Գլխավոր տեղեկություն
Номер
N 995-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2024
Дата вступления в силу
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 995-Լ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 995-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները։

2. Վերապատրաստումը մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման հետևողական կատարելագործումն է, այդ թվում` նաև օտարերկրյա պետություններում, որը սույն կարգի համաձայն անցկացվում է դասընթացի կազմակերպման ձևով։

3. Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը վերաբերում է պետական մարմիններում, պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետներին, համայնքը սպասարկող անասնաբույժներին, ինչպես նաև անասնաբույժի որակավորում ունեցող և մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) մասնագիտական ստորաբաժանման կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների կարիքների վերհանման և գնահատման արդյունքում ընտրվում են վերապատրաստման թեմաներ՝ սույն կարգի 17-րդ կետի վերապատրաստման կարիքների գնահատման չափորոշիչների հիման վրա։

5. Անասնաբուժության ոլորտում անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների կարիքների վերհանման և գնահատման արդյունքում ընտրվում են վերապատրաստման թեմաներ՝ սույն կարգի 17-րդ կետի վերապատրաստման կարիքների գնահատման չափորոշիչների հիման վրա և վերապատրաստման մասնակցության վերաբերյալ նախարարությանը ներկայացվում է գրավոր առաջարկություն։

6. Դասընթացների անցկացման համար թեմաներն ընտրվելուց հետո՝ վերապատրաստման դասընթացի կազմակերպման և անցկացման կարգի, առաջարկի ներկայացման ձևաչափի, պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը նախապես՝ վերապատրաստման դասընթացի կազմակերպման համար գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթից երկու ամիս առաջ, տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքում։

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Վերապատրաստման դասընթացը կազմակերպվում է առկա կամ հեռավար, վերջինիս կազմակերպման ձևը որոշում է նախարարությունը։

8. Վերապատրաստման դասընթացը կազմակերպվում է հեռավար՝ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներից ելնելով (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն)։

9. Համայնքը սպասարկող անասնաբույժը մասնակցում է վերապատրաստման դասընթացին՝ համայնքի աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեի միջոցների հաշվին։

10. Համայնքի աշխատակազմի քարտուղարի կողմից նախարարությանը ներկայացվում է համայնքը սպասարկող անասնաբույժի մասնակցության վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ մինչև սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։

11. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք մասնակցում են վերապատրաստման դասընթացին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին։

12. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից վերապատրաստման մասնակցության վերաբերյալ նախարարությանը ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ մինչև սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։

13. Նախարարությունը սույն կարգի 10–րդ և 12–րդ կետերով սահմանված գրավոր առաջարկությունը ստանալուց հետո գրավոր պատասխանում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

14. Սույն կարգի 10–րդ և 12–րդ կետերով սահմանված դրույթների ապահովման դեպքում համայնքի աշխատակազմի քարտուղարը, ֆիզիկական և իրավաբանական անձինք դասաժամերի համար հաշվարկված ֆինանսական միջոցները փոխանցում են վերապատրաստման դասընթացի կազմակերպման համար գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատության կամ կազմակերպության հաշվին։

15. Վերապատրաստման կազմակերպումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է՝

1) «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» պետական պատվերի ծրագրում ընդգրկված գյուղատնտեսական կենդանիների, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների կանխարգելման, լաբորատոր ախտորոշման և դաշտային համաճարակաբանական վերլուծության.

2) «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ծրագրի միջոցառումների կատարման շրջանակներում.

3) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայքում հրապարակված երկրներում արձանագրված կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման, լաբորատոր ախտորոշման և համաճարակաբանական վերլուծության, Հայաստանի Հանրապետություն ներթափանցման կանխարգելման և այլ ուղղություններով.

4) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծրագրի շրջանակներում.

5) ելնելով անասնաբույժի կողմից իրականացվող գործառույթներից՝ մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված կարիքներից։

 

III. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Վերապատրաստման կարիքների գնահատումն իրականացվում է հարցազրույցի ձևով։

17. Վերապատրաստման կարիքների գնահատման չափորոշիչներն են՝

1) անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ, կենդանիների հաշվառման և համարակալման միջոցառումների իրականացման թերակատարման պատճառները.

2) համաճարակաբանական տվյալների հավաքագրման և վերլուծության թերացումները.

3) լաբորատոր փորձաքննության և արագ ախտորոշման գործընթացներում առկա դժվարությունները, ոչ արդիական մեթոդների կիրառությունը և մասնագիտական պատրաստվածության թերացումների գնահատումը.

4) ԿԱՀԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված երկրներում արձանագրված կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման, լաբորատոր ախտորոշման, վերահսկողության և համաճարակաբանական տվյալների վերլուծության արդյունքները.

5) անասնաբուժության ոլորտում իրավական ակտերի և դրանց մշակման մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների անհամապատասխանությունը։

18. Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում նախարարության մասնագիտական ստորաբաժանման կողմից իրականացվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարիքների վերհանում և գնահատում, որից հետո տասնօրյա ժամկետում ներկայացվում է վերապատրաստման դասընթացի անցկացման համար թեմատիկ ծրագրի մշակման առաջարկություն՝ անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման ծրագիրը հաջորդ տարվա նախարարության բյուջետային հայտում ներառելու և դասընթաց կազմակերպելու մասին։

19. Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանման կողմից իրականացվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների շրջանում վերապատրաստման կարիքների վերհանում և գնահատում։

20. Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում համայնքի աշխատակազմի քարտուղարի կողմից իրականացվում է համայնքը սպասարկող անասնաբույժների վերապատրաստման կարիքների գնահատում՝ նախարարության անասնաբույժի որակավորում ունեցող աշխատակցի մասնակցությամբ։

21. Անասնաբույժի որակավորում ունեցող և մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպության վերապատրաստման կարիքների գնահատումն իրականացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածում։ Վերջինս կարող է հրավիրել նախարարության անասնաբույժի որակավորում ունեցող աշխատակցի։

22. Մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով՝ սեփական կարիքներից ելնելով, ֆիզիկական անձիք սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածում ներկայացնում են դիմում։

23. Վերապատրաստման ենթակա անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների կազմը (անուն, ազգանուն, պաշտոն) հաստատում է՝

1) նախարարությունում՝ նախարարության գլխավոր քարտուղարը.

2) նախարարության ենթակայությամբ գործող ոլորտային կազմակերպությունում՝ կազմակերպության տնօրենը.

3) տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարը։

24. Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, բացառությամբ՝ 11-րդ կետով սահմանված իրավակարգավորումների։

25. Նախարարության, նախարարության ենթակայությամբ գործող ոլորտային կազմակերպության (կազմակերպությունների), անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի մասնագիտական ստորաբաժանման կողմից վարվում են էլեկտրոնային գրանցամատյաններ՝ ըստ վերապատրաստում անցած անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների, վերապատրաստման տարեթվերի և թեմաների։

26. Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետը կազմակերպվող թեմայով վերապատրաստման դասընթացին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում՝ հնարավորություն է տրվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացին:

27. Վերապատրաստման ընթացքում պահպանվում է վերապատրաստվող մասնագետի աշխատատեղը և աշխատավարձը։

28. Վերապատրաստում անցած անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետին ուսումնական հաստատության կողմից տրվում է համապատասխան վկայական (հավաստագիր):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան