Գլխավոր տեղեկություն
Номер
N 978-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1127
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2011
Дата вступления в силу
28.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 978-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 20
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 978-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) պետական հավատարմագրման կարգը` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից:

(1-ին կետը լրաց. 29.08.24 N 1374-Ն)

2. Պետական հավատարմագրումն (այսուհետ` հավատարմագրում) իրականացվում է ստորև նշված գործընթացներով՝

1) ինստիտուցիոնալ հավատարմագրում.

2) ըստ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրում (այսուհետ` ծրագրային հավատարմագրում):

(2-րդ կետը լրաց., փոփ. 19.03.14 N 301-Ն)

3. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար կրկնվող (շրջափուլային) պարտադիր գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատությունների համար:

(3-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

3.1. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

4. Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով միայն ինստիտուցիոնալ հավատարմագրման դրական արդյունքի դեպքում բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի:

(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն, փոփ. 19.03.14 N 301-Ն)

5. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում անցնում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր ուսումնական հաստատության կազմում առանձին ժամանակացույցով: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

(5-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն, փոփ. 19.03.14 N 301-Ն)

6. Ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ՈԱԱԿ):

(6-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ինստիտուցիոնալ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 19.03.14 N 301-Ն)

 

7. Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է`

1) ներկայացնի դիմում-հայտ` ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաթղթի.

2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (http://forms.anqa.am):

(7-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն, 29.08.24 N 1374-Ն)

8. Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով՝

1) առաջին փուլ` ինստիտուցիոնալ կարողությունների ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից` ըստ ՈԱԱԿ-ի սահմանած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափի (այսուհետ՝ ինքնավերլուծություն).

2) երկրորդ փուլ` ուսումնական հաստատության ինքնավերլուծության, կրթական և որակի ապահովման գործընթացների իրականացման արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխան (այսուհետ՝ փորձաքննություն).

3) երրորդ փուլ`  ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հավատարմագրման հանձնաժողով), որի ձևավորման և գործունեության ընթացակարգը և կազմը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում,

բ. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում պայմանով,

գ. մերժել ինստիտուցիոնալ հավատարմագրումը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 15.12.11 N 1907-Ն, փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, խմբ.29.08.24 N 1374-Ն)

9. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն:

10. Ուսումնական հաստատությունը կարող է ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմել Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից (ԵԲԿՏ) դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հավատարմագրվել ճանաչված հավատարմագրման կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) ղեկավարը (այսուհետ` նախարար): Ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային օրվա ընթացքում պետք է ՈԱԱԿ-ին տեղեկացնի օտարերկրյա կազմակերպությունների կողմից հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին: Ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում: ՈԱԱԿ-ին չտեղեկացնելու դեպքում ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները չեն գրանցվում հավատարմագրման պետական գրանցամատյանում: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից:

(10-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն, փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն)

11․ ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի սույն կարգի խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում նախարարությունը փաստաթղթերը վերադարձնում է ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականն առձեռն հանձնում ուսումնական հաստատության ներկայացուցչին՝ հավատարմագրման վկայականների հանձնման գրանցամատյանում ստորագրելուց հետո: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայք-էջում։

(11-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

12. Մասնագիտական ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է՝

1) 6 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված չեն թերություններ, ապահովված է որակավորումների արժանահավատ շնորհումը, առկա են զարգացման օրինակներ, կառավարման համակարգն ապահովում է բարելավումների իրականացումը.

2) 4 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերացումներն առանցքային ազդեցություն չունեն որակավորումների արժանահավատ շնորհման վրա, բավարար հիմքեր են ստեղծված բարելավումների համար, և դրանք կարող են իրականացվել 4 տարվա ընթացքում:

4 տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերացումների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը.

3) 4 տարի ժամկետով պայմանով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն ազդեցություն կարող են ունենալ որակավորումների արժանահավատ շնորհման վրա, սակայն իրատեսական է դրանց վերացումը և բարելավումների իրականացումը երկու տարվա ընթացքում:

(12-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 11.12.14 N 1397-Ն, 29.08.24 N 1374-Ն)

12.1. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունը 2 տարին մեկ անգամ պարտավոր է իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ։

(12.1-ին կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն, խմբ. 19.03.14 N 301-Ն, 11.12.14 N 1397-Ն, 29.08.24 N 1374-Ն)

12.2. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

12.3. Պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունների կողմից ինստիտուցիոնալ ներքին գնահատման արդյունքներ ՈԱԱԿ-ին ներկայացնելուց հետո փորձագիտական խումբը մեկ ամսվա ընթացքում կատարում է 2-օրյա այց ուսումնական հաստատություն և ներկայացնում փորձագիտական զեկույց ՈԱԱԿ-ին:

(12.3-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն, խմբ. 19.03.14 N 301-Ն, 29.08.24 N 1374-Ն)

12.4. Պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատության կողմից ներկայացված ինստիտուցիոնալ ներքին գնահատման արդյունքների և փորձագիտական զեկույցի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումները՝

ա. հավատարմագրումը համարել ուժի մեջ ևս 2 տարի, եթե հավատարմագրման հանձնաժողովի որոշման պահանջները սահմանված ժամկետում կատարվել են,

բ. հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչել, եթե հանձնաժողովի որոշման պահանջները սահմանված ժամկետում չեն կատարվել։

(12.4-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն, 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

12.5. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

12.6. ՈԱԱԿ-ը հավատարմագրումը մերժելու մասին որոշումն ու հիմնավորումն ուղարկում է ուսումնական հաստատություն և նախարարություն, ինչպես նաև համապատասխան գրառում կատարում հավատարմագրման պետական գրանցամատյանում։

(12.6-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

12.7. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

13. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվանից մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը, դադարեցվում է պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բոլոր կրթական աստիճանների տեղերի, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը, իսկ ուսումնական հաստատությունը, սույն կարգի համաձայն, երկրորդ անգամ կարող է անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի հետո:

(13-րդ կետը փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, փոփ. 11.12.14 N 1397-Ն, լրաց. 29.08.24 N 1374-Ն)

 

III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

14. Ծրագրային հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է՝

1) ներկայացնի դիմում-հայտ` ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաթղթի.

2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (http://forms.anqa.am).

4) ներկայացնի պետական հավատարմագրման վկայականը:

(14-րդ կետը փոփ. 29.08.24 N 1374-Ն)

15. Ծրագրային հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով՝

1) առաջին փուլ՝ մասնագիտության կրթական ծրագրի, ուսումնական գործունեության ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից` ինքնավերլուծություն՝ ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափի.

2) երկրորդ փուլ` ուսումնական հաստատության ինքնավերլուծության, ուսումնական գործունեության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխան.

3) ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա. շնորհել ծրագրային հավատարմագրում,

բ. շնորհել պայմանական ծրագրային հավատարմագրում,

գ. մերժել ծրագրային հավատարմագրումը:

(15-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, խմբ. 19.03.14 N 301-Ն)

16. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն:

17. Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրերը գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում:

18. (կետն ուժը կորցրել է 19.03.14 N 301-Ն)

19. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի ծրագրային հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային օրվա ընթացքում պետք է տեղեկացնի ՈԱԱԿ-ին օտարերկրյա կազմակերպությունների կողմից ծրագրային հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից (ԵԲԿՏ) դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հավատարմագրվել ճանաչված հավատարմագրման կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Ծրագրային հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում: ՈԱԱԿ-ին չտեղեկացնելու դեպքում ծրագրային հավատարմագրման արդյունքները չեն գրանցվում հավատարմագրման պետական գրանցամատյանում: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից:

(19-րդ կետը խմբ. 19.03.14 N 301-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 19.03.14 N 301-Ն)

21. ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ներդիրի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի ընթացակարգային խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում փաստաթղթերը վերադարձվում են ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականն առձեռն հանձնում ուսումնական հաստատության ներկայացուցչին՝ հավատարմագրման վկայականների հանձնման գրանցամատյանում ստորագրելուց հետո: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում։

(21-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, խմբ. 19.03.14 N 301-Ն, 29.08.24 N 1374-Ն)

22. Ծրագրային հավատարմագրումը տրվում է 5 տարի ժամկետով:

22.1. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները հնարավոր է շտկել ոչ ավելի, քան տարվա ընթացքում:

(22.1-ին կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.2. Պայմանական ծրագրային հավատարմագրում ձեռք բերելու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:

(22.2-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.3. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական հավատարմագրման վկայականի ներդիրը կորցնում է իր ուժը:

(22.3-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.4. Պայմանական ծրագրային հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ծրագրային հավատարմագրման նոր գործընթացին մասնակցելու համար:

(22.4-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.5. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում:

(22.5-րդ կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.6. Ծրագրային հավատարմագրումը մերժելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը, դադարեցվում է ուսումնական հաստատությանը տվյալ կրթական ծրագրով պետության կողմից հատկացվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բոլոր կրթական աստիճանների տեղերի ֆինանսավորումը: Եթե մերժվել է բակալավրի կրթական ծրագրի հավատարմագրումը, ապա հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը դադարեցվում է ուսումնական հաստատությանը պետության կողմից հատկացվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի ֆինանսավորումը բոլոր երեք կրթական աստիճաններում: Ուսումնական հաստատությունը սահմանված ընթացակարգով կարող է անցնել ծրագրային հավատարմագրում 1 տարի հետո:

(22.6-րդ կետը լրաց. 19.03.14 N 301-Ն)

23. Վկայականի և դրա ներդիրի ձևաթղթերը` ՈԱԱԿ-ի ներկայացմամբ, հաստատում է նախարարը: Հավատարմագրման վկայականի և դրա ներդիրի (ներդիրների) տպագրությունը, հաշվառումը և պահպանումն ապահովում է ՈԱԱԿ-ը: Հավատարմագրման վկայականում նշվում են` վկայականի համարը և սերիան, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը, գործունեության վայրը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, գրանցման համարը, վկայականը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Հավատարմագրման վկայականի ներդիրում (ներդիրներում) նշվում են պետական հավատարմագրման վկայականի համարը և սերիան, ներդիրի համարը և սերիան, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի լրիվ անվանումը, հավատարմագրված մասնագիտության դասիչը և անվանումը, որակավորման աստիճանը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, ներդիրը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Ներդիրը (ներդիրները) վավեր է (են) միայն վկայականի առկայության դեպքում:

(23-րդ կետը խմբ. 19.03.14 N 301-Ն)

24. Ուսումնական հաստատությունը պարտավոր է ուսանողներին տեղեկացնել ծրագրային հավատարմագրման արդյունքների մասին:

25. Հավատարմագրման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման որոշումները կարող են բողոքարկվել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին` որոշման հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգով սահմանված կարգով կամ դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(25-րդ կետը փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

27. Չի թույլատրվում պետական հավատարմագրման վկայականը և ներդիրն օտարել, գրավ դնել կամ փոխանցել մեկ այլ անձի:

(27-րդ կետը լրաց. 19.03.14 N 301-Ն)

 

IV. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

28. Դիմում-հայտերը կարող են ներկայացվել ՈԱԱԿ՝ ամբողջ տարվա ընթացքում:

29. ՈԱԱԿ-ը դիմում-հայտն ընդունելու կամ մերժելու հարցը քննարկում և դրա մասին դիմողին գրավոր ծանուցում է ոչ ուշ, քան դիմումն ստանալուց մեկ ամսվա ընթացքում: ՈԱԱԿ-ը մերժում է դիմում-հայտը, եթե`

1) ուսումնական հաստատությունը չունի կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

2) ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է.

3) ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ.

4) ուսումնական հաստատության գործունեությունը կասեցված է.

5) չի լրացրել ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը:

(29-րդ կետը խմբ. 19.03.14 N 301-Ն)

29.1. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտատուն հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու դեպքում կարող է դիմում-հայտը կրկին ներկայացնել ՈԱԱԿ:

(29.1-ին կետը լրաց. 19.03.14 N 301-Ն)

30. ՈԱԱԿ-ը ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման գործընթացներն իրականացնում է դիմում-հայտն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:

(30-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

31. Դիմում-հայտի ընդունումից հետո մեկ շաբաթվա ընթացքում դիմողի և ՈԱԱԿ-ի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր: Պայմանագրում հստակ նշվում են գործընթացի մեկնարկի ամսաթիվը և ժամանակացույցը:

32. Գործընթացի մեկնարկից հետո 12 շաբաթվա ընթացքում ուսումնական հաստատությունը պարտավոր է ՈԱԱԿ ներկայացնել ինքնավերլուծություն:

(32-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

33. Ինքնավերլուծությունը ներկայացվում է հայերենով՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Միջազգային փորձագետ ներգրավելու դեպքում ինքնավերլուծությունը ներկայացվում է նաև անգլերենով:

(33-րդ կետը խմբ. 29.08.24 N 1374-Ն)

34. Ինքնավերլուծության հայերեն և անգլերեն տեքստերի միջև հակասությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը:

35. Ինքնավերլուծությանը կից ներկայացվում է ձևաչափով պահանջվող հիմնավորող փաստաթղթերի փաթեթը:

36. Ինքնավերլուծությունն ստանալուց հետո 5 շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը ընդունում է որոշում ինքնավերլուծությունն ընդունելու կամ վերադարձնելու մասին:

(36-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

37. ՈԱԱԿ-ը ինքնավերլուծությունը վերադարձնում է, եթե`

1) այն չի համապատասխանում ՈԱԱԿ-ի մշակած միասնական ձևաչափին.

2) առկա են բովանդակային, տեխնիկական, կառուցվածքային կամ այլ թերություններ.

3) ինքնավերլուծության մեջ արտացոլված տվյալները ոչ հավաստի են:

38. Նշված թերությունները վերացնելու համար ՈԱԱԿ-ը սահմանում է մեկամսյա ժամկետ:

39. Ինքնավերլուծությունում առկա թերությունները սահմանված ժամկետում վերացնելու և այն կրկին ներկայացնելու դեպքում ՈԱԱԿ-ը ընդունում է նոր որոշում ինքնավերլուծությունն ընդունելու մասին:

40. Ինքնավերլուծությունն ընդունելու մասին որոշման ընդունման պահից հինգշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատություն է գրավոր ներկայացնում փորձագիտական խմբի կազմը: Փորձագիտական խմբի ձևավորման կարգը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից:

(40-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

41. Երկշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատության հետ համաձայնեցնում է փորձագիտական խմբի կազմը:

42. Փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում` ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով` մինչև փորձագիտական խմբի նոր կազմի հաստատումը: Մեկամսյա ժամկետի ավարտից հետո փորձագիտական խմբի նոր կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողությունը դադարեցվում է:

(42-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն, փոփ. 19.03.14 N 301-Ն)

43. Հավատարմագրման հանձնաժողովի հետ համաձայնեցված փորձագետների խմբի վերջնական կազմը, ուսումնական հաստատության հետ համաձայնեցվելուց հետո, հաստատվում է ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով: Փորձագետների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

(43-րդ կետը խմբ. 19.03.14 N 301-Ն)

44. ՈԱԱԿ-ի կողմից փորձագիտական խմբի կազմը հաստատվելու օրվանից 12 շաբաթվա ընթացքում փորձագիտական խումբն այցելում է ուսումնական հաստատություն (այսուհետ` փորձագիտական այց):

(44-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

45. Փորձագիտական այցի ժամանակացույցը, պայմանները, ընթացակարգը և տևողությունը սահմանվում են ուսումնական հաստատության և ՈԱԱԿ-ի փոխադարձ համաձայնությամբ:

46. Փորձագիտական այցը կարող է տևել 3-7 օր:

(46-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

47. Փորձագիտական այցից հետո, անհրաժեշտության դեպքում, ՈԱԱԿ-ը իրավունք ունի պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր:

48. Փորձագիտական այցի ավարտից հետո վեցշաբաթյա ժամկետում փորձագիտական խումբը պատրաստում և ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը:

(48-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, 19.03.14 N 301-Ն)

49. ՈԱԱԿ-ը փորձագիտական զեկույցի նախնական տարբերակն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում այն ուղարկում է ուսումնական հաստատություն:

(49-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, 19.03.14 N 301-Ն)

50. Ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր դիտողություններն ու առարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՈԱԱԿ, իսկ առարկություններ ու դիտողություններ չունենալու դեպքում հավաստում է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր համաձայնությունը: Ուսումնական հաստատության առարկություններն ու դիտողություններն ուսումնասիրությամբ հիմնավորված ճանաչվելու դեպքում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակում կատարվում է համապատասխան փոփոխություն:

51. Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո 7-շաբաթյա ժամկետում փորձագետների խումբը վերջնական փորձագիտական զեկույցը ներկայացնում է ՈԱԱԿ:

(51-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

52. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

53. (կետն ուժը կորցրել է 29.08.24 N 1374-Ն)

54. Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո 12 շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը պաշտոնական համացանցային կայք-էջում հրապարակում է ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման արդյունքները և հավատարմագրման հանձնաժողովի որոշումները:

(54-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, 19.03.14 N 301-Ն, 29.08.24 N 1374-Ն)

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Ինստիտուցիոնալ հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ ուսումնական հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման նոր գործընթացներ սկսելու համար:

(55-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

56. Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների իրականացման համար նախատեսված փորձաքննության, գործուղման և այլ ծախսերը, անկախ գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը` ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված և ՈԱԱԿ-ի կողմից հրապարակված սակագների համաձայն: Ուսումնական հաստատությունները ծախսերի համար նախատեսվող գումարը պետք է փոխանցեն ՈԱԱԿ-ի հաշվարկային հաշվին:

(56-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն)

57. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) հավատարմագրի վավերականության ժամկետը լրացել է.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը.

3) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

58. ՈԱԱԿ-ը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակում է և հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում համապատասխան գրառում:

59. Ուսումնական հաստատությունը 57-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ՈԱԱԿ-ին և դադարեցման մասին տեղեկացնել նախարարությանը։

(59-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

60. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

61. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական։

(61-րդ կետը փոփ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

62. ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվում են փորձաքննության անցկացման ձեռնարկը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափերը։

(62-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն, փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, խմբ. 29.08.24 N 1374-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.12.11 N 1907-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.03.14 N 301-Ն, 11.12.14 N 1397-Ն, 29.08.24 N 1374-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան