Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.07.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
11.07.2024
Дата вступления в силу
11.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13589/02/21

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13589/02/21

Նախագահող դատավոր՝

 Ս. Սահակյան

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2024 թվականի հուլիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մխիթար Ալումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28092023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մխիթար Ալումյանի հայցի ընդդեմ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մխիթար Ալումյանը պահանջել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը պարտավորեցնել վճարել 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար, 4000601 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի նկատմամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13042023 թվականի որոշման համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի, ինչպես նաև դրա նկատմամբ տուժանքի վճարման պարտավորեցման» պահանջների մասին քաղաքացիական գործից առանձին վարույթում առանձնացվել է 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար բռնագանձելու պահանջը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2023 թվականի որոշմամբ Մխիթար Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13042023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մխիթար Ալումյանը (ներկայացուցիչ Լիլիթ Թարջիմանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 336-րդ հոդվածները։

 Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:

Բողոք բերած անձը նշել է, որ առերևույթ առկա է իր իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով ոչ իրավաչափորեն հայցային վաղեմություն կիրառելու ու ներկայացված պահանջը չբավարարելու պայմաններում ստորադաս դատարաններն իրեն զրկել են սահմանված ժամկետների խախտմամբ վճարվելիք աշխատավարձի նկատմամբ կիրառվող տույժեր ստանալու հնարավորությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28092023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ
Դ
Սարգսյանի 02.12.2020 թվականի թիվ 6-2-1628 գրության համաձայն՝ «Վարչության Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության վաշտի 1-ին դասակի նախկին ոստիկան Մխիթար Վյաչեսլավի Ալումյանի ամսական դրամական վարձատրությունը 01.09.2002-30.09.2011թթ ընկած ժամանակահատվածի համար կազմել է» 01.09-31.12.2002թ. ամսական դրամական վարձատրության չափը 31.754 ՀՀ դրամ, 01.01.-31.12.2003թ.՝ 31.754 ՀՀ դրամ, 01.01-31.12.2004թ.՝ 31.754 ՀՀ դրամ, 01.01-30.06.2005թ.՝ 38.644 ՀՀ դրամ, 01.07-31.12.2005թ.՝ 51.831 ՀՀ դրամ, 01.01-31.12.2006թ.՝ 52.081 ՀՀ դրամ, 01.01-31.12.2007թ.՝ 53.017 ՀՀ դրամ, 01.01-31.12.2008թ.՝ 57.319 ՀՀ դրամ, 01.01-31.12.2009թ.՝ 83.063 ՀՀ դրամ, 01.01-31.12.2010թ.՝ 83.063 ՀՀ դրամ, 01.01-30.09.2011թ.՝ 84.718 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9)

2) ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ Պետրոսյանի 31102011 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Մխիթար Ալումյանին բացատրվել է քաղաքացիական հայցի կարգով դատարան դիմելու իր իրավունքը։ Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալը «նկատի ունենալով, որ Մխիթար Ալումյանի կողմից 72 ժամ հանգստանալու փոխարեն 48 ժամ հանգստանալուց հետո 24 ժամ ծառայելու, սակայն լրացուցիչ վարձավճար չստանալու փաստը ենթակա է կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, իսկ այդ կապակցությամբ վեճը ենթակա է կարգավորման դատական կարգով, (․․․) իսկ լրացուցիչ աշխատավարձի պահանջի վերաբերյալ նրան բացատրել քաղաքացիական հայցի կարգով դատարան դիմելու իր իրավունքը» (հատոր 1-ին, գ.թ. 8).

3) հայցվոր Մխիթար Ալումյանը 25.04.2022 թվականին ներկայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն, որով խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար ու 4.000.601 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ՝ սկսած 01.07.2005 թվականից մինչև 30.09.2011 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 69-71).

4) պատասխանող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածը, միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն հայցվորի կողմից ներկայացված տույժերի՝ 4.000.601 ՀՀ դրամի մասով՝ պատճառաբանելով, որ «Փաստացի 31.10.2011թ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից հայցվորը արդեն իսկ հստակ տեղյակ էր իր ենթադրյալ խախտված իրավունքների մասին, սակայն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ է եղել 08.04.2021թ՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 82, 83)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին արդյո՞ք հանրային ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարել պարտավորեցնելու մասին պահանջի քննությունն ընդդատյա է ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Մինչև 20.08.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (․․․) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (…) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Վերոնշյալից բխում է, որ օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանի ընդդատության շրջանակը, ներառել է նաև հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերը։ Այսինքն, որևէ դատական գործի՝ վարչական կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է՝ հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է իրավասու դատարանի քննությանը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Մինչև 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային ծառայությունը
սոցիալ-իրավական ինստիտուտ է, որն ուղղակիորեն կապված է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան պետության գործունեության ապահովման հետ: Այն նաև պետության (հանրային իշխանության մարմինների) և քաղաքացու միջև ծագող հանրային-իրավական բնույթի հասարակական հարաբերությունների (վարչակառավարչական գործընթացների) ամբողջություն է, որը միտված է օրենսդրությամբ նախանշված կարգով ու շրջանակներում պետության (հանրային իշխանության մարմինների) քաղաքականության իրականացմանը
(տե՛ս Արտաշես Արտաշեսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04072013 թվականի որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

 

Մինչև 22.02.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ։

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոնշյալ հոդվածները, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նաև քաղաքացիական և պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները: Այսինքն` նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ անհրաժեշտ է համարել նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, և հանրային ծառայությունն ու դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լույսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը` դրանք նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, և այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով` աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական ու տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի և մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, ու հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում է աշխատանքային պարտականություններ (5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ), քաղաքացիական աշխատանք (5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) եզրույթները, հանրային ծառայողին ընձեռում է աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու իրավունք, աշխատանքի, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության իրավունք (20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ու 7-րդ կետեր), օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելու պարտականություն (21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխիք (26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) ու այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վերոնշյալ իրավական կարգավորումներն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների և կանոնակարգումների դրսևորումներ են հանրային ծառայության ոլորտում, քանի որ վերոնշյալ կանոններն առավել մանրամասն նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում (տե'ս Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է և հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետևաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ` որպես մեկ իրավակարգավորում (տե'ս Արտաշես Արտաշեսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

 Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում քննության են ենթակա նաև հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը։ Ուստի, ոստիկանությունում ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելուն պարտավորեցնելու պահանջը հանրային ծառայություն իրականացնելու հիմքով առաջացած վեճ է, որն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին՝ հանրային իրավահարաբերություններից բխող լինելու հիմքով։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը, դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության [ենթակայության] կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է քննության առարկա հանդիսացող գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

Այսինքն՝ առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը)։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելուն պարտավորեցնելու ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված պահանջի քննությունն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, քանի որ այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին վերապահված գործերի շրջանակում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան՝ Մխիթար Ալումյանը պահանջել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը պարտավորեցնել, ի թիվս այլնի, վճարել 4000601 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի նկատմամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ։

Դատարանի 13.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։

Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ Մխիթար Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13042023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելուն պարտավորեցնելու մասին պահանջը հանրային ծառայության իրականացման հիմքով առաջացած վեճ է, որի քննությունը վերը նշված իրավական վերլուծությունների հիմքով ընդդատյա է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին: Այսինքն՝ ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից Դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է եղել անվերապահ բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ հայցի հիման վրա գործի հարուցումն ու ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 28092023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հարցերով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Մխիթար Ալումյանի կողմից ներկայացվել է վերը նշված գումարների բռնագանձման հետ կապված հայց, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 404 ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28092023 թվականի որոշումը և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. Հովսեփյան

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: