ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 917-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի սեփականությունը հանդիսացող, մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Զառ, Պ․ Հարությունյան փողոց 1 հասցեում գտնվող 1․28555 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04042024-07-0129) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ գյուղի վարչական տարածքում նոր դպրոցի (այսուհետ՝ դպրոց) կառուցման նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել դպրոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դպրոցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Զառի Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել դպրոցի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա կառուցվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի (դպրոցի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) փաթեթը ներկայացնել կոմիտե։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |