Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.01.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
11.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ. Ավագյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԿԴ/0046/13/23

Նախագահող դատավոր՝  Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Դ. Խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

11 հունվարի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Մխիթար Սարգսի Զարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 12-ի դատավճռով Մխիթար Սարգսի Զարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի  (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 2431-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ մերժվել է։

2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԵԱվագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ։ Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։

Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նաև, որ Մ.Զարգարյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։

5 Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ.Զարգարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Միևնույն ժամանակ, արարքի կատարումից հետո ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն ժամանակ, երբ տվյալ օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը։

(…)

Մխիթար Զարգարյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքի բռնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել։

Արարքի կատարումից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Մխիթար Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել և դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է։

Հետևաբար, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը՝ Մխիթար Զարգարյանի նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի հունվարի 12-ի դատավճռով նշանակված 300.000 ՀՀ դրամ տուգանքին համարժեք գույքի բռնագանձման վերաբերյալ, ենթակա է մերժման (...)»1։

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին և փաստում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Մխիթար Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել և դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է։

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի թիվ ԿԴ/0046/13/23 որոշումը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված հատուկ վերանայման բողոքը՝ մերժել (...)»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

  (…)

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։

10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Զարգարյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Մ.Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել և դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է5։

- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսված տուգանքի բռնագանձման կառուցակարգ Մ.Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել, հետևաբար դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի6:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։

13. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։

14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար7:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ,  պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ,  264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Մխիթար Սարգսի Զարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

____________________

1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 34-38։

2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 77-81։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։

4 Տե՛ս նույն որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. Խաչատուրյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան