րդ հոդված) նորմերի մրցակցության խնդիրը բացակայում է, ենթադրյալ կոլիզիան լուծվել է ճյուղային (քրեակատարողական) օրենսդրության մակարդակում, մասնավորապես՝ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված և նույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Նոր ՔԿՕ-ի վերոնշյալ հոդվածներով և իրավական կարգավորմամբ։

Ավելին, Առաջին ատյանի դատարանի՝ դատապարտյալ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու հիմքում դրված քննարկվող հիմնավորումը չի բխում նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, քանի որ՝

- պատիժն ի կատար ածող իրավասու մարմինը Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ (նոր) քրեական օրենսգրքի ուժի մեջ մտած լինելու, դրա գործողության ժամանակ,

- դատապարտյալի վիճակը բարելավող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (տվյալ դեպքում՝ բլանկետային) նորմին պետք է տրվեր (չէր կարող չտրվել) հետադարձ ուժ, քանի որ բարելավող այդ նորմը նախատեսվել է մեկ այլ՝ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական (նոր) օրենսգրքով, որի 132-133 հոդվածների կիրառումն անխզելիորեն պայմանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նոր կարգավորման կիրառմամբ։

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով նաև (․․․) ներկայացված եզրահանգումը, արձանագրում է, որ (․․․) դատապարտյալ Վանիկ Առուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով՝ հնարավոր է հասնել [2022 թվականի մայիսի 5-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Վերաքննիչ դատարանի այդ եզրահանգումը պայմանավորված է [որոշմամբ վկայակոչված] հանգամանքների համադրման և գնահատման արդյունքներով (․․․3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների վերաբերյալ համապատասխան նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է զուտ քրեակատարողական բնույթ։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման և դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները, պաշտպանել նրա իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, վերահսկել դատապարտյալի պարտականությունների կատարումը, նախապատրաստել նրանց հասարակությունում վերաինտեգրմանը և պատժից ազատվող անձանց ցուցաբերել սոցիալական աջակցություն։

3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է պատիժների կատարման ընդհանուր դրույթները և սկզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը, դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները»։

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 2. Պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։

3. Պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն»։

Վկայակոչված իրավադրույթների բովանդակության հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական օրենսգիրքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են հանցանք կատարած անձի և իրավաբանական անձի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակված պատիժների ու քրեաիրավական ներգործության միջոցների կատարման և կիրառման կարգն ու պայմանները, դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունը և վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման ու իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները։

Քրեակատարողական օրենսդրության առարկան կազմող վերը նշված հարաբերությունները կարգավորվում են դատական ակտով սահմանված պատիժների և քրեաիրավական ներգործության միջոցների կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, միակ բացառությունը՝ պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը և պայմանները խստացնող կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող քրեակատարողական նոր օրենքի կիրառման արգելքն է։

121 ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու (…)»:

122 Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժից ազատելու տեսակներից մեկն է, որի գործադրման համար պարտադիր հիմքերն ու պայմանները սահմանված են քրեական օրենսդրությամբ։ Մասնավորապես, վերոնշյալ ինստիտուտի գործողության անհրաժեշտ պայմանը պատժի համապատասխան նվազագույն ժամկետը կրելն է, իսկ հիմքը՝ դատարանի համոզվածությունն է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը կամ ուղղումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու։ Նման համոզմունքը ձևավորվում է պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագծի և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության մասին վկայող հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում։

Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական և քրեակատարողական օրենսդրությունների հարաբերակցությանը՝ պետք է փաստել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ որպես պատժից ազատելու ինքնուրույն տեսակ, խիստ նյութաիրավական բնույթ է կրում, հետևաբար դրա գործադրման համար անհրաժեշտ հիմքերն ու պայմանները սահմանվում են միմիայն քրեական օրենսդրությամբ։ Այս նկատառումներով էլ հենց պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պայմանների առկայության դեպքում։

Միևնույն ժամանակ, քրեակատարողական օրենսդրությամբ կարգավորվում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգային հարցերը։ Այլ կերպ՝ քննարկվող ինստիտուտի շրջանակում քրեական իրավունքի և քրեակատարողական իրավունքի փոխադարձ կապը պայմանավորված է բացառապես պատժից ազատելու ընթացակարգի կանոնակարգմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը, ինչպես նաև վարույթի իրականացման ձևը, դատական նիստի կարգը, մասնակիցների շրջանակը և նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Ըստ այդմ էլ, ելնելով քրեական և քրեակատարողական օրենսդրությունների կարգավորման առարկայի առանձնահատկություններից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը գտնվում է ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորման տիրույթում, ուստի այն կանոնակարգող նյութական օրենքի գործողության հարցը դուրս է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կարգավորման առարկայի շրջանակից։ Հետևաբար, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս, անհրաժեշտ է ղեկավարվել ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությանը վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորումներով։

14 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։

Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հիմնախնդրին Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է իր նախադեպային որոշումների շրջանակներում` ընդգծելով, որ քրեական օրենքի` ժամանակի ընթացքում գործողության ընդհանուր կանոնը ենթադրում է, որ կատարված արարքի հանցավորությունը, դրա համար նախատեսված պատիժները և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են տվյալ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այսինքն՝ իրավասու մարմինը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ:

Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնից միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, ինչը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա4: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևորում է գործող քրեական օրենսդրությամբ՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու կանոնի պահպանումը: Մասնավորապես՝ հիշյալ անձանց վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ միայն օրենքով նախատեսված դեպքում՝ անկախ նրանից՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ է մտել, թե՝ ոչ5:

Անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության բնութագրիչ առանձնահատկությունը քննարկելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսին է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն, ի թիվս այլնի, պատժի նշանակման, պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում անձի համար։ Նման իրավիճակները կարող են բազմազան լինել ու վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին6։

15 ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

(․․․)

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։

Համեմատության մեջ դիտարկելով վկայակոչված նորմերը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով նախկին և գործող քրեական օրենսգրքերում նախատեսվել են տարբերվող կարգավորումներ։ Քննարկվող ինստիտուտի գործող կարգավորումները, դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ են նախատեսվել։ Մասնավորապես՝ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանր հանցագործության համար հինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգի պայմաններում, հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել ոչ թե նշանակված պատժի կեսը, այլ մեկ երրորդը կրելուց հետո։ Հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում։ Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով։

Հետադարձ ազդեցության հնարավորությունը նախատեսող օրենքի բացակայության դեպքում, պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Այս առումով հատկապես կարևոր է ընդգծել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով քրեաիրավական այլ հետևանքների որոշումը ևս պայմանավորվում է արարքի կատարման պահով։ Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս որպես ելակետ ընդունել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող՝ պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ։

16 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- 2022 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրով ներկայացրել է Առաջին ատյանի դատարան7,

- ՎԱռուստամյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված և համաներման ակտի կիրառմամբ փոփոխված պատժի՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման սկիզբը հաշվարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ից8։ Միջնորդագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դատապարտյալ ՎԱռուստամյանն ազատազրկման ձևով սահմանված պատժի ժամկետից փաստացի կրել է 10 (տասը) ամիս 17 (տասնյոթ) օրը,

- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ ՎԱռուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել է՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը պետք է քննարկել հանցանքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Տվյալ դեպքում, ՎԱռուստամյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել միայն սահմանված պատժի կեսը կրելուց հետո։ Անդրադարձ կատարելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները հետադարձության կարգով կիրառելու հնարավորությանը՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ որպես դատապարտյալ ՎԱռուստամյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ հետադարձ ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ9,

- Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի մի շարք նորմերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու պայմաններում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է քրեակատարողական բնույթ։ Միջնորդագիրը ներկայացնելու պահին գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ամրագրված կարգավորումներից հետևում է, որ խնդրո ինստիտուտի գործադրման հարցում անհրաժեշտ է ղեկավարվել հիշյալ օրենսգրքի տեքստում նշված բլանկետային նորմով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը հաշվարկելով նշված կանոնով, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գործել է իրավաչափ։ Նման եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նաև՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածին հղում կատարելով։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով գործող իրավակարգավորմամբ և գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, համոզմունք է ձևավորել, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու10։

17 Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու պայմաններում քննարկվող ինստիտուտը կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիության հարցը կրում է քրեակատարողական բնույթ, չի կարող հիմնավոր համարվել՝ իրավական ակտի սխալ մեկնաբանման և կիրառման պատճառաբանությամբ։

Նման դատողությամբ ստորադաս դատարանը փոխակերպել է ՀՀ քրեակատարողական օրենսդրության կարգավորման առարկայի հիմնախնդիրը, քանի որ հիշյալ օրենսգրքի առարկայից դուրս են թե՛ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերն ու պայմանները, թե՛ նյութաիրավական այդ ինստիտուտը կանոնակարգող օրենքի ժամանակի ընթացքում գործողության հարցը։ Այսպես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական և քրեակատարողական իրավունքների փոխադարձ կապը պայմանավորված է բացառապես համապատասխան ընթացակարգի կանոնակարգմամբ, որը միտված է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավական գործընթացի կազմակերպմանը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածին հղմամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը հաշվարկելիս իրավաչափ գործելու վերաբերյալ արձանագրումը ևս չի կարող համարվել հիմնավոր։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժը կատարելու պահին գործող՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների կիրառելիությունը քրեակատարողական օրենսդրության վկայակոչված նորմով պայմանավորելն անթույլատրելի է՝ նկատի ունենալով, որ հիշյալ նորմով կանոնակարգվում է ժամանակի ընթացքում քրեակատարողական օրենքի, տվյալ դեպքում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգին վերաբերող կանոնների գործողությունը, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերն ու պայմանները քրեական օրենսդրության կարգավորման առարկա են, որոնց նկատմամբ, համապատասխանաբար, կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված՝ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և հետադարձ ուժի ընդհանուր կարգավորումները։

Այս առումով հատկանշական է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությունը կանոնակարգող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, կիրառելի քրեական օրենքը քննարկելիս, պարտավորեցնում է արարքի կատարման պահը որպես ելակետ ընդունել ոչ միայն արարքի հանցավորությունը կամ պատժելիությունը, այլև քրեաիրավական այլ հետևանքները որոշելու դեպքում։ Այլ կերպ՝ քրեական օրենսգիրքը արարքի կատարման պահի հետ է կապում հանցավորության, պատժելիության և քրեաիրավական այլ հետևանքների որոշումը՝ անկախ այն հանգամանքից՝ պատժի կրման գործընթացը սկսված է, թե ոչ։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ դատապարտյալի կողմից պատժի կրման գործընթացը սկսվելու դեպքում քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը դառնում է բլանկետային նորմ և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների վերաբերյալ համապատասխան նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է քրեակատարողական բնույթ, չի կարող իրավաչափ համարվել։

171 Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին՝ համաձայն որի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու իրավաչափությունը պայմանավորվում է նաև ՀՀ քրեակատարողական օրենսդրության տեքստում հիշյալ նորմին ուղղակի հղում կատարելու փաստով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ գործող քրեակատարողական և քրեական օրենսդրություններն ուժի մեջ են մտել միաժամանակ, հետևաբար, օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից ՀՀ քրեակատարողական օրենսդրությունը չէր կարող հղում կատարել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին։ Այս համատեքստում հարկ է նկատել նաև, որ եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները՝ նախկին կարգավորումների համեմատ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով խստացվեին, ապա Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է կիրառելի լիներ անձի վիճակը վատթարացնող նորմը, ինչն անթույլատրելի է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների տեսանկյունից։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի տեքստում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին հղումը հիմք չէ, որ անտեսվի նյութական օրենքի հետադարձության կանոնը։ Ինչպես արդեն նշվել է, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Մասնավորապես՝ տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել։

Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների վերաբերյալ համապատասխան նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է զուտ քրեակատարողական բնույթ, հիմնավոր չէ։

18 Վերոգրյալի հետ մեկտեղ, սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված իրավակարգավորումների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն վարույթի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ ՎԱռուստամյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։

Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ՎԱռուստամյանի նկատմամբ պետք է կիրառել նրա կողմից հանցանքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կանոնը, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ։

Տվյալ դեպքում, որպես ելակետ ընդունելով համաներման կիրառման արդյունքում ձևավորված պատժի ժամկետը11 և դրա հաշվարկման սկիզբը՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված ՎԱռուստամյանը համապատասխան միջնորդագիրը դատարան ներկայացնելու օրվա՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից կրել է 10 (տասը) ամիս 17 (տասնյոթ) օրը, հետևաբար, ՎԱռուստամյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման կեսը։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելուն հատուկ է վարույթին վերաբերող հիմնական հարցերի հստակ տրամաբանական դասավորվածություն առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալի վերասոցիալականացման հնարավորությունը որոշվում է միայն նշանակված պատժի` օրենքով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը կրելու պայմանի պահպանման դեպքում։ Տվյալ դեպքում, սահմանված պատժի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ ՎԱռուստամյանի կողմից փաստացի կրած լինելու պայմանի բացակայությունն ինքնին բացառում է քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորությունը12, հետևաբար՝ վերջինիս պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը ենթակա է մերժման։

Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 51-րդ կետում նշված և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։

19 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը որոշելիս, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ ՎԱռուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառմամբ համապատասխան միջնորդագիրը քննության առնելով՝ պահպանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմանը։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատապարտյալ Վանիկ Արարատի Առուստամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

________________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 61-65:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-63:

4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումը։

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գևորգ Բաբայանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ԼԴ2/0079/01/19 որոշումը:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Սուլյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0026/12/12 որոշումը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան