Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-200-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.12.2009-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.02/60(726) Հոդ.1310
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.10.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.11.2009
Дата вступления в силу
12.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 29-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 17.1. Հարկերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգի ու հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու նպատակով սույն հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով վերադաս հարկային մարմինը հարկ վճարողի մոտ նշանակում է հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված ընթացիկ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է:

Սույն հոդվածի իմաստով ընթացիկ հարկային հսկողությունը (այսուհետ` հսկողություն) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով և ցանկում ներառված ու հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ արտադրանքի և ապրանքների ֆիզիկական ծավալների, հարկ վճարողի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների, դրանց գների հաշվառման, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, ինչպես նաև գնորդներին արտադրանքի և ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ծառայությունների մատուցման ուսումնասիրությունն է:

Հարկային մարմնի ներկայացուցիչը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով, որի երկու օրինակները հսկողությունը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձ) պարտավոր է ստորագրել հրամանի մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է հսկողության անցկացման և հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) նշանակման մասին: Հրամանի ստորագրված օրինակը վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձին: Հարկային մարմնի ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը, անունը, ազգանունը, հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը և հարկ վճարողի մոտ հսկողության աշխատանքային ռեժիմը: Հարկային մարմնի ներկայացուցիչները հսկողությունն իրականացնում են այն ռեժիմով, որով աշխատում են հարկ վճարողները, եթե հարկային մարմնի ղեկավարի հրամանում ավելի մեղմ ռեժիմ սահմանված չէ: Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել հսկողությանը: Հարկային մարմնի ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելը կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հսկողության անցկացման ժամկետը չպետք է գերազանցի հարկ վճարողի մոտ հարկային ներկայացուցիչ նշանակելու մասին հարկային մարմնի ղեկավարի գրավոր հրամանում նշված ժամկետը:

Հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում`

ա) հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինչպես նաև հարկ վճարողի ակտիվների իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հաշվետու տարվա որևէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված այն հարկ վճարողների, որոնց ներդրումային ծրագրերի շրջանակներում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը օրենքով սահմանված կարգով հետաձգվել է, կամ

գ) ԱԱՀ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1 հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների և չափագրումների արդյունքների միջև 100 միլիոն դրամ և ավելի չափով շեղում (տարբերություն), կամ

դ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ակնագործության և ոսկեգործության բնագավառում գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա:

Հսկողություն իրականացնելիս հարկային մարմնի ներկայացուցիչը`

ա) հաշվառում և ուսումնասիրում է առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով ու ժամկետներում կազմվում է տեղեկանք (տեղեկանքներ), որոնց մեկ օրինակը կազմելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրվում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին` դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկությունները.

բ) ուսումնասիրում է հարկ վճարողի մոտ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերը, այդ ընթացակարգերի և հարկային օրենսդրության խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն պարբերությունում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է տեղեկանք (երկու օրինակից), որը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձն արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է տեղեկանքը և վերացնում է խախտումը, որի մասին տեղեկանքում հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները.

գ) իրականացնում է հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրում է տեղեկատվություն հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

Հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ իրականացնելու հետևյալ գործողությունները`

ա) արտադրանքի և ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ինչպես նաև ծառայությունների մատուցման վայրերում միայն հաշվառել և ուսումնասիրել առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները.

բ) հարկ վճարողի տարածքներում բացառապես դիտել պատրաստի արտադրանքի առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի գործընթացը` այդ տարածքներ մուտք գործելով միայն հարկ վճարողի պաշտոնատար անձի անմիջական մասնակցությամբ.

գ) ծանոթանալու նպատակով հարկ վճարողից պահանջել բացառապես սույն հոդվածով սահմանված հսկողությանն անմիջապես առնչվող փաստաթղթեր, տվյալներ և տեղեկություններ.

դ) գործարքների փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով հարկ վճարողից պահանջել կատարելու առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների գույքագրումներ (գույքագրման արդյունքները կցվում են հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կազմվող տեղեկանքներին):

Սույն հոդվածով նախատեսված տեղեկանքները (այդ թվում` գրավոր առարկությունները) հարկային մարմինը կցում է հարկ վճարողի հարկային գործին, և դրանք կարող են օգտագործվել հարկ վճարողի տնտեսական գործունեության վերլուծությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ հարկ վճարողի հարկվող օբյեկտներն ու հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Հարկ վճարողի պաշտոնատար անձը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգվող տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց համար սահմանված իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հարկային մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգում իրականացնող անձանց համար սահմանված պարտականություններն ու պատասխանատվությունը:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 28.4-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածից հանել «կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում են 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
 Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 24

 Երևան

 ՀՕ-200-Ն