ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7494/05/23 | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/7494/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող և զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ա. Թովմասյան | ||
ռ. Հակոբյան |
2024 թվականի հուլիսի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայկարամ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկարամ Հակոբյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ իրեն կենսաթոշակի դիմում ներկայացնելու օրվանից, այն է՝ 27.10.2021 թվականից, արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու՝ իր հետ հաշվարկ կատարելով և ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակը վճարելով, և որպես հետևանք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի 03.10.2023 թվականի, 15.09.2023 թվականի, 11.03.2022 թվականի թիվ ԱԳ/ԱԳ-1-2/6278-2022 գրությունները, ինչպես նաև 02.03.2022 թվականի թիվ 06/ԼԱ/10044-22, 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 և 09.11.2021 թվականի թիվ Ա1281-2021 գրությունները վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկարամ Հակոբյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն իրեն կենսաթոշակի դիմում ներկայացնելու օրվանից, այն է՝ 27.10.2021 թվականից, արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակել, և որպես հետևանք՝ վերացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի 03.10.2023 թվականի, 15.09.2023 թվականի, 11.03.2022 թվականի թիվ ԱԳ/ԱԳ-1-2/6278-2022 գրությունները, ինչպես նաև 02.03.2022 թվականի թիվ 06/ԼԱ/10044-22, 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 և 09.11.2021 թվականի թիվ Ա1281-2021 գրությունները։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ․ Բոյաջյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2023 թվականի որոշմամբ Հայկարամ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.10.2023 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկարամ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Վարդան Վարդանյան և Միքայել Դանիելյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ մինչև Դատարան հայցադիմում ներկայացնելը հայցվորը համապատասխան բարենպաստ վարչական ակտ ընդունելու խնդրանքով 28.06.2023 թվականին և 26.07.2023 թվականին դիմել է Ծառայությանը, ընդ որում էական և առանցքային է այն հանգամանքը, որ հայցվորն այդ դիմումներով վարչական մարմին է ներկայացրել նոր թույլատրելի ապացույցներ, մասնավորապես՝ ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի 21.07.2023 թվականի թիվ Հ-9095 արխիվային տեղեկանքը և Հայկարամ Հակոբյանի վերաբերյալ 25.05.1989 թվականին ընդունված թիվ 70/2 հրամանը, որով վերջինս ստացել է մեքենավար-կարգավորողի 5-րդ կարգի որակավորում և սկսել է աշխատել այդ հաստիքում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Պատասխանողը հայցվորի այդ դիմումները և դրանցով ներկայացված նոր, մինչև այդ պահը Ծառայությանը հայտնի չեղած փաստաթղթերն ընդունել և քննարկման առարկա է դարձրել որպես նոր փաստական տվյալներ, այլ կերպ ասած, իրականացրել է նոր վարչական վարույթ և դրա արդյունքում ընդունել է համապատասխան վարչական ակտ, այն է՝ ՀՀ ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի 15.09.2023 թվականի գրությունը (միջամտող վարչական ակտ), ինչով կրկին չնայած մերժել է հայցվորի խնդրանքը, սակայն ավելի քան ակնհայտ է, որ պատասխանողը հարուցել է վարչական վարույթ, քննարկման առարկա է դարձրել ներկայացված նոր արխիվային փաստաթղթերը (ապացույցները) և միայն դրանից հետո է եկել համապատասխան եզրահանգման, ինչը ևս հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Հայցվորի կողմից պատասխանողին ուղղված 27․10․2021 թվականի, 28․06․2023 թվականի և 26․07․2023 թվականի դիմումների առարկան չի եղել բացարձակապես նույնաբովանդակ։ Վերաքննիչ դատարանը պետք է ոչ թե էական հանգամանք համարեր տարբեր ժամանակահատվածներում ներկայացված դիմումների առարկան, այլ դրանց բուն բովանդակությունը և որ ամենակարևորն է` դրանցով պատասխանողին ներկայացված նոր թույլատրելի ապացույցները, մասնավորապես` ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի 21․07․2023 թվականի թիվ Հ-9095 արխիվային տեղեկանքը և Հայկարամ Հակոբյանի վերաբերյալ 25․05․1989 թվականին ընդունված թիվ 70/2 հրամանը, որով վերջինս ստացել է մեքենավար-կարգավորողի 5-րդ կարգի որակավորում:
Հայցվորի կողմից 28․06․2023 թվականին և 26․07․2023 թվականին պատասխանողին ներկայացված դիմումները հենց պատասխանողն է դիտել նոր փաստական տվյալներով դիմումներ, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ 15․09․2023 թվականին ընդունել է միջամտող վարչական ակտ, որից հաշվարկված էլ հայցվորը պահպանել է պարտավորեցման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:
Մինչև հայցվորի կողմից 28․06․2023 թվականին և 26․07․2023 թվականին պատասխանողին ներկայացված դիմումները, պատասխանողը հայցվորի կենսաթոշակի նշանակման հարցը քննարկել է բացառապես հայցվորի աշխատանքային գրքույկի և Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատի 31․10․1988 թվականի թիվ 160/2 հրամանի շրջանակներում և իր տիրապետման տակ չի ունեցել արդեն վերոնշյալ` 2023 թվականին ներկայացված դիմումներով հայցվորի կողմից ներկայացված արխիվային փաստաթղթերը, և միայն դրանց ներկայացումից հետո է, որ պատասխանողը կարողացել է բովանդակային առումով իրականացնել նոր քննարկում, բողոք բերած անձի գնահատմամբ նոր վարչական վարույթի շրջանակներում, ինչի արդյունքում էլ 15․09․2023 թվականին ընդունել է նոր վերջնական վարչական ակտ, որից էլ հաշվարկված հայցվորը սահմանված ժամկետում դիմել է դատական պաշտպանության, սակայն, այս ամենն ամբողջությամբ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի ներկայացման համար սահմանված ժամկետային սահմանափակումներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի իրավական առումով փոխկապակցվածությունը դրսևորվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատարան հայց ներկայացնելով, որը հանդիսանում է գործի հարուցման հիմք և համապատասխանաբար դատական պաշտպանության իրավունքի իրացման սկզբնակետ:
Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է առանձին հայցատեսակներ, որոնցից է հանդիսանում պարտավորեցման հայցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ (...) անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունք միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ, կայացված չլինելու դեպքում, անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը դատարանին ներկայացվող պահանջի բնույթով պայմանավորված հայցատեսակների տարբերակման համատեքստում նաև սահմանել է յուրաքանչյուր հայցատեսակի ներկայացման համար ժամկետային սահմանափակումներ:
Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլևս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Անդրադառնալով պարտավորեցման հայցի ներկայացման համար օրենքով նախատեսված ժամկետների պահպանվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:
Վերոգրյալ իրավական կարգավորումների և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պարտավորեցման հայցի ներկայացման համար սահմանված ժամկետի պահպանվածության հարցի քննարկման համար ելակետ է սահմանել անձի՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահը, հետևաբար յուրաքանչյուր պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար դատարանները պետք է բացահայտեն վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահը և համապատասխանաբար պետք է քննարկեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման անհրաժեշտությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Հայկարամ Հակոբյանի կողմից 27.10.2021 թվականին դիմում է ներկայացվել ՀՀ միասնական սոցիալական ծառայություն արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու պահանջով, որին ի պատասխան ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնմեկերորդ բաժնի դեռևս 09.11.2021 թվականի թիվ Ա1281-2021 գրությամբ հայտնվել է, որ դիմումը մերժվել է, կատարվել է հարցում ՀՀ ազգային արխիվ և պատասխան ստացվելուց հետո դիմումը կվերանայվի:
ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնմեկերորդ բաժնի 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 գրությամբ հայցվորին հայտնվել է, որ կատարվել է հարցում ՀՀ ազգային արխիվ, որից պարզվել է, որ Հայկարամ Արտեմի Հակոբյանը 31.10.1988 թվականի թիվ 160/2 հրամանով ընդունվել է աշխատանքի ծխախոտի արտադրության արտադրամասում որպես մեխանիկ-կարգավորող, աշխատանքային պայմանները վնասակար, իսկ 1991-1996 թվականներին վարձատրվել է որպես մեխանիկ, որը Կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով աշխատանք կատարողի մասնագիտության ցուցակով չի անցնում, ինչի հիման վրա հայցվորի դիմումը մերժվել է:
29.12.2021 թվականին Հայկարամ Հակոբյանի կողմից ևս մեկ դիմում է ներկայացվել ՀՀ միասնական սոցիալական ծառայություն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու պահանջով, որին ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի 11.03.2022 թվականի գրությամբ հայտնվել է, որ հայցվորի մեխանիկ-կարգավորող աշխատած ժամանակահատվածը թիվ 2 ցուցակի թիվ 2240500ա-14131 ծածկագրով նախատեսված չլինելու պատճառով չի հաշվառվել արտոնյալ պայմաններով մասնագիտական ստաժում և պահանջվող առնվազն 20 օրացուցային տարվա վնասակար ծանր պայմաններում մասնագիտական ստաժ չունենալու հիմքով մերժվել է արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի նշանակման հարցը, որի վերաբերյալ 05.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 գրությամբ արդեն իսկ տեղեկացվել է:
28․06․2023 թվականին և 26․07․2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվել են դիմումներ հետևյալ պահանջով՝ «Հայկարամ Արտեմի Հակոբյանին 27․10․2021 թվականից նշանակել արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի, Հայկարամ Արտեմի Հակոբյանի վերաբերյալ կատարել վերջնահաշվարկ և վճարել ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակը»։
Ներկայացված դիմումների համար հիմք են ընդունվել դիմողի կողմից ձեռք բերված նոր ապացույցները, այն է՝ ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի 21.07.2023 թվականի թիվ Հ-9095 արխիվային տեղեկանքը, որում մասնավորապես արձանագրված են հետևյալ փաստերը․
- Համաձայն Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 160/2 հրամանի՝ Հայկարամ Արտեմի Հակոբյանը (ծնվ․ 1962 թ․) 1988 թվականի հոկտեմբերի 31-ից ընդունվել է աշխատանքի ծխախոտի արտադրամասում որպես մեխանիկ-կարգավորողի աշակերտ։
- «Հայծխախոտ» ԱՄ 1989 թվականի մայիսի 25-ի թիվ 70/2 հրամանով 1989 թվականի մայիսի 25-ից ստացել է մեքենավար կարգավորողի 5-րդ կարգ։
- «Հայծխախոտ» ԲԸ 1997 թվականի հուլիսի 23-ի թիվ 77 հրամանով 1997 թվականի հուլիսի 23-ից որպես N 1 արտադրամասի մեքենավար-կարգավորող ազատվել է աշխատանքից։
Վարչական մարմինը 15․09․2023 թվականի գրությամբ մերժել է դիմողի պահանջը՝ արձանագրելով, որ Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում Հ․ Հակոբյանի՝ որպես մեխանիկ-կարգավորող աշխատելու հանգամանքը (ժամանակահատվածները) առկա արխիվային փաստաթղթերով չեն հաստատվում։ Ուստի նրան արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի կարող նշանակվել այդ տեսակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժի (արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք կատարելու ժամանակահատվածի) բացակայության պատճառով։
Դատարանը 03.10.2023 թվականին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «․․․հայցվորը պարտավորեցման հայց կարող էր հարուցել վերջինիս 27.10.2021 թվականի դիմումին ի պատասխան տրված 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 մերժումից հետո երկամսյա ժամկետում: Այդ գրությամբ վարչական մարմինն ըստ էության մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը՝ համարելով, որ հայցվորի՝ վնասակար պայմաններում աշխատելու ստաժը չի համապատասխանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի չափին: Դրանից հետո հայցվորի կողմից ներկայացված դիմումներին տրվել են նույնաբովանդակ պատասխաններ:
Դատարանը պարտավորեցման հայցը Դատարան ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երկամսյա դատավարական ժամկետի հաշվարկման սկիզբ է համարում վարչական մարմնի 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 մերժմանը հաջորդող օրը՝ 10.12.2021 թվականը, մինչդեռ, հայցվորը հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 25.09.2023 թվականին՝ բաց թողնելով հիշյալ իրավանորմով սահմանված ժամկետը, իսկ հայցադիմումին կից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, որի քննության արդյունքում միայն պարզ կդառնա Դատարանին՝ արդյոք հայցվորի կողմից դիմումների ներկայացումն իրապես պարունակել է նոր փաստեր, հիմնավորումներ և/կամ ուղղված է եղել նախորդ մերժումների հիմքերի պարզմանը, թե դրանց ներկայացումը միտված է եղել պարտավորեցման հայցով դատարան դիմելու դատավարական ժամկետի նորացմանը և դատարան դիմելու բաց թողնված ժամկետն արհեստականորեն վերականգնելուն»։
Վերաքննիչ դատարանի 01.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Հայկարամ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «...ներկայացված հայցադիմումի, մասնավորապես հայցապահանջի, բովանդակության և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ հայցվորը պարտավորեցման հայց կարող էր հարուցել 27.10.2021 թվականի դիմումին ի պատասխան տրված 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 մերժումից հետո երկամսյա ժամկետում, քանի որ նշված գրությամբ վարչական մարմինն ըստ էության մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը՝ համարելով, որ հայցվորի՝ վնասակար պայմաններում աշխատելու ստաժը չի համապատասխանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի չափին: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված մերժումից հետո հայցվորի կողմից ներկայացված դիմումներին տրվել են նույնաբովանդակ պատասխաններ:
Նման պայմաններում, արձանագրելով, որ սույն դեպքում բաց է թողնվել պարտավորեցման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա դատավարական ժամկետը, իսկ հայցադիմումին կից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել՝ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ նման միջնորդության ներկայացման և դրա քննության արդյունքում միայն պարզ կդառնա՝ արդյոք հայցվորի կողմից հետագա դիմումների ներկայացումն իրապես պարունակել է նոր փաստեր, հիմնավորումներ և/կամ ուղղված է եղել նախորդ մերժումների հիմքերի պարզմանը, թե դրանց ներկայացումը միտված է եղել պարտավորեցման հայցով դատարան դիմելու դատավարական ժամկետի նորացմանը և դատարան դիմելու բաց թողնված ժամկետն արհեստականորեն վերականգնելուն»:
Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության գնահատման նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական վարույթի փուլերին։ Այսպես՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:
Վարչական վարույթի հարուցման համար հիմք են հանդիսանում անձի դիմումը, բողոքը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությունը: Իսկ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
Սույն պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված դիմումը վերադարձնելու կամ վերահասցեագրելու հիմքերի բացակայության դեպքում վարչական վարույթը համարվում է հարուցված:
Վարչական վարույթի ընթացիկ փուլին վերաբերող դրույթներն ամրագրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի «Վարչական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ գլխում, որում մասնավորապես զետեղված են սկզբունքային դրույթներ վարչական վարույթի ընթացիկ փուլում վարչական մարմնի գործողությունների պատշաճ կատարման երաշխավորման նպատակով: Մասնավորապես, օրենքը սահմանում է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը, վարույթի մասնակիցներին լսելու պարտականությունը, վարչական վարույթի նյութերի մատչելիությունը, վարույթի մասնակիցներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելու պարտականությունները: Օրենքը նախատեսում է նաև վարչական վարույթի ընթացքում ապացույցների գնահատման կանոններ՝ սահմանելով, որ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում օրենսդիրը վարչական մարմնին վերապահել է վարչական վարույթի կարճման լիազորություն՝ Օրենքի 50-րդ հոդվածով սահմանելով, որ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`
ա) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.
բ) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.
գ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.
դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.
ե) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.
ե1) լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.
զ) դիմումն անթույլատրելի է:
Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է նաև նույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
Վկայակոչված իրավակարգավորման առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը վարչական մարմնի համար դիմումով հարուցված վարչական վարույթի կարճման հայեցողական լիազորություն չի սահմանել և նախատեսել է իմպերատիվ պահանջ առ այն, որ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարչական մարմինը կարճում է վարչական վարույթը։ Նշվածը հավաստվում է նաև այն հանգամանքով, որ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`
ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.
բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Այսինքն սույն պարագայում օրենսդիրը տարբերակել է վարչական վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում վարչական վարույթի կարճման հայեցողական լիազորություն վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի պարագայում և սահմանել է իմպերատիվ պահանջ՝ վարչական վարույթը կարճելու՝ դիմումով հարուցված վարչական վարույթի պարագայում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեպետ Օրենքի առանձին գլխով կանոնակարգված չէ վարչական վարույթի եզրափակիչ փուլը, սակայն Օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ վարչական վարույթի եզրափակիչ փուլը դրսևորվում է վարչական ակտի ընդունմամբ։
Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վարչական ակտի հասկացությունը, այն է՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով`
ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.
բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.
գ) զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:
Վերոգրյալի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի առկայությունը հավաստումն է այն հանգամանքի, որ վարչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում էլ կայացվել է Օրենքի 53-րդ հոդվածով սահմանված բարենպաստ, միջամտող կամ զուգորդվող վարչական ակտ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնմեկերորդ բաժնի 09.12.2021 թվականի թիվ Ա1453-2021 գրությամբ հայցվորի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարվել է հարցում ՀՀ ազգային արխիվ, որից պարզվել է, որ Հայկարամ Արտեմի Հակոբյանը 31.10.1988 թվականի թիվ 160/2 հրամանով ընդունվել է աշխատանքի ծխախոտի արտադրության արտադրամասում որպես մեխանիկ-կարգավորող, աշխատանքային պայմանները վնասակար, իսկ 1991-1996 թվականներին վարձատրվել է որպես մեխանիկ, որը Կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով աշխատանք կատարողի մասնագիտության ցուցակով չի անցնում: Իսկ 28․06․2023 թվականին և 26․07․2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված դիմումների համար հիմք են հանդիսացել նոր ապացույցներ՝ ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի 21.07.2023 թվականի թիվ Հ-9095 արխիվային տեղեկանքը, որը մասնավորապես բովանդակում է տեղեկատվություն նաև «Հայծխախոտ» ԲԸ 23․07․1997 թվականի թիվ 77 հրամանի մասին, որի համաձայն՝ Հայկարամ Արտեմի Հակոբյանը 23․07․1997 թվականից որպես թիվ 1 արտադրամասի մեքենավար-կարգավորող ազատվել է աշխատանքից։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական մարմինը սույն պարագայում նոր ապացույցների ներկայացման փաստով պայմանավորված Հայկարամ Հակոբյանի դիմումի առնչությամբ հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում 15․09․2023 թվականի գրությամբ մերժել է դիմողի պահանջն այն պատճառաբանությամբ, որ Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում Հ․ Հակոբյանի՝ որպես մեխանիկ-կարգավորող աշխատելու հանգամանքը (ժամանակահատվածները) առկա արխիվային փաստաթղթերով չեն հաստատվում։ Ուստի նրան արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի կարող նշանակվել այդ տեսակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժի (արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք կատարելու ժամանակահատվածի) բացակայության պատճառով։
Քննարկվող դեպքում վարչական մարմինը միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական ակտի առկայության հիմքով չի կարճել վարչական վարույթը, այլ 15․09․2023 թվականին կայացրել է որոշում, որով մերժել է դիմողի պահանջը, հետևաբար 15․09․2023 թվականին կայացված միջամտող վարչական ակտի մասին իրազեկվելու պահից է հաշվարկվում հայց ներկայացնելու դատավարական ժամկետը։ Իսկ 15․09․2023 թվականին կայացված վարչական ակտը նախկինում կայացված որոշման նույնաբովանդակ պատասխան դիտարկելու պարագայում վարչական մարմնի կողմից վարչական վարույթը կարճելու մասին որոշում չկայացնելու բացասական հետևանքները ոչ իրավաչափորեն կդրվեն հայցվորի վրա։
Վերոգրյալ պատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկարամ Հակոբյանը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հայց ներկայացնելու ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացվել է 15․09․2023 թվականին, իսկ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան 25․09․2023 թվականին, այսինքն՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում, որպիսի պայմաններում հերքվում են Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ հայցվորի կողմից բաց է թողնվել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 01.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.10.2023 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան ա. Թովմասյան ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|