Գլխավոր տեղեկություն
Номер
N 895-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 17.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2024
Дата вступления в силу
18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 895-Լ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-838-3.05.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-838-3.05.2024-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝

1. նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ գլխի վերնագրում «ԻՐԱՑՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԱՏՆԻՑ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ» բառերով:

Օրենքի՝ դրանում կիրառվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով սահմանվում է «բժշկական հաստատության դեղատուն» հասկացությունը՝ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է դեղատնային գործունեություն բժշկական հաստատության կարիքների համար՝ բացառությամբ դեղերի իրացման:

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծով լրացվող նոր կարգավորումներում կիրառել օրենքում սահմանված հասկացությունը, միաժամանակ առաջարկում ենք խմբագրել օրենքի այն կարգավորումները, որոնցում ևս կիրառված չէ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետի հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներից՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԱՏՆԻՑ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԻՑ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ» բառերով:

2. Նախագիծ 2-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 25-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատների գործունեության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ կարգի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:»:

Օրենքի գործող 25-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատներին և դրանց գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այս առումով առաջարկում ենք կրկնությունից խուսափելու նպատակով 25-րդ հոդվածի 14-րդ մասը նոր նախադասությամբ լրացնելու փոխարեն շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բժշկական հաստատության դեղատներին և դրանց գործունեությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ դեղատների գործունեության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բժշկական հաստատության դեղատների գործունեության իրականացման կարգի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:»:

3. «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝

«Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ ոչնչացնող) կողմից էլեկտրոնային փոստով դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին առնվազն 5 աշխատանքային օր առաջ տրամադրում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն՝ ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի (դեղահատ, դեղապատիճ, ամպուլա, տուփ, բլիստեր, սրվակ, փամփուշտ, գրիչ-ներարկիչ, փաթեթիկ և այլն), սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի(ների) տվյալների վերաբերյալ։ Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ոչնչացման գործընթացի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն: Ոչնչացնողն ապահովում է ոչնչացման գործընթացի տեսաձայնագրումը, որը պահպանվում է առնվազն մեկ տարի: Տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը։ Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն։»:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝

1. նախագծի 1-ին հոդվածում «47.3 հոդվածը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «47.3-րդ հոդվածը» բառերով.

2. նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 47.3-րդ հոդվածի նոր լրացվող 24-րդ մասի համաձայն՝ բժշկական հաստատության դեղատնից դեղերի բացթողնման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Սույն կարգավորման խմբագրման անհրաժեշտությունը կարող է բխել «Դեղերի մասին» օրենքում կատարվող լրացումների վերաբերյալ ներկայացված դիտարկումներից և առաջարկներից։

Հարկ է նշել, որ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացման համաձայն՝ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատների գործունեության իրականացման կարգի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն: Մինչդեռ սույն նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի 47.3-րդ հոդվածում նոր լրացվող 24-րդ մասում նշված է՝ դեղերի բացթողնման կարգը խախտելը:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է շտկել նշված անհամապատասխանությունը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին.

3. նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի 47.3-րդ հոդվածի նոր լրացվող 25-րդ մասով նույն գումարի չափով (նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով) տուգանքի նշանակում է նախատեսվում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին դեղերի ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելու արարքների համար:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (…) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն»:

Նույն օրենսգրքի 22–րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել (…) օրենքները պահպանելու, (…) հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը»:

Օրենսգրքի մեկ այլ՝ 32-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

Վերոգրյալ իրավական կարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները հարգելու ոգով, կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Նշված նպատակներին հասնելու լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս և նշանակելիս արդարության և համաչափության սկզբունքների պահպանումը:

Վարչական տույժի արդարությունը դրսևորվում է զանցանքին վարչաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև զանցանքի և վարչաիրավական ներգործության միջոցների (տույժի) համաչափության ապահովմամբ: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև համաչափության սահմանադրական սկզբունքին, քանզի պատասխանատվության միջոց սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները սահմանափակված են Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակն ու պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը: Այլ կերպ ասած՝ կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս հաշվի են առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու և այլ անձանց կողմից ևս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով համաչափության սկզբունքին՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-920, ՍԴՈ-924, ՍԴՈ-1546) արձանագրել է, որ՝

«1) համաչափության սկզբունքը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք),

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության տեսակների, չափերի սահմանման իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է պատասխանատվության, ինչպես նաև սահմանում է պատասխանատվության միջոցները, տեսակներն ու չափերը.…():

Օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է սահմանադրական սկզբունքներով.…(): Հանրային իշխանության իրականացումը նախ և առաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով: Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն մի կողմից սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի, իսկ մյուս կողմից՝ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի առջև»:

Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, և սանկցիայի չափ սահմանելիս օրենսդիրը հատուկ ուշադրություն պետք է դարձնի իրավախախտման բնույթին, մասնավորապես՝ նախագծով նախատեսվող վարչական իրավախախտումների համար պատասխանատվության չափի սահմանման հիմքում ևս պետք է դրված լինի սանկցիաների համաչափության սկզբունքը:

Վերոշարադրյալի համատեքստում գտնում ենք, որ դեղերի ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը հանրային վտանգավորության առումով ավելի լուրջ հետևանքների հանգեցնող իրավախախտում է, քան նշված տեղեկությունը սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը, ուստի առաջարկում ենք նշված զանցանքների համար սանկցիաներ նախատեսելուց հաշվի առնել համաչափության սկզբունքը: