Գլխավոր տեղեկություն
Номер
N 761-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.08.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.08.2024
Дата вступления в силу
24.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 761-Ա

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 5-րդ մասը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Ստեղծել օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:

2. Սահմանել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 hավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 761-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության պետ (բաժնի պետ)

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչության պետ (բաժնի պետ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ (բաժնի պետ)

 

Օպերատորներ (խորհրդակցական ձայնի իրավունքով)

 

ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

 

ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ (քարտուղար, առանց ձայնի իրավունքի)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 761-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման գործընթացի համակարգման, առանց համապատասխան լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեության սահմանափակման արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:

2. Սույն աշխատակարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով (այսուհետ՝ օրենքներ) սահմանված հասկացությունների իմաստով:

3. Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման` հանձնաժողովի եզրակացության և լիազոր մարմնի՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա հաստատված որոշմամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն են համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի ցանկերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրման և ընդունված որոշումների հրապարակման հետ կապված աշխատանքների կազմակերպումը:

5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի վերաբերյալ ստացված տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և ուսումնասիրությունը.

2) համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի վերաբերյալ եզրակացություն տալը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է:

7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերի ցանկերի քննարկման համար, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ ներկայացված տեղեկությունների հիման վրա:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

9. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմը:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում արգելափակման ենթակա կայքերի վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:

11. Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

12. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել այլ պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Հանձնաժողովի նիստը նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:

14. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

15. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

16. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են՝

1) հանձնաժողովի նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի տեսակը և կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցներ.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

18. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն: Հանձնաժողովի եզրակացությունները տրվում են օրենքներով և «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

19. Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում:

20. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովը` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է հանձնաժողովի նիստը նախագահող:

22. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազոր մարմնի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.

7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ.

8) հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ քննարկվող նյութերի հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ մարմինների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին.

9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին.

10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացվելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը:

23. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես գրավոր կամ բանավոր տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ