ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2248-Ա |
«19» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ 2-ՐԴ ՇԱՐՔ 6-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԶՈՅԱ ԶԱՎԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՐԱՄԻ ՄՈՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 21.06.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 05.04.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ալեքսանդր Մանուկյան» Ա/Ձ-ի կողմից 18.12.2022թ. տրված բացատրագիրը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (14.12.2022թ. հ.Դ-120665-22, 02.05.2023թ. հ.Դ-51378-23).
1. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նոր Խարբերդի 2-րդ շարք 6-րդ փողոց հ.12 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։
2. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ 2-րդ շարք 6-րդ փողոց հ.12 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.08.2008թ. հ.2599452 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022KEGFDE) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Զոյա Զավենի Գևորգյանի և Լևոն Արամի Մոսոյանի կողմից ինքնակամ իրականացված 104.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /այգետնակ՝ 88.7 քառ.մետր, ջրավազան՝ 7.7 քառ.մետր, հավաբուն՝ 7.7 քառ.մետր)/ ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 204973 (երկու հարյուր չորս հազար ինը հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|