ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի սեպտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 275-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սեփականատերը հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցներն իրավունք ունի հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին իրազեկելու պահից մեկ տարվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասը «մտադրության» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գույքը հետ չպահանջելով: Սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում դրանք ներմուծելու պահից մեկ տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:» բառերով:
Հոդված 3.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
3. Եթե սույն օրենքի 1-ին հոդվածով նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման պահից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն անցել է ավելի քան վեց ամիս, և օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրազեկվել է, ապա սեփականատերն սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավունք չունի, իսկ եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը չի իրազեկվել, ապա սեփականատերն սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավունքից սահմանված կարգով կարող է օգտվել վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հոկտեմբերի 13 Երևան ՀՕ-179-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|