Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.05.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.05.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
17.05.2024
Дата вступления в силу
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/3930/02/21

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/3930/02/21

Նախագահող դատավոր`

 Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող
զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

 

2024 թվականի մայիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հովհաննես Հովսեփյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հովհաննես Հովսեփյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Հովհաննես Հովսեփյանից բռնագանձել 78.875 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.05.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.11.2022 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Հովհաննես Հովսեփյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Հովսեփյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ Դատարանի վճռի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն իրեն ուղարկելու նպատակով այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագիրը: Միաժամանակ գործում առկա ստացման (հանձնման) ծանուցագրի համաձայն` Դատարանի 04.05.2022 թվականի վճիռն առձեռն ստացվել է 26.09.2022 թվականին:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ Դատարանի 04.05.2022 թվականի վճիռը 26.09.2022 թվականին առձեռն ստանալու փաստն ինքնին բավարար է արձանագրելու համար, որ ինքն իրենից անկախ պատճառներով է զրկված եղել օրենքով սահմանված եղանակով հրապարակված վճիռը սահմանված տասնհինգօրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից, մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը՝ իրեն զրկելով գործի արդարացի և բազմակողմանի քննության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետում, սակայն գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձին ուղարկելու կամ մինչ այդ այն առձեռն նրան հանձնած լինելու ապացույցները՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, օրինակ, ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԼԴ1/0685/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v Russia թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 գանգատով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ (...) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia թիվ 797/14 և 67755/14 գանգատներով Եվրոպական դատարանի 26.01.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45, 46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ու երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված սկզբունքների լույսի ներքո անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի, 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 179-րդ հոդվածի համակցված մեկնաբանությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ] գլխի դրույթներով:

Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով ու վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային միջոցի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ միջոցների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթն ու այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, 05.01.2022 թվականին որոշում կայացնելով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ է նշել 04.05.2022 թվականը, իսկ որպես հրապարակման միջոց՝ դատական իշխանության պաշտոնական կայքը (հատոր 1-ին, գ.թ. 2): Դատարանի 04.05.2022 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է հայտարարված օրը՝ 04.05.2022 թվականին (հիմք՝ «www.court.am»):

Չնայած գործում առկա է վճիռը Հովհաննես Հովսեփյանին ուղարկելու մասին Դատարանի կողմից 05.05.2022 թվականին կազմված և ելքագրված գրությունը (հատոր 1-ին, գ.թ. 23), սակայն գործում բացակայում է դատական ակտի հրապարակման հաջորդ օրն այդ առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը:

Դատարանի կողմից Հովհաննես Հովսեփյանին ուղարկված վճիռը փոստային առաքում իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է «Չպահանջված» և «Այլ» նշումներով (հատոր 1-ին, գ.թ. 26): Դատարանի 04.05.2022 թվականի վճիռը Հովհաննես Հովսեփյանն ստացել է 27.09.2022 թվականին, որի վերաբերյալ Դատարանի կողմից 05.05.2022 թվականին կազմված և ելքագրված գրության վրա կատարել է համապատասխան գրառում (հատոր 1-ին, գ.թ. 23):

Հովհաննես Հովսեփյանը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 11.10.2022 թվականին` միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 04.05.2022 թվականի վճիռը փոստային ծառայության միջոցով ստացել է «26.09.2022» թվականին (հատոր 1-ին, գ.թ. 41-48, 65):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում բողոքարկվել է պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, որը հրապարակվել է հենց հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին Դատարանի 05.01.2022թ. որոշմամբ նշանակված օրը` 04.05.2022թ., և կարող էր բողոքարկվել մինչև 26.05.2022թ. ներառյալ, բայց բողոքարկվել է 11.10.2022թ.: Վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության հեղինակը (...) չի վկայակոչել վճիռը 04.05.2022թ. հրապարակված չլինելու, այն ավելի ուշ հրապարակված լինելու, իրեն ուշ ուղարկված լինելու, դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունեցած լինելու կամ այլ փաստեր: Այս պայմաններում միջնորդության հեղինակի վկայակոչած միակ` վճիռը 26.09.2022թ. առձեռն ստացված լինելու փաստն ինքնին բավարար չէ այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով հրապարակված վճիռը սահմանված տասնհինգօրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից, քանի որ այդ փաստը որևէ կերպ չի արդարացնում դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու արդյունքում հասանելի դառնալու պահից մինչև դրա թղթային օրինակն ստանալու պահը վճռի բողոքարկման հարցում ցուցաբերված անգործությունը և չի կարող գնահատվել որպես վճռի հրապարակման հաջորդ օրվանից (ոչ թե վճռի թղթային օրինակի ստացման հաջորդ օրվանից, ինչպես կամայականորեն պնդել է միջնորդության հեղինակը) մեկնարկած ժամկետի բաց թողման հարգելի պատճառ», 02.11.2022 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է, որ թեև Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 04.05.2022 թվականը, և այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է հայտարարված օրը՝ 04.05.2022 թվականին, ինչպես նաև 04.05.2022 թվականի վճռի օրինակը Հովհաննես Հովսեփյանին ուղարկելու նպատակով գրությունը կազմել է 05.05.2022 թվականի ամսաթվով, այնուամենայնիվ, գործում բացակայում է վճռի օրինակը Հովհաննես Հովսեփյանին ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու ապացույցը: Ավելին՝ նշված որոշումը վերջինիս հնարավոր չի եղել հանձնել նաև պատվիրված նամակով: Ընդ որում, ստացման անհնարինության վերաբերյալ պատճառաբանությունները Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքում՝ կցելով նաև իր փաստացի բնակության և հաշվառման հասցեների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքներ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ անդրադառնում է վերաքննիչ բողոքի շրջանակներում հիշատակված փաստերին, այդուհանդերձ, քննարկման առարկա չի դարձրել հասցեների տարբերության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները ((մասնավորապես այն, որ վճիռը Հովհաննես Հովսեփյանին ուղարկվել է «Արարատի մարզ, գ. Ղուկասավան, 17 փ, 35 տ.» հասցեով (ընդ որում Դատարանը վճռում արձանագրել է, որ Հովհաննես Հովսեփյանի անձնագրային տվյալները գործում առկա չեն), վերաքննիչ բողոքում Հովհաննես Հովսեփյանը նշել է «Արարատի մարզ, գ. Ղուկասավան, 17փ, 15տ» հասցեն, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն՝ վերջինս մշտական հաշվառված է «Արարատ, Մասիս, Ղուկասավան 17Փ. Տ 15» հասցեում, ինչպես նաև Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի և Ղուկասավան համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքներ, որոնց համաձայն՝ Հովհաննես Հովսեփյանը փաստացի բնակվում է Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան գյուղի 17-րդ փողոցի տուն 8 հասցեում):

Արդյունքում վճիռը Հովհաննես Հովսեփյանին տրամադրվել է միայն 27.09.2022 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը վերջինիս ներկայացուցիչը փոստային ծառայությանն է հանձնել 11.10.2022 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ հարուցելով վերը նշված միջնորդությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Հովսեփյանը միայն 27.09.2022 թվականից սկսած է ունեցել իրական հնարավորություն ծանոթանալու Դատարանի վճռին և ներկայացնելու վերաքննիչ բողոք նշված վճռի դեմ, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի անձի բողոքարկման իրավունքի պատշաճ իրականացման տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Հովհաննես Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ ներկայացված հանգամանքը հանդիսանում է հարգելի օբյեկտիվ պատճառ, որը վերջինիս զրկել է օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական գործողությունը կատարելու հնարավորությունից:

Վերոգրյալ հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից՝ դատական ակտը հրապարակելու և հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին՝ Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Հովհաննես Հովսեփյանի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, կայացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ որոշում, սահմանափակել է Հովհաննես Հովսեփյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան նաև վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը։

 

Միաժամանակ նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանը 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ «Ի խախտումն Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասով սահմանված պահանջների, վերաքննիչ բողոքում չի նշվել հայցվորի անվանումը, և վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (վերաքննիչ բողոքում և փոստային ծառայությանն առաքանու հանձնման մասին ստացականում համապատասխանաբար նշված է «Վիոլա Ջուր ՓԲԸ» և «ՎԻՈԼԱ ՋՈՒՐ ՓԲԸ», մինչդեռ հայցվորի անվանումն է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ): Ի խախտումն Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի, պետական տուրքի վճարումը հաստատելու նպատակով վերաքննիչ բողոքին կցվել է մի փաստաթուղթ` «Հայ-փոստ» փակ բաժնետիրական ընկերության դրամարկղի մուտքի թիվ 64455317 օրդերը, որը չի համապատասխանում ստորև ներկայացվող նորմատիվ իրավական ակտերից որևէ մեկի պահանջներին, իսկ վերաքննիչ բողոքն էլ ներկայացվել է առանց պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության», և եզրահանգել, որ «Տվյալ դեպքում առկա են Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքը և Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքը, ինչն Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի ուժով բացառում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավաչափ հնարավորությունը և պահանջում է կայացնել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում», ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը վերացվելու պայմաններում բողոքը կարող է ընդունվել վարույթ, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Պատասխանող Հովհաննես Հովսեփյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Նկատի ունենալով, որ բողոքի քննության շրջանակներում դատական ծախսեր, այդ թվում՝ պետական տուրք, չեն առաջացել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման պատասխանողին՝ որպես օրենսդրությամբ չպահանջվող պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան