Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-80-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.06.2009-14.11.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.793
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.05.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.06.2004
Дата вступления в силу
30.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 25-ին

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.

2) հոգեկան առողջության պահպանում` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում և այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.

3) հոգեկան խանգարում` հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգմանը համապատասխանող անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.

4) հոգեկան խանգարումով տառապող անձ` հոգեկան հիվանդության հետևանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.

5) արտահիվանդանոցային (դիսպանսերային) հոգեբուժական օգնություն` հոգեկան հիվանդների հայտնաբերում, հաշվառում, շարունակական հսկողություն, արտահիվանդանոցային բուժում և սոցիալական վերականգնում.

6) հոգեբուժական օգնություն` հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, խնամք ու սոցիալական վերականգնում.

7) հոգեբուժական կազմակերպություն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.

8) հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն ստացած և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.

9) բժշկական (կլինիկական) հոգեբան` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.

10) հոսպիտալացում` հոգեկան խանգարումով տառապող անձի` հոժարակամ և ոչ հոժարակամ (հարկադիր) ձևերով ընդունում հոգեբուժական հաստատություն.

11) հոգեբուժական հանձնաժողով` 3 կամ ավելի հոգեբույժներից (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական կազմակերպությունից), անհրաժեշտության դեպքում` նաև նյարդաբանից կազմված մասնագետների խումբ, որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով և իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:

(3-րդ հոդվածը փոփ. 19.05.09 ՀՕ-127-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հոգեկան առողջության պահպանման գործընթացը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, իսկ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հոգեբուժական կազմակերպությունները:

2. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հոգեբուժական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Հոգեբուժական օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 5. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոգեկան առողջության պահպանումը ներառում է`

1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.

2) հոգեկան խանգարումներով տառապող անձանց անհրաժեշտ բազմակողմանի և մատչելի բժշկական օգնության, խնամքի ու օգնության այլ ձևերի ապահովումը.

3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին` հանդուրժողականության, բարյացակամության ձևավորումը, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ և 16-րդ հոդվածների, բացառում է որևէ խտրականություն:

 

Հոդված 6. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հոգեբուժական հիվանդություններով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:

2. Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, մասնավորապես, իրավունք ունեն`

1) հաստատելու նամակագրական կապ.

2) օգտվելու հեռախոսակապից.

3) հանդիպելու այցելուների հետ.

4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.

5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.

6) անմիջականորեն դիմելու բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով.

7) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.

8) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:

4. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

5. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:

6. Սույն Հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են սահմանափակել բուժող բժիշկը, բաժանմունքի վարիչը կամ տնօրենը, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ շրջապատի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:

2. Պետությունը երաշխավորում է`

1) անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.

2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.

3) հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերը, ժամանակավոր անաշխատունակության որոշումը.

4) հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.

5) խնամակալությունը.

6) իրավական հարցերով օժանդակությունը.

7) հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը, ուսուցումը և խնամքը.

8) աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:

3. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ստացիոնար և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)

 

Հոդված 8. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը և սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն իրականացնող կազմակերպություններ ծերունիների, մեծահասակների, դեռահասների և մանուկների համար.

2) կազմակերպում է հոգեկան խանգարումներով տառապող անչափահասների հանրակրթական և մասնագիտական հատուկ ուսուցում.

3) ստեղծում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ` հաշմանդամների, աշխատանքային բուժման, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հեշտացված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.

4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար:

 

Հոդված 9. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեկան խանգարումով տառապող անձին մասնագիտացված բժշկական հաստատությունները ցուցաբերում են արտահիվանդանոցային խորհրդատվական և հսկողական բժշկական օգնություն:

2. Արտահիվանդանոցային խորհրդատվական օգնությունը ցուցաբերվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:

3. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացվում է տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ:

4. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 10. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

 

Հոգեբուժական օգնությունն իրականացնում են համապատասխան որակավորում, բարձրագույն բժշկական կրթություն ունեցող բժիշկ-հոգեբույժները:

 

Հոդված 11. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՁևԵՐԸ

 

Հոգեբուժական օգնություն իրականացնելու ձևերը ներառում են քաղաքացիների հոգեկան առողջության հետազոտումը, հոգեկան հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքը, նրանց բժշկական և սոցիալական վերականգնումը:

 

Հոդված 12. ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հոգեբուժական օգնություն իրականացնելիս հոգեբույժն անկախ է իր կայացրած որոշումներում և ղեկավարվում է բժշկական պարտքի զգացումով ու սույն օրենքով:

 

Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հիվանդին և նրա օրինական ներկայացուցչին նրանց պահանջով` օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Հոգեբուժական հետազոտման տվյալները և եզրակացությունը գրանցվում են բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում):

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)

 

Հոդված 14. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

Հոգեկան խանգարման ախտորոշումը և բուժումն իրականացվում են միջազգային բժշկական ընդունված չափանիշներին համապատասխան և չեն կարող հիմնվել հասարակության ընդունած բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:

 

Հոդված 15. ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին: Դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում:

3. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում:

 

Հոդված 16. ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

1. Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնելու այն, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

2. Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքները:

3. Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու և բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում` բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի և հոգեբույժի ստորագրությամբ:

 

Հոդված 17. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ, ՀՈԳԵԹԵՐԱՊևՏՆԵՐԻ և ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժները, ինչպես նաև այլ մասնագետներ կարող են ենթարկվել պետական ապահովագրման ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի համար` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

 

Հոդված 18. ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոգեբուժական ստացիոնար հոսպիտալացման հիմք է անձի հոգեկան խանգարման առկայությունը և բժիշկ-հոգեբույժի ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հոգեբուժական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Հոդված 19. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

 

1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:

2. Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ և հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետևանքների մասին:

3. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հիվանդի վիճակի և հետազոտման բնույթի վերաբերյալ վերջիններիս լիարժեք տեղեկություն տալուց հետո:

 

Հոդված 20. ԱՅԼ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձին հոգեկան հիվանդ ճանաչելու համար:

 

Հոդված 21. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻՑ ՀԻՎԱՆԴԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

1. Հոգեբուժական ստացիոնարից հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը, կամ եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:

2. Հոգեբուժական ստացիոնարում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում: Այս դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը և ժամը:

(21-րդ հոդվածը խմբ. 19.05.09 ՀՕ-127-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

 

Հոդված 22. ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

 

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.

2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.

3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.

4) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

5) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.

6) ստանալու իրավաբանական օգնություն.

7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.

8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի և ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.

9) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.

10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.

11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.

12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:

1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:

2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման և հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման և տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:

(22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)

 

Հոդված 23. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

 

Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը, և հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում հոգեբուժական այն հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:

(23-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-51-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-101-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 24. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

1. Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Բողոքը ներկայացնում է հոգեկան խանգարում ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 26. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-80-Ն