Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.06.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
14.06.2024
Дата вступления в силу
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/20

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/20

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25012023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Լևոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Լևոն Հարությունյանի ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ Ծառայությանը սահմանված կարգով Լևոն Հարությունյանի՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգևատրումները, լրացուցիչ աշխատավարձը) ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լևոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը ամբողջությամբ վճարել սահմանված կարգով իր՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգևատրումները, լրացուցիչ աշխատավարձը)։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 11082021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Ծառայությանը պարտավորեցվել է Լևոն Հարությունյանին 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել չվճարված աշխատավարձը, հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Թովմասյան, դատավորներ` Ս Հովակիմյան, Ա Առաքելյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05102022 թվականի որոշմամբ Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 11.08.2021 թվականի վճիռը մասնակի՝ Ծառայությանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած Լևոն Հարությունյանին օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու մասով, բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25012023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05102022 թվականի որոշման դեմ Լևոն Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Լևոն Հարությունյանը (ներկայացուցիչ՝ Գուրգեն Թորոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչներ՝ Գեղամ Պետրոսյան, Հարութ Հարությունյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն վարչական գործով առկա է նոր հանգամանք՝ ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Լևոն Հարությունյանի նկատմամբ կիրառել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշմամբ այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշումը նոր հանգամանք է սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05102022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 11.08.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի (դիմումի) պատասխանի հիմնավորումները.

Օրենսդիրը նախատեսել է աշխատողի՝ իր աշխատանքային պարտականություններն անձամբ կատարելու, այն է՝ փաստացի աշխատանք կատարելու համար գործատուի կողմից համարժեք աշխատավարձ վճարելու պարտավորություն։ Այսինքն, անձին աշխատավարձ վճարելու ամբողջ տրամաբանությունը որոշակի աշխատանք կատարելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելն է, ուստի որևէ աշխատանք չկատարած անձին աշխատավարձ վճարելու տրամաբանությունը բացակայում է։ Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը 2015 թվականի դեկտեմբերից Ծառայությունում որևէ աշխատանք չի կատարել, խոսք չի կարող լինել նրան աշխատավարձ վճարելու մասին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի հրամանատարի 14.10.1994 թվականի թիվ 162 հրամանի քաղվածքի համաձայն՝ պահեստի ավագ լեյտենանտ Լևոն Հարությունյանը նշանակվել է սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների գծով (հատոր 1-ին, գթ 31).

2) Ծառայության քննչական վարչության 18.12.2015 թվականի թիվ 8/5798 գրության համաձայն՝ Ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58217215 քրեական գործով 15.12.2015 թվականին ձերբակալվել է Ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար՝ փոխգնդապետ Լևոն Հարությունյանը: 17.12.2015 թվականին Լևոն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 3 դեպքերով խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը (հատոր 1-ին, գթ 33).

3) Ծառայության տնօրենի 24.12.2015 թվականի թիվ 843-Ագ հրամանի քաղվածքի համաձայն՝ փոխգնդապետ Լևոն Հարությունյանը համարվել է Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ թողնված 15.12.2015 թվականից առանց դրամական բավարարման՝ ազատվելով սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի պետի պաշտոնից (հատոր 1-ին, գթ 32).

4) Ծառայության կադրերի վարչության պետի 30.12.2019 թվականի թիվ 6/5055 գրությամբ հայտնվել է, որ «ՀՀ ԱԱԾ տնօրենի 24.12.2015թ. թիվ 843-Ագ հրամանով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը) Լևոն Պավլուշաի Հարությունյանը 2015թ. դեկտեմբերի 15-ից առանց դրամական բավարարման թողնվել է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ: (…) 15.12.2015 թվականից մինչ օրս զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը Լ. Հարությունյանին վճարելու համար իրավական հիմքեր չկան» (հատոր 1-ին, գթ 13).

5) Ծառայության սահմանապահ զորքերի ֆինանսական բաժանմունքի պետի 17.02.2020 թվականի թիվ 85 տեղեկանքի համաձայն՝ 15.12.2015 թվականից Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ գտնվող փոխգնդապետ Լևոն Պավլուշայի Հարությունյանի աշխատավարձը վճարվել է ամբողջությամբ մինչև 14.12.2015 թվականը ներառյալ (հատոր 1-ին, գթ 34).

6) Ծառայության 14.05.2021 թվականի թիվ 11/384 գրության համաձայն՝ Լևոն Հարությունյանը Ծառայության տնօրենի 24.12.2015 թվականի թիվ 843-Ագ հրամանով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն (ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացվելըթողնվել է Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ 15.12.2015 թվականից մինչև այժմ՝ առանց դրամական բավարարման և ծառայությունից չի արձակվել (հատոր 2-րդ, գթ 67).

7) ՀՀ սահմանադրական դատարանը, Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 25032021 թվականին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 21112023 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1704 որոշումը, համաձայն որի՝ «2«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Լևոն Հարությունյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ամբողջությամբ վճարել սահմանված կարգով իր՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգևատրումները, լրացուցիչ աշխատավարձը)։

Դատարանի 11.08.2021 թվականի վճռով Լևոն Հարությունյանի հայցը բավարարվել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ «(․․․) քրեական հետապնդում հարուցելու փաստը որևէ կերպ չի կարող հիմք դառնալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը: Դա նշանակում է, որ նման հիմքով չի կարող արգելափակվել նաև հանրային ծառայության պաշտոնից ազատվելու` անձի իրավունքը: Ուստի հանրային ծառայության պաշտոնի հետ կապված բոլոր իրավունքները, որոնք քրեական հետապնդման շրջանակներում չեն սահմանափակվել, չեն կարող սահմանափակվել նաև հանրային ծառայությունը կարգավորող ընդհանուր կամ հատուկ օրենքներով: Բացի դրանից, դա նշանակում է նաև հանրային ծառայության պաշտոնով պայմանավորված պարտականությունների անարգել իրականացման ապահովում, ինչից էլ հետևում է, որ մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անձի` վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող և չպետք է սահմանափակվի ո՛չ բովանդակային, ո՛չ էլ ժամանակագրական տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտել է, որ առկա չէ որևէ հիմնավորում` բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի` այդ պաշտոնից ածանցվող որևէ իրավունքի սահմանափակման համար: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը նշել է, որ նշվածը վերաբերելի է ինչպես պետական ծառայության, համայնքային ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնող, այնպես էլ աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտել է, որ մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անձի` վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող և չպետք է սահմանափակվի: (․․․) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական գործում առկա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 17.02.2020թ. տեղեկանքի համաձայն՝ 15.12.2015թ. ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ գտնվող փոխգնդապետ Լևոն Պավլուշաի Հարությունյանի աշխատավարձը վճարվել է ամբողջությամբ մինչև 14.12.2015թ. ներառյալ, Դատարանը գտնում է, որ պատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը պետք է պարտավորեցնել Լևոն Պավլուշաի Հարությունյանին օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել աշխատավարձ, սակայն սկսած 2015 թվականի դեկտեմբերի 15-ից, այլ ոչ թե 2015թ. նոյեմբեր ամսից, ինչպես որ հայցել է Հայցվորը»։

Վերաքննիչ դատարանը 05102022 թվականի որոշմամբ Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 11.08.2021 թվականի վճիռը մասնակի՝ Ծառայությանը 15122015 թվականից սկսած Լևոն Հարությունյանին օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու մասով, բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «(․․․) հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու դեպքում վարձատրության է ենթակա համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո և ծառայողի գործողություններում հանցակազմի բացակայությունը հաստատվելու պարագայում, իսկ Հայցվոր Լևոն Պավլուշաի Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս առկա չէ, այսինքն, չի հաստատվել վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայությունը՝ (․․․) առկա չեն բավարար հիմքեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հայցվող գործողությունը կատարելուն՝ սահմանված կարգով Լևոն Պավլուշաի Հարությունյանի՝ 2015թ. նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ վճարելուն պարտավորեցնելու համար, ուստի, հայցն անհիմն է և ենթակա է մերժման»:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 25012023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05102022 թվականի որոշման դեմ Լևոն Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

Սույն գործով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:

ՀՀ սահմանադրական դատարանը, Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 25032021 թվականին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 21112023 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1704 որոշումը, համաձայն որի՝ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Ի հիմնավորում վերոգրյալ եզրահանգման՝ ՀՀ սահմանադրական դատարանը 21112023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշմամբ արձանագրել է հետևյալը «իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների ուժով ազգային անվտանգության մարմինների ծառայողը, քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու ուժով փաստացի գտնվելով Ծառայության կադրերի տրամադրության տակ (օրենքի իմաստով շարունակելով համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայող), զրկվում է՝

1) ծառայության համար համարժեք վարձատրությունից,

2) վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, կատարելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ազգային անվտանգության մարմինների ծառայողն օրենսդրական կարգավորումների արդյունքում հնարավորություն չի ունենում հոգալու նյութական և սոցիալական նվազագույն պահանջմունքները՝ ապահովելով իր և իր ընտանիքի կենսապահովման նվազագույն կարիքների բավարարումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի1 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրենսդիրն ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում որպես վարձատրության տրամադրման արգելք դիտում է սոսկ ծառայողի նկատմամբ քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստը:

Արդյունքում, կրելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար նախատեսված իրավական սահմանափակումների ողջ բեռը` ազգային անվտանգության մարմինների ծառայողը վիճարկվող դրույթի ուժով չի կարող ստանալ որևէ տեսակի դրամական բավարարում կամ այլ եկամուտ (բացառությամբ օրենքով թույլատրելի վճարովի աշխատանքի)։ Միաժամանակ, նման սահմանափակման տևողությունն այնքանով, որքանով պայմանավորված է համապատասխան քրեական գործի տևողությամբ, չունի ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար իր իրավական վիճակի «տևողության» հարցում որոշակիություն, ինչը, համադրվելով նրա ապրուստի միջոցի սահմանափակման հանգամանքի հետ, չի կարող համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտություն՝ համաչափության սկզբունքին համապատասխան։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում վերջինիս վարձատրության (դրամական ապահովման) իրավունքի երաշխավորումը հանրային իշխանության մարմինների պարտականությունն է:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կադրերի տրամադրության տակ հայտնված ազգային անվտանգության մարմինների ծառայողի համապատասխան դրամական բավարարման չափի և վճարման կարգի պայմանների որոշման հարցը վերապահված է օրենսդրի հայեցողությանը` պայմանով, որ օրենսդրի հայեցողությունը չի կարող հանգեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կադրերի տակ գտնվելու ժամանակահատվածում ապրուստի համար անհրաժեշտ եկամտի բացակայության կամ դրամական բավարարման այնպիսի պայմաններով կամ կարգով վճարման, որը կարող է հանգեցնել հանրային ծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքների՝ տվյալ ժամանակահատվածում առարկայական ազդեցության բացակայության (օրինակ՝ նախատեսված դրամական բավարարման գումարի վճարումն այնպիսի կարգով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին պարբերական վճարումների փոխարեն համապատասխան բավարարումը վճարվի կադրերի տրամադրության տակ գտնվելու ողջ ընթացքի համար հետագայում՝ միանվագ, սակայն ոչ՝ ապրուստի միջոցի համար բնականորեն նախատեսված պարբերականությամբ)։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է առաջնորդվեն սահմանադրաիրավական կարգավորումներին համահունչ այն տրամաբանությամբ, որ հանրային ծառայության անցնելու իրավունքին որևէ միջամտություն չի կարող փաստացի հանգեցնել հանրային ծառայության դիմաց վարձատրություն կամ ողջամիտ դրամական ապահովում ստանալու անհնարինության:

Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և դրանք համադրելով վիճարկվող կարգավորումների հետ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին՝ բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի տրամադրության տակ թողնելը՝ առանց որևէ դրամական ապահովման, մինչև տվյալ գործով վերջնական որոշումը, համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքին, քանզի օրենսդրական կարգավորումները չեն բավարարում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված` հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու` Սահմանադրի պահանջը՝ հանգեցնելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի` հանրային ծառայության անցնելու իրավունքին անհամաչափ միջամտության»։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 21112023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)։

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 21112023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25012023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:

Տվյալ դեպքում նոր փաստեր հետազոտելու անհրաժեշտությունը սույն գործով Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25012023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 05102022 թվականի որոշման դեմ բերված Լևոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 05102022 թվականի որոշումը և ՀՀ սահմանադրական դատարանի 21112023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ օրինական ուժ տալ Դատարանի 11082021 թվականի վճռին։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով։

Նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Լևոն Հարությունյանը վերոնշյալ իրավանորմերի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25012023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։

Լևոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05102022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 11082021 թվականի վճռին։

2 Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

____________________

1 «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: