ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1383-Ն
«ԵՐԵՐՈՒՅՔ», «ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ», «ԲԵՐԴԿՈՒՆՔ ԱՄՐՈՑ» ԵՎ «ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԵՐԵՐՈՒՅՔ», «ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ», «ԲԵՐԴԿՈՒՆՔ ԱՄՐՈՑ» ԵՎ «ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ու 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում գտնվող «Երերույք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային (4․40345 հա, ծածկագրեր 08-013-0009-0006 և 08-013-0009-0011 և 08-013-0009-0012), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Հին Խնձորեսկ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային (122,7979 հա վկայական N 25062020-09-0004), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում գտնվող «Բերդկունք ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային (0.97037 հա վկայական N 08122023-05-0167) և Նորատուս բնակավայրում գտնվող «Նորատուսի խաչքարեր» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային (1.6319 հա վկայական N 22052023-05-0072) արգելոցներ։
2. Սահմանել՝
1) «Երերույք» պատմամշակութային արգելոցի տարածքը` 4․40345 հեկտար.
2) «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 122,7979 հեկտար.
3) «Բերդկունք ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 0.97037 հեկտար.
4) «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 1․6319 հեկտար։
3. Սահմանել, որ «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղեր։
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սահմանված կարգով կնքել համապատասխանաբար 4․40345 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինության (ծածկագրեր 08-013-0009-0006, 08-013-0009-0011 և 08-013-0009-0012), 122.7979 հա մակերեսով հողամասի և ընդհանուր 256.14 քառ. մ մակերեսով շինության (վկայական N 25062020-09-0004), 1.6319 հա մակերեսով հողամասի և ընդհանուր 13.3 քառ. մ մակերեսով շինության (վկայական N 22052023-05-0072), 0.97037 հա մակերեսով հողամասի (վկայական N 08122023-05-0167)՝ անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագրեր` դրանցում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 31-րդ, 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով՝
«31. «Երերույք» պատմամշակութային արգելոց
32. «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոց
33. «Բերդկունք ամրոց» պատմամշակութային արգելոց
34. «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց»։
8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, 05-020-0008-0012 կադաստրային ծածկագրով 0.97037 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքի փոփոխությունը հատուկ պահպանվող տարածքների «պատմական և մշակութային» գործառնական նշանակությամբ հողի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|