Գլխավոր տեղեկություն
Номер
N 410-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.04/36(1216) Հոդ.384
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
05.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ բուժման (հետազոտության), ԿԵՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.09.17 N 1189-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն)

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.04.22 N 442-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից դուրս` զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման (հետազոտության), կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 22.09.17 N 1189-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության ու զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատել դրա կազմն ու աշխատակարգը:

(2-րդ կետը լրաց. 22.09.17 N 1189-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 27

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 21-ի N 410-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ բուժման (հետազոտության), ԿԵՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 22.09.17 N 1189-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն)

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողներին և փրկարարական ծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 22.09.17 N 1189-Ն)

2. Սույն իրավական ակտի իմաստով`

1) վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով ծագած հիվանդություն համարվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S36 կամ T05 կամ T06.0 կամ T06.1 ծածկագրերով սահմանված վնասվածքները (հիվանդությունները).

2) զինծառայողի համար նախատեսված բուժման (հետազոտության) գումարը ներառում է օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության)՝ ներառյալ հետվերականգնողական բուժման (եթե հետվերականգնողական բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում), ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա.

3) զինծառայողի և ուղեկցող անձի համար նախատեսված ճանապարհածախսի գումարը ներառում է օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում ուղևորատրանսպորտային փոխադրումներ իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա.

4) զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 N 703-Ն)

3. Սույն իրավական ակտին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին) գումար հատկացնելու միջոցով:

(3-րդ կետը լրաց. 22.09.17 N 1189-Ն, 14.06.24 N 857-Ն)

4. Սույն իրավական ակտով նախատեսված՝ օտարերկրյա պետություն զինծառայողին բուժման (հետազոտության) ուղարկելու գործընթացն իրականացվում է համապատասխան պետական մարմնի նախաձեռնությամբ կամ զինծառայողի, կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի, կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված անձի (այսուհետ՝ դիմումատու)՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարին ներկայացրած դիմումի հիման վրա:

5. Զինծառայողը կամ նրա ծնողը, կամ ամուսինը, կամ զավակը, կամ դիմումատուն դիմումի հետ միասին ներկայացնում են՝

1) զինծառայողի վնասվածքի, խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը (եթե դրանք առկա են), որոնք նախատեսված են սույն իրավական ակտի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով.

2) օտարերկրյա պետություն զինծառայողին բուժման (հետազոտության) ուղարկելու դեպքում նրան ուղեկցող անձի վերաբերյալ տվյալները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում բացված բանկային հաշվի համարը:

6. Համապատասխան պետական մարմինը դիմումը մերժում է, եթե`

1) բժշկական փաստաթղթերում նշված վնասվածքը, խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը (հիվանդությունները) սույն իրավական ակտի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով ծագած հիվանդություն (հիվանդություններ) չեն.

2) զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) չի ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ վնասվածքը (հիվանդությունը) զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է.

3) սույն իրավական ակտի 12-րդ կետում նշված դեպքում:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով համապատասխան պետական մարմնի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումը սույն իրավական ակտի 4-րդ կետում նշված դիմումի հետ միասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան ստեղծված հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով) ներկայացնում է՝

1) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը.

2) համապատասխան պետական մարմնի իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ.

3) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:

8. Հանձնաժողովը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու համար կարող է՝

1) ներգրավել համապատասխան նեղ մասնագիտացմամբ բժիշկների՝ զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բնույթից ելնելով.

2) կազմակերպել լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն՝ զինծառայողի վնասվածքի (հիվանդության) մասին առավել մանրամասն կամ լիարժեք տեղեկատվություն ստանալու համար.

3) համագործակցել օտարերկրյա պետությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու բժիշկ-մասնագետների հետ` մասնագիտական խորհրդատվություններ ստանալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ զինծառայողին բուժման ուղարկելու համար:

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

10. Հանձնաժողովը մասնագիտական եզրակացությունը տալիս է սույն իրավական ակտի 7-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում:

11. Հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո, ինչպես նաև սույն իրավական ակտի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում համապատասխան պետական մարմինը 3-օրյա ժամկետում ընդունում է որոշում և դրա մասին տեղեկացնում է դիմումատուին՝ նրան հանձնելով որոշումը:

12. Հանձնաժողովը տալիս է բացասական մասնագիտական եզրակացություն, եթե հիմնավորում է, որ՝

1) զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բուժումը (հետազոտությունը) հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն մեկ կազմակերպությունում.

2) օտարերկրյա պետությունների բժշկական կազմակերպությունների կողմից առաջարկվող բուժման (հետազոտության) տեսակները, եղանակները և (կամ) բուժման վերջնական արդյունքը հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

13. Հանձնաժողովի դրական մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պետական մարմնի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումը դրա մասին զեկուցում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին` գումարը սույն իրավական ակտի 3-րդ կետի համաձայն հատկացնելու համար:

14. Հատկացվող գումարը համապատասխան պետական մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է զինծառայողի դիմումում նշված բանկային հաշվին:

15. Եթե բանկային հաշվին գումարը փոխանցելու օրվանից 30-օրյա ժամկետում զինծառայողը չի մեկնում օտարերկրյա պետություն, ապա նշված ժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում գումարը ենթակա է այն ստացած անձի կողմից համապատասխան պետական մարմին վերադարձման` կանխիկ կամ փոխանցման միջոցով:

16. Օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման ավարտից հետո, ինչպես նաև բուժման ընթացքի վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն իրավական ակտի 14-րդ կետով հատկացված գումարն ստացած անձը 10-օրյա ժամկետում համապատասխան պետական մարմին է ներկայացնում սույն իրավական ակտի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված ծախսերը (բացառությամբ օրապահիկի ձևով հաշվարկված գումարի) հիմնավորող փաստաթղթերը: Եթե հատկացված գումարի չափը (ըստ հատկացման նպատակների) ավելի է կատարված ծախսերի ընդհանուր չափից, ապա ավելացած գումարը ենթակա է վերադարձման՝ սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում՝ կանխիկ կամ փոխանցման միջոցով՝ համապատասխան պետական մարմնի ծանուցման հիման վրա: Եթե հատկացված գումարի չափը (ըստ հատկացման նպատակների) պակաս է կատարված ծախսերի ընդհանուր չափից, ինչպես նաև զինծառայողի բուժման ընթացքում ներկայացվում են հիմնավորող փաստաթղթեր բուժման հետ կապված լրացուցիչ ծախսեր կատարված լինելու (միայն համապատասխան նպատակով տրամադրված գումարն սպառված լինելու դեպքում) կամ բուժման ժամկետը երկարաձգելու (որը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, այդ թվում` ուղեկցող անձի համար) վերաբերյալ, ապա անհրաժեշտ գումարը հատկացվում է սույն իրավական ակտի 14-րդ կետով նախատեսված ժամկետում և եղանակով:

17. Սույն իրավական ակտի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան պետական մարմնի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումը վարում է գումարների հատկացման ժամկետների հաշվառում:

(հավելվածը փոփ. 07.07.16 N 703-Ն, լրաց. 22.09.17 N 1189-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն, լրաց. 14.06.24 N 857-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան