Գլխավոր տեղեկություն
Номер
N 875-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2024
Дата вступления в силу
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 875-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1220-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։».

3) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը (այսուհետ՝ փոխհատուցման պայմանագիր) կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։ Սույն ծրագրով նախատեսվող պետական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր հողամասի համար մեկ անգամ՝ շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր սահմանվում է սահմանափակում առ այն, որ շահառուն փոխհատուցումն ստանալու պահին հաջորդող առնվազն 5 տարվա ընթացքում՝

1) չի կարող բաժանել սեփականության (համատեղ սեփականության, բաժնային սեփականության) իրավունքով իրեն պատկանող միավորված հողամասն առանձին միավորների.

2) չի կարող փոփոխել միավորված հողամասի նպատակային նշանակությունը.

3) պարտավորվում է ապահովել միավորված հողամասի պարտադիր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով` իրականացնելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն.

4) կարող է միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող բաժինը) վարձակալության հանձնել միայն այն դեպքում, եթե պարտավորվում է ապահովել ծրագրով և պայմանագրով սահմանված պարտավորությունները.

5) պարտավորվում է միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող բաժինը) օտարել միայն նախարարության համաձայնությամբ (նախարարությունը համաձայնություն կտա, եթե օտարվող հողամասի մակերեսը լինի առնվազն շահառուի կողմից ծրագրի շրջանակում միավորված հողամասի մակերեսի չափով), պայմանով, որ միավորված հողամասի օտարման պայմանագրի կողմ է հանդիսանալու նաև նախարարությունը: Ընդ որում՝ պայմանագրի պարտադիր պայմաններ են սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված և գնորդի կողմից 5 տարի միավորված հողամասը չօտարելու պարտավորությունները, ինչպես նաև դրանք, գնորդի կողմից խախտվելու դեպքում, ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված աջակցության չափով տուգանքը պետական բյուջե վճարելու գնորդի պարտավորությունը: Նախարարությունը պարտավորվում է պայմանագիրը վավերացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրից բխող սահմանափակումներն անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցելու համար ներկայացնել դիմում: Պայմանագրի գործողության ընթացքում նախարարությունը ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով:».

4) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ և դրանց սահմանների միավորմամբ (բացառությամբ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված միավորման անհնարինության դեպքերի)՝ սույն կետով նախատեսված հանրագումարային մակերեսով (այսուհետ՝ միավորված հողամաս), խթանել հանրապետությունում առկա գյուղատնտեսական նշանակության մասնատված հողակտորների խոշորացումը։ Ծրագրի 4-րդ կետով սահմանված չափով պետական աջակցություն ստանալու համար միավորված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 5 հա, ընդ որում՝ աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա-ի (ներառյալ) համար: Շահառուի կողմից փոխհատուցման պայմանագրով սահմանված միավորվող հողամասի մակերեսից քիչ մակերեսով (սակայն 5 հա-ից ոչ պակաս մակերեսով) միավորում իրականացնելու դեպքում ևս կտրամադրվի փոխհատուցում` ծրագրի պահանջներին համապատասխան փաստացի միավորված տարածքի համար:».

5) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Ծրագրի իմաստով միավորման անհնարինության դեպքեր են համարվում, երբ միավորվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների սահմանները բաժանված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերով, որոնք անհնարին են դարձնում դրանք մեկ ընդհանուր սահման ունեցող միավորի մեջ ներառելու պահանջը: Ընդ որում՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների ընդհանուր թվաքանակը միավորվող հողամասի կազմի մեջ չի կարող լինել 5-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 3 միավորից, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 5 միավորից, իսկ 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ 10 միավորից ավելի։».

6) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

1) առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը չպետք է պակաս լինի ծրագրի 5-րդ կետով սահմանված նվազագույն չափից.

2) առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 5-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր.

3) առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, ընդ որում` պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը.

4) չեն կարող ներառվել ծրագրի շրջանակներում շահառու դարձած իրավաբանական անձի` որպես ֆիզիկական անձ հանդես եկող մասնակիցներից կամ դրանում ներառված այլ իրավաբանական անձանցից, կամ հիմնադիրների, տնօրենի մասնակցությամբ այլ իրավաբանական անձանցից, իսկ շահառու դարձած ֆիզիկական անձի դեպքում՝ իր մասնակցությամբ իրավաբանական անձանցից (ծրագրի իմաստով մասնակից է համարվում«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով) ձեռք բերված հողամասը.

5) շահառուն ձեռք բերվող հողերի նկատմամբ չի կարող ունենալ սեփականության կամ համասեփականության իրավունք փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան նախորդող 2 տարվա ընթացքում:».

7) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով), դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե դիմումատուն իրավաբանական անձ է, ապա պետական ռեգիստրի վկայականը և տնօրենի անձնագիրը, հիմնադիրների և մասնակիցների համաձայնությունն առ այն, որ չեն առարկում ծրագրին մասնակցել)։ Նախարարությունը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և սույն կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր կամ ներկայացված փաստաթղթերի փաթեթում բացակա փաստաթղթեր, սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գրավոր առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք։ Չշտկելու դեպքում նախարարությունը սահմանված ժամկետի ավարտից հետո մերժում է դիմումը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին, որ այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին, կամ դիմումով ներկայացվել են թերի տեղեկություններ կամ փաստաթղթեր։».

8) հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

9) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո մինչև փոխհատուցում ստանալը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաշվետվությունը սույն կետով նշված ժամկետում չի ներկայացվում, ապա շահառուին 1 անգամ հնարավորություն է տրվում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնել հաշվետվությունը, հակառակ դեպքում սույն ծրագրի 8-րդ կետով սահմանված փոխհատուցման պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է:».

10) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Շահառուն պարտավոր է՝

1) միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ՝ բացառությամբ միավորման անհնարինության դեպքերի (շահառուն կարող է ծրագրի շրջանակում ձեռք բերված առանձին գույքային միավորների սահմանները միավորել մինչև փոխհատուցման պայմանագիրը կնքելն իրեն պատկանող հողամասերի հետ՝ ներկայացնելով որպես մեկ գույքային միավոր).

2) հողամասերի միավորումն ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը երկու տարվա ընթացքում:».

11) հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

12) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Հողամասերի միավորման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականը և տնօրենի անձնագիրը).

2) միավորված հողամասի, իսկ ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող առանձին հողամասի (հողամասերի) նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (պատճենները) և շրջադարձային կետերի կոորդինատները.

3) միավորված հողամասի նկատմամբ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքի առկայության դեպքում՝ բոլոր (համատեղ կամ բաժնային) սեփականատերերի նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությունը՝ փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուին փոխհատուցումը տրամադրելու վերաբերյալ.

4) ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությունը հավաստող փաստաթուղթ՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից (տվյալ գույքի միավորումը մերժելու վերաբերյալ փաստաթուղթ).

5) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի սահմանափակումների առկայության վերաբերյալ.

6) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի առանձին գույքային միավորների գնահատման խմբերի և կադաստրային արժեքների վերաբերյալ.

7) ձեռք բերված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի և անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.

8) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի առանձին գույքային միավորների սեփականատերերի վերաբերյալ՝ ձեռքբերման օրվան նախորդող երկու տարիների ընթացքում.

9) անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարության կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:».

13) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Նախարարությունը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված դիմումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է և բացակա փաստաթղթերի, սխալների, ջնջումների, վրիպակների առկայության դեպքում գրավոր առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք: Սույն ծրագրի 16-րդ կետով ներկայացված փաստաթղթերի համապատասխանության դեպքում դրանց արժանահավատության գնահատման նպատակով՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Մոնիթորինգի արդյունքների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ հողերի միավորման արդյունքները ծրագրի պահանջներին համապատասխանելու (դրական եզրակացություն) կամ չհամապատասխանելու (բացասական եզրակացություն) վերաբերյալ։».

14) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է համաձայնագիր և նրա հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում նախարարությունն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է շահառուին։ Փոխհատուցումը տրամադրելուց հետո նախարարությունը հինգ տարվա ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնում է մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Վերջինիս արդյունքում եթե բացահայտվում է, որ շահառուն կամ գնորդը խախտել են ծրագրի 4-րդ կետի պահանջները, ապա դրա վերաբերյալ եզրակացությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է շահառուին՝ փոխհատուցված գումարները մեկամսյա ժամկետում պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ։».

15) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Ծրագրի շրջանակում կանխատեսվում է, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 400 հա։».

16) հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21. Ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի ավարտը: Ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։».

17) հավելվածի 22-րդ կետում «որը պետք է պարունակի տվյալներ» բառերը փոխարինել «ինչպես նաև տեղեկատվություն ծրագրի պահանջներին համապատասխան» բառերով.

18) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 400 հա-ով.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 400 հողակտորի միավորում առնվազն 5 հա մակերեսով հողակտորների ձևավորմամբ.

3) միավորված հողամասում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 2-3 անգամ.

4) ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.

5) հողերի շուկայի զարգացում.

6) նոր աշխատատեղերի ստեղծում.

7) մշակվող հողատարածքներում ներդրումների ծավալների ավելացում.

8) միավորված հողամասում գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։».

19) հավելվածի N 1 աղյուսակն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն դիմած տնտեսավարողների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան