Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.06.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
10.06.2024
Дата вступления в силу
10.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36140/02/19

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36140/02/19

Նախագահող դատավոր՝

 Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Տրդատ Սարգսյանի հայցի ընդդեմ Արտակ Գալստյանի և երրորդ անձ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի՝ գումար բռնագանձելու ու զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տրդատ Սարգսյանը պահանջել է Արտակ Գալստյանից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար՝ որպես հնչեցված զրպարտության համար փոխհատուցման գումար, Արտակ Գալստյանին պարտավորեցնել «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից հնչեցրած՝ զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները՝ «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել», «կեղծել է քրեական գործի ապացույցները, որի համար պիտի պատասխանատվություն կրի», «Ըստ հավաստի լուրերի մարզպետը ներկայա եղել, ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, «Տրդատ Սարգսյանը թողելա, որ ձեռք բարձրացնեն իրա պաշտպանի վրա»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել պատասխանողին հերքել 24.09.2019թվ. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել, փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ (...)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գալստյանը (ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Գրիգորյանը՝ որպես Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչ, որին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն ներկայացնելու օրվա՝ 21072022 թվականի դրությամբ Տրդատ Սարգսյանի կողմից Տիգրան Գրիգորյանին տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացած է եղել՝ հաշվի առնելով, որ այն տրվել է 29062020 թվականին, երկու տարի ժամկետով։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, 192-րդ հոդվածի 4-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում ներկայացված բոլոր հիմքերին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել բողոքի այն հիմքերին, որ հայցվորի վկայակոչած արտահայտություններն ընդհանուր ելույթի համատեքստից կտրված են և ունեն այլ իմաստ, քննադատության սահմանները մարզպետի դեպքում ավելի լայն են, ինքը չի կատարել այն հայտարարությունը, որն իրեն պարտադրվում է հերքել, առկա է գերակա հանրային շահ, զրպարտություն ներկայացվող արտահայտությունները հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն պարունակում:

Վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին չանդրադառնալու ու դրանց իրավական գնահատական չտալու հետևանքով Վերաքննիչ դատարանը շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից:

Իր ելույթը կապված է եղել քրեական գործով տուժողի ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ և ինքն ընդամենը բարեխղճորեն ցիտել է քրեական գործով առկա ցուցմունքները:

Դատարանի վճռով ինքը հերքումը պետք է տարածի «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի հեռարձակմամբ՝ այն դեպքերում, երբ վերջինս սույն գործով ունի ոչ թե պատասխանողի, այլ երրորդ անձի կարգավիճակ և որևէ պարտականություն կրել չի կարող:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1 «Նոյան Տապան» լրատվական կենտրոնով հեռարձակվող հաղորդման ընթացքում Արտակ Գալստյանն արել է հետևյալ արտահայտությունները.

«(…) Ինչ վերաբերում ա դեպքի մանրամասներին, էսօրվա դրությամբ կարամ ասեմ ոչ միայն ըստ մամուլի, այլ դեպքի մասնակից սպաներից էլ են իմ հետ կապնվել (…): Կարամ ասեմ զուտ իրանց բառերից, ինչ ա կատարվել այնտեղ: Սկզբում էղել ա վիճաբանություն, եղել ա մարզպետի օգնականը, հետո զանգել ա, եկել են իրենց ժողովուրդը՝ մարզպետի գլխավորությամբ: Մարզպետը մեքենայից չի իջել, ղեկավարել ա, որպես ղեկավար էլի (…): Ճիշտ ա, մարզպետը փորձեց էս դեպքը մի քիչ այլ ձև ներկայացնի, նույնիսկ բլոգեր էր վարձել՝ Ռոման Բաղդասարյան, (…) ինչ-որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե (…) տանն ա եղել, բայց էսօրվա դրությամբ ունենք ականատես երեք հոգի, որ ուղղակի ցուցմունք են տալիս, որ ինքը ներկայա էղել դեպքի վայրում: Եթե չեմ սխալվում, կա նաև մի քաղաքացի, արդեն բնակչությունից, որը նույնպես ցուցմունք ա տալիս, որ մարզպետը եղել ա դեպքի վայրում, մեքենայից չի իջել: (…)»:

«(…) Զուտ իրավական գնահատականով, ես չգիտեմ, նորից եմ ասում, սա լուրերի մակարդակով ա, եթե իրոք հիմա տղեքի էս ցուցմունքները, որ տեսել են, հիմնավորվեց, Տրդատ Սարգսյանին, ի թիվս այլոց, պիտի նաև առաջադրվի մեղադրանք քրեական գործի ապացույցները կեղծելու համար: (…)»:

«(…) Հիմա վիճաբանել են, չեն վիճաբանել, ամեն դեպքում մարզպետը ներկայա եղել, համենայն դեպս ըստ հավաստի լուրերի: Մարդիկ ասում են ինքը հելել ա, դուրս ա եկել մեքենայից, ոստիկանները որ փորձել են միջամտեն, ոստիկանների վրայա գոռացել, ասել ա չխառնվեք: (…)»:

«(…) Ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ էղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր, (…) այս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե, իհարկե, էս փաստերը կհաստատվեն: (…)»:

«(…) Ինքը իրա պաշտպանի վրայա ձեռք բարձրացրել: Կամ գոնե, լավ, թողել ա, որ ձեռք բարձրացնեն: (…)»:

«(…) Մեղավոր ա, թող հաստատեն, պիտի պատժվի, եթե մեղավոր չի, բնականաբար պիտի արդարանա: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 41)

2 Դատարանի 22022021 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով Արտակ Գալստյանը Դատարանին վերագրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածների, 192-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի խախտումներ, որոնց՝ գործի ելքի վրա ազդեցության մասին նշել է հետևյալ հիմնավորումները

- «(…) դատարանը պարտավորեցրել է Պատասխանողին հերքել մի արտահայտություն, որն ինքը չի կատարել, որպիսին հերքելու պահանջ հայցադիմումով չի ներկայացվել: (…) դատարանի մատնանշած արտահայտությունը փաստացի իրենից ներկայացնում է պատասխանողի կոնտեքստից կտրված երկու արտահայտությունների վերջին երկու պարբերությունների միասնություն, ընդ որում խեղաթյուրված իմաստով։»;

- «(…) դատարանը մերժելով հայցադիմումի մյուս պահանջները, աներկբա ընդունել է, որ պատասխանողը փաստական տվյալ չի հրապարակել, իր այդ եզրահանգումն էլ պատճառաբանել է այն հանգամանքով, որ պատասխանողն արտահայտությունը հնչեցնում է եթե հաստատվի բառակապակցությամբ, բայց այս նույն մոտեցումը չի տարածում պատասխանողի այլ արտահայտությունների վրա:»;

- «(…) դատարանի վճիռը չի համապատասխանում նաև դատական ակտին ներկայացվող պատճառաբանված լինելու սահմանված չափանիշներին, քանի որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին դատարանը վճռով ընդհանրապես չի անդրադարձել, չի պատճառաբանել թե դրանք ինչով հիմնավոր չեն, ինչ հիմքերով է հերքվում տվյալ գործով պատասխանողի մատնանշած գերակա շահի առկայությունը:

Դատարանը որևիցե կերպ չի հիմնավորել, թե ինչով հիմնավոր չէ նաև պատասխանողի այն պնդումը, որ իր արտահայտությունները կտրված են կոնտեքստից և իրականում ունեցել են այլ իմաստ:

Դատարանը չի անդրադարձել և չի պատճառաբանել, թե որքանով հիմնավոր չեն պատասխանողի այն պնդումները, որ իր կատարած բոլոր արտահայտություններից առաջ նաև նշում է իր տեղեկատվության հստակ՝ լեգիտիմ աղբյուրը՝ գործին մասնակից և ականատես վկաներին, այլ կերպ ասած Արտակ Գալստյանը ընդամենը հրապարակել է քրեական գործով անցնող ականատես վկաների և տուժողների ցուցմունքներից հատվածներ, որոնց մասին տեղեկացել է վերջիններիցս, քանի որ, որպես իրավապաշտպան հանդիսանում է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և տվել է իրավական խորհրդատվություն վերջիններիս:

Այլ կերպ ասած Արտակ Գալստյանը Նոյան Տապանում իրականացրել է իրեն դիմած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրայնացնելով վերջիններիս մտահոգությունները և կարծիքները:

(…) Դատարանը չի պատճառաբանել, թե պատասխանողի իբր զրպարտություն համարված արտահայտությունը ինչով է համապատասխանում զանցանքին կամ հանցանքին և ինչ պատասխանատվություն կարող էր դրա համար սպառնալ հայցվորին, որպեսզի դա համարվեր զրպարտություն:»;

- «(…) պատասխանողը դատական նիստից 2 րոպե ուշացել է, որի պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայացնել իր առարկության փաստերը հավաստող ապացույցներ, հաջորդ դատական նիստին ներկայացված ապացույցները դատարանը հրաժարվել է ընդունել, փաստացի զրկելով պատասխանող կողմին իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարելու համար»։

Միաժամանակ բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին ընդունել նոր ապացույցներ (հատոր 3-րդ, գ.թ. 3-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Անդրադառնալով վերաքննության սահմաններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումը և եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու ու դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին` առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝ (…) 3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրն ու կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը և ուրիշներն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05052020 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքում նշված բոլոր հիմքերի և հիմնավորումների հիմնավորվածության հարցը քննության առարկա դարձնելու պահանջի կատարումը ոչ թե ենթադրում է բողոքարկված դատական ակտում դրանց կապակցությամբ պարունակվող փաստարկների կրկնություն և հիմնավորվածության պարզ վերահաստատում, այլ բողոքի յուրաքանչյուր հիմքին ու հիմնավորմանը կատարված հստակ անդրադարձ և յուրաքանչյուրի մասին եզրահանգումներ։ Վերաքննիչ վարույթի արդյունավետությունն ապահովված է, իսկ անձի բողոքարկման իրավունքը՝ լիարժեք իրականացված, եթե դատական ակտը պարունակում է բողոքում նշված յուրաքանչյուր հիմքի անհիմն կամ հիմնավորված լինելու կապակցությամբ վերադաս դատարանի պատճառաբանություններ, որոնք ուղեկցվում են դրանց հիմքում ընկած իրավական ակտերի վկայակոչմամբ։

Վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պահանջը փոխկապակցված է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ, որն արդար դատական քննության իրավունքի բաղադրատարր է։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշմանը, այդ թվում նաև՝ պատճառաբանական մասին, ներկայացվող պահանջները։ Նշված հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, (…):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, նշի յուրաքանչյուրի հիմնավորվածության մասին իր պատճառաբանությունները, յուրաքանչյուրի մասով հիմնավորի, թե ինչու է եկել այս կամ այն հետևության ու որ իրավանորմերով է ղեկավարվել՝ ներկայացնելով դրանք գնահատելու արդյունքում իր համոզմունքի ձևավորման հիմքերը։

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով Դատարանը 22.02.2021 թվականի վճռով Տրդատ Սարգսյանի հայցը բավարարել է մասնակիորեն՝ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և ֆեյսբուքյան էջի միջոցով պատասխանող Արտակ Գալստյանին հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասով։

Դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) պատասխանողի կողմից հայցվորի հասցեին հնչեցված` մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել արտահայտություններն իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ֆիզիկական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019թվ. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող «մարզպետը ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ (…)»:

Անդրադառնալով «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել, կեղծել է քրեական գործի ապացույցները, որոնց համար պիտի պատասխանատվություն կրի» արտահայտությունների զրպարտություն լինելու հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ «(…) տեսանյութում նշված արտահայտությունը հնչեցվել է հետևյալ կերպ. «մարզպետը փորձեց այս դեպքը մի քիչ այլ ձև ներկայացնի, բլոգեր էր վարձել, Ռոման Բաղդասարյան» «ինչ որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե դեպքի վայրին տաննա եղել և այլն» «ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ եղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր. այ էս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե իհարկե էս փաստերը կհաստատվեն», որոնք իրենց մեջ զրպարտություն չեն պարունակում, պատասխանողը արտահայտությունը հնչեցնում է եթե հաստատվի, որն վերը հիշատակված ՎԴ նախադեպային որոշման լույսի ներքո, դատարանի գնահատմամբ իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ և նշված հիմնավորմամբ հայցապահանջն նշված մասով ենթակա է մերժման։ (…)»:

Դատարանի 22.02.2021 թվականի վճռի դեմ Արտակ Գալստյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով Դատարանին վերագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածների, 192-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի խախտումներ։ Նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները հանգել են, մասնավորապես, հետևյալին

- Դատարանը պարտավորեցրել է հերքել այնպիսի արտահայտություններ, որոնք բողոք բերած անձը չի արել,

- Դատարանի կողմից որպես զրպարտություն որակված արտահայտությունները կտրված են ընդհանուր կոնտեքստից և խեղաթյուրված է,

- Դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել արտահայտությունները փաստական տվյալներ լինելու կամ չլինելու հարցերը գնահատելիս,

- Վճիռը պատճառաբանված չէ, քանի որ Դատարանը չի անդրադարձել գերակա հանրային շահի առկայության, արտահայտությունների հիմքում ընկած տեղեկատվության աղբյուրը բացահայտված լինելու և քրեական գործով վկայի և/կամ տուժողի կարգավիճակ ունեցող անձանց ցուցմունքներից հատվածներ, քաղաքացիների մտահոգություններ և կարծիքներ հրապարակված լինելու, զրպարտություն որակված արտահայտություններում զանցանքի կամ հանցանքի հատկանիշներ առկա չլինելու վերաբերյալ բողոք բերած անձի առարկություններին,

- Դատարանը զրկել է բողոք բերած անձին իր վրա դրված փաստերն ապացուցելու պարտականությունը կատարելու հնարավորությունից։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետը, 162-րդ հոդվածի 4-րդ կետը, 10871-րդ հոդվածը՝ Վերաքննիչ դատարանը մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի և վիրավորանքի ու զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը

 «(…) վիճարկվող դեպքում վերը նշված իրավանորմերի ու փաստերի համադրմամբ, Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին հնչեցված` «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք», «ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտություններն իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ստույգ Հայցվորի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ Դատարանի հետևությունն այն մասին, որ Պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող վերը նշված տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ իրավաչափ է։ Հաշվի առնելով, որ Դատարանի կայացրած դատական ակտը պարունակում է վերոգրյալին համարժեք պատճառաբանություններ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանով հերքվում է բողոք բերող անձի պատճառաբանություններն այն մասին, որ դատական ակտը պատճառաբանված չէ։(…)»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում մերժել է այն՝ առանց դրա բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու ու բողոք բերած անձի փաստարկները հերքման ենթակա լինելու մասին իր հետևությունները շարադրելու։ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է միայն Դատարանի 22.02.2021 թվականի վճիռը պատճառաբանված չլինելու մասին բողոքի փաստարկին, այն էլ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու կամ չլինելու տեսանկյունից։ Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը կրկնել է այդ կապակցությամբ վճռում ներկայացված Դատարանի պատճառաբանությունները և դրանց հիմնավորվածության պարզ վերահաստատմամբ գտել, որ Դատարանը հանգել է իրավաչափ հետևության և դատական ակտը պատճառաբանված է։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու փաստը հաստատելով՝ Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման արժանացներ տարբեր արտահայտությունների մասով Դատարանի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին բողոք բերած անձի փաստարկը, և պատճառաբաներ, թե ինչու է իրավաչափ միայն նշված արտահայտությունների մասով հայցը բավարարելու մասին Դատարանի հետևությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքին առհասարակ չի անդրադարձել՝ համապատասխանաբար քննարկման առարկա չդարձնելով նաև Արտակ Գալստյանի կողմից հնչեցված արտահայտությունները ելույթի համատեքստից կտրված լինելու, այլ անձանց խոսքերի վերարտադրություն լինելու և գերակա հանրային շահով պայմանավորված լինելու մասին փաստարկները։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների գնահատման շրջանակում չի անդրադարձել նաև բողոքի այն փաստարկին, որ Դատարանն Արտակ Գալստյանին պարտավորեցրել է հերքել այնպիսի արտահայտություններ, որոնք ըստ բողոք բերած անձի՝ ինքը չի արել։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված որոշումը չի պարունակում բողոքի յուրաքանչյուր հիմքի և հիմնավորման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու դրանցից յուրաքանչյուրը գնահատելու արդյունքում բողոքը մերժման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, որպիսի պայմաններում Արտակ Գալստյանի բողոքարկման իրավունքը լիարժեք չի իրականացվել։

Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման և այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները։

 

Թեև Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման առկայության մասին վերը շարադրված պատճառաբանություններն արդեն իսկ բավարար են Վերաքննիչ դատարանի 26112021 թվականի որոշումը բեկանելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում սույն բողոքի քննության շրջանակներում անդրադառնալ նաև հետևյալին

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27042012 թվականի որոշումը, Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 ՀՀ վճռաբեկ դատարանի 27042012 թվականի որոշումը) անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածին, այդ թվում՝ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին և նշել հետևյալները

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունները: Մասնավորապես, անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:

Անդրադառնալով նշված հարցին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ընդգծել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33): Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում։

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյո՞ք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյո՞ք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյո՞ք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից (…) (տե՛ս Ստեփան Բաղդասարյանն ընդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21072020 թվականի որոշումը):

Կարևորելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով երաշխավորված՝ կարծիքի ազատ արտահայտման և անձնական կյանքի հարգման իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու՝ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև գնահատողական դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:

Հետևաբար` որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից (տե՛ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10032023 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արտահայտությունը չի կարող զրպարտություն որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք, և հետապնդում է ոչ թե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այլ իրենից ներկայացնում է որոշակի փաստական հիմքի վրա ինչ-որ հարցի կապակցությամբ անձի մոտ ձևավորված գնահատողական դատողություն։ Ուստի զրպարտություն պետք է համարել ոչ թե գնահատողական դատողությունը, երբեմն նաև բացասականը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիտավորությամբ կատարված հրապարակային արտահայտությունը: Արատավորելու նպատակը ենթադրում է, որ որոշակի արտահայտություն անելով՝ անձը դիտավորությամբ ցուցաբերում է կանխամտածված գործողություն անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի դեմ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որևէ արտահայտության՝ զրպարտություն կամ գնահատողական դատողություն լինելու հարց քննարկելիս այն ոչ թե պետք է գնահատվի մեկուսի՝ անձի ելույթից կամ խոսքի բովանդակությունից առանձնացված և հատվածական, այլ ամբողջ համատեքստի շրջանակում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի ելույթից կամ խոսքից վերցված կոնկրետ արտահայտությունն ամբողջ բովանդակությունից կտրված գնահատելու պայմաններում հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք այն որոշակի հարցի վերաբերյալ փաստական հիմքերով ուղեկցվող անձի գնահատող դատողություն, տեսակետ է, թե՞ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիտավորությամբ կատարված զրպարտություն։ Որևէ արտահայտության՝ զրպարտություն լինելու հարցը պետք է գնահատվի խոսքի բովանդակային համակցության մեջ՝ պարզելու ի վերջո անձն այդ արտահայտություններով ունեցե՞լ է դիտավորություն արատավորելու որևէ մեկի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, թե՞ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում բարեխղճորեն և օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատողական դատողությունները։

Տվյալ դեպքում «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունները ստորադաս դատարանների կողմից որպես զրպարտություն են որակվել այն պատճառաբանությամբ, որ «պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը: ․․․ բովանդակում են ֆիզիկական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն) (…)»:

Մինչդեռ ստորադաս դատարանները նշված արտահայտությունները քննարկման առարկա չեն դարձրել Արտակ Գալստյանի ելույթի ամբողջ համատեքստից ելնելով և չեն անդրադարձել այն հարցերին, թե արդյո՞ք դրանք փաստացի տվյալներ են, թե՞ խնդրո առարկա դեպքի մասին Արտակ Գալստյանին տարբեր աղբյուրներից հայտնի փաստական հանգամանքների վերլուծությամբ արված գնահատողական դատողություններ։

Մասնավորապես՝ Արտակ Գալստյանը նշված հաղորդման ժամանակ նշել է «կարամ ասեմ ոչ միայն ըստ մամուլի, այլ դեպքի մասնակից սպաներից էլ են իմ հետ կապնվել (…): Կարամ ասեմ զուտ իրանց բառերից, ինչ ա կատարվել այնտեղ», «Զուտ իրավական գնահատականով, ես չգիտեմ, նորից եմ ասում, սա լուրերի մակարդակով ա», «Մարդիկ ասում են ինքը հելել ա, դուրս ա եկել մեքենայից, ոստիկանները որ փորձել են միջամտեն, ոստիկանների վրայա գոռացել, ասել ա չխառնվեք», «եթե, իհարկե, էս փաստերը կհաստատվեն», «Մեղավոր ա, թող հաստատեն, պիտի պատժվի, եթե մեղավոր չի, բնականաբար պիտի արդարանա» (տե՛ս մանրամասն փաստ 1)։ Նշվածից բխում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքը, որ Արտակ Գալստյանի հնչեցրած արտահայտություններն իրեն տարբեր աղբյուրներից հայտնի դարձած փաստական տվյալների վերարտադրություն են։

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 26112021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքը դրա բոլոր հիմքերի ու հիմնավորումների շրջանակում քննելու ծավալով նոր քննության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26112021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/36140/02/19 քաղաքացիական գործով 2024 թվականի հունիսի 10-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

10062024 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի հունիսի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Տրդատ Սարգսյանի հայցի ընդդեմ Արտակ Գալստյանի և երրորդ անձ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի՝ գումար բռնագանձելու ու զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26112021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Տրդատ Սարգսյանը պահանջել է Արտակ Գալստյանից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար՝ որպես հնչեցված զրպարտության համար փոխհատուցման գումար, Արտակ Գալստյանին պարտավորեցնել «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից հնչեցրած՝ զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները՝ «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել», «կեղծել է քրեական գործի ապացույցները, որի համար պիտի պատասխանատվություն կրի», «Ըստ հավաստի լուրերի մարզպետը ներկայա եղել, ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, «Տրդատ Սարգսյանը թողելա, որ ձեռք բարձրացնեն իրա պաշտպանի վրա»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել պատասխանողին հերքել 24.09.2019թվ. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշպանի վրա ա ձեռ բարձրացրել, փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ (...)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գալստյանը (ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Գրիգորյանը՝ որպես Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչ, որին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն ներկայացնելու օրվա՝ 21072022 թվականի դրությամբ Տրդատ Սարգսյանի կողմից Տիգրան Գրիգորյանին տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացած է եղել՝ հաշվի առնելով, որ այն տրվել է 29062020 թվականին, երկու տարի ժամկետով։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, 192-րդ հոդվածի 4-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում ներկայացված բոլոր հիմքերին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել բողոքի այն հիմքերին, որ հայցվորի վկայակոչած արտահայտություններն ընդհանուր ելույթի համատեքստից կտրված են և ունեն այլ իմաստ, քննադատության սահմանները մարզպետի դեպքում ավելի լայն են, ինքը չի կատարել այն հայտարարությունը, որն իրեն պարտադրվում է հերքել, առկա է գերակա հանրային շահ, զրպարտություն ներկայացվող արտահայտությունները հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն պարունակում:

Վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին չանդրադառնալու ու դրանց իրավական գնահատական չտալու հետևանքով Վերաքննիչ դատարանը շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից:

Իր ելույթը կապված է եղել քրեական գործով տուժողի ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ և ինքն ընդամենը բարեխղճորեն ցիտել է քրեական գործով առկա ցուցմունքները:

Դատարանի վճռով ինքը հերքումը պետք է տարածի «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի հեռարձակմամբ՝ այն դեպքերում, երբ վերջինս սույն գործով ունի ոչ թե պատասխանողի, այլ երրորդ անձի կարգավիճակ և որևէ պարտականություն կրել չի կարող:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1 «Նոյան Տապան» լրատվական կենտրոնով հեռարձակվող հաղորդման ընթացքում Արտակ Գալստյանն արել է հետևյալ արտահայտությունները.

«(…) Ինչ վերաբերում ա դեպքի մանրամասներին, էսօրվա դրությամբ կարամ ասեմ ոչ միայն ըստ մամուլի, այլ դեպքի մասնակից սպաներից էլ են իմ հետ կապնվել (…): Կարամ ասեմ զուտ իրանց բառերից, ինչ ա կատարվել այնտեղ: Սկզբում էղել ա վիճաբանություն, եղել ա մարզպետի օգնականը, հետո զանգել ա, եկել են իրենց ժողովուրդը՝ մարզպետի գլխավորությամբ: Մարզպետը մեքենայից չի իջել, ղեկավարել ա, որպես ղեկավար էլի (…): Ճիշտ ա, մարզպետը փորձեց էս դեպքը մի քիչ այլ ձև ներկայացնի, նույնիսկ բլոգեր էր վարձել՝ Ռոման Բաղդասարյան, (…) ինչ-որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե (…) տանն ա եղել, բայց էսօրվա դրությամբ ունենք ականատես երեք հոգի, որ ուղղակի ցուցմունք են տալիս, որ ինքը ներկայա էղել դեպքի վայրում: Եթե չեմ սխալվում, կա նաև մի քաղաքացի, արդեն բնակչությունից, որը նույնպես ցուցմունք ա տալիս, որ մարզպետը եղել ա դեպքի վայրում, մեքենայից չի իջել: (…)»:

«(…) Զուտ իրավական գնահատականով, ես չգիտեմ, նորից եմ ասում, սա լուրերի մակարդակով ա, եթե իրոք հիմա տղեքի էս ցուցմունքները, որ տեսել են, հիմնավորվեց, Տրդատ Սարգսյանին, ի թիվս այլոց, պիտի նաև առաջադրվի մեղադրանք քրեական գործի ապացույցները կեղծելու համար: (…)»:

«(…) Հիմա վիճաբանել են, չեն վիճաբանել, ամեն դեպքում մարզպետը ներկայա եղել, համենայն դեպս ըստ հավաստի լուրերի: Մարդիկ ասում են ինքը հելել ա, դուրս ա եկել մեքենայից, ոստիկանները որ փորձել են միջամտեն, ոստիկանների վրայա գոռացել, ասել ա չխառնվեք: (…)»:

«(…) Ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ էղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր, (…) այս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե, իհարկե, էս փաստերը կհաստատվեն: (…)»:

«(…) Ինքը իրա պաշտպանի վրայա ձեռք բարձրացրել: Կամ գոնե, լավ, թողել ա, որ ձեռք բարձրացնեն: (…)»:

«(…) Մեղավոր ա, թող հաստատեն, պիտի պատժվի, եթե մեղավոր չի, բնականաբար պիտի արդարանա: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 41)

2 Դատարանի 22022021 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով Արտակ Գալստյանը Դատարանին վերագրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածների, 192-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի խախտումներ, որոնց՝ գործի ելքի վրա ազդեցության մասին նշել է հետևյալ հիմնավորումները

- «(…) դատարանը պարտավորեցրել է Պատասխանողին հերքել մի արտահայտություն, որն ինքը չի կատարել, որպիսին հերքելու պահանջ հայցադիմումով չի ներկայացվել: (…) դատարանի մատնանշած արտահայտությունը փաստացի իրենից ներկայացնում է պատասխանողի կոնտեքստից կտրված երկու արտահայտությունների վերջին երկու պարբերությունների միասնություն, ընդ որում խեղաթյուրված իմաստով։»;

- «(…) դատարանը մերժելով հայցադիմումի մյուս պահանջները, աներկբա ընդունել է, որ պատասխանողը փաստական տվյալ չի հրապարակել, իր այդ եզրահանգումն էլ պատճառաբանել է այն հանգամանքով, որ պատասխանողն արտահայտությունը հնչեցնում է եթե հաստատվի բառակապակցությամբ, բայց այս նույն մոտեցումը չի տարածում պատասխանողի այլ արտահայտությունների վրա:»;

- «(…) դատարանի վճիռը չի համապատասխանում նաև դատական ակտին ներկայացվող պատճառաբանված լինելու սահմանված չափանիշներին, քանի որ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին դատարանը վճռով ընդհանրապես չի անդրադարձել, չի պատճառաբանել թե դրանք ինչով հիմնավոր չեն, ինչ հիմքերով է հերքվում տվյալ գործով պատասխանողի մատնանշած գերակա շահի առկայությունը:

Դատարանը որևիցե կերպ չի հիմնավորել, թե ինչով հիմնավոր չէ նաև պատասխանողի այն պնդումը, որ իր արտահայտությունները կտրված են կոնտեքստից և իրականում ունեցել են այլ իմաստ:

Դատարանը չի անդրադարձել և չի պատճառաբանել, թե որքանով հիմնավոր չեն պատասխանողի այն պնդումները, որ իր կատարած բոլոր արտահայտություններից առաջ նաև նշում է իր տեղեկատվության հստակ՝ լեգիտիմ աղբյուրը՝ գործին մասնակից և ականատես վկաներին, այլ կերպ ասած Արտակ Գալստյանը ընդամենը հրապարակել է քրեական գործով անցնող ականատես վկաների և տուժողների ցուցմունքներից հատվածներ, որոնց մասին տեղեկացել է վերջիններիցս, քանի որ, որպես իրավապաշտպան հանդիսանում է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և տվել է իրավական խորհրդատվություն վերջիններիս:

Այլ կերպ ասած Արտակ Գալստյանը Նոյան Տապանում իրականացրել է իրեն դիմած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրայնացնելով վերջիններիս մտահոգությունները և կարծիքները:

(…) Դատարանը չի պատճառաբանել, թե պատասխանողի իբր զրպարտություն համարված արտահայտությունը ինչով է համապատասխանում զանցանքին կամ հանցանքին և ինչ պատասխանատվություն կարող էր դրա համար սպառնալ հայցվորին, որպեսզի դա համարվեր զրպարտություն:»;

- «(…) պատասխանողը դատական նիստից 2 րոպե ուշացել է, որի պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայացնել իր առարկության փաստերը հավաստող ապացույցներ, հաջորդ դատական նիստին ներկայացված ապացույցները դատարանը հրաժարվել է ընդունել, փաստացի զրկելով պատասխանող կողմին իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարելու համար»։

Միաժամանակ բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին ընդունել նոր ապացույցներ (հատոր 3-րդ, գ.թ. 3-17):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն գործով Դատարանը 22.02.2021 թվականի վճռով Տրդատ Սարգսյանի հայցը բավարարել է մասնակի՝ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և ֆեյսբուքյան էջի միջոցով պատասխանող Արտակ Գալստյանին հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասով։

Դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) պատասխանողի կողմից հայցվորի հասցեին հնչեցված` մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել արտահայտություններն իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ֆիզիկական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019թվ. «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող «մարզպետը ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» փաստացի տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ (…)»:

Անդրադառնալով «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել, կեղծել է քրեական գործի ապացույցները, որոնց համար պիտի պատասխանատվություն կրի» արտահայտությունների զրպարտություն լինելու հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ «(…) տեսանյութում նշված արտահայտությունը հնչեցվել է հետևյալ կերպ. «մարզպետը փորձեց այս դեպքը մի քիչ այլ ձև ներկայացնի, բլոգեր էր վարձել, Ռոման Բաղդասարյան» «ինչ-որ ձայնագրություն էր ցույց տալիս, որ ինքը իբր թե դեպքի վայրին տաննա եղել և այլն» «ինքը դեռ պատասխան պիտի տա իրա մարզպետ եղած ժամանակ, եթե իրոք առկա են նման փաստեր. այ էս դեպքի ու ապացույցները կեղծելու համար, եթե իհարկե էս փաստերը կհաստատվեն», որոնք իրենց մեջ զրպարտություն չեն պարունակում, պատասխանողը արտահայտությունը հնչեցնում է եթե հաստատվի, որն վերը հիշատակված ՎԴ նախադեպային որոշման լույսի ներքո, դատարանի գնահատմամբ իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ և նշված հիմնավորմամբ հայցապահանջն նշված մասով ենթակա է մերժման։ (…)»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը «(…) վիճարկվող դեպքում վերը նշված իրավանորմերի ու փաստերի համադրմամբ, Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին հնչեցված` «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք», «ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտություններն իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության, անգործության վերաբերյալ, վերացական չեն, հրապարակային են, արատավորում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը: Վերջինները բովանդակում են ստույգ Հայցվորի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), որի պայմաններում էլ Դատարանի հետևությունն այն մասին, որ Պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող վերը նշված տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ իրավաչափ է։ Հաշվի առնելով, որ Դատարանի կայացրած դատական ակտը պարունակում է վերոգրյալին համարժեք պատճառաբանություններ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանով հերքվում է բողոք բերող անձի պատճառաբանություններն այն մասին, որ դատական ակտը պատճառաբանված չէ։(…)»:

Այնուհետև անդրադառնալով նոր ապացույցներ ընդունելու մասին բողոք բերած անձի միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանը մերժել է այն հետևյալ պատճառաբանությամբ «(…) սույն գործով Պատասխանողն է կրել անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը, հետևաբար պարտավոր էր մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի ապացույցները, ինչը սակայն չի արել։ Ավելին, Պատասխանողը հնարավորություն ունենալով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո նույնպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացնել անհրաժեշտ փաստական հանգամանքների վերաբերյալ համապատասխան ապացույցները, չի օգտվել այդ հնարավորությունից և չի փորձել հիմնավորել սահմանած ժամկետում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը, և միայն վերաքննիչ բողոքին կից է ներկայացրել իր առարկությունների հիմքում ընկած որոշ փաստական տվյալներ՝ նման գործողությունն՝ «դատական նիստից 2 րոպե ուշացել է» արտահայտությամբ արդարացնելով, որն ըստ էության հարգելի համարվել չի կարող։ (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «․․․«մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու կամ չլինելու տեսանկյունից։ Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը կրկնել է այդ կապակցությամբ վճռում ներկայացված Դատարանի պատճառաբանությունները և դրանց հիմնավորվածության պարզ վերահաստատմամբ գտել, որ Դատարանը հանգել է իրավաչափ հետևության և դատական ակտը պատճառաբանված է։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների՝ զրպարտություն լինելու փաստը հաստատելով՝ Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման արժանացներ տարբեր արտահայտությունների մասով Դատարանի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին բողոք բերած անձի փաստարկը, և պատճառաբաներ, թե ինչու է իրավաչափ միայն նշված արտահայտությունների մասով հայցը բավարարելու մասին Դատարանի հետևությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքին առհասարակ չի անդրադարձել՝ համապատասխանաբար քննարկման առարկա չդարձնելով նաև Արտակ Գալստյանի կողմից հնչեցված արտահայտությունները ելույթի համատեքստից կտրված լինելու, այլ անձանց խոսքերի վերարտադրություն լինելու և գերակա հանրային շահով պայմանավորված լինելու մասին փաստարկները։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը «մարզպետը ոստիկանների վրա ա գոռացել, ասել ա չխառնվեք, ինքը իրա պաշտպանի վրա ա ձեռ բարձրացրել» արտահայտությունների գնահատման շրջանակում չի անդրադարձել նաև բողոքի այն փաստարկին, որ Դատարանն Արտակ Գալստյանին պարտավորեցրել է հերքել այնպիսի արտահայտություններ, որոնք ըստ բողոք բերած անձի՝ ինքը չի արել»։

«․․․ստորադաս դատարանները նշված արտահայտությունները քննարկման առարկա չեն դարձրել Արտակ Գալստյանի ելույթի ամբողջ համատեքստից ելնելով և չեն անդրադարձել այն հարցերին, թե արդյո՞ք դրանք փաստացի տվյալներ են, թե՞ խնդրո առարկա դեպքի մասին Արտակ Գալստյանին տարբեր աղբյուրներից հայտնի փաստական հանգամանքների վերլուծությամբ արված գնահատողական դատողություններ։

Մասնավորապես՝ Արտակ Գալստյանը նշված հաղորդման ժամանակ նշել է «կարամ ասեմ ոչ միայն ըստ մամուլի, այլ դեպքի մասնակից սպաներից էլ են իմ հետ կապնվել (…): Կարամ ասեմ զուտ իրանց բառերից, ինչ ա կատարվել այնտեղ», «Զուտ իրավական գնահատականով, ես չգիտեմ, նորից եմ ասում, սա լուրերի մակարդակով ա», «Մարդիկ ասում են ինքը հելել ա, դուրս ա եկել մեքենայից, ոստիկանները որ փորձել են միջամտեն, ոստիկանների վրայա գոռացել, ասել ա չխառնվեք», «եթե, իհարկե, էս փաստերը կհաստատվեն», «Մեղավոր ա, թող հաստատեն, պիտի պատժվի, եթե մեղավոր չի, բնականաբար պիտի արդարանա» (տե՛ս մանրամասն փաստ 1)։ Նշվածից բխում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքը, որ Արտակ Գալստյանի հնչեցրած արտահայտություններն իրեն տարբեր աղբյուրներից հայտնի դարձած փաստական տվյալների վերարտադրություն են»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

Այսինքն՝ վճռաբեկ բողոքը կարող է ընդունվել վարույթ բացառապես այն դեպքում, երբ բողոքի մեջ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք հստակ վկայակոչվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կետերից որևէ մեկով կամ մի քանիսով բողոքը վարույթ ընդունելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վկայակոչված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ հիմնավոր պատճառաբանությունը։

Սույն գործով գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, քանի որ բողոքը չի պարունակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի և հիմնավորման մասին հիմնավոր պատճառաբանություն։

Բացի այդ, հարկ եմ համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի սխալ կիրառման մասին բողոք բերած անձի փաստարկին այնքանով, որքանով այդպիսի հնարավորություն ընձեռում են Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները։

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունները:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76):

Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

Վերոգրյալից զատ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով գնահատողական դատողության եզրույթին, նշել է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից (․․․) (տե՛ս թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21072020 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական բովանդակությանը՝ կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո՝ այդ թվում ներկայացնելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները:

Այսպես, Եվրոպական դատարանի գնահատմամբ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենակարևոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը (տե՛ս Bédat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 48): Եվրոպական դատարանը կարևորել է, որ պետք է հստակ տարանջատում մտցվի քննադատության և վիրավորանքի միջև, և վերջինը, որպես կանոն, կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման (տե՛ս Palomo Sánchez and Others v. Spain [GC] (գանգատներ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06) գործով Եվրոպական դատարանի 12.09.2011 թվականի վճիռը, կետ 67): Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների հարաբերակցությանը, արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է՝ որպես անձնական կյանքի հարգման տարր (տե՛ս Denisov v. Ukraine [GC], (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 97): Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս Morice v. France [GC], (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126): Եվրոպական դատարանը գտել է, որ գործում է այն կանխավարկածը, որ արատավորող արտահայտությունները կատարվել են անբարեխղճորեն, քանի դեռ պատասխանողը չի ապացուցում, որ իրականացրել է լուրջ նախնական հետազոտում: Հետևաբար` պետք է պարզել թե արդյոք արատավորող արտահայտություններին նախորդել է արտահայտությունը կատարողի կողմից իրականացված այնպիսի հետազոտություն, որը կարող էր արդարացնել նման արտահայտությունների կատարումը (տե´ս Grinberg v. Russia Եվրոպական դատարանի 21.07.2005 թվականի վճիռը)»։

Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև գնահատող դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից:

Այսպիսով, նաև հիմք ընդունելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը (տե՛ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10032023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ Ընկերության թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Հարկ է նշել, որ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը գնահատողական կատեգորիաներ են: Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է՝ անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է: Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների, ընդունակությունների, աշխարհայացքի գիտակցումը: Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանում՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը, և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:

Տվյալ դեպքում «Նոյան Տապան» լրատվական կենտրոնով հեռարձակվող հաղորդման ընթացքում Արտակ Գալստյանն արել է հետևյալ արտահայտությունները՝ «մարզպետը եղել է դեպքի վայրում, մեքենայից չի իջել, բլոգեր է վարձել՝ Ռոման Բաղդասարյան, որը ցույց էր տալիս ձայնագրություն, որ մարզպետը տանն ա եղել», «կեղծել է քրեական գործի ապացույցները, որի համար պիտի պատասխանատվություն կրի», «Ըստ հավաստի լուրերի մարզպետը ներկայա եղել, ոստիկանների վրա գոռացելա, ասելա չխառնվեք, «Տրդատ Սարգսյանը թողելա, որ ձեռք բարձրացնեն իրա պաշտպանի վրա»։

Հերթականությամբ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանած չափորոշիչներին՝ հարկ է նշել, որ տվյալ դեպքում լրատվական կենտրոնով հեռարձակվող հաղորդման ընթացքում Արտակ Գալստյանը ներկայացրել է փաստացի տվյալներ, որոնք իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ ինչպես քրեական գործի ապացույցները կեղծելու, ոստիկանների վրա գոռալու, այնպես էլ իր պաշտպանի վրա ձեռք բարձրացնելու թույլտվություն տալու մեջ, այսինքն՝ այդ տեղեկությունները վերացական չեն, վիճելի արտահայտություններն արվել են հրապարակային եղանակով, բովանդակում են անօրեն, անձնական, հասարակական, քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման խախտման տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվել վերաբերելի և թույլատրելի ապացույցների վկայակոչմամբ (իրական չեն), Հայցվորին վերագրվել է հասարակության կողմից պարսավելի արարքների, հակաօրինական և քրեորեն պատժելի գործունեությունների կատարում, ուստի ակնհայտ է, որ հաղորդման ընթացքում արված իրականությանը չհամապատասխանող փաստական տեղեկություններն արատավորում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ ակնհայտ է, որ Պատասխանողը զրպարտել է Հայցվորին, «մարդիկ ասում են» արտահայտության օգտագործմամբ ներկայացնելով վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկություններ, որի պայմաններում էլ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ պատասխանողը պարտավոր է հերքել 24.09.2019 թվականին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի եթերից իր կողմից հնչեցված զրպարտություն համարվող վերը նշված տվյալները «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի և իր ֆեյսբուքյան էջի միջոցով, իրավաչափ են։

Ինչպես իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, սույն գործով պատասխանողն է կրել անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը, հետևաբար պարտավոր էր մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի ապացույցները, ինչը, սակայն, չի արել։ Ավելին, պատասխանողը հնարավորություն ունենալով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո նույնպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացնել անհրաժեշտ փաստական հանգամանքների վերաբերյալ համապատասխան ապացույցները, չի օգտվել այդ հնարավորությունից և չի փորձել հիմնավորել սահմանած ժամկետում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով, և միայն վերաքննիչ բողոքին կից է ներկայացրել իր առարկությունների հիմքում ընկած որոշ փաստական տվյալներ՝ նման գործողությունը՝ «դատական նիստից 2 րոպե ուշացել է» արտահայտությամբ արդարացնելով, որն ըստ էության հարգելի համարվել չի կարող:

 Ամփոփելով նշվածը` հարկ է արձանագրել, որ ստորադաս դատարանները իրականացրել են գործի բազմակողմանի քննություն, ուստի սույն որոշմամբ առկա չէ գործի նոր քննության անհրաժեշտություն: Հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26112021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

 

Դատավոր`

Էդ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան