Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.05.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
10.05.2024
Дата вступления в силу
10.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԱՐԱԴ1/0010/01/14

նախագահող դատավոր՝

 Ռ. Մխիթարյան

դատավորներ՝
 

 Կ. Մարդանյան

 Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

10 մայիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Սասունիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

I. Սույն գործով վարույթը Ռուսաստանի Դաշնությունում.

1. ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատախազության քննիչ Ա.Պրոխաչովի` 2000 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 0054226 քրեական գործը։

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի ներքին գործերի բաժնի քննիչ Մ.Չայկայի` 2000 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 0057422 քրեական գործը։

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատախազության քննիչ Ա.Պրոխաչովի (այսուհետ նաև` քննիչ Ա.Պրոխաչով)` 2000 թվականի մայիսի 29-ի որոշմամբ թիվ 0054226 և 0057422 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` 0054226 համարի ներքո։

Նույն օրը` 2000 թվականի մայիսի 29-ին, քննիչ Ա.Պրոխաչովը որոշում է կայացրել Արմեն Սասունիկի Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քննիչ Ա.Պրոխաչովի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, որը հաստատվել է Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատախազի կողմից, Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նույն օրը` 2000 թվականի մայիսի 29-ին, Ա.Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2000 թվականի հունիսի 9-ին քննիչ Ա.Պրոխաչովը որոշում է կայացրել Իգոր Բորիսի Մոգիլևսկուն ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը` 2000 թվականի հունիսի 9-ին, Ի.Մոգիլևսկու նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2000 թվականի հունիսի 10-ին թիվ 0054226 քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալներ Ա.Ղազարյանի և Ի.Մոգիլևսկու գտնվելու վայրերը հայտնի չլինելու հիմքով:

1.1. 2009 թվականի մայիսի 20-ին Ա.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ՀՀ-ում ձերբակալվել է, իսկ այնուհետև կալանավորվել, ինչի մասին տեղեկացվել է ՌԴ իրավասու մարմիններին։

1.2. 2009 թվականի հունիսի 19-ին թիվ 0054226 քրեական գործն ընդունվել է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժակովի վարույթ, և նախաքննությունը վերսկսվել է:

ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետի` 2009 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումներով թիվ 0054226 քրեական գործով Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին 2000 թվականի մայիսի 29-ի որոշումները վերացվել են:

1.3. 2010 թվականի դեկտեմբերի 21-ին թիվ 0054226 քրեական գործն ընդունվել է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Լիսենկոյի (այսուհետ նաև` քննիչ Ա.Լիսենկո) վարույթ:

Քննիչ Ա.Լիսենկոն 2011 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացրել Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, իսկ 2011 թվականի մարտի 1-ին` Ա.Ղազարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Քննիչ Ա.Լիսենկոյի` 2011 թվականի մարտի 1-ի մեկ այլ որոշմամբ թիվ 0054226 քրեական գործից անջատվել է Ա.Ղազարյանի և ինքնությունը չպարզված անձի վերաբերյալ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետի, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերի և 111-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործի մաս, որին շնորհվել է 2011457382 համարը:

ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի մարզի քննչական վարչության Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի ղեկավարի՝ 2011 թվականի մարտի 15-ի որոշմամբ քննիչ Ա.Լիսենկոյի` Ա.Ղազարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 2011 թվականի մարտի 1-ի որոշումը վերացվել է՝ Ա.Ղազարյանի գտնվելու վայրը հայտնի լինելու, այն է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով նշանակված ազատազրկում պատիժը ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կրելու հիմքով:

1.4. 2011 թվականի հունիսի 3-ին քննիչ Ա.Լիսենկոն որոշում է կայացրել Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը մասնակի՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերով, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցնելու, և Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի 4-րդ մասով շարունակելու մասին:

Քննիչ Ա.Լիսենկոյի` 2011 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ թիվ 2011457382 քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Ա.Ղազարյանի ներկայությունն ապահովելու հնարավորության բացակայության պատճառաբանությամբ, իսկ 2011 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ վերսկսվել է:

2011 թվականի սեպտեմբերի 19-ին քննիչ Ա.Լիսենկոն կրկին որոշում է կայացրել Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

1.5. ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի` 2012 թվականի մայիսի 26-ի թիվ 82/2-2751-09 գրությամբ թիվ 2011457382 քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն՝ Ա.Ղազարյանի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար:

 

II. Սույն գործով վարույթը Հայաստանի Հանրապետությունում.

2. 2012 թվականի հունիսի 21-ին թիվ 2011457382 քրեական գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ուղարկվել է Արագածոտնի մարզի քննչական բաժին, 2012 թվականի հունիսի 25-ին ընդունվել է Արագածոտնի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Վարդանյանի (այսուհետ նաև` քննիչ Ա.Վարդանյան) վարույթ՝ 29105912 համարի ներքո:

2012 թվականի հունիսի 25-ից մինչև 2013 թվականի հունիսի 17-ը կատարվել է վերոնշյալ քրեական գործի հինգ հատորից բաղկացած նյութերի ռուսերենից հայերեն թարգմանություն:

2013 թվականի հունիսի 13-ին, Ա.Ղազարյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ Նույն օրը քննիչ Ա.Վարդանյանը որոշում է կայացրել Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նկարագրված արարքները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) դրույթներին համապատասխանեցնելու մասին՝ դրանք որակելով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

2013 թվականի հունիսի 15-ին Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

3. 2014 թվականի հունիսի 3-ին թիվ 29105912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) իր՝ 2019 թվականի հուլիսի 8-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Ա.Ղազարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։

Նույն դատավճռով Ա.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի` 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ գործող 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ։ Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի հունիսի 15-ից, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

4. Մեղադրող Գ.Հարությունյանի և ամբաստանյալ Ա.Ղազարյանի պաշտպաններ Հ.Սարգսյանի և Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքների քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել արգելանքից:

Վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը մասնակիորեն՝ ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու մասով, բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Արմեն Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում (ամբողջ ծավալով) արդարացվել է՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ արձանագրված հետևությունները չեն բխում վերաբերելի օրենսդրական դրույթներից և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական մեկնաբանություններից:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր հետևությունները կառուցելիս համեմատական, համակարգային ու լիարժեք վերլուծության չի ենթարկել ՀՀ և ՌԴ քրեական դատավարության օրենսդրությունների վերաբերելի դրույթները: Արդյունքում որոշակի տարանջատմամբ չի քննարկվել ՌԴ և ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև որոշումների՝ համապատասխանաբար ՌԴ և ՀՀ քրեական դատավարության օրենսդրություններով ամրագրված դրույթների պահպանմամբ կատարված և կայացված լինելու հանգամանքները:

Բողոքաբերի համոզմամբ, նախքան կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի՝ քննարկվող դեպքում կիրառելի լինելու հանգամանքին անդրադառնալը, անհրաժեշտ էր պարզել, թե արդյո՞ք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու որոշումը և քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի և դատախազի որոշումները բովանդակային և իրավական հետևանքների առումով նույնանում են, թե ոչ, այլ կերպ ասած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման վերացումը մեղադրանքից հրաժարում կամ մեղադրանքի վերացում համարվում է, թե ոչ, առհասարակ մեղադրանքից հրաժարումը դատավարական ինչպիսի որոշմամբ է արտահայտվում և ձևակերպվում: Ընդ որում, նշված հարցն անհրաժեշտ էր պարզել՝ ՌԴ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված կանոնների կիրառելի լինելու անհերքելի փաստի հաշվառմամբ:

Վերլուծելով Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչ Ա.Պրոխաչովի՝ 2000 թվականի մայիսի 29-ի որոշումը վերացնելու մասին ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետի` 2009 թվականի հունիսի 30-ի որոշումը, բողոքաբերը նշել է, որ քննչական բաժնի պետը քննիչի որոշումը վերացրել է՝ այն վաղաժամ լինելու, բավարար ապացույցների համակցությամբ Ա.Ղազարյանի մեղավորությունը քննության այդ փուլում դեռևս ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, միևնույն ժամանակ քննությունը շարունակելու, նոր և ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելու և այդ ապացույցների առկայությամբ միայն նրան մեղադրանք առաջադրելու նպատակով: Ըստ բողոքաբերի՝ դրանով էլ պայմանավորված է եղել այն փաստը, որ Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Բողոքաբերը փաստարկել է, որ քննչական բաժնի պետը, քննարկվող դեպքում իրացնելով ՌԴ քրեական դատավարության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, այն է՝ վերացնել անհիմն և ապօրինի որոշումները, հիշյալ որոշման վերացմամբ, ըստ էության, ապահովել է Ա.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելու նպատակով հետագա լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը գտել է, որ ՌԴ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված դրույթների կիրառմամբ Ա.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելը, այնուհետև որպես մեղադրյալ ներգրավելը չի կարող դիտարկվել մեղադրանքից հրաժարում, քրեական հետապնդման դադարեցում, վարույթը բացառող հանգամանքի առկայություն, հետևաբար նաև կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:

Բողոքաբերն իր դիրքորոշումը պատճառաբանել է նաև նրանով, որ 2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ գործող, ինչպես նաև ներկայում գործող ՌԴ քրեական դատավարության օրենսդրությամբ նման դատավարական որոշման կայացումը քրեական հետապնդման դադարեցում չի դիտարկվել և չի դիտարկվում, իսկ անձը, ով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվել է, չի համարվել և չի համարվում արդարացված: Նշել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու այդպիսի կարգ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ՝ ի տարբերություն 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 19-րդ կետի:

Անդրադառնալով քննիչ Ա.Լիսենկոյի՝ Ա.Ղազարյանի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերով քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին 2011 թվականի հունիսի 3-ի որոշմանը և այն վերացված չլինելուն՝ բողոքաբերը նշել է, որ նման որոշման կայացումը պայմանավորված է եղել պարզապես ՌԴ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունմամբ՝ Ա.Ղազարյանի արարքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով, և ոչ թե ապացույցների բավարար համակցության բացակայությամբ, ուստի այն չի ենթադրում քրեական հետապնդման դադարեցում՝ մեղադրանքից հրաժարում կամ դրա վերացում։

6.1. Բողոքի հեղինակը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մասով դատարանների մեկնաբանություններին և վերլուծություններին՝ փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից բավարար և համապարփակ քննարկման և վերլուծության չեն ենթարկվել քրեական գործով ձեռքբերված փաստական տվյալները, մեղադրյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքի և ապացույցների բավարարության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված իրավական մեկնաբանությունները:

Ի հիմնավորումն այս դիրքորոշման բողոքաբերը նշել է, որ Ա.Ղազարյանը դեպքից հետո թաքնվել է քննությունից, ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է հետախուզման մեջ, որի մասին տեղյակ է եղել, և այդ հանգամանքով պայմանավորված՝ ինքն իրեն զրկել է տուժողների ու վկաների հետ առերես հարցաքննվելու հնարավորությունից, հետագայում էլ՝ ՀՀ-ում իրականացված քննության ընթացքում, հրաժարվել է տեսակապով առերես հարցաքննությունից։

Ըստ բողոքաբերի՝ Ա.Ղազարյանի մեղքի առկայությունը հիմնավորվել է նրա, տուժողներ Ելենա Տոլստիխի, Յուրի Կրուգլովի, Անտոնինա Կրուգլովայի, Ելիզավետա Պտուխայի ցուցմունքներով, վկաներ Իգոր Մոգիլևսկու, Մարիա Տոլստիխի, Գրիգորի Մաթևոսյանի, Նադեժդա Կուզմենկոյի, Անտոն Անաշկինի, Կարինե Ղազարյանի, Էլեոնորա Դեմիդովայի, Ալեքսանդր Տյուխտյունովի, Տատյանա Շալայկինայի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, փորձագետ Անդրեյ Լիսենկոյի հարցաքննության արձանագրությամբ, լուսանկարով, անձին ճանաչման ներկայացնելու, դեպքի վայրի զննության մասին արձանագրություններով, ինչպես նաև Ա.Ղազարյանի հայտնած տեղեկությունները հերքող՝ քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով։

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Ա.Ղազարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

8. Ամբաստանյալ Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Սարգսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատախազը, այնուամենայնիվ, չի հիմնավորել, թե ինչպես կարող էր «կրկին մեղադրանքի առաջադրում» չհամարվել քննիչի՝ 2000 թվականի մայիսի 29-ի՝ ոչ օրինական որոշումը վերացնելու մասին որոշման առկայության պայմաններում Ա.Ղազարյանին նույն հոդվածով մեղադրանք առաջադրելը։

Անդրադառնալով «Քրեական հետապնդումը մասնակի դադարեցնելու մասին» քննիչի՝ 2011 թվականի հունիսի 3-ի որոշման վերաբերյալ դատախազի դիրքորոշմանը՝ պաշտպան Հ.Սարգսյանը նշել է, որ այն անհիմն է և անտրամաբանական, քանի որ դատախազը չի կարող քննիչի որոշումը մեկնաբանել ըստ իր ցանկության, ավելին՝ սույն քրեական գործում առկա են համապատասխան որոշումները։

Ըստ պաշտպանի՝ Արմեն Ղազարյանը չի խուսափել քննությունից, գտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքին, ապա այդ ողջ ժամանակահատվածում՝ շուրջ 6 տարի երեք ամիս, Ա.Ղազարյանը գտնվել է կալանքի տակ, ուստի, ելնելով վերոշարադրյալից, հստակ է, որ Ա.Ղազարյանը որևէ կերպ ինքն իրեն չէր կարող և չի զրկել իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու կոնվենցիոն իրավունքից։

Պաշտպանը գտել է, որ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պարունակել է պատժի տարրեր, քանի որ 6 տարի 3 ամիս նա գտնվել է կալանքի տակ, հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ նրան վերագրվող արարքների համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վաղուց անցել են։

Ամփոփելով, պաշտպանը գտել է, որ սույն քրեական գործով անհրաժեշտ էր հռչակել Արմեն Ղազարյանի անմեղությունը, ինչն էլ արվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մեղադրական մասով հիմնված է միմիայն անթույլատրելի, անարժանահավատ ապացույցների վրա, քանի որ խախտվել է Արմեն Ղազարյանի հակընդդեմ հարցման իրավունքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

III. Արմեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը.

9. Արմեն Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ ու 7-րդ կետերով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) Նա, 2000թ. մայիսին գործելով նախապես համաձայնությամբ Ի.Բ.Մոգիլևսկիի և քննությամբ չպարզված անձի հետ, կատարել է ավազակային հարձակում Ս.Ս.Կրուգլովայի և Ե.Յու.Տոլստիխի նկատմամբ՝ հետևյալ հանգամանքներում։

Այսպես` Ա.Ս.Ղազարյանը, հանդիսանալով Ս.Ս.Կրուգլովայի և Ե.Յու.Տոլստիխի ծանոթը, տեղյակ լինելով նրանց տնային տնտեսության վաճառքի մասին, որը գտնվում է ք.Դոնի Ռոստով Արտեկովսկի նրբ. 6, և ստացված գումարի մասին, գործելով համաձայն նախնական համաձայնության, Ի.Բ.Մոգիլևսկու և քննությամբ չպարզված անձի հետ, քննությամբ չպարզված ժամին և տեղում, չպարզված հանգամանքներում, ելնելով շահադիտական նպատակներից, պայմանավորվել են Յու.Պ.Կրուգլովի վրա ավազակային հարձակում գործելու մասին՝ նրան պատկանող տնային տնտեսության վաճառքից ստացած դրամական միջոցները հափշտակելու համար։

Համաձայն մշակված պլանի և բաշխված դերերի՝ Ի.Բ.Մոգիլևսկին խաբեությամբ պետք է դուրս բերեր Ս.Ս.Կրուգլովային և Ե.Յու Տոլստիխին իրենց ք.Դոնի Ռոստով Պորտովայա փող. 150Ա շենք 7 բնակարանից, որից հետո տաներ նրանց նախապես Ա.Ս.Ղազարյանի կողմից նախապատրաստված ք.Դոնի Ռոստով Կորոլյովի փող. 2 175 բնակարան, որտեղ Ա.Ս.Ղազարյանը, Ի.Բ.Մոգիլևսկին և քննությամբ չպարզված անձը, բռնություն գործադրելով և նրանց պահելով բնակարանում, պետք է պարզեին տուժողների դրամական միջոցների գտնվելու վայրը։ Այնուհետև, համաձայն բաշխված դերերի՝ Ա.Ս.Ղազարյանը և Ի.Բ.Մոգիլևսկին, վերջինիս ավտոմեքենայով պետք է գնային Ե.Յու.Տոլստիխի և Ս.Ս.Կրուգլովայի դրամական միջոցների պահման վայրը այն հափշտակելու նպատակով, իսկ քննությամբ չպարզված անձը պետք է պահեր Ե.Յու.Տոլստիխին և Ս.Ս.Կրուգլովային բնակարանում, մինչև Ի.Բ.Մոգիլևսկու և Ա.Ս.Ղազարյանի վերադարձը։

Նշված հանցագործության իրականացման նպատակով, 08.05.2000թ. ժամը 10։30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Ի.Բ.Մոգիլևսկին ուրիշի գույքին տիրանալու միտում ունենալով, գնացել է ք.Դոնի Ռոստով Պորտովայա փող. 150 ա թիվ 7 բնակարան, որտեղ բնակվել են Ե.Յու.Տոլստիխը, Ս.Ս.Կրուգլովան, Յու.Պ.Կրուգլովը, Ա.Պ.Կրուգլովան, Ե.Ի. Պտուխան, Մ.Ս.Տոլստիխը և Ա.Ս.Տոլստիխը, որտեղ խաբեությամբ, ձեռք բերելով Ս.Ս.Կրուգլովայի և Ե.Յու.Տոլստիխի վստահությունը, հայտնել է նրանց, որ ինքը հանդիսանում է Դոնի Ռոստով քաղաքի ադմինիստրատիվ աշխատակից և այն կապակցությամբ, որ Ս.Ս.Կրուգլովան հանդիսանում է Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից, նրան պետությունից հասնում է դրամական վճար, իսկ իր հետ բնակվող երեխաներին` անվճար կրկեսի տոմսեր։ Դրանից հետո Մոգիլևսկին Տոլստիխին է հանձնել կրկեսի տոմսերը, իսկ Ս.Կրուգլովային և Ե.Տոլստիխին ասել է, որ 09.05.2000թ. իրենց անհրաժեշտ կլինի նրանց հետ գնալ Ա.Պ.Կրուգլովային հասանելիք գումարը ստանալու։ 09.05.2000թ. ժամը 14-ի սահմաններում Ի.Բ.Մոգիլևսկին, շարունակելով իրականացնել իր հանցավոր մտադրությունը ուղղված դրամական միջոցներին տիրանալուն, եկել է Ե.Յու.Տոլստիխի վերոնշյալ բնակության վայր։ Գտնվելով նշված բնակարանում` Մոգիլևսկին համոզել է Ս.Ս.Կրուգլովային գնալ իրենց հետ, իբր դրամական միջոցներ ստանալու, իսկ Ե.Յու.Տոլստիխի երեխաներին` կրկես։

Այնուհետև Մոգիլևսկին, կանգնեցնելով տաքսի, մանկահասակ Ա.Ս.Տոլստիխին տարել է կրկես՝ հետևյալ հասցե` ք.Դոնի Ռոստով Բուդենովսկի պող. 45, իսկ Ս.Ս.Կրուգլովային Ե.Յու.Տոլստիխի ուղեկցությամբ, խաբեությամբ նախապես պատրաստված ք.Դոնի Ռոստով Կորոլյովի փող. 2 շենք բնակարան 175, որտեղ նրան սպասել են Ա.Ս.Ղազարյանը և քննությամբ չպարզված անձը։ Գտնվելով այդ բնակարանում` Ա.Ս.Ղազարյանը, Ի.Բ.Մոգիլևսկին և քննությամբ չպարզված անձը, գործելով համատեղ և համաձայնեցված, նախապես բաշխված դերերի հաշվարկով, գույքին տիրանալու նպատակով, սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածել Ս.Ս.Կրուգլովայի և Ե.Յու.Տոլստիխի մարմնի տարբեր մասերին` պահանջելով հայտնել տնային տնտեսության վաճառքից ստացված գումարի գտնվելու տեղը` այդպիսով ընկճելով վերջիններիս դիմադրելու կամքը, որի արդյունքում Ե.Յու.Տոլստիխը կորցրել է գիտակցությունը, ապա գիտակցության գալով և բռնությանը չդիմանալով` ստիպված ասել է, որտեղ է Պորտովայա փող. 150 ա թիվ 7 բնակարանում պահվում իրենց կողմից պահանջվող գումարը։ Այնուհետև հանցագործություն կատարող անձիք նրանց բերանները ստիպողաբար լցրել են ալկոհոլ և պահանջել կուլ տալ ինչ-որ դեղահաբեր, որպեսզի ընկճեն նրանց կամքը։ Ա.Ղազարյանի, Մոգիլևսկու և չպարզված անձի բռնությունից Ս.Ս.Կրուգլովային հասցվել են հետևյալ մարմնական վնասվածքներ` փակ գանգուղեղային և երեսային վնասվածք. փափուկ հյուսվածքների վնասվածքային այտուց և գանգի թաղի փափուկ հյուսվածքների առատ արնազեղում, երկու ուղեղի կիսագնդերի փափկենու արնազեղումներ, ուղեղի հյուսվածքի բազմաթիվ մանրաօջախային արնազեղումներ (հյուսվածաբանորեն), դեմքի փափուկ հյուսվածքների վնասվածքային այտուց, դեմքի բազմաթիվ կապտուկներ և վնասվածքներ, աջ կողմից վերին և ստորին ձախ կոպերի ճմլված վերքեր, վերին շուրթի լորձաթաղանթի ճմլված վերք, փափուկ հյուսվածքների շերտազատումով, քթի ոսկրերի կոտրվածք, վերին և ստորին ծնոտների մեկ ատամների ամպուտացիա, արյան ասպիրացիա (արյան առկայություն շնչուղիներում և բազում ալվեոլներում)։ Կրծքի փակ բութ վնասվածք. 10 և 11 կողերի պրոյեկցիայում աջից և ձախից կրծքի հետին-կողային մակերեսներին կապտուկներ 9 և 10 կողերի կոնտակտային մասնակի կոտրվածք աջից հետին անոթային գծով և ձախից 10-րդ կողի առաջային անուդաին գծով։ Պարանոցի ձախ մակերեսի կապտուկ, պարանոցի տվյալ շրջանի փափուկ հյուսվածքների արնազեղում, վերին վերջույթների բազմաթիվ կապտուկներ, ծնկան հոդերի առաջային մակերեսների վնասվածք, միջթիակային շրջանի և ձախ թիակի գագաթի կապտուկ, սրտի իշեմիկ հիվանդություն, ներքին օրգանների դիստրոֆիկ փոփոխություններ, Ե.Յու.Տոլստիխին հասցվել են մարմնական վնասվածքներ` վնասվածք քթի ոսկրերի բեկորավոր լայնական փակ կոտրվածքի տեսքով, ճմլված վերքեր և կապտուկներ դեմքի շրջանում, աջ նախաբազկի շրջանում, աջ ծնկան հոդի շրջանում։ Նշված վնասվածքները պատճառվել են կարծր բութ մարմինների ազդեցությամբ, նշված ժամկետի վաղեմությամբ. 09.05.2000թ.։ Քթի ոսկրերի բեկորավոր երկայնաձիգ փակ կոտրվածքը, դեմքի շրջանի ճմլված վերքերը հասցրել են առողջության թեթև քայքայում, որը բերել է կարճատև առողջության քայքայում (երեք շաբաթից ոչ ավելին)։ Վնասվածքները և կապտուկները չեն դիտարկվում որպես առողջության վնաս։

Ի.Բ.Մոգիլևսկին և Ա.Ս.Ղազարյանը, պարզելով դրամական միջոցների պահման վայրը, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը՝ ուղղված նշված դրամական միջոցներին տիրանալուն, համաձայն բաշխված դերերի` Ի.Բ.Մոգիլևսկուն պատկանող «ԲՄՎ-316» մակնիշի H 204 BO 61 պետհամարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Ե.Յու.Տոլստիխի կողմից նշված ք.Դոնի Ռոստով, Պորտովայա փող. 150 ա, թիվ 7 բնակարան։ Հասնելով տեղ, Ի.Բ.Մոգիլևսկին մնացել է ավտոմեքենայում, իսկ Ա.Ս.Ղազարյանը, շարունակելով իր հանցավոր մտադրությունն ուղղված դրամական միջոցների տիրանալուն, ուղևորվել է բնակարան։ Օգտվելով նրանից, որ նախկինում Յու.Պ.Կրուգլովը նրան ճանաչել է և նրա առջև դուռը բացել, Ա.Ս.Ղազարյանը մտել է բնակարան, որտեղ շարունակելով իրականացնել իր հանցավոր մտադրությունը՝ ուղղված Ս.Ս.Կրուգլովայի դրամական միջոցներին տիրանալուն, սկսել է այդ պահին բնակարանում գտնվող Ս.Ս.Կրուգլովայի և Ե.Յու.Տոլստիխի ծեր բարեկամներին` Յու.Պ.Կրուգլովի, Ա.Պ.Կրուգլովայի և Ե.Ի.Պտուխայի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնել, որից հետո Ա.Ղազարյանը բացահայտ հափշտակել է բնակարանում գտնվող 6900 ԱՄՆ դոլար (10.05.2000թ. ՌԴ Կենտրոնական բանկի կուրսով 1 ԱՄՆ դոլարը 28 ռուբլի 36 կոպեկ, ընդհանուր 195.684 ռուբլի) դրամական միջոցները։ Հափշտակված դրամական միջոցներով Ա.Ս.Ղազարյանը վերադարձել է ավտոմեքենայի մեջ իրեն սպասող Ի.Բ.Մոգիլևսկու մոտ, որտեղ վերջինիս փոխանցել է հափշտակված գումարի մի մասը` 2.500 ԱՄՆ դոլար (10.05.2000թ. ՌԴ Կենտրոնական բանկի կուրսով 1 ԱՄՆ դոլարը 28 ռուբլի 36 կոպեկ, ընդհանուր 70.900 ռուբլի)։ Հափշտակված դրամական միջոցներով Ա.Ս.Ղազարյանը և Ի.Բ.Մոգիլևսկին վերադարձել են Կորոլյովի փող. 2 տուն 175 բնակարան, որտեղ հայտնաբերելով, որ Ս.Ս.Կրուգլովան մահացել է, Ա.Ս.Ղազարյանը, Ի.Բ.Մոգիլևսկին և քննությամբ չպարզված անձը նրա մարմինը փաթաթել են փալասի մեջ և թողել բնակարանում, իսկ Ե.Յու.Տոլստիխին Ի.Բ.Մոգիլևսկին բռնի դուրս է հանել բնակարանից, իր մեքենայով նրան տարել Դոնի Ռոստով, Մալինովսկու փող., որտեղ «Ֆորտունա» ավտոշուկայի տարածքում բաց են թողել։

(...)

Ա.Ս.Ղազարյանի, Ի.Բ.Մոգիլևսկու և քննությամբ չպարզված անձի գործողություններից 09.05.2000թ. ժամը 15-ից մինչև 10.05.2000թ. ժամը 10-ը հասել է Ս.Ս.Կրուգլովայի մահը (...)։

Այսինքն, Արմեն Սասունիկի Ղազարյանը ՌԴ տարածքում կատարել է հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով»2:

 

IV. Ստորադաս դատարանների դատական ակտերը.

10. Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում հետազոտվել են տուժողներ Ելենա Յուրիի Տոլստիխի, Յուրի Պյոտրի Կրուգլովի, Անտոնինա Պյոտրի Կրուգլովայի և Ելիզավետա Իվանի Պտուխայի նախաքննական ցուցմունքները, վկա, դատապարտյալ Իգոր Բորիսի Մոգիլևսկու նախաքննական ցուցմունքը, վկաներ Մարիա Սերգեյի Տոլստիխի, Գրիգորի Միհրանի Մաթոսյանի, Նադեժդա Նիկոլայի Կուզմենկոյի, Անտոն Եվգենիի Անաշկինի, Կարինե Միհրանի Ղազարյանի, Էլեանորա Յուրիի Դեմիդովայի, Ալեքսանդր Պավելի Տյուխտյունովի, Տատյանա Անատոլիի Շալայկինայի նախաքննական ցուցմունքները, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ՄԲԱՁ «ՇԲՕՔՀ»-ի գլխավոր բժիշկ Բ.Լիտվինովի 30.12.2013թ. թիվ 01-2318/18 գրությունը, ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ ոստիկանության պետ Դ.Տանեևի 23.01.2014թ. թիվ 2/194 գրությունը, ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ ոստիկանության պետի տեղակալ Ե.Մուրավյովի 10.01.2014թ. թիվ 5/41 գրությունը, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 246 եզրակացությունը, դատաբժշկական փորձաքննության թիվ 3646, թիվ 3788 և թիվ 3789 եզրակացությունները, Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատարանի 22.06.2011թ. դատավճիռը, փորձագետ Անդրեյ Վիկտորի Լիսենկոյի հարցաքննության 11.03.2011թ. արձանագրությունը, լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 08.06.2000թ., 09.06.2000թ., 13.01.2011թ., 11.02.2011թ., 29.04.2011թ., 07.03.2011թ. արձանագրությունները, անձին ճանաչման ներկայացնելու մասին 18.01.2011թ. արձանագրությունը, դեպքի վայրի զննության մասին 10.05.2000թ. և 15.05.2000թ. արձանագրությունները, իրեղեն ապացույցները զննելու մասին 15.05.2000թ. և առարկաները զննելու մասին 27.12.2010թ. արձանագրությունները3։

11. Առաջին ատյանի դատարանը, Արմեն Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչելով անմեղ և արդարացնելով` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորություններն սպառված լինելու հիմքով, իր այս եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «() Սույն գործով ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա.

- շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խաբեության միջոցով գաղտնի առևանգել է տուժողներ Ս.Կրուգլովային և Ե.Տոլստիխին,

- մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տուժող Յու.Կրուգլովի գույքը հափշտակելու նպատակով կատարել է ավազակային հարձակում՝ տուժող Ս.Կրուգլովայի առողջությանը ծանր վնաս պատճառելով,

- դիտավորությամբ տուժող Ս.Կրուգլովայի առողջությանը պատճառել է ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը։

Նախաքննության մարմինը նշված հանցանքներն ամբաստանյալի կողմից կատարված լինելը համարել է ապացուցված վերը շարադրված ցուցմունքներով, գրավոր և իրեղեն ապացույցներով։

Դատաքննությամբ պարզվեց, որ նախաքննության ընթացքում չի ապահովվել Ամբաստանյալի կոնֆրոնտացիայի (հակընդդեմ հարցման) իրավունքը, և նա հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված տուժողներին և վկաներին։ Չնայած դրան՝ նրա վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Դատաքննության ընթացքում թեև դատարանի կողմից միջազգային իրավական օգնություն ստանալու նկատառումով ձեռնարկվել են Մինսկի կոնվենցիայով նախատեսված միջոցառումներ՝ Ամբաստանյալի մեղքը, ըստ մեղադրական եզրակացության՝ հիմնավորող ցուցմունք տված անձանց՝ տուժողներին ու վկաներին, դատարան հրավիրելու և հարցաքննելու միջոցով Ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքն իրացնելու և ապահովելու համար, սակայն ապարդյուն։

(...)

Դատարանը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք տուժողների և վկաների՝ դատաքննությանը չներկայանալու համար առկա են հիմնավոր պատճառներ, արձանագրում է, որ թեև դատարանի կողմից իրականացված համառ և հետևողական միջոցառումների արդյունքում տուժող Ելենա Տոլստիխն ու վկաների մի մասը պատշաճ ծանուցվել են դատարան ներկայանալու իրենց պարտականության, դատական նիստերի տեղի և ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել նիստերին՝ չտեղեկացնելով չներկայանալու պատճառների մասին։ Այսինքն՝ առկա չեն նրանց դատաքննությանը չներկայանալու համար հիմնավոր պատճառներ։

Պարզվել է, որ տուժողներ Անտոնինա Կրուգլովայից և Ելիզավետա Պտուխայից բացի մահացել է նաև տուժող Յուրի Կրուգլովը, տուժող Ե.Տոլստիխը, վկաներ Գրիգորի Մաթոսյանը, Անտոն Անաշկինը, Տատյանա Շալայկինան, Մարիա Տոլստիխը և Էլեոնորա Դեմիդովան Դատարանի խնդրանքով ՌԴ համապատասխան մարմինների միջոցով պատշաճ ծանուցվել են դատական նիստերի օրվա ու տեղի մասին, սակայն չեն ներկայացել, իսկ դատապարտյալ Ի.Մոգիլևսկու և մյուս վկաների գտնվելու վայրերը հնարավոր չի եղել պարզել։

Դատարանի կողմից գործադրվել են ողջամիտ ջանքեր և փորձ է արվել նաև տուժող Ե.Տոլստիխին ու վկաներին «Սկայպ» հեռակապի միջոցով հարցաքննելու և այդ կերպ Ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու համար, սակայն Դատարանի կամքից անկախ հանգամանքով արդյունք չի ստացվել։

Դատաքննությամբ հրապարակվել են տուժողների և վկաների նախաքննական ցուցմունքները։

(...)

Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ պատշաճ ծանուցված, սակայն դատական նիստերին չներկայացած տուժողն ու վկաները, ունենալով ցուցմունքներ տալու համար դատարանի կանչով ներկայանալու պարտականություն, փաստորեն օգտվել են բերման ենթարկվելու կոնվենցիոն արգելքից, ինչի արդյունքում Դատարանի համոզմամբ խախտվել է Ամբաստանյալի հակընդդեմ հարցման կոնվենցիոն իրավունքը։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքներն ու դիրքորոշումները՝ Դատարանը գտնում է, որ բացառությամբ տուժողներ Անտոնինա Կրուգլովայի, Ելիզավետա Պտուխայի և Յուրի Կրուգլովի առողջությանը վնասներ պատճառելով ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6,900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագի, անհիմն կերպով սահմանափակվել է Ամբաստանյալի՝ տուժողին և վկաներին հարցաքննելու իրավունքը, հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, ինչը նշանակում է, որ տուժող Ելենա Տոլստիխի և վկաների նախաքննական ցուցմունքները չեն կարող համարվել Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը՝ բացառությամբ վերը նշված դրվագի, հիմնավորող թույլատրելի ապացույցներ, այլ կերպ՝ Դատարանը, նկատի ունենալով, որ տուժողի և վկաների բացակայությունը Դատարանի գնահատմամբ արդարացված չէ, Հայաստանում նրանց չգտնվելն ինքնին բավարար հիմք չէ դատաքննությունից նրանց բացակայության փաստը հիմնավորելու համար, գտնում է, որ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված տուժողի ու վկաների ցուցմունքները մեղադրական դատավճռի հիմքում դնելը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խախտման։

Դատարանը, պատասխանելով այն հարցին, թե վերը նշված խախտումը բացառելու դեպքում հավաքված ապացույցները որակական կողմից ապահովել են արդյոք սույն գործով ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը, և արդյոք առկա են եղել բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` միջոցներ, որոնք թույլ են տվել արդարացի և պատշաճ կերպով գնահատել քննությունից բացակայող տուժողի և վկաների տված ցուցմունքների հավաստիությունը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների վերլուծությամբ հանգում է եզրակացության, որ առկա չէ նաև ապացույցների բավարար համակցություն (բացառությամբ վերը նշված դրվագի), որով կարող է հաստատվել, որ Ամբաստանյալը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է իրեն մեղսագրված հանցագործությունները։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալները, ելնելով սույն գործի փաստական տվյալներից և դատաքննությամբ հետազոտված ապացույցներից՝ Դատարանը հանգում է եզրակացության, որ նախաքննության մարմինը, բացառությամբ 6900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի՝ նաև ապացուցման առարկայի վերաբերյալ ձեռք չբերելով գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, իսկ Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները չմեկնաբանելով հօգուտ նրա, այնուամենայնիվ նրան մեղադրանք է առաջադրել՝ մանրամասնորեն և հստակ չնշելով նրան վերագրվող արարքների քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի ու դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը և Ամբաստանյալի կատարած գործողությունների բովանդակությունն ու ծավալը։

Դատարանը, համադրելով ու համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցներն ու գործի փաստական տվյալները, զերծ մնալով ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից, հաշվի առնելով վերը նշված հիմնավորումներն ու վերլուծությունը, գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում ձևավորված ներքին համոզմամբ գտնում է, որ նախաքննությամբ չի ապացուցվել, իսկ դատաքննությամբ չհաստատվեց Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (բացառությամբ 6,900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի)։

Այսինքն, Դատարանն ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով նույնպես հաստատված չի համարում, որ Ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրված հանցագործությունները (բացառությամբ 6,900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի)։

Դատարանն արձանագրում է, որ փաստորեն, նախաքննական մարմինը թույլ է տվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով երաշխավորված` անձի մեղավորության մասին հետևությունը ենթադրությունների վրա չհիմնելու, ինչպես նաև բոլոր չփարատված կասկածները հօգուտ նրա մեկնաբանելու սկզբունքների խախտում։

Ինչ վերաբերում է դատապարտյալ Ի.Մոգիլևոսկու ցուցմունքներին, ապա Դատարանն արժանահավատ չի համարում դրանք՝ չբացառելով, որ նա նույն գործով ձերբակալվելով ավելի վաղ, քան Ամբաստանյալը, փորձել է, օգտվելով այդ հանգամանքից, խուսափել պատասխանատվությունից՝ հիմնական մեղքը բարդելով Ամբաստանյալի վրա։

Դատարանը նաև արձանագրում է, որ թեև մեղադրական եզրակացության համաձայն՝ Ամբաստանյալի և դատապարտյալ Ի.Մոգիլևսկու հետ միասին հանցագործությունների կատարմանը մասնակցել է նաև մեկ այլ, գործով չպարզված անձ, կատարված հանցագործությունները նախաքննության մարմինը համարել է բացահայտված՝ առանց վերջինիս գործողությունների ծավալը նշելու, ինչը ողջամիտ մտավախության առիթ է տալիս՝ նկատի ունենալով, որ նշված անձին հայտնաբերելու և քննչական համապատասխան գործողությունների կատարմամբ նախաքննությունը շարունակելու դեպքում հանցագործությունների կատարման այլ իրական հանգամանքներ կարող են ի հայտ գալ։

Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ սույն գործով թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, ինչն օբյեկտիվորեն հնարավոր չեղավ վերացնել դատաքննությամբ, և ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն, որով հնարավոր կլինի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով հաստատված համարել, որ Ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրված հանցագործությունները (բացառությամբ 6900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի) ու սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։

Այսինքն, առկա է ապացույցների անբավարարության հետ կապված երկու հիմք, որոնք ինչպես առանձին վերցված այնպես էլ միասին հնարավորություն են ընձեռնում Դատարանին հռչակելու Ամբաստանյալի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում (բացառությամբ 6900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի) և այդ մասերով կայացնելու արդարացման դատավճիռ` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորություններն սպառված լինելու պատճառաբանությամբ։

(...)

Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում (բացառությամբ 6900 ԱՄՆ դոլարն ավազակությամբ հափշտակելու դրվագի) Ամբաստանյալը պետք է ճանաչվի անմեղ և արդարացվի։ (...)»:4

12. Առաջին ատյանի դատարանը, Ա.Ղազարյանին մեղավոր ճանաչելով 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հաստատված է համարել հետևյալը. «(…) Դատաքննությամբ պարզվեց, որ Ամբաստանյալը դատապարտյալ Ի.Մոգիլևսկու և գործով չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ ավազակային հարձակմամբ, տուժողներ Ա.Կրուգլովայի և Ե.Պտուխայի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Պորտովայա փողոցի 150 ա շենքի հ. 7 բնակարանից հափշտակել է 3,666,177 ՀՀ դրամին համարժեք 6,900 ԱՄՆ դոլար։

Այսպես.

Ամբաստանյալը, վկա Տ.Շալայկինայից տեղեկանալով, որ Յու.Կրուգլովը 7000 ԱՄՆ դոլարով վաճառել է իր՝ Դոնի Ռոստով քաղաքի Արտեկովսկի փողոցի հ. 6 տունը, Տ.Շալայկինայից պարզել է, թե որտեղ է բնակվում Յու.Կրուգլովը, և նշված գումարն ավազակությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել դատապարտյալ Ի.Մոգիլևսկու և գործով չպարզված անձի հետ։ Դրանից հետո՝ 09.05.2000թ-ին, Ամբաստանյալը Ի.Մոգիլևսկու հետ՝ վերջինիս պատկանող «ԲՄՎ-316» մակնիշի H 204 BO 61 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով գնացել են Դոնի Ռոստով քաղաքի Պորտովայա փողոցի 150 ա շենքի մոտ, որտեղ Ի.Մոգիլևսկին մնացել է ավտոմեքենայում, իսկ Ամբաստանյալը գնացել է հ. 7 բնակարան, որի բնակիչ, տուժող Յու.Կրուգլովը ճանաչելով նրան՝ բացել է բնակարանի մուտքի դուռը և Ամբաստանյալը մտել է բնակարան, որտեղ հարվածներ է հասցրել բնակարանում գտնվող տուժողների՝ Յու.Կրուգլովի, Ա.Կրուգլովայի և Ե.Պտուխայի մարմնի տարբեր մասերին՝ վերջին երկուսի առողջությանը պատճառելով թեթև վնաս։ Դրանից հետո Ամբաստանյալը հափշտակել է բնակարանում գտնվող, 3,666,177 ՀՀ դրամին համարժեք 6,900 ԱՄՆ դոլարը, հեռացել է բնակարանից, վերադարձել ավտոմեքենայի մեջ իրեն սպասող Ի.Մոգիլևսկու մոտ և նրան է տվել հափշտակված գումարից 2.500 ԱՄՆ դոլարը: (...)»5։

12.1. Առաջին ատյանի դատարանը վերոգրյալի մասով կատարել է հետևյալ վերլուծությունը. «(…) Սույն գործով Դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. ապացուցվա՞ծ է արդյոք դատապարտյալ Ի.Մոգիլևսկու և գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ տուժողներ Անտոնինա Կրուգլովայի ու Ելիզավետա Պտուխայի առողջությանը թեթև վնասներ, իսկ տուժող Յուրի Կրուգլովի առողջությանը չքայքայող վնաս պատճառելով ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագով Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցներն ու գործի նյութերն իրենց համակցությամբ (...) Դատարանը հաստատված է համարում, որ Ամբաստանյալը կատարել է նշված հանցագործությունը, այսինքն՝ կատարել է հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Դատարանի նման հետևությունը հիմնավորվում է ինչպես տուժողներ Անտոնինա Կրուգլովայի, Ելիզավետա Պտուխայի և Յուրի Կրուգլովի դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքներով, այնպես էլ նշված դրվագի վերաբերյալ վերը շարադրված մյուս ապացույցներով։

Ինչ վերաբերում է տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի ցուցմունքները որպես «միակ ու վճռորոշ ապացույց» և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում դիտարկելու հարցին, ապա դատարանն իրավական դիրքորոշում է հայտնում այն մասին, որ քննարկվող դեպքում մահվան հիմքով քննությունից տուժողների բացակայությունը չի կարող գնահատվել, որպես Ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքի, այսինքն՝ Կոնվենցիայի վերը նշված հոդվածի կետերի և ենթակետի խախտում՝ նկատի ունենալով, որ նրանցից Ա.Կրուգլովան ու Ե.Պտուխան մահացել են դեռևս քննությունից և պատասխանատվությունից Ամբաստանյալի խուսափելու ժամանակահատվածում, իսկ Յու.Կրուգլովը՝ քրեական գործի դատաքննության ընթացքում։ Նշվածը նշանակում է, որ Ամբաստանյալը գործնականում հնարավորություն է ունեցել հակընդդեմ հարցման ենթարկելու նրանցից առնվազն երկուսին, սակայն նախապատվությունը տվել է պատասխանատվությունից թաքնվելուն՝ ինքն իրեն զրկելով իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու կոնվենցիոն իրավունքից։

Դատարանը գտնում է, որ տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի ցուցմունքները հաստատվում են նաև վերը նշված մի շարք այլ ապացույցներով։

Դատարանը նաև հարկ է համարում պարզաբանել, որ ելնելով հանցագործության կատարման պահին հանցագործությունների համակցության իրավակարգավորումներից, Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում մեղավոր չճանաչելու, սակայն վերը նշված դրվագով նրա մեղքը հիմնավորված համարելու պայմաններում նրան առաջադրված մեղադրանքից պետք է առանձնացվի վերը նշված դրվագն ու որակվի առանձին։ Ընդ որում, Ամբաստանյալը պետք է մեղավոր ճանաչվի արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով, սակայն նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակվի արարքը կատարելու, սակայն մինչև դատապարտվելը գոյություն ունեցած առավել մեղմ պատժաչափերով սանկցիայի շրջանակներում։

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Ամբաստանյալը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել գույք, այլ կերպ՝ հանցավոր ճանապարհով ձեռք է բերել օգուտ, Դատարանը գտնում է, որ նա պետք է դատապարտվի ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ (...)»6:

13. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում (ամբողջ ծավալով) արդարացրել է՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով՝ արձանագրելով հետևյալը. «(…) Սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն որոշման 13-րդ կետում արձանագրված փաստական հանգամանքներն ու Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտած ապացույցները (...), այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի, ձևավորման ընթացքի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համատեքստում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատված կասկածները մեկնաբանելով նրա օգտին՝ Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ սույն գործով ձեռք չի բերվել փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք կտար բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը` անվերապահ հետևության հանգելու առ այն, որ ամբաստանյալ Ա.Ղազարյանը մեղավորությամբ կատարել է իրեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով մեղսագրված արարքները (...)։ Ուստի ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով` Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, և այդ մասով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։

Դրա հետ մեկտեղ սակայն, ամբաստանյալ Ա.Ղազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի` 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ գործող 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ (ըստ բողոքարկված դատական ակտում տեղ գտած ձևակերպման՝ տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի առողջությանը վնասներ պատճառելով ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6.900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագով), և նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ` Առաջին ատյանի դատարանը ոչ միայն հակասել է ինքն իրեն, այլև թույլ է տվել կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի խախտում։

(...)

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դրանցով ամրագրված է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը:

Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերին էության մեջ համապատասխանող նորմեր ամրագրված են նաև ՌԴ օրենսդրությամբ (տե՛ս, ի թիվս այլնի, ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ և 27-րդ հոդվածները)։

(...)

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատախազության քննիչ Ա.Պրոխաչովը 2000 թվականի մայիսի 29-ին որոշում է կայացրել Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (...):

Նույն օրը՝ 2000 թվականի մայիսի 29-ին, վերը նշված մեղադրանքի հիմքով Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետի` 2009 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումներով Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին սույն որոշման 5-րդ կետում նշված որոշումը, ինչպես նաև Ա.Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին 2000 թվականի մայիսի 29-ի որոշումներն անհիմն լինելու (Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ապացույցների բացակայության) հիմքով վերացվել են:

Ընդ որում, ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետի` 2009 թվականի հունիսի 30-ի վերոնշյալ որոշումները չեն վերացվել, սակայն ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Լիսենկոյի՝ 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Ա.Ղազարյանը նույն դեպքի առթիվ որպես մեղադրյալ է ներգրավվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով ու 111-րդ հոդվածի 4-րդ մասով, և 2011 թվականի մարտի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այնուհետև՝ 2011 թվականի հունիսի 3-ին, քննիչ Ա.Լիսենկոն որոշում է կայացրել Ա.Ղազարյանի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերով (մինչև 2003 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 162-ԴՕ օրենքով կատարված փոփոխությունը, այդ թվում նաև՝ 2000 թվականի մայիս ամսվա դրությամբ գործող խմբագրության համաձայն՝ ավազակությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին, որը ևս վերացված չէ։ Իսկ 2011 թվականի սեպտեմբերի 19-ին նույն քննիչը կայացրել է ևս մեկ որոշում՝ Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով (2003 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 162-ԴՕ օրենքով կատարված փոփոխությամբ գործող խմբագրության համաձայն՝ ավազակությունը, որը կատարվել է տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով), 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 111-րդ հոդվածի 4-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին (...):

ՌԴ նախաքննության մարմնի կողմից Ա.Ղազարյանին մեղսագրված արարքները ՀՀ նախաքննության մարմինը որակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Ա.Ղազարյանին առաջադրվել է համապատասխան մեղադրանք և հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր ամբաստանյալ Ա.Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ գործող 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ հենց միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ այդ մեղադրանքով արդեն իսկ առկա է եղել քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշում։

Ընդ որում, ինչպես հետևում է 2000 թվականի մայիսի 29-ին կայացված ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և 2011 թվականի փետրվարի 14-ին կայացված Ա.Ղազարյանին նաև ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների ուսումնասիրությունից, այդ փաստաթղթերում շարադրված և արարքների օբյեկտիվ կողմը բնութագրող փաստական հանգամանքները ըստ էության նույնական են և վերաբերում են նույն անձին (...)։

Հետևաբար այդ մասով Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նրա նկատմամբ առկա է եղել սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ նույնական մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով պարտադիր պայման է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունն արձանագրելու համար։ Ընդ որում՝ հարկ է նաև արձանագրել, որ Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշումը կայացվել է ապացույցների բացակայության (անբավարարության) հիմքով, որը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքի, հանդիսանում է քրեական հետապնդումը բացառող արդարացնող հիմք։ Հետևաբար Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով պետք է արդարացներ և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցներ՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով (...)»7:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունը, որ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ գործող 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով առկա է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշում։

15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:

ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 21-րդ հոդվածի համաձայն` «(…)

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում (…)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (…)

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում (…)»:

Վերոնշյալ դրույթների բովանդակությունից հետևում է, որ անձի նկատմամբ որոշակի մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշման առկայությունը բացառում է նույն անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործ հարուցելու կամ քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը։ Այլ խոսքով` քանի դեռ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու (քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշումը վերացված չէ, նույն անձը նույն մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող8։

ՀՀ Վճռաբեկ դատարանը Գևորգ Խնուսյանի գործով որոշման մեջ արձանագրել է. «[Կ]րկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարում: Ընդ որում, քրեադատավարական տեսանկյունից այն հիմնվում է քրեական հետապնդման սպառնալիքի ավարտված լինելու գաղափարի վրա: Այլ խոսքով՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է, որ բացակայում է հանցավոր արարքը, քանի որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները ծագել և վերջնականապես դադարել են, այսինքն` իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի (…)»9:

15.1. Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, եթե կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ առկա է նույն մեղադրանքով քրեական գործը կարճելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի չվերացված որոշում:

Վկայակոչված դրույթի բովանդակությունից հետևում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման պահանջը կապված է ոչ թե նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին չվերացված որոշման առկայության հետ, ինչը բնորոշ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, այլ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործը կարճելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին չվերացված որոշման առկայության հետ: Այլ կերպ ասած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելը, համաձայն ՌԴ դատավարական օրենսդրության, չի ենթադրում անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարեցում:

16. Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ քննիչ Ա.Պրոխաչովի՝ 2000 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արմեն Սասունիկի Ղազարյանը ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա» (կազմակերպված խմբի կողմից), «բ» (խոշոր չափերով), «վ» (տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով) կետերով ներգրավվել է որպես մեղադրյալ10:

2009 թվականի հունիսի 30-ին ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետը որոշում է կայացրել քննիչ Ա.Պրոխաչովի՝ նշված որոշումը վերացնելու մասին այն հիմնավորմամբ, որ այն կայացվել է վաղաժամ, առանց ձեռք բերված ապացույցների պատշաճ գնահատման։ Նշված որոշմամբ արձանագրվել է նաև, որ Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ չեն եղել, հետևաբար որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որպես ոչ հիմնավոր, ենթակա է վերացման11:

Այնուհետև քննիչ Ա.Լիսենկոյի՝ 2011 թվականի փետրվարի 14-ին որոշմամբ Ա.Ղազարյանը ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 4-րդ մասի «վ» (տուժողի առողջությանը ժանր վնաս պատճառելով) կետով, 126-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 4-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ12:

2011 թվականի հունիսի 3-ին քննիչ Ա.Լիսենկոն որոշում է կայացրել Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը մասնակի՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» (կազմակերպված խմբի կողմից) և «բ» (խոշոր չափերով) կետերով, հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու, և Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով (տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով), 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով, 111-րդ հոդվածի 4-րդ մասով շարունակելու մասին13:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-րդ և 15.1-ին կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով և վերլուծելով Ռուսաստանի Դաշնությունում կայացված դատավարական ակտերը, իր հետևությունները հիմնավորելիս հիմք է ընդունել և կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 21-րդ հոդվածներով նախատեսված դրույթները և դրանց կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ նախադեպային որոշումներով ամրագրված իրավական դիրքորոշումները: Մինչդեռ, ինչպես քննիչ Ա.Պրոխաչովի՝ Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ 2000 թվականի մայիսի 29-ի որոշումը վերացնելու մասին ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի Դոնի Ռոստով քաղաքի քննչական վարչության Վորոշիլովի շրջանի քննչական բաժնի պետի՝ 2009 թվականի հունիսի 30-ի որոշումը, այնպես էլ հետագայում Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչ Ա.Լիսենկոյի՝ 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը (որը հետագայում հիմք է հանդիսացել մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու համար) կայացվել են նախքան հիշյալ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելը, այսինքն՝ ՌԴ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված կանոնների կիրառելի լինելու ժամանակահատվածում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՌԴ որևէ իրավասու մարմին 2011 թվականի փետրվարի 14-ի դրությամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով առաջադրված մեղադրանքով քրեական գործը կարճելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացրած չի եղել, որն էլ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա կբացառեր Ա.Ղազարյանի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը:

17.1. Ինչ վերաբերում է Ա.Ղազարյանի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» (կազմակերպված խմբի կողմից) և «բ» (խոշոր չափերով) կետերով քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին Ա.Լիսենկոյի՝ 2011 թվականի հունիսի 3-ի որոշմանը, ապա այն ևս չի ենթադրում անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարեցում, քանի որ այդ որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով նախ արձանագրվել է, որ 2011 թվականի փետրվարի 14-ին Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով (տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով), ապա ընդգծվել է ՌԴ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը հետադարձ ուժ տալու անհրաժեշտությունը և արդյունքում որոշվել է Արմեն Սասունիկի Ղազարյանի նկատմամբ շարունակել քրեական հետապնդումը ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով (տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով), 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «ժ» կետերով և 111-րդ հոդվածի 4-րդ մասով:

17.2. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 21-րդ հոդվածների վկայակոչմանը, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում առկա չէ Ա.Ղազարյանի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու, այն է՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին չվերացված որոշում, որի պարագայում միայն, ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն, կարող է խոսք գնալ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության մասին։

17.3. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ 2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ գործող, ինչպես նաև ներկայում գործող ՌԴ քրեական դատավարության օրենսդրությամբ նման դատավարական որոշման կայացումը քրեական հետապնդման դադարեցում չի դիտարկվել և չի դիտարկվում, իսկ անձը, ով ներգրավվել է որպես մեղադրյալ և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվել է, չի համարվել և չի համարվում արդարացված: ՀՀ ներպետական օրենսդրության կիրառման պարագայում ևս հիմնավոր չի կարող համարվել այն հետևությունը, որ քննչական բաժնի պետի` 2009 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման վերացումը որևէ կերպ չի կարող նույնացվել և նույն իրավական հետևանքներն առաջացնել, ինչ անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի kam դատախազի չվերացված որոշումը:

18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ գործող 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով առկա է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշում, հիմնավոր չէ:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

20. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

(…)

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(…)

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, (…)»:

Այդ առումով ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «[Հ]ակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքի կենսագործման իրավաչափությունը և քրեական վարույթի արդարացիությունը գնահատելիս ևս կարևոր նշանակություն ունի հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի վարքագիծը։

Մասնավորապես, մի շարք դեպքերում անձի` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը կարող է սահմանափակվել նաև հանցագործության մեջ մեղադրվող անձի վարքագծի արդյունքում։ Օրինակ` վրա հասնող հետևանքների ծավալը գիտակցելով, արագացված դատաքննության կարգի կիրառման միջնորդություն ներկայացնելու իրավունքից օգտվելու դեպքում, երբ անձը բացահայտ հրաժարվում է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իր իրավունքից։

Միևնույն ժամանակ, գործնականում կարող են լինել իրավիճակներ, երբ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձն իր ոչ իրավաչափ վարքագծով նվազեցնի կամ նույնիսկ անհնարին դարձնի հակընդդեմ հարցման իրավունքի կենսագործման հնարավորությունը։ Այսպես, այն դեպքերում, երբ հանցագործության մեջ մեղադրվող անձն իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, սակայն տևական ժամանակ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և գտնվել հետախուզման մեջ, ապա այդ ժամանակահատվածում վկաները ողջամտորեն կարող են մահանալ կամ հեռանալ երկրից այնպիսի անհայտ հասցեով, որը հնարավոր չլինի պարզել և միջազգային իրավական օգնության շրջանակներում ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար են անվերապահ եզրահանգում անելու համար, որ անձը զրկվել է հակընդդեմ հարցման իր իրավունքից, սակայն գործի փաստական հանգամանքների համատեքստում դրանք կարող են ունենալ ծանրակշիռ նշանակություն վկայի նախաքննական ցուցմունքի օգտագործման նպատակով հակակշռող գործոնների առկայությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ վարույթի արդարացիությունը գնահատելիս։ Այդ համատեքստում էական կարող են լինել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ` անձի` իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին տեղեկացված լինելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածի տևողության, վարույթին պաշտպանի ներգրավվածության, անձի հայտնաբերման և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքների և գործի այլ փաստական տվյալների գնահատումը, որոնք կարող են վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը ողջամտորեն կանխատեսելով վրա հասնող հետևանքների բնույթը` իր ոչ իրավաչափ վարքագծով իրեն ենթադրաբար զրկել է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքների հաշվառմամբ հակընդդեմ հարցման իրավունքի սահմանափակման փաստը հաստատելիս դատարանները բոլոր դեպքերում պետք է փաստական տվյալների վկայակոչմամբ համոզիչ կերպով հիմնավորեն, որ դատաքննությանը չներկայացած վկայի նախաքննական ցուցմունքների օգտագործման պայմաններում ընդհանուր առմամբ չի խախտվում քրեական վարույթի արդարացիությունը»14:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ այն փաստը, որ ներպետական դատարանները չեն կարողացել պարզել տվյալ վկայի գտնվելու վայրը կամ այն փաստը, որ վկան բացակայել է այն երկրից, որտեղ իրականացվել է գործով վարույթը, ինքնին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջների տեսանկյունից բավարար չէ: Այդ պահանջների համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պետք է դրական քայլեր ձեռնարկեն՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության15: Այդ քայլերը Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա այն պարտավորությունների մաս են կազմում, որոնք ուղղված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունն ապահովելուն16:

21. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովի շրջանի դատախազության քննիչ Ա.Պրոխաչովը 2000 թվականի մայիսի 29-ին որոշում է կայացրել Ա.Ղազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի «ա», «բ», «վ» կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին17:

Նույն օրը՝ 2000 թվականի մայիսի 29-ին, վերը նշված մեղադրանքի հիմքով Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2000 թվականի հունիսի 10-ին քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալներ Ա.Ղազարյանի և Ի.Մոգիլևսկու գտնվելու վայրերը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

2009 թվականի մայիսի 20-ին Ա.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ՀՀ-ում ձերբակալվել է, իսկ այնուհետև կալանավորվել, ինչի մասին տեղեկացվել են ՌԴ իրավասու մարմինները։

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բացառությամբ տուժողներ Անտոնինա Կրուգլովայի, Ելիզավետա Պտուխայի և Յուրի Կրուգլովի առողջությանը վնաս պատճառելով ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6.900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագի, անհիմն կերպով սահմանափակվել է ամբաստանյալի՝ տուժողին և վկաներին հարցաքննելու իրավունքը, հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, ինչը նշանակում է, որ տուժող Ելենա Տոլստիխի և վկաների նախաքննական ցուցմունքները չեն կարող համարվել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը՝ բացառությամբ վերը նշված դրվագի, հիմնավորող թույլատրելի ապացույցներ18:

21.1. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ Ա.Ղազարյանի անմեղությունը ճանաչելու վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության։

Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն փաստարկներին, որ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված տուժողի ու վկաների ցուցմունքները մեղադրական դատավճռի հիմքում դնելը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խախտման, որոնք ըստ էության ընդունելի են համարվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Մասնավորապես, անդրադառնալով տուժող Ե.Տոլստիխի ու վկաներ Գ.Մաթոսյանի, Ա.Անաշկինի, Տ.Շալայկինայի, Մ.Տոլստիխի և Է.Դեմիդովայի ցուցմունքների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում «միակը կամ վճռորոշը» գնահատելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղազարյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքներում հաստատված համարելու համար մեղադրանքի կողմը առավելապես հիմնվել է վերոնշյալ ապացույցների վրա:

Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալի՝ ուղղակի և անուղղակի ապացույցների ամբողջության համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վճռորոշ ապացույցները, որոնք ուղղակիորեն վերաբերում են Ա.Ղազարյանի մասնակցությանը նրան վերագրված արարքների կատարմանը, բացառությամբ տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի առողջությանը վնասներ պատճառելով՝ ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6.900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագի, տուժող Ե.Տոլստիխի ու վկաներ Գ.Մաթոսյանի, Ա.Անաշկինի, Տ.Շալայկինայի, Մ.Տոլստիխի և Է.Դեմիդովայի նախաքննական ցուցմունքներն են, որոնց կապակցությամբ ամբաստանյալի կոնֆրոնտացիայի (հակընդդեմ հարցման) իրավունքը չի ապահովվել:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները ճիշտ են մեկնաբանել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու (կոնֆրոնտացիայի) իրավունքի պահանջները, ուստի ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի և դրանք անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետ մեկտեղ տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի առողջությանը վնաս պատճառելով ավազակային հարձակմամբ նրանց բնակարանից 6.900 ԱՄՆ դոլար հափշտակելու դրվագով ամբաստանյալ Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելով` Առաջին ատյանի դատարանը հակասել է ինքն իրեն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այդ առումով Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քննարկվող դեպքում մահվան հիմքով քննությունից տուժողների բացակայությունը չի կարող գնահատվել որպես ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքի խախտում՝ նկատի ունենալով, որ նրանցից Ա.Կրուգլովան ու Ե.Պտուխան մահացել են դեռևս քննությունից ամբաստանյալի խուսափելու ժամանակահատվածում, իսկ Յու.Կրուգլովը՝ քրեական գործի դատաքննության ընթացքում։ Ամբաստանյալը, գործնականում հնարավորություն ունենալով հակընդդեմ հարցման ենթարկելու նրանցից առնվազը երկուսին, սակայն թաքնվելով քննությունից՝ ինքն իրեն զրկել է իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու կոնվենցիոն իրավունքից։ Բացի այդ, համոզիչ է տուժողներ Ա.Կրուգլովայի, Ե.Պտուխայի և Յու.Կրուգլովի նախաքննական ցուցմունքները «միակը կամ վճռորոշը» չլինելու վերաբերյալ տրված գնահատականը, որը հիմնված է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում այդ դրվագով մեղադրանքի հիմքում դրված ապացույցներով19։ Առաջին ատյանի դատարանն այդ դրվագն առանձնացրել է Ա.Ղազարյանին առաջադրված մեղադրանքից և առանձին որակում տվել20։

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները. (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում21։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի համատեքստում22:

23.1. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով` ամբաստանյալ Ա.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

24. Սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել այնպիսի հանցանքի կատարման մեջ, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, և որով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է տասը տարի:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված արարքն ավարտվել է 2000 թվականի մայիսի 9-ին: Դրանից հետո Ա.Ղազարյանը թաքնվել է քննությունից և հայտնաբերվել է միայն 2009 թվականի մայիսի 20-ին:

Ընդ որում, ամբաստանյալ Արմեն Սասունիկի Ղազարյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԵԿԴ/0179/01/09 դատավճռով մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցանքների կատարման մեջ, որոնք նա կատարել է 2009 թվականի մայիսի 20-ին23:

25. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-րդ և 23.1-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղազարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու տասնամյա ժամկետը, կասեցված և ընդհատված լինելու հանգամանքով պայմանավորված, սկսել է հոսել 2009 թվականի մայիսի 20-ից և լրացել է 2019 թվականի մայիսի 20-ին, և ինչպես այդ օրվա դրությամբ, այնպես էլ մինչ օրս նրա նկատմամբ սույն գործով օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

25.1. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ դատարանում (վերջին դեպքում` վերաքննիչ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով24:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Արմեն Սասունիկի Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը մասնակիորեն՝ ամբաստանյալ Արմեն Սասունիկի Ղազարյանին 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու մասով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշումը մասնակիորեն՝ Արմեն Սասունիկի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում (ամբողջ ծավալով) արդարացնելու մասով, բեկանել և փոփոխել:

2. Ամբաստանյալ Արմեն Սասունիկի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 25-30։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 23, թերթեր 43-58։

4 Տե՛ս նույն տեղում։

5 Տե՛ս նույն տեղում։

6 Տե՛ս նույն տեղում։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 25, թերթեր 35-95։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Բաբայանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 15-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Խնուսյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 23-րդ կետը։

10 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 193-195։

11 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2, թերթեր 33-34։

12 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3, թերթեր 87-96։

13 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 57-60։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 19.1-ին կետը։

15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ, Lučić v. Croatia գործով 2014 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 5699/11, 79-րդ կետ։

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ։

17 Մանրամասն տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

18 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 12.1-րդ կետը։

21 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը։

22 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, mutatis mutandis տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը։

23 Տե՚ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Արմեն Սասունիկի Ղազարյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0179/01/09 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 27-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 10-ի որոշումը։

24 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: