Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.06.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
28.06.2024
Дата вступления в силу
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2257/05/20
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2257/05/20

 

Նախագահող դատավոր՝  Կ Բաղդասարյան

Դատավորներ՝

 Ա. Սարգսյան

 Կ Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

 

2024 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վարչապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09062022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Էմին Ավետիսյանի ընդդեմ ՀՀ վարչապետի և ՀՀ վարչապետի աշխատակազմի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ վարչապետի 31032020 թվականի թիվ 406-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Էմին Ավետիսյանին զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, հօգուտ Էմին Ավետիսյանի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար՝ որպես հարկադիր պարապուրդի վճար բռնագանձելու, որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ նաև այդ գումարի համար տոկոսադրույք՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը հաշվարկելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էմին Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի 31032020 թվականի թիվ 406-Ա որոշումը, որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետին իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին, հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար՝ որպես հարկադիր պարապուրդի վճար, որպես ածանցյալ պահանջ՝ հաշվարկել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ նաև այդ գումարի համար տոկոսադրույք՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Է Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09062022 թվականի որոշմամբ Էմին Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 28.04.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ ՀՀ վարչապետի 31032020 թվականի թիվ 406-Ա որոշումը ճանաչվել է անվավեր, Էմին Ավետիսյանը վերականգնվել է զբաղեցրած պաշտոնին, պատասխանողներից հօգուտ Էմին Ավետիսյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար՝ որպես հարկադիր պարապուրդի վճար: Մնացած մասով, Դատարանի 28.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետը (ներկայացուցիչ՝ Արման Թադևոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նշանակման և ազատման հետ կապված վեճի առարկա հարաբերություններն ինքնաբավ կարգավորված են ՀՀ ոլորտային օրենսդրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքներով, որպիսի պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները կիրառելի չեն:

Վերաքննիչ դատարանը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառել է «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան», անդրադարձ է կատարել դրանով սահմանված աշխատանքային ոլորտի երաշխիքներին, մինչդեռ վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» դրույթները կիրառելի չեն՝ հաշվի առնելով նույն խարտիայի «Սահմանափակումներ» վերտառությամբ «Է» հոդվածը, ինչպես նաև հանրային ծառայության բնույթը, հանրային և, մասնավորապես, վարչական պաշտոնների կարգավիճակից բխող առանձնահատկությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09062022 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) ՀՀ վարչապետը, ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, 31.03.2020 թվականին կայացրել է թիվ 406-Ա որոշումը, որով Էմին Ավետիսյանին ազատել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից (հատոր 1-ին, գթ 25)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացվող պատճառաբանությամբ

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը

- արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումները կիրառելի են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին նշանակելու և ազատելու իրավահարաբերությունների նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք):

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են (...) Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների (...) պաշտոնները:

Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Օրենքի 31-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով:

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, ինչպես նաև նրա (նրանց) նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պաշտոնը պետական պաշտոնի տարատեսակ է, և վարչական պաշտոնների սպառիչ շրջանակը սահմանված է Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով։ Վարչական պաշտոն է, ի թիվս այլնի, Կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին հանդիսացող տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնը, ում պաշտոնի է նշանակում ու ազատում ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային հարաբերությունների կարգավորումներին, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ սահմանադրական դատարանը 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ: ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները «(․․․) հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն այդ պաշտոնում նշանակումը, այլ նաև տվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է տվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով»։ «(․․․) Օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին՝ օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ առանց սահմանափակելու նույն հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը»։ «(․․․) վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը»։ «(․․․) «Հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» փոխադարձ հարաբերությունների (․․․) բնույթն անառարկելիորեն թելադրում է պետական վարչական պաշտոնում նշանակման և դրանում պաշտոնավարման շարունակականության հարցում իրավասու (ներառյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու առաջարկությամբ հանդես գալու լիազորություն ունեցող) մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրա գործունեության ընթացիկ գնահատականին համահունչ հայեցողության շրջանակ, որի սահմանումը վերապահված է օրենսդրին»։ «(․․․) Օրենքով նախատեսված հատուկ հիմքերը (Օրենքի 6-րդ հոդվածի 2, 3-րդ մասեր, 31-րդ հոդվածի 17-րդ մաս) ոչ թե բացառում են պետական վարչական պաշտոնից ազատման հարցում համապատասխան իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը, այլ ներառված են հայեցողության այդ շրջանակում (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս)»։ «(...) պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցի լուծումն Օրենքով վերապահված է այդ պաշտոնում նշանակման և դրանից ազատման (օրենքով նախատեսված դեպքերում նաև նման առաջարկություն ներկայացնելու) լիազորություն ունեցող մարմնի հայեցողությանը (․․․)»:

Հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այն մեկնաբանությամբ, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ»՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ մեկնաբանության հիմքում ընկած վերը նշված իրավական դիրքորոշումների իրավաբանական ուժին, էությանն ու բովանդակությանը: ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումների իրավաբանական ուժին, էությանն ու բովանդակությանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում: Այսպես, անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների բնույթին, բովանդակությանն ու իրավաբանական ուժին, ՀՀ սահմանադրական դատարանն ամրագրել է. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը: (...) Սահմանադրական դատարանն իր ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում կարևորել է իրավակիրառող սուբյեկտների կողմից սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր հաշվի առնելու հանգամանքը, որպես նաև սահմանադրական արդարադատական միջազգային պրակտիկայում հաստատված կանոն»:

Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկություններից` ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները.

ա/ անմիջականորեն բխում են սահմանադրական դատարանի լիազորություններից, հետևաբար` կրում են պաշտոնական բնույթ,

բ/ ունեն կոնկրետ իրավական հետևանք, հասցեագրված են ինչպես տվյալ գործով կոնկրետ, այնպես էլ հանրային-իրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտներին (համընդգրկուն են),

գ/ ունեն գործողության անսահմանափակ ժամկետ, կարող են փոփոխվել միայն սահմանադրական դատարանի որոշումներով,

դ/ կոչված են ՀՀ իրավահամակարգում և իրավակիրառական պրակտիկայում նպաստելու իրավական անորոշության վերացմանը, դրվում են իրավահարաբերությունների սահմանադրականացման հիմքում, ունեն նախադեպային բնույթ,

ե/ մինչև վեճի առարկա հարաբերության նորմատիվ կարգավորումը, որոշ դեպքերում նաև իրավակարգավորման ժամանակավոր միջոց են,

զ/ ՀՀ Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություններ են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշումը):

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «(...) սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան միարժեք վկայում է, որ սահմանադրական արդարադատության մարմինների որոշումներում Սահմանադրության կամ օրենքի նորմի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) միջոցով արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր բնույթ ունեն ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար» (տե՛ս, ՀՀ սահմանադրականի դատարանի 13.10.2009 թվականի ՍԴՈ-833 որոշումը):

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), 2011թ. հունվարի 17-18-ի նստաշրջանում հաստատելով անհատական դիմումների հիման վրա սահմանադրական արդարադատության իրականացման փորձն ամփոփող զեկույցը, արձանագրել է, որ «երբ սահմանադրական դատարանը որոշակի մեկնաբանության միջոցով սահմանադրականության ապահովման իր գործառույթն իրականացնելիս պարտավորեցնում է պետական բոլոր մյուս մարմիններին նորմատիվ ակտը կիրառել միայն սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության համապատասխանող ճանաչված որոշակի մեկնաբանությամբ, նորմատիվ ակտն իրավաբանական ուժից չի զրկվում: (…) Սակայն այս հարցում հստակություն մտցնելու համար անհրաժեշտ է այդ խնդիրն օրենսդրորեն կանոնակարգել, որպեսզի բոլոր պետական մարմինները, այդ թվում դատարաններն առաջնորդվեն սահմանադրական դատարանի կողմից տրված սահմանադրական մեկնաբանություններով (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշման հիման վրա, ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավաբանական ուժի վերաբերյալ վերն արտահայտված դիրքորոշումներին համահունչ, ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայել և զարգացրել է Իգոր Սարգսյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ ՎԴ/9829/05/19 վարչական գործով 03.05.2023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, ըստ որի՝ վարչական պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կարգավորման են ենթակա նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով:

ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները հանդիսանում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների բաղկացուցիչ մասը և կարևորվում են այդ որոշումների կատարումն ապահովելու համար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, պաշտոնավարման դադարեցումը վերապահված է այդ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական մարմնի՝ ՀՀ վարչապետի հայեցողությանը, և այդ գործընթացում ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի չեն:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Էմին Ավետիսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի 31032020 թվականի թիվ 406-Ա որոշումը, որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետին իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին, հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար՝ որպես հարկադիր պարապուրդի վճար, որպես ածանցյալ պահանջ՝ հաշվարկել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ նաև այդ գումարի համար տոկոսադրույք՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը։

Դատարանը 28.04.2021 թվականի վճռով հայցը մերժել է՝ գտնելով, որ «(․․․) Կառավարությանը ենթակա պետական մարմնի, այն է՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը վարչական պաշտոն է, պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, վարչական պաշտոն զբաղեցնող անձի ազատման լիազորությունը գտնվում է վերջինիս տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի բացարձակ հայեցողական շրջանակում:

Նույն կարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վարչական պաշտոնին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ՝ պայմանավորված դրանց գործառնական բնույթով, ինչը արտահայտված է նաև օրենքով սահմանված՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին ազատելու ընթացակարգում»:

Դատարանը գտել է, որ ՀՀ վարչապետի 31032020 թվականի թիվ 406-Ա որոշումը կայացվել է օրենքի պահանջներին համապատասխան, իրավաչափ է, իսկ այն անվավեր ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, 09062022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը, գտել է «(․․․) պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձն այդ պաշտոնից կարող է ազատվել ոչ միայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերոնշյալ հիմքերի (դրանցից որևէ մեկի) առկայության դեպքում, այլ դրանց բացակայության դեպքում՝ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերի (դրանցից որևէ մեկի) առկայության դեպքում. օրինակ՝ պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձի՝ տվյալ պաշտոնին չհամապատասխանելու դեպքում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 120-րդ հոդվածի 1-ին մաս), պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սահմանված կարգով իր վրա դրված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ) կամ վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)»:

Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «(․․․) քննարկվող դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի 31.03.2020 թվականի «Էմին Ավետիսյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 406-Ա որոշմամբ պետք է բացահայտված լիներ Էմին Ավետիսյանին պաշտոնից ազատելու կոնկրետ հիմքը, այլ կերպ ասած՝ վերջինիս՝ որպես աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման՝ օրենքով նախատեսված կոնկրետ պատճառը, ինչը, սակայն, բացակայում է»։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր չէ Դատարանի դիրքորոշումն առ այն, որ «(․․․) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը կայացվել է օրենքի պահանջներին համապատասխան, իրավաչափ է, իսկ այն անվավեր ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են»։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

Սույն գործով Էմին Ավետիսյանը ՀՀ վարչապետի 31.03.2020 թվականի թիվ 406-Ա որոշմամբ ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, այն է՝ տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, ինչպես նաև նրա (նրանց) նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Սույն գործի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի նորմը կիրառելով ՀՀ սահմանադրական դատարանի 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշմամբ տրված՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ և հիմք ընդունելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էմին Ավետիսյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումն ընդունելիս ՀՀ վարչապետն իրացրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Էմին Ավետիսյանի պաշտոնավարումը դադարեցնելու հայեցողությունը։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Էմին Ավետիսյանն իրավաչափորեն է ազատվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ուստի ՀՀ վարչապետի 31.03.2020 թվականի թիվ 406-Ա որոշումը ենթակա չէ անվավեր ճանաչման։

Վիճարկվող որոշման իրավաչափ լինելու պայմաններում անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն Էմին Ավետիսյանին զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, հօգուտ Էմին Ավետիսյանի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար՝ որպես հարկադիր պարապուրդի վճար, բռնագանձելու պահանջի բավարարման վերաբերյալ, և այդ մասերով ևս հայցը ենթակա է մերժման։ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։

Հաշվի առնելով, որ Էմին Ավետիսյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչապետի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Էմին Ավետիսյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09062022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28.04.2021 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: