Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1738
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.06.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
11.06.2024
Дата вступления в силу
11.06.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

11 հունիսի 2024 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի ապրիլի 25-ի N 568-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև` Վարկառու) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև (այսուհետ նաև` Բանկ) «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը (այսուհետ նաև` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին, որը փոփոխվել է 2022 թվականի փետրվարի 14-ին (այսուհետ նաև` Սկզբնական վարկային համաձայնագիր):

Համաձայնագրով Բանկը Վարկառուին Վարկային համաձայնագրով սահմանված կարգով պետք է տրամադրեր 14,600,000 եվրո գումարի չափով վարկ՝ չորս տրանշով՝ Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (այսուհետ նաև` Ծրագիր) իրականացման համար:

Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով Բանկի կողմից Վարկառուին տրամադրման ենթակա վարկի գումարի չափը փոփոխվել է՝ կազմելով 17,320,000 եվրո, որը ենթակա է վճարման չորս տրանշով՝ հետևյալ համամասնությամբ՝

1) Տրանշ Ա՝ 5,300,000 եվրոյի չափով,

2) Տրանշ Բ՝ 5,300,000 եվրոյի չափով,

3) Տրանշ Գ՝ 4,000,000 եվրոյի չափով և

4) Տրանշ Դ՝ 2,720,000 եվրոյի չափով:

Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին Գյումրու քաղաքապետարանի ենթակայության հիմնական ճանապարհների վերանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման գործում՝ ներառելով` ասֆալտի և մայթերի նորացումը` այդ թվում` ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացումը, հետիոտների համար նոր տարածքների կառուցումը, փողոցային լուսավորության ենթակառուցվածքների վերանորոգումը, Գյումրու քաղաքապետարանի համար կայանման հայեցակարգի մշակումը:

Սկզբնական վարկային համաձայնագրի դրույթները, բացառությամբ Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով փոփոխված դրույթների, շարունակում են ամբողջությամբ մնալ ուժի մեջ:

 

2. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի (այսուհետ նաև` Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր) նպատակն է Վարկառուի խնդրանքով աջակցել Վարկառուին Ծրագրի՝ Գյումրու երկու՝ Անի և Ավստրիական թաղամասերի քաղաքային ճանապարհների բարեկարգմանը և հարակից փողոցների լուսավորությանն առնչվող մասերի իրականացման հարցում: Հետևաբար` Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով Վարկառուն և Բանկը փոփոխություններ են կատարում Սկզբնական վարկային համաձայնագրի որոշ կետերում:

 

3. Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը կազմված է նախաբանից, երեք հոդվածից և մեկ հավելվածից:

 

4. Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

4.1. Բանկի պահանջով կատարել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի են Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի համաձայն կատարված կամ կատարվելիք փոփոխությունները գործողության մեջ դնելու համար (հոդված 2, բաժին 2.02.),

4.2. Բանկին վճարել պարտավճար՝ Վարկային համաձայնագրով սահմանված դրույքաչափով, որը ենթակա է վճարման Հասանելի ընդհանուր գումարի նկատմամբ, գումարած Վարկի ցանկացած գումար, որը ենթակա է Փոխհատուցման պարտավորության և դեռևս չի մասհանվել՝ պայմանով, որ Փոխհատուցման անվերապահ պարտավորության ենթակա գումարի նկատմամբ ենթակա Պարտավորավճարը տարեկան 0,5%-ով ավելի է, քան Վարկային համաձայնագրում նշված Պարտավորավճարի դրույքաչափը: Պարտավորավճարը հաշվեգրվում է՝

1) Տրանշ Ա-ի համար՝ սկսած Վարկային համաձայնագրի կնքման ամսաթվից հետո վաթսուներորդ օրվանից, և

2) Տրանշ Բ-ի համար՝ սկսած Տրանշ Բ-ի հասանելիության ամսաթվից հետո յոթերորդ օրվանից, և

3) Տրանշ Գ-ի համար՝ սկսած Տրանշ Գ-ի հասանելիության ամսաթվից հետո յոթերորդ օրվանից,

3) Տրանշ Դ-ի համար՝ սկսած Տրանշ Գ-ի հասանելիության ամսաթվից հետո յոթերորդ օրվանից, կամ

4) Փոխհատուցման անվերապահ պարտավորության ենթակա Վարկի գումարի նկատմամբ վճարման ենթակա պարտավճարի դեպքում՝ Փոխհատուցման այդպիսի անվերապահ պարտավորության թողարկման ամսաթվից, և պարտավճարը հաշվեգրվում և հաշվարկվում է նույն հիմքով, ինչ 3.04 բաժնի «բ» կետի (ii) ենթակետով սահմանված տոկոսը (Հավելված 1, կետ 6)1,

4.3. Բանկին վճարել միջնորդավճար, որը հավասար է.

1) Տրանշ Ա-ի, Տրանշ Բ-ի և Տրանշ Գ-ի ընդհանուր մայր գումարի մեկ տոկոսը (կամ Վարկային պայմանագրում նշված այլ գումար) և

2) Տրանշ Դ-ի մայր գումարի մեկ տոկոսը (կամ Վարկային պայմանագրում նշված այլ գումար) (Հավելված 1, կետ 6),

4.4. վարկի գումարի Տրանշ Ա-ն, Տրանշ Բ-ն և Տրանշ Գ-ն մարել 24 կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին: Ընդ որում, Վարկի առաջին մարման ամսաթիվը կհամարվի Տոկոսագումարի վճարման ամսաթիվը, որը Վարկային համաձայնագրի ստորագրման երրորդ տարին լրանալու օրն է կամ դրանից անմիջապես հետո, իսկ Տրանշ Ա-ի, Տրանշ Բ-ի և Տրանշ Գ-ի մասով Վարկի վերջին մարման ամսաթիվը 2031 թվականի ապրիլի 16-ն է (Հավելված 1, կետ 12),

4.5. վարկի գումարի Տրանշ Դ-ն մարել 24 կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին: Ընդ որում, Տրանշ Դ-ի համար Վարկի առաջին մարման ամսաթիվը կհամարվի Տոկոսագումարի վճարման ամսաթիվը, որը Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի ստորագրման երրորդ տարին լրանալու օրն է կամ դրանից անմիջապես հետո, իսկ Տրանշ Դ-ի մասով Վարկի վերջին մարման ամսաթիվը 2038 թվականի հոկտեմբերի 16-ն է (Հավելված 1, կետ 12):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում առկա են իրավաբանական տեխնիկայի առերևույթ անճշտություններ և կիրառված եզրույթների իմաստային անորոշություններ: Մասնավորապես` Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի Հավելված 1-ի 6-րդ կետում Պարտավորավճարի հաշվեգրման ժամանակացույցը սահմանելիս յուրաքանչյուր Տրանշի հաշվեգրման ժամկետը նշվել է առանձին կետով՝ աճման կարգով՝ ընդհանուր 5 կետով, սակայն այդ կետերը թվագրելիս երկու հաջորդական ժամկետները թվագրվել են միևնույն 3-րդ կետով: Բացի դրանից, Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում Վարկառուի, ըստ էության, համընկնող պարտավորությունը նկարագրելիս կիրառվում են տարբեր եզրույթներ՝ պարտավորավճար և պարտավճար, սակայն Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի տեքստից պարզ չէ եզրութային տարբերության պատճառը և կողմերի փոխադարձ ֆինանսական հաշվարկներում նշյալ տարբեր եզրույթների օգտագործման իրավական և փաստական հետևանքները:

Ընդսմին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ թերությունները չեն կարող ազդել Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գնահատման վրա:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

_____________________________

1 Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի հավելված 1-ի 6-րդ կետով սահմանվում է, որ Տոկոսագումարի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Տոկոսագումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին՝ սկսած Փոփոխությունների կատարելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող Տոկոսագումարի վճարման առաջին օրվանից:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

11 հունիսի 2024 թվականի

ՍԴՈ-1738

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1738 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1738 որոշմամբ որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1738 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1738 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան