Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.12.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Ա․ Դանիելյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

ԳԴ/0007/01/22

նախագահող դատավոր՝

 Ռ. բարսեղյան

դատավորներ՝

 Ն. Հովակիմյան

 Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

1 դեկտեմբերի 2023 թվականի

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի փետրվարի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 40100422 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 17-ի որոշմամբ Էդիկ Հակոբի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

2021 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 15-ի դատավճռով, ԷԳևորգյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ԷԳևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

3. Վերը նշված դատավճռի դեմ մեղադրող Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Նույն որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից, վիճարկվող դատական ակտերի կայացմամբ, թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործի ելքի վրա։

Մասնավորապես՝ բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ ԷԳևորգյանի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները ստորադաս դատարանների կողմից դիտվել են և՛ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համեմատաբար մեղմ պատիժ նշանակելու հիմնավորում, և՛ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող պատճառաբանություն: Այսինքն, դատական ակտերում հստակ տարանջատված չեն մեղմ պատիժ նշանակելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորումները, դրանք ըստ էության նույնացված են։

51 Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է ամբաստանյալի հանցավոր վարքագծի հետևանքը, որը դրսևորվել է տուժող Տիգրան Բոշյանին մահ պատճառելով։ Բացի այդ՝ ստորադաս դատարանների կողմից հաշվի չեն առնվել ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, դրա կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հանգեցրած՝ ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը։

52 Բողոքի հեղինակի պնդմամբ՝ գործի փաստական հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալն ավտոմեքենան վարել է՝ գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, մասնավորապես՝ չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ստեղծելով վթարային իրադրություն, որի արդյունքում տեղի է ունեցել մարդու մահով զուգորդված պատահար:

53 Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Էդիկ Գևորգյանը, մինչև վթարի պահը, գիտակցել է, որ խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, այն է՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավտոմեքենան վարել է առանց ճանապարհի բանուկ մասին նայելու, որպիսի գործողությունները կարող են վտանգավոր հետևանքներ առաջացնել։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ վերացնելով ԷԳևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և նշանակել նրա կատարած արարքի հանրային վտանգավորությանը համաչափ պատիժ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Էդիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2022 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի ավտոճանապարհի, «Ազատապադյոմ» կոչվող հատվածում վարելով «Մերսեդես C-180» մակնիշի 35 ZD 903 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ և 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Խաժակի Բոշյանը ստացված վնասվածքներից մահացել է»1։

8. Առաջին ատյանի դատարանը, դատավճիռ կայացնելիս անդրադառնալով ամբաստանյալ ԷԳևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «() Դատարանը որպես ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, առաջադրված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարած արարքի համար։

(…)

25.2. Դատարանը որպես ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ։

(…)

27.2. ԷԳևորգյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալը.

- ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված արարքը հասարակական անվտանգության դեմ ուղղված, միջին ծանրության անզգույշ հանցագործություն է,

- խախտման բնույթը, մասնավորապես այն, որ ԷԳևորգյանը խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման 2-րդ և 66-րդ կետերի պահանջները՝ իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է՝ չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ընթացքի ժամանակ շեղելով ուշադրությունը տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը,

- խախտման արդյունքում՝ մեկ անձ մահացել է,

- ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը, մասնավորապես այն, որ վերջինս չի կանխատեսել իր գործողության արդյունքում վնասակար հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք, հետևաբար խախտումը թույլ է տրվել անզգուշությամբ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածների իմաստով),

- հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի դրսևորած վերաբերմունքը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Է.Գևորգյանը դրսևորել է հանցավոր անփութություն, քանի որ չի գիտակցել, որ իր կողմից թույլ տված խախտման արդյունքում կարող են ծանր հետևանքներ առաջանալ, սակայն տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր գիտակցել,

- հանցանքի կատարումից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը մասնավորապես այն, որ ամբաստանյալը զղջում է կատարածի համար, այցելել է տուժողի ընտանիքին, տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ բողոք և պահանջ չունի,

- խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, սույն դատավճռի 25.1-րդ կետում նշված հանգամանքը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող, դատավճռի 261-րդ կետում նշված հանգամանքը,

- ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես նրա տարիքը, այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, վատառողջ է,

 Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում Էդիկ Գևորգյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում մեկ (1) տարի ժամկետով, ինչպես նաև վերջինիս նկատմամբ անհրաժեշտ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պարտադիր լրացուցիչ պատիժ` նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երկու տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավոր կլինի ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը

(…)

Մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում հաշվի առնելով սույն դատավճռի 25.1-րդ և 27.2-րդ կետերում հաստատված հանգամանքների համակցությունը՝ Դատարանի մոտ առկա է վստահություն և համոզվածություն առ այն, որ ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը hնարավոր է նաև առանց այն փաստացի կրելու` նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով (…)»2։

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը «(…) Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգոստոսի 01-ին ուժի մեջ մտած) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը քննարկելիս, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ենթարկելով ու օբյեկտիվ գնահատելով նաև մեղադրողի վերաքննիչ բողոքում մատնանշած հանգամանքները, այդ թվում՝ ամբաստանյալի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, այն է՝ ամբաստանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրական, ունի առողջական խնդիրներ, տուժողի իրավահաջորդը վերջինի դեմ բողոք և պահանջ չի ներկայացրել, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ ամբաստանյալի կողմից խոստովանական ցուցմունքներ տալը, իրեն մեղավոր ճանաչելը, զղջալը, և հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը` հանցագործությունն ալկոհոլի ազդեցություն տակ կատարած լինելը, արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որը կոնկրետ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող գնահատվել անարդարացի՝ ակնհայտ խիստ լինելու հիմքով։

 Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների և սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը։ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ՝ հետևաբար այս մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան։

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգոստոսի 01-ին ուժի մեջ մտած) 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով համապատասխան ժամկետով վարձաշրջան։

Անդրադառնալով վերաքննիչ բողոքում արված պատճառաբանությանն այն մասով, որ Դատարանը Էդիկ Գևորգյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ 2022 թվականի ապրիլի 15-ին դատավճիռ կայացնելիս, իրականում գնահատականի չի արժանացրել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, նրա մեղքի ձևին, որը դրսևորվել է հանցավոր ինքնավստահությամբ, այսինքն՝ Էդիկ Գևորգյանը գիտակցել է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ՝ նա գիտակցել է իր արարքի վտանգավորությունը, և, չնայած դրան` գիտակցաբար թույլ է տվել խախտում, դրանով իսկ ստեղծել է վթարային իրադրություն, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի վերոնշյալ գործողությունները ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատման են ենթարկվել, վերջինին իր ոչ իրավաչափ գործողությունների համար արդեն իսկ առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, ուստի ամբաստանյալի դրսևորած հակաիրավական վարքագիծը չի կարող պատիժը պայմանականորեն չկիրառելիս մեկնաբանվել ի վնաս վերջինի և առավել ևս հիմք հանդիսանալ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը բացառելու համար։

 Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները և հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը շարադրված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Էդիկ Գևորգյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի օգոստոսի 01-ին ուժի մեջ մտած) 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հասնել ՀՀ քրեակաև օրենսգրքի (2003 թվականի օգոստոսի 01-ին ուժի մեջ մտած) 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Է.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ (…):

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (…)»:

121Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը: Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,

գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել4։

Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումներն իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: Ուստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը5։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

 - ԷԳևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ և 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Բոշյանը ստացված վնասվածքներից մահացել է6,

- Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ ԷԳևորգյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին7,

- hամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ամբաստանյալ ԷԳևորգյանի երիտասարդ լինելը, դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը և անձը բնութագրող մյուս հանգամանքները, դեպքից հետո դրսևորած վարքագիծը, իրեն լիովին մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունքներ տալը և անկեղծորեն զղջալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, ինչպես նաև հանցագործությունն ալկոհոլի ազդեցություն տակ կատարած լինելը, իրենց համակցության մեջ բավարար են արձանագրելու, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ ԷԳևորգյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ և որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու8։

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-121-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԷԳևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս՝ ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման չենթարկելով սույն գործի փաստական տվյալները, մեղսագրված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները, հանգել են անհիմն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը:

 15Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ: Մասնավորապես, ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն, որ ամբաստանյալ Է.Գևորգյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ոչ սթափ վիճակում, ինչն առավել հավանական է դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև ամբաստանյալի կողմից թույլ տրված երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես` ամբաստանյալը չի ընտրել ավտոմոբիլի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի հիշյալ փաստական տվյալները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Է.Գևորգյանն իր գործողություններով առավել հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար մեղսագրվող արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարանները բավարար ուշադրության չեն արժանացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի չափը: Մասնավորապես այն, որ խախտման արդյունքում տուժողը զրկվել է կյանքից։

 16 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքների բովանդակային նման համադրումը պետք է կարևորվի, քանի որ քննարկվող հանգամանքները բարձրացնում են արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ մեղադրյալ Է.Գևորգյանը գիտակցել է իր կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստը՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նաև թույլ տրված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքի (տուժողին մահ պատճառելը) նկատմամբ Է.Գևորգյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ Ճիշտ է, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը պատճառված վնասն ինքնին չի կարող բացառել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկումը, սակայն տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ իրենց ամբողջության մեջ բավարար են եզրահանգելու, որ ամբաստանյալ Է.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով՝ հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը։

 17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են ամբաստանյալ ԷԳևորգյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը և դրա արդյունքում վրա հասած հանրային վտանգավոր հետևանքները։

Մինչդեռ, ամբաստանյալ ԷԳևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

18 Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԷԳևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն, թույլ է տրվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Ուստի անհրաժեշտ է ԷԳևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել ԷԳևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Էդիկ Հակոբի Գևորգյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշումը փոփոխել։ Էդիկ Հակոբի Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Էդիկ Հակոբի Գևորգյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով։

2Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

__________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 76:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 44-49:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 111-113:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը:

5 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Սերգո Մկրտումյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԱՎԴ4/0020/01/20 որոշումները:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան