ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0174/05/20 2024 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0174/05/20 Նախագահող դատավոր` Կ․ Ավետիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ռ. Հակոբյան |
2024 թվականի հուլիսի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Սարգսյանի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Հովիկ Նիկողոսյան՝ Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի 29․10․2015 թվականի թիվ 1718-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 17․12․2015 թվականի իրավունքների գրանցման միասնական մատյանում Հովիկ Նիկողոսյանի անվամբ մարզ Լոռի, համայնք Վանաձոր, Կ. Հալաբյան փողոց նրբանցք, 9 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սուսաննա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի 29․10․2015 թվականի թիվ 1718-Ա որոշումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 17․12․2015 թվականի իրավունքների գրանցման միասնական մատյանում Հովիկ Նիկողոսյանի անվամբ մարզ Լոռի, համայնք Վանաձոր, Կ. Հալաբյան փողոց նրբանցք, 9 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2020 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15․12․2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Բարոյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 78-րդ հոդվածը, կիրառել է, սակայն չպետք է կիրառեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 59-րդ, 60-րդ, 71-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բաց թողնված դատավարական ժամկետի որոշման դեմ ներկայացված բողոքի ժամկետներին անդրադառնալիս անհրաժեշտ է պարզել, թե երբ է դատավարության մասնակից հանդիսացող անձը ստացել նշված որոշումը, քանի որ նշված որոշումն ուժի մեջ է մտնում դատավարության մասնակցի կողմից այն ստանալու պահից։ Վերոնշյալ իրավակարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ ստացվում է, որ Հովիկ Նիկողոսյանի համար ՀՀ վարչական դատարանի կողմից 03.09.2020 թվականին թիվ ՎԴ6/0174/05/20 վարչական գործով կայացված որոշումն ուժի մեջ չի մտել, ուստի այն չի կարող վերադարձվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիմքով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ երրորդ անձի կողմից միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի պահպանման հարցերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու իրավունքը (Կոնվենցիայի) 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների անբաժան մասն է (տե'ս, Zubac v. Croatia (ՄՊ), թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռ, կետ 76):
Չնայած 6-րդ հոդվածի 1-ին կետը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ։ Այնուամենայնիվ, երբ ստեղծվում են նման դատարաններ, դրանց վարույթը պետք է ապահովի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների առկայությունը, մասնավորապես այն առումով, որ պետք է երաշխավորվի դատավարության մասնակիցներին «իրենց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին» առնչվող որոշումների համար դատարան դիմելու արդյունավետ իրավունքը (տե'ս, Chatellier v. France, թիվ 34658/07 գանգատով Եվրոպական դատարանի 31.03.2011 թվականի վճիռ, կետ 35):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի գործադրման և գործունեության կատարելագործման մասին» թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերից մեկն է համարվում բողոքարկման իրավունքը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Հախվերդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/10346/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2021 թվականի որոշումը, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Այսպիսով՝ վարչական արդարադատության ոլորտում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն առաջին հերթին պայմանավորված է ՀՀ վարչական արդարադատության եռաստիճան համակարգի մատչելիությամբ և դրա արդյունավետությամբ։
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը):
Եվրոպական դատարանը նույնպես նշել է, որ դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կետ 59):
Եվրոպական դատարանը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշմանը, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia թիվ 797/14, 67755/14 գանգատներով գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռ, կետեր 41, 45-46):
Հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը պոտենցիալ խախտող որոշման մասին։ Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես նվազեցնել բողոք բերելու ժամկետները կամ նույնիսկ անհնարին դարձնել բողոքարկումը՝ ձգձգելով իրենց որոշումների կայացումը։ Դատական մարմնի և կողմերի միջև, որպես հաղորդակցության միջոց՝ համապատասխան ծառայությունը դատարանի որոշումը և դրա հիմքերը հասանելի է դարձնում կողմերին՝ դրանով նրանց համար հնարավորություն ստեղծելով ցանկության դեպքում բողոքարկելու այն (տե'ս, Miragall Escolano and Others v. Spain թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռ, կետ 37)։
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovenia թիվ 53723/13 գանգատով գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռ, կետ 71):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության՝ հանրային իշխանության սահմանադրական պարտականության ապահովմանն ուղղված իրավական միջոցների շարքում: Դատական պաշտպանության իրավունքից ածանցվում է անձի արդար դատաքննության իրավունքը, որը թեև առանձին հիմնարար իրավունք է, սակայն նախատեսում է այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար: Արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից մեկն է համարվում դատական ակտը բողոքարկելու իրավունքը։
ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումների և Եվրոպական դատարանի հաստատած նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները չպետք է խախտեն կամ զրկեն անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։ Դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի քննությանը։ Ըստ այդմ՝ սահմանափակումները կարող են սահմանվել միայն խիստ անհրաժեշտության և «իրավաչափ նպատակ» հետապնդելու պայմաններում։ Այսինքն, ամեն դեպքում պետությունը պետք է փորձի կատարել ամեն ինչ, որ իր նպատակին հասնի առանց անձի արդար դատաքննության իրավունքը սահմանափակելու։ Դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ներպետական իրավական կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որ անձն իր իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում կարողանա դիմել դատարան՝ ներկայացնելով վերջինիս վերականգնման կամ այլ պահանջներ, և նշված իրավունքը անհիմն չսահմանափակվի:
Դատական ակտը բողոքարկելու համար նախատեսված ժամկետներ սահմանող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը։ Դատարան դիմելու իրավունքը ենթադրում է դատական որոշումների մասին դատավարության մասնակցի համարժեք ծանուցում ստանալու իրավունք, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոքը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում։ Դատական ակտը բողոքարկելու իրավունքը ծագում է հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը խախտող որոշման մասին, և դատարանի որոշման մասին դատավարության մասնակցի իմացության վերաբերյալ իրավակարգավորումները պետք է հնարավորություն տան ստուգելու որոշման հանձնումը դատավարության մասնակցին, ինչպես նաև այդ հանձնման ամսաթիվը։
Այսպիսով՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կարևոր պայման է բողոքարկման ենթակա դատական ակտի՝ դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովումը։ Դատավարության մասնակիցներին դատական ակտերի հասանելիության ապահովման գործուն երաշխիք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատարանների՝ դատական ակտերը դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում ուղարկելու պարտականության սահմանումը և այդ պարտականության պատշաճ կատարումը։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի պահպանվածության հարցին, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար նախատեսել է բողոքարկման կրճատ ժամկետ։
Այսպես․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` դատավարության մասնակիցները։
Դատավարության մասնակիցների սուբյեկտային կազմը բացահայտված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածում, ըստ որի՝ վարչական դատավարության մասնակիցներն են՝
1) կողմերը` հայցվորը և պատասխանողը.
2) երրորդ անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.
12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:
Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ժամկետը կապում է տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հետ, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու՝ դատական ակտն ստանալու պահից հաշվարկվող հնգօրյա ժամկետը համարվում է դատական ակտի բողոքարկման առավելագույն ժամկետ։ Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը ստանալու փաստը հավաստում է, որ անձը լիարժեք հնարավորություն ունի ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը, և այդ պահից սկսած էլ հաշվարկվում է բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը։
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև արձանագրել, որ օրենսդիրն ուղղակիորեն չի նախատեսում դատարանների պարտականությունը՝ անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելուց հետո վերջինիս ուղարկելու նախքան այդ որոշման կայացումը դատավարական գործողությունների կատարման արդյունքում կայացված բոլոր որոշումները, սակայն նշված պարտականությունը բխում է օրենսդրական այն կարգավորումից, որ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից, իսկ կողմերն ունեն իրավունք ստանալու դատավարական բոլոր փաստաթղթերը։ Նշված իրավունքի իրացումը կհանգեցնի ոչ միայն երրորդ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը, այլ նաև կբացառի դատական գործընթացների անհարկի ձգձգումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելը կարող են կայացվել որոշումներ, որոնք վերջինս իրավունք ունի բողոքարկելու, իսկ դատարանների կողմից նշված դատական ակտերի և «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշման միաժամանակ ծանուցումը և անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը հնարավորություն կտա վերջինիս դատական ակտերի հետ անհամաձայնության պարագայում առավել շուտ իրացնել բողոքարկման իրավունքը (տե՛ս, Էմիլ Վարդանյանը և Վարուժան Վարդանյանն ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության թիվ ՎԴ/10813/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 03.09.2020 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 22)։
Դատարանի 03․09․2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանը 13.11.2023 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 6-րդ, գ․թ․ 122-158):
Վերաքննիչ դատարանը 15․11․2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ «տվյալ դեպքում սույն վարչական գործով <Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին> որոշումը կայացվել է 2020 թվականի սեպտեմբերի 03-ին: Մինչդեռ, Հովիկ Նիկողոսյանը ներկայացուցչի միջոցով վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 10-ին` չներկայացնելով բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչը հիմք է բողոքը վերադարձնելու համար: (...) Հովիկ Նիկողոսյանը գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, հետո` 2021 թվականի դեկտեմբերի 09-ին ՀՀ վարչական դատարանի գրասենյակ է մուտքագրվել գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Էդգար Նիկողոսյանի դիմումը, որում առկա է գործի նյութերին ծանոթանալու փաստը հավաստող գրառում և ստորագրություն, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 16-ին երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Հայկ Բարոյանի կողմից ՀՀ վարչական դատարանի գրասենյակ է մուտքագրվել գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ևս մեկ դիմում, որում առկա է գործի նյութերին ծանոթանալու, լուսապատճեններ կատարելու փաստը հավաստող գրառում և ստորագրություն:
Ի վերջո` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի օգոստոսի 08-ին երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Հայկ Բարոյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել սույն վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի միջնորդության բովանդակությունից հետևում է, որ առնվազն 2022 թվականի օգոստոսի 08-ից բողոքաբերն իրազեկված է եղել <Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին> Վարչական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 03-ի որոշման մասին։
Նշվածի հաշվառմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում չի պահպանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:
Նման պայմաններում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է վերադարձնել»:
Անդրադառնալով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի պահպանվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի 14.10.2020 թվականի որոշմամբ Հովիկ Նիկողոսյանը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 1-ին, գ.թ. 58)։
Սույն գործի նյութերում առկա չէ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանին Դատարանի 03․09․2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին» որոշումն ուղարկելու վերաբերյալ ապացույց։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ սույն գործի նյութերում առկա են 09․12․2021 թվականին ՀՀ վարչական դատարանի գրասենյակ մուտքագրված գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Էդգար Նիկողոսյանի դիմումը, որում առկա է գործի նյութերին ծանոթանալու փաստը հավաստող գրառում և ստորագրություն, 16․05․2022 թվականին երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Հայկ Բարոյանի կողմից ՀՀ վարչական դատարանի գրասենյակ մուտքագրված գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ևս մեկ դիմում, որում առկա է գործի նյութերին ծանոթանալու, լուսապատճեններ կատարելու փաստը հավաստող գրառում և ստորագրություն, ինչպես նաև երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի ներկայացուցիչ Հայկ Բարոյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը, որի առկայության պայմաններում պարզ է դառնում, որ բողոքաբերն առնվազն 08․08․2022 թվականին իրազեկված է եղել Դատարանի 03․09․2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին» որոշման մասին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը բավարար չէ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի կողմից Դատարանի 03․09․2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին» որոշման բողոքարկման ժամկետի ելակետը որոշելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո միջանկյալ դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը սկսվում է դատավարության մասնակցի կողմից տվյալ դատական ակտը ստանալու պահից, որպիսի հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց տվյալ գործի նյութերում առկա չէ։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ փաստն արձանագրելու կարևորությունը կայանում է նրանում, որ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման համար որոշիչ է այն պահը, թե երբ է անձը լիարժեք հնարավորություն ունեցել ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է լիովին ծանոթանալ դատական ակտի բովանդակությանը։
Ելնելով ողջ վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանի կողմից նշված պատճառաբանության սահմաններում, վերադարձման ենթակա չէր։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|