Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2024
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
09.07.2024
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
27.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0110 Ն. 09.07.24

 

9 հուլիսի 2024 թվականի

թիվ 110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի փոխանակման աճուրդների և պետական գանձապետական գնաճին կցված արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իգ1» կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,

2) Որոշման 6.1 կետում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,

3) Որոշմամբ հաստատված Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 110-Ն որոշման

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 142-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման և փոխանակման արդյունքում վերջնահաշվարկ իրականացնողի կողմից վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) Էլեկտրոնային հաղորդագրություն (այսուհետ՝ ԷՀ)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից հաստատված Էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման համակարգի էլեկտրոնային ստանդարտացված հաղորդագրություն,

2) «Առաքում վճարման դիմաց» սկզբունք՝ Պարտատոմսերի փոխանցում Թողարկողի և Մասնակիցների Դեպո հաշիվների միջև, որը միաժամանակ ուղեկցվում է Թողարկողի և Մասնակիցների միջև դրամական միջոցների փոխանցմամբ,

3) Մասնակիցների դրամական հաշիվներ՝ Մասնակիցների դրամական հաշիվները Կենտրոնական բանկում, ընդ որում, բանկերի դեպքում՝ թղթակցային հաշիվները,

4) Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)` Կենտրոնական պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառումը և դեպո հաշիվներով հաշվարկների իրականացումն ապահովող համակարգ։

3. Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, փոխանակման, շրջանառության և մարման» և «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական գնաճին կցված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման» կարգերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի երեքի թիվ 1/544 Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգով», պետական պարտատոմսերով գործառնությունները կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված նշանակությունը։

4. Սույն կարգի իմաստով պարտատոմս չեն համարվում Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը։

 

ԳԼՈՒԽ 3. ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Վերջնահաշվարկ իրականացնողի գործառույթները կատարում է Կենտրոնական բանկը։

6. Վերջնահաշվարկն իրականացվում է վերջնահաշվարկի ամսաթվին՝ ժամը 10:00-ից մինչև 16:50-ը։ Եթե վերջնահաշվարկի ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնահաշվարկի ամսաթիվ է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

7. Վերջնահաշվարկի համար օգտագործվում են Կենտրոնական բանկում Մասնակիցների դրամական և ազատ կարգավիճակով դեպո հաշիվներն ու թողարկողի դրամական և տեղաբաշխման ենթակա (հետ գնված) պարտատոմսերի դեպո հաշիվները:

8. Վերջնահաշվարկի ժամանակ տեղաբաշխման, հետգնման, փոխանակման և մարման (արժեկտրոնի վճարման) հետ կապված հաշվանց չի կատարվում:

9. Միևնույն վերջնահաշվարկի ամսաթվով մեկ կամ մի քանի տեղաբաշխման, հետգնման կամ փոխանակման վերջնահաշվարկները կատարվում են միմյանցից անկախ՝ ըստ ԷՀ-ների ստացման հաջորդականության՝ առաջինը հասանելի՝ առաջինը ելք սկզբունքով:

10. Վերջնահաշվարկն իրականացվում է ըստ ՀՏ515-ում նշված յուրաքանչյուր գործարքի առանձին՝ գործարքների հաջորդականությանը (հերթականությանը) համապատասխան՝ Առաքում վճարման դիմաց սկզբունքով, իսկ փոխանակման դեպքում՝ Թողարկողի և Մասնակցի դեպո հաշիվների միջև Պարտատոմսերի երկկողմանի միաժամանակյա փոխանցմամբ, որը միաժամանակ ուղեկցվում է վերջիններիս դրամական հաշիվների միջև միջոցների փոխանցմամբ:

11. ՀՏ515-ում նշված որևէ գործարքի վերջնահաշվարկի կատարման համար համապատասխան դրամական կամ դեպո հաշիվներին դրամական միջոցների կամ պարտատոմսերի անբավարարության դեպքում տվյալ գործարքի վերջնահաշվարկը չի կարող կատարվել մասնակի, ինչպես նաև տվյալ ՀՏ515-ում նշված հաջորդ գործարքների վերջնահաշվարկը ևս չի կատարվում՝ անկախ իրականացման հնարավորությունից։

12. Յուրաքանչյուր անգամ ՀՏ515-ի որևէ գործարքի վերջնահաշվարկը չկատարվելու դեպքում անցում է կատարվում հաջորդ ՀՏ515-ի կատարմանը:

13. Համակարգում սահմանված հաճախականությամբ (յուրաքանչյուր 20 րոպեն մեկ) փորձ է արվում կատարել չկատարված գործարքները մինչև ժամը 16:50-ը, որից հետո չկատարված յուրաքանչյուր գործարք մերժվում է:

14. ՀՏ575 տրամադրվում է Գործարքի կնքման ամսաթվին, բայց ոչ ուշ, քան վերջնահաշվարկի ամսաթվի ժամը 15:00-ն:

15. ՀՏ515 տրամադրվում է ըստ յուրաքանչյուր Մասնակցի մինչև վերջնահաշվարկի ամսաթվի ժամը 15:00-ն՝ միայն ՀՏ575 տրամադրումից հետո, այլապես այն մերժվում է:

16. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից յուրաքանչյուր ԷՀ ստանալուց հետո իրականացվում է ԷՀ-ի՝ ձևաչափի, տրամաբանության, ամբողջականության, սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգում, որի արդյունքում անհամապատասխանության դեպքում՝ ԷՀ-ն մերժվում է, հակառակ դեպքում պահպանվում Համակարգում մինչև վերջնահաշվարկի կատարման օրը:

 

ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

17. Վերջնահաշվարկի համար համապատասխան ԷՀ-ների առաքումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Տեխնիկատեղեկատվական վթարների դեպքում վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը պարունակող ֆայլը մուտքագրվում է Համակարգ Կենտրոնական բանկում տեղադրված պահուստային տերմինալից:

18. Աճուրդի համակարգի օպերատորի կողմից վերջնահաշվարկ իրականացնողին է տրամադրվում ՀՏ575 և ՀՏ515։

19. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից Աճուրդի համակարգի օպերատորին տրամադրվում է ՀՏ535։

20. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից վերջնահաշվարկի ամսաթվին ստորև նշված անձանց տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը (ՀՏ516).

1) Աճուրդի համակարգի օպերատորին՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին՝ նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները,

2) Թողարկողին՝ Աճուրդի համակարգի օպերատորին տրված տեղեկատվության պատճենը

3) Յուրաքանչյուր մասնակցի՝ միայն տվյալ մասնակցի մերժված և կատարված գործարքների մասին:

21. Մասնակիցներին և Թողարկողին ուղարկվում է կնքված գործարքների կատարման արդյունքում դրամական շարժի մասին ՀՏ 900/ՀՏ910:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան