Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս․ Գզոգյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/0089/15/23

նախագահող դատավոր՝

 Լ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

27 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Դավիթ Տիգրանի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով Դավիթ Տիգրանի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344–րդ հոդվածի 2–րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դ.Պողոսյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 10 (տասը) ամիս ժամկետ:

2. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Դ.Պողոսյանի նկատմամբ նշանակված՝ 300000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդությունը մերժվել է։

3Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշումը թողնելով անփոփոխ։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Շիրին Ջանգոյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում, տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից, պատժատեսակ չի համարվում, և այն պետք է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ մասնակի բարելավող օրենք։

6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերն ընդգծել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ ԴՊողոսյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին՝ 2022 թվականի հունվարի 10-ին, գործող կարգի համաձայն՝ անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում սահմանափակումներ նախատեսված չէին։

61 Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 21–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 2-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով ԴՊողոսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված 59–րդ հոդվածի 11 կետը հանդիսանում է Դավիթ Պողոսյանի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք, քանի որ դրանում սահմանված են նրա նկատմամբ պատժի փոփոխման ոչ նպաստավոր պայմաններ։ Այլ խոսքով՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 51–րդ հոդվածի իմաստով՝ Դ.Պողոսյանի նկատմամբ նշանակված տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը չէր կարող փոփոխվել տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձմամբ, սակայն 2021 թվականի մայիսի 5–ն ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59–րդ հոդվածի 11–րդ կետի իմաստով՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ։

Վերոգրյալ պատճառաբանություններով, դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը բավարարելով հետադարձ ուժ կտրվի Դավիթ Պողոսյանի վիճակը վատթարացնող օրենքին, ինչն իրավաչափ չէ, ուստի ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդությունը՝ թիվ ԵԴ/0987/01/22 քրեական գործի դատավճռով Դավիթ Տիգրանի Պողոսյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման (…)»1։

 8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում դատապարտյալը կարող էր իրավաչափորեն կանխատեսել, որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական հարաբերությունները կարող են ավարտվել հանրային աշխատանքները կրելով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքը բռնագանձելով կամ ազատազրկում պատիժը կրելով։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում, սակայն վատթարացնում է այն դատապարտյալների իրավական վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել և առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքին համարժեք գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը Դավիթ Պողոսյանի վիճակը վատթարացնող նորմ է (…)»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(…)

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

11Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։

111. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է Դ.Պողոսյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող5։

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի, նախկին քրեական օրենսգրքի կարգավորման պայմաններում, հանցանք կատարած անձը կարող էր կանխատեսել, որ տուգանքի չվճարված մասը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքը բռնագանձելով, կամ ազատազրկում պատիժը կրելով, ուստի գործող իրավակարգավորումն անձանց վիճակը վատթարացնող է6:

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-111-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։

14Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նախորդ իրավակարգավորումների պարագայում դատապարտյալը կարող էր կանխատեսել, որ իր նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքը փոխարինվելու է հանրային աշխատանքներով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքի բռնագանձմամբ կամ ազատազրկման ձևով պատիժը կրելով, հետևաբար այդ մասով նոր իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում, այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։

15 Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 6.1-րդ կետում մատնանշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ քրեական օրենսդրության հետադարձությունը սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ անկախ այն հանգամանքից՝ վերոնշյալ կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել է7։

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար8:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ ՎԽալաթյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Դավիթ Տիգրանի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

 2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

_______________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-36։

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 30-37։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։

4 Տե՛ս նույն որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Այս առնչությամբ առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշման 20-րդ կետը։

8 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան