Գլխավոր տեղեկություն
Номер
N 1070-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2024
Дата вступления в силу
12.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1070-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների) շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների) շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1070-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այսուհետ` ՊՈԱԿ) շահույթի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար:

3. ՊՈԱԿ-ի հաշվետու տարվա շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով և համամասնությամբ`

1) կուտակման պահուստ՝ հաշվետու տարվա շահույթի մինչև 50 տոկոսի չափով, որը կարող է ուղղվել ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման, դրանց կապիտալ վերանորոգման և արդիականացման նպատակներով.

2) սպառման պահուստ` հաշվետու տարվա շահույթի մինչև 35 տոկոսի չափով, որը ներառում է`

ա. խրախուսում (համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի),

բ. դրամական պահանջների բավարարում և հատուցումներ (համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ գլխի).

3) կարողությունների զարգացման պահուստ՝ հաշվետու տարվա շահույթի մինչև 15 տոկոսի չափով:

4. ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (ձևավորված չլինելու դեպքում՝ լիազորված պետական մարմինը), հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ կետը, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը սահմանում է հաջորդող հաշվետու տարվա շահույթի օգտագործման ուղղությունները:

5. ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (ձևավորված չլինելու դեպքում՝ լիազորված պետական մարմինը) կարող է հիմնավորված անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահուստի չափը՝ պայմանով, որ յուրաքանչյուր պահուստի գծով վերաբաշխվող կրճատումը չգերազանցի նախատեսված չափի 15 տոկոսը, իսկ ավելացումը՝ 30 տոկոսի չափը:

6. Անհրաժեշտությունից ելնելով, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, հաջորդող 3 հաշվետու տարիների ընթացքում վերականգնելու պայմանով՝ հաշվետու տարվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահուստում կուտակված գումարները կարող են ուղղվել ՊՈԱԿ-ի հրատապ համարվող՝ սույն կարգով չնախատեսված ծախսերի նպատակով՝ պահպանելով սույն կարգի 2-րդ կետի պահանջը:

7. Հաշվետու տարվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներով պահուստների չծախսված միջոցները կարող են ծախսվել հաջորդող տարում՝ պահպանելով իրենց նախնական նպատակայնությունը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան