Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.03.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
22.03.2024
Дата вступления в силу
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2722/02/20

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2722/02/20

Նախագահող դատավոր`

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

2024 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սերգո Ամիրջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ Սերգո Ամիրջանյանի հայցի ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սերգո Ամիրջանյանը պահանջել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա Ընկերությունից բռնագանձել 1.044,516 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսների և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.05.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգո Ամիրջանյանը (ներկայացուցիչ Արտուր Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոք այնպիսի դատական ակտի դեմ, որի քննության շրջանակներում պատասխանողը, լինելով պատշաճ ծանուցված կողմ, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ որևէ դիրքորոշում չի հայտնել, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։ Հետևաբար նման փաստական հանգամանքների առկայության պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման։ Վերաքննիչ դատարանը, սակայն, անտեսելով նշված հանգամանքը, հաշվի չի առել, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ՝ բացառություն դիտելով այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքում ներկայացրած դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանն անտեսել է միևնույն փաստական հանգամանքներով թիվ ԵԱՔԴ/2447/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականին կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել պարտավորության ծագման պահը, անտեսել է, որ ավտոտրանսպորտային պատահարի մեղավոր վարորդն ունեցել է Ընկերության հետ կնքված ԱՊՊԱ պայմանագիր, որի շրջանակներում Ընկերությունը պարտավոր էր հատուցել իրեն պատճառված գույքային վնասը, սակայն անհիմն պատճառաբանություններով 27.04.2016 թվականին մերժել է վնասի փոխհատուցման տրամադրումը՝ այդպիսով 27.04.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականը հատուցման գումարն օրենքի խախտմամբ պահելով իր մոտ։ Հետևաբար դատական ակտով Ընկերության մոտ ծագել է բացառապես դատական ակտը կատարելու պարտավորություն, որը երբեք չի կարող նույնանալ գումարի հատուցման պարտավորության ծագման հետ, և բողոքաբերի իրավունքների խախտման սկիզբը չի կարող հաշվարկվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.05.2020 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են գանձման միայն այն դեպքում, երբ ուրիշի դրամական միջոցները պահվել են կամ վերադարձնելուց խուսափել են ապօրինի, սակայն Ընկերությունը չի խուսափել դրանք վճարելուց, քանի որ իրականացվել են որոշակի գործընթացներ, մի դեպքում՝ Սերգո Ամիրջանյանի կողմից, մյուս դեպքում՝ Ընկերության կողմից, մասնավորապես՝ Ընկերությունը 27.04.2016 թվականին կայացրել է թիվ Ե-16-1012 որոշումը՝ հիմքում ունենալով փորձագիտական հիմնարկի որոշումը։ Ըստ էության կողմերն օգտվել են դատական պաշտպանության իրավունքի իրացումից, հետևաբար այդ ժամանակահատվածը չի կարող համարվել ապօրինի։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Ընկերության՝ 27.04.2016 թվականին տեղի ունեցած պատահարի վերաբերյալ թիվ Ե‑16-1012 եզրակացությամբ Սերգո Ամիրջանյանի ապահովագրական հատուցում վճարելու պահանջը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) թիվ ԼԴ/0605/02/17 քաղաքացիական գործով՝ ըստ Սերգո Ամիրջանյանի հայցի ընդդեմ Ընկերության՝ վնասը հատուցելու պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականին կայացրած որոշմամբ բավարարվել է Սերգո Ամիրջանյանի վերաքննիչ բողոքը և որոշվել է Ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ՝ որպես 17.08.2015 թվականին տեղի ունեցած պատահարի հետևանքով Սերգո Ամիրջանյանին պատճառված վնասի հատուցում ու 40.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վերը նշված որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.09.2019 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշմամբ սահմանված գումարն Ընկերությունից բռնագանձվել է 22.11.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24).

3) Սերգո Ամիրջանյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության, որով հայտնել է, որ 17.08.2015 թվականին տեղի ունեցած պատահարի հետևանքով իրեն պատճառվել է վնաս, որը հատուցելու իր դիմումն Ընկերության կողմից անհիմն մերժվել է, և դիմելով դատական պաշտպանության՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով միայն 22.11.2019 թվականին է ստացել հատուցման գումարը խնդրել է Ընկերությունից բռնագանձել 1.044.516,72 ՀՀ դրամ, որից 774.036 ՀՀ դրամը՝ որպես 23.04.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված և հաշվարկված տոկոսներ, ինչպես նաև 250.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 4-9).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411‑րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/2447/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

 Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից է ծագում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն այն դեպքերում, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է ապահովագրական ընկերության ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշման ոչ իրավաչափ (անհիմն) լինելը։

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը և դատական ակտի հիման վրա հատուցվել է տուժողին պատճառված վնասը, անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը՝ վճարային (դրամական) պարտավորության կետանցի պահը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանց: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պահանջի իրավունքը և պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ՝

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին,

2. այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում,

3. ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դա պետք է կատարվի պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի թիվ ԵԴ/29755/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործը դատական կարգով քննության մեջ գտնվելու և այդ հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու հարցին, արձանագրել է, որ գործը դատական կարգով քննության մեջ գտնվելու հանգամանքը հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու համար, քանի որ Կազմակերպության՝ գումար վճարելու պարտավորությունը ծագել է 01.01.2009 թվականին՝ այն պահից, երբ կողմերի միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի հիման վրա և նույն օրենսգրքի 1079-րդ հոդվածով սահմանված չափով առաջացել են վնաս պատճառելուց բխող իրավահարաբերություններ: Հետևաբար գործի դատական կարգով քննությունն ընդամենն անձի` իր իրավունքների դատական պաշտպանության եղանակն էր, որի ընթացքում դատարանը քննել է նախկինում ծագած իրավահարաբերությունների հետևանքով վնասի հատուցման հարցը (տե՛ս Վեներա Դավթյանն ընդդեմ «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի թիվ ԵԱՔԴ/2447/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սերգո Ամիրջանյանը հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ընկերության և Սամվել Հովսեփյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԼԴ/0605/02/17 քաղաքացիական գործով 27.12.2018 թվականին կայացված վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռել է Սամվել Հովսեփյանից հօգուտ Սերգո Ամիրջանյանի բռնագանձել ընդհանուր 109.160 ՀՀ դրամ, որից 58000 ՀՀ դրամը՝ որպես պատճառված վնասի գումար, 1.160 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կողմից բավարարված հայցապահանջին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար, 50.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Թիվ ԼԴ/0605/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ Սերգո Ամիրջանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ որոշվել է հայցը բավարարել ամբողջությամբ ու Ընկերությունից հօգուտ Սերգո Ամիրջանյանի բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ։ Վերը նշված որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.09.2019 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության։ Սերգո Ամիրջանյանը ԴԱՀԿ ծառայության միջոցով 22.11.2019 թվականին ստացել է հատուցման գումարը։ Այնուհետև Սերգո Ամիրջանյանը դիմել է Դատարան և հայտնել, որ 17.08.2015 թվականին տեղի ունեցած պատահարի հետևանքով իրեն վնաս է պատճառվել, որը հատուցելու իր դիմումն Ընկերության կողմից անհիմն մերժվել է, ու, դիմելով դատական պաշտպանության, միայն 22.11.2019 թվականին է հնարավորություն ունեցել ստանալու հատուցման ենթակա 1.800.000 ՀՀ դրամը. խնդրել է Ընկերությունից բռնագանձել 1.044.516,72 ՀՀ դրամ, որից 774.036 ՀՀ դրամը՝ որպես 23.04.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված և հաշվարկված տոկոսներ, ինչպես նաև 250.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Սույն գործով Դատարանը Սերգո Ամիրջանյանի հայցը բավարարել է։

Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ «(…) Ընկերության՝ Հայցվորին վնասի հատուցում վճարելու պարտավորությունը ծագել է ոչ թե վերջինիս՝ այդ պահանջով Ընկերությանը դիմում ներկայացվելու պահից, այլ վերը նշված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, և այդ պահից սկսած պարտավորությունը պետք է համարվեր չկատարված և իրականացվեր տոկոսների հաշվարկը, որպիսիք իրականացնելու նպատակով անհրաժեշտ է գործի նոր քննություն իրականացնել Դատարանում։ (…)»։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը, արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը պարզելը, թե Ընկերության մոտ ե՞րբ է առաջացել վնասի հատուցման վիճելի գումարը Սերգո Ամիրջանյանին վճարելու պարտականությունը: Ընդ որում, տվյալ հարցադրմանը պատասխանելիս անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն, որ թիվ ԼԴ/0605/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 1406.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ըստ էության, արձանագրվել է Ընկերության կայացրած՝ Սերգո Ամիրջանյանին ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշման ոչ իրավաչափ (անհիմն) լինելը։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1‑ին մասի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ նույն օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին (...

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից (...):

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ինչպես նաև նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերի: Փորձաքննության անցկացումը չպետք է տևի 15 աշխատանքային օրվանից ավելի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում (...):

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունն ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված դեպքերում:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն), ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում, պարտավոր է իրավունքի ուժով (ex jure) ընդունել ապահովագրական հատուցումը տուժողին վճարելու մասին որոշում և այն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կատարել համապատասխան վճարումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թիվ ԼԴ/0605/02/17 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատել է այն փաստը, որ Ընկերությունը պարտավոր էր Սերգո Ամիրջանյանին հատուցել պատահարի հետևանքով պատճառված վնասը՝ ըստ էության, արձանագրելով, որ բացակայում է «վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը մերժելու Դատարանի կողմից վկայակոչված հիմքը», «(...) Դատարանի կողմից վկայակոչված հանգամանքը կարող էր նշանակություն ունենալ ապահովագրական պատահարի արդյունքում պատճառված վնասի համար Սամվել Հովսեփյանի պատասխանատվությունը գնահատելու և ոչ թե ապահովագրական ընկերության նկատմամբ ներկայացված հայցը մերժելու համար»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգո Ամիրջանյանի և Սամվել Հովսեփյանի մասնակցությամբ ու վերջինիս մեղավորության պայմաններում տեղի ունեցած պատահարի արդյունքում Սերգո Ամիրջանյանին պատճառված վնասը հատուցելու Ընկերության դրամական պարտավորությունը (համապատասխանաբար նաև՝ Սերգո Ամիրջանյանի պահանջի իրավունքը) ծագել է այն օրվան հաջորդող օրվանից, երբ Ընկերությունն իրավունքի ուժով (ex jure) պետք է որոշում կայացներ ապահովագրական հատուցումը վճարելու մասին։

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորության կատարման կետանցը պայմանավորված է կատարման որոշակի ժամանակահատվածի ավարտով կամ հանգամանքի վրա հասնելով։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը, ի թիվս այլնի, վրա է հասնում նաև դրանով նախատեսված կատարման ժամանակահատվածի ավարտի արդյունքում: Քանի որ Օրենքի 23-րդ հոդվածի 1‑ին մասով Ընկերության պարտավորությունը կատարելու համար սահմանվում է որոշակի ժամանակահատված՝ որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օր, Ընկերության կողմից կատարման կետանցի օր պետք է համարվի ոչ թե պարտավորության ծագման, այլ դրա կատարման համար Օրենքով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը, որից սկսած էլ պետք է արձանագրվի դրամական պարտավորություն կրող անձի կողմից ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու փաստը և իրականացվի տոկոսների հաշվարկը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ «(...) Ընկերության՝ Հայցվորին վնասի հատուցում վճարելու պարտավորությունը ծագել է ոչ թե վերջինիս՝ այդ պահանջով Ընկերությանը դիմում ներկայացնելու պահից, այլ վերը նշված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, և այդ պահից սկսած պարտավորությունը պետք է համարվեր չկատարված և իրականացվեր տոկոսների հաշվարկը (...)»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը և Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սերգո Ամիրջանյանի՝ 2104.2016 թվականին Ընկերությանն ուղղված՝ ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժվել է Ընկերության 27.04.2016 թվականի «Տեղի ունեցած պատահարի վերաբերյալ» թիվ Ե‑161012 եզրակացությամբ: Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Սերգո Ամիրջանյանի դիմումի մերժումը ճանաչվել է անհիմն։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերգո Ամիրջանյանի և Սամվել Հովսեփյանի մասնակցությամբ ու վերջինիս մեղավորության պայմաններում տեղի ունեցած պատահարի արդյունքում Սերգո Ամիրջանյանին պատճառված վնասը հատուցելու Ընկերության դրամական պարտականությունը ծագել է այն օրվան հաջորդող օրվանից, երբ Ընկերությունն իրավունքի ուժով (ex jure) պետք է որոշում կայացներ ապահովագրական հատուցումը վճարելու մասին, այսինքն՝ 28.04.2016 թվականին։ Միևնույն ժամանակ, քանի որ Ընկերության պարտավորությունը կատարելու համար Օրենքով սահմանվում է որոշակի ժամանակահատված՝ որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օր, Ընկերության կողմից նշված դրամական պարտավորության կատարման կետանցի օր պետք է համարվի դրա կատարման համար Օրենքով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը, այսինքն՝ 05.05.2016 թվականը, որից սկսած էլ պետք է արձանագրվի Ընկերության կողմից Սերգո Ամիրջանյանի դրամական միջոցներն ապօրինի պահելու փաստը և իրականացվի տոկոսների հաշվարկը:

Ինչ վերաբերում է Ընկերության վկայակոչած այն փաստին, որ այդ ընթացքում կողմերի միջև առկա էր քաղաքացիաիրավական վեճ, որը քննվում էր դատարանում, ապա Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ վեճի դատական կարգով քննության մեջ գտնվելու հանգամանքը հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ դրամական պարտավորությունը չկատարելու համար տոկոսների գումարը ենթակա է բռնագանձման 05.05.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականը, ինչը կազմում է 750.696 ՀՀ դրամ (1.800.000×12%÷365×1.269(օր))։

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը պետք է մերժեր ներկայացված վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ պատշաճ ձևով ծանուցված պատասխանողը Դատարանում գործի քննության ընթացքում որևէ դիրքորոշում չի հայտնել, թեև զրկված չի եղել իր այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նշված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայի բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ ընդ որում, անդրադառնալով բողոքում ներկայացված բոլոր փաստարկներին։ Միաժամանակ, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված բացառությունները հաշվի առնելով, հստակեցրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պետք է անդրադառնա վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերին և հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը բողոքում շարադրված իր դիրքորոշումը հայտնել է նաև առաջին ատյանի դատարանում։ Օրենսդրի կողմից նշված պահանջը մեկնաբանվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների ու պարտականությունների ծավալով (տե՛ս Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում, ինչպես նշվել է վերը, վճռաբեկ բողոքի հիմքերից է նաև բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոք այնպիսի դատական ակտի վերաբերյալ, որի քննության շրջանակներում պատասխանողը, լինելով պատշաճ ծանուցված կողմ, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ որևէ դիրքորոշում չի հայտնել, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, հետևաբար նման փաստական հանգամանքների առկայության պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, քանի որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ՝ բացառություն դիտելով այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքում ներկայացրած դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հիման վրա անդրադառնալով բողոքի նշված փաստարկի հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Դատարանի 27052020 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները հանգում են նրան, որ Դատարանի կողմից գործի քննությունը պարզեցված վարույթով անցկացնելու հետևանքով Ընկերությանը պատճառվել է նյութական վնաս, Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված դրույթները, որի արդյունքում վճռվել է Ընկերությունից հօգուտ հայցվորի որպես վնասի փոխհատուցում բռնագանձել համապատասխան չափի գումար։ Նշվածից ակնհայտ է դառնում, որ եթե անգամ Ընկերությունը ներկայացներ հայցադիմումի պատասխան, առարկություն, կամ որևէ այլ դիրքորոշում, այդուհանդերձ Դատարանի կողմից կիրառված (կամ չկիրառված) իրավական նորմերի վերաբերյալ դիրքորոշումը բողոք բերած անձը կարող էր արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում, որպիսի իրավական հնարավորությունից էլ օգտվել է Ընկերությունը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/2447/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը մեկնաբանելիս թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից։

Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բռնագանձվի հետևյալ համամասնությամբ.

- Ընկերությունից հօգուտ Սերգո Ամիրջանյանի ենթակա է բռնագանձման 750.696 ՀՀ դրամ (1.800.000×12%÷365×1.269(օր))՝ 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելով սկսած 05.05.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականը.

- Ընկերությունից հօգուտ Սերգո Ամիրջանյանի պետք է բռնագանձել 15013 ՀՀ դրամ (750696×2%=15.013)՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Սերգո Ամիրջանյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար.

- Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես օրենքով սահմանված 24․740 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։

- Ընկերությունից հօգուտ Սերգո Ամիրջանյանի պետք է բռնագանձել նաև 22.520 ՀՀ դրամ (750696×3%=22.520)՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Սերգո Ամիրջանյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

Անդրադառնալով հայցվորի՝ փաստաբանի խելամիտ վարձատրությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ «փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը»:

Տվյալ դեպքում Սերգո Ամիրջանյանը 20.01.2020 թվականի լիազորագրով լիազորել է Արտուր Հարությունյանին որպես ներկայացուցիչ լինել բոլոր ատյանների դատարաններում և կատարել դատավարական գործողություններ։ Միաժամանակ «ԱՐԿԱՏ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Ս Անանյանի, և Սերգո Ամիրջանյանի միջև 2001.2020 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման թիվ 001 պայմանագիրը, որի համաձայն՝ կատարողը պարտավորվում է տրամադրել իրավական խորհրդատվություն, կազմել հայցադիմում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իրականացնել դատական ներկայացուցչություն պայմանագրի գինը կազմել է 250.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն, որ սույն գործով Սերգո Ամիրջանյանի անունից հայցադիմումը ներկայացվել է «ԱՐԿԱՏ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արտուր Հարությունյանի կողմից, գործը քննվել է պարզեցված կարգով, վճռաբեկ բողոքը նույնպես ներկայացվել է վերջինիս կողմից և ենթակա է մասնակիորեն բավարարման, ապա փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափը սույն գործով Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կազմում է 200.000 ՀՀ դրամ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2020 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Սերգո Ամիրջանյանի հայցն ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի` 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 23.04.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկված 774.036 ՀՀ դրամի չափով և 250.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն՝ 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկել սկսած 05.05.2016 թվականից մինչև 22.11.2019 թվականը, և «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ից հօգուտ Սերգո Ամիրջանյանի բռնագանձել 750696 ՀՀ դրամ։

Մնացած մասով հայցը մերժել։

2. «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ից հօգուտ Սերգո Ամիրջանյանի բռնագանձել 15.013 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար և 22.520 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ից հօգուտ Սերգո Ամիրջանյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական: