Գլխավոր տեղեկություն
Номер
N 643-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 643-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 399-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 2-ի N 643-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվության ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքով դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները։

2. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի առանձնահատկությունները սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք):

3. Փորձաքննությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, գնահատման և վերլուծության արդյունքով հիմնադրույթային փաստաթղթի նախագծին և ՌԷԳ հաշվետվությանը համապատասխան կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան նախատեսվող գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն (այսուհետ՝ պետական փորձաքննական եզրակացություն) տալու գործընթաց է:

4. Փորձաքննությունը, պետական փորձաքննական եզրակացության կազմումն իրականացվում է լիազոր մարմնի համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ փորձաքննական կենտրոնի) միջոցով, իսկ պետական փորձաքննական եզրակացությունը հաստատվում և նախաձեռնողին է տրամադրվում լիազոր մարմնի կողմից:

5․ Փորձաքննության ենթակա ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը մշակում է նախաձեռնողը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:

6․ Նախաձեռնողը մինչև պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը կարող է հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից՝ այդ մասին գրավոր դիմելով լիազոր մարմնին։

7. Մինչև փորձաքննական գործընթաց սկսելը՝ նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարզաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում է նախաձեռնողին։

8. Նախաձեռնողը օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փուլերում խորհրդատվության համար կարող է դիմել լիազոր մարմնին, առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնին, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հիմնադրույթային փաստաթղթի բնագավառը, կարող է դիմել նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում թվարկված բնագավառների պետական կառավարման լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին (hամայնքների ղեկավարներին)։ Լիազոր մարմինը, պետական կառավարման լիազոր մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները (համայնքների ղեկավարները) դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում են նախաձեռնողին։

 

2․ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՌԷԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՇՄԱԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Փորձաքննության ենթակա են`

1) օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 6-9-րդ մասերով, ինչպես նաև օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ նախատեսվող գործունեության տեսակների ՇՄԱԳ հաշվետվությունները և նախագծային փաստաթղթերը.

2) սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք օրենքի 12-րդ հոդվածում թվարկված՝ նախատեսվող գործունեության տեսակների կամ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված նախագծերի իրականացման հիմքեր են պարունակում և դրանց ՌԷԳ հաշվետվությունները.

3) բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա:

10. Նախաձեռնողն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն (այսուհետ՝ փաթեթ) էլեկտրոնային տարբերակով ուղեկցող գրությամբ ներկայացնում է լիազոր մարմնին։ Էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում փորձաքննության ներկայացվող փաթեթը ներկայացվում է թղթային տարբերակով։

11. ՌԷԳ-ի և ՇՄԱԳ-ի հաշվետվությունների փորձաքննության իրականացման ժամկետներն են՝

1) հիմնադրույթային փաստաթղթի դեպքում ՝ մինչև 80 աշխատանքային օր.

2) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչև 80 աշխատանքային օր.

3) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչև 40 աշխատանքային օր։

12. Լիազոր մարմնի կողմից փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օր՝ փորձաքննության գործընթացի լիարժեքությունն ապահովելու, լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով, ինչի մասին լիազոր մարմինը մինչև սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը գրավոր ծանուցում է նախաձեռնողին՝ ծանուցման մեջ նշելով կատարվելիք լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտության կամ ձեռք բերվող անհրաժեշտ տեղեկատվության մասին:

13․ Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացում փաթեթի ներկայացման, փաթեթի վերադարձման, փաթեթի լրամշակման վերադարձման, նախաձեռնողին ծանուցման, փորձաքննությունից հրաժարման, փորձաքննության կասեցման կամ երկարաձգման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխությունների կամ լրացումների կատարման, փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու փաստաթղթաշրջանառությունը լիազոր մարմինը և նախաձեռնողն իրականացնում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի միջոցով։

14․ Փաթեթը պետք է պարունակի՝

1) հիմնադրույթային փաստաթղթի դեպքում հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում նախագծային փաստաթուղթը և ՇՄԱԳ հաշվետվությունը.

2) օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու նախնական համաձայնության մասին որոշումը.

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։

15․ Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշումն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից չկայացվելու դեպքում նախաձեռնողը փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել՝ առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության։

16․ Սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում լիազոր մարմինը եռօրյա ժամկետում համապատասխան համայնքի ղեկավարին հարցում է ուղարկում՝ համայնքի ավագանու նախնական համաձայնության կամ անհամաձայնության առկայությունը պարզելու նպատակով:

17․Համապատասխան համայնքի ղեկավարին ուղղված հարցումը համայնքապետարան առաքվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում լիազոր մարմինն սկսում է փորձաքննության գործընթացը։

18. Երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանու անհամաձայնության առկայությունը հավաստվելու դեպքում փորձաքննական գործընթացը համարվում է չսկսված, և լիազոր մարմինը ներկայացված փաթեթը համապատասխան գրությամբ յոթ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախաձեռնողին։

19. Փաթեթը, լիազոր մարմին մուտքագրելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարզաբանող գրությամբ վերադարձնում է նախաձեռնողին լրակազմման, եթե այն չի պարունակում օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կամ պարունակում է ձևական կամ ոչ բովանդակային անճշտություններ կամ թերություններ կամ բացակայում է փորձաքննության իրականացման համար պետական տուրքի վճարումը՝ գրության մեջ նշելով բոլոր անճշտությունները, թերությունները, անհամապատասխանությունները։ Պետական տուրքը վճարված լինելու հավաստիությունը ստուգվում է «Client treasuary» համակարգին հասանելիություն ունեցող լիազոր մարմնի ստորաբաժանման կողմից։

20․ Փորձաքննությունն սկսվում է օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։

21․ Ելնելով հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության տեսակից, բնագավառից և առանձնահատկություններից, ՌԷԳ-ի և փորձաքննության, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացներում դիտարկվող գործողություններից, շրջակա միջավայրի օբյեկտներից ու բնութագրերից՝ լիազոր մարմինը կարծիք ստանալու նպատակով՝ լրակազմ փաթեթը, լիազոր մարմին մուտքագրվելու, իսկ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքում համայնքի ղեկավարի կողմից դիրքորոշում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է համապատասխան պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավարներին)։

22․ Լիազոր մարմինը, հիմնավորված կարծիք ստանալու նպատակով, փաթեթը, ըստ անհրաժեշտության, շրջանառում է նաև իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջև։

23․ Փորձաքննության ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության ճշտման կամ գիտական հիմնավորվածությունն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով լիազոր մարմինը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային կամ պետական և մասնագիտացված այլ մարմիններին կամ անձանց։

24. Նախատեսվող գործունեությունն անդրսահմանային ազդեցության համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու դեպքում լիազոր մարմինը տեղեկանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողին։

25․ Լիազոր մարմինը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերի, ՌԷԳ կամ ՇՄԱԳ հավետվությունների տվյալների հավաստիությունն ստուգելու նպատակով կարող է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ կադաստրների, ռեեստրների, ռեգիստրների տվյալները, պետական հաշվառումների կամ պետական ուսումնասիրությունների արդյունքները, պետական կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում մշակված կամ ստացված տվյալները։

26. Սույն կարգի 21-23-րդ կետերով սահմանված մարմինները, ստորաբաժանումներն ու անձինք 15 աշխատանքային օրվա ընթացքում փաթեթի վերաբերյալ ներկայացնում են կարծիք կամ տեղեկատվություն։ Եթե 15 աշխատանքային օրվա ընթացքում փաթեթի վերաբերյալ կարծիք չի ստացվում, ապա կարծիքը համարվում է դրական։

27.Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործունեության ենթակա տարածքում իրականացնում է տեղազննման աշխատանքներ և դիտարկումներ՝ տարածքի առկա վիճակի և ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը պարզելու նպատակով։

28․ Փորձաքննական կենտրոնի փորձաքննություն իրականացնող մասնագետները կատարում են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն ու վերլուծությունները, գնահատում են փորձաքննության ենթարկվող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության լիարժեքությունը և հավաստիությունը, համապատասխանությունը օրենքով և շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ուսումնասիրում և դիտարկում են փորձաքննության գործընթացում ստացված բոլոր մարմինների, ստորաբաժանումների ու անձանց կարծիքները կամ տրամադրած տեղեկատվությունը, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը։

29. Մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազոր մարմինը փորձաքննության գործընթացում օրենքով սահմանված կարգով կարող է ներգրավել համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող փորձագետ(ներ)ի։ Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության, ինչպես նաև ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում իոնացնող ճառագայթման ազդեցության գնահատման բաժնի առկայության դեպքում լիազոր մարմինը որպես փորձագետ ներգրավում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձի:

30․Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերի մշակման կամ դրանց ազդեցության գնահատման գործընթացին։

31․ Լիազոր մարմինը պարզաբանող գրությամբ փաթեթը նախաձեռնողին վերադարձնում է լրամշակման՝ ելնելով.

1) սույն կարգի 28-րդ կետով սահմանված վերլուծությունների, ուսումնասիրությունների և գնահատման արդյունքներից.

2) սույն կարգի 21-23-րդ կետերով սահմանված գործընթացի մասնակիցների կողմից ստացված հիմնավոր առաջարկությունների, դիտողությունների կամ կարծիքների, փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետի մասնագիտական եզրակացության արդյունքներից.

3) ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի բովանդակությանը ներկայացվող օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովումից.

4) փաթեթում պարունակվող տեղեկատվության ոչ ձևական կամ բովանդակային անճշտությունների կամ թերությունների առկայությունից.

5) ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության և դրանց նախագծային փաստաթղթերի միջև առկա անհամապատասխանությունից։

32․ Լրամշակված փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին է ներկայացվում գրությունն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում փաթեթի փորձաքննության ժամկետը կասեցվում է մինչև նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը լիազոր մարմին կրկին ներկայացնելու օրը։

33. 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած։ Լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացվելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է բացասական եզրակացություն։

34․ Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքերում փաթեթն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացված համարվելու կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին` նշելով բացասական եզրակացություն տալու հիմքերը։

35․ Սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքերում փաթեթի վերաբերյալ փորձաքննության գործընթացի հանրային ծանուցում և լսում չի իրականացվում։

36․ Լրամշակված փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրույթային փաստաթղթի դեպքում՝ համապատասխան տարածքային կառավարման կամ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ, իսկ նախատեսվող գործունեության դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) հետ համատեղ և նախաձեռնողի մասնակցությամբ լիազոր մարմինը կազմակերպում ու իրականացնում է հանրային լսումների ծանուցում և հանրային լսում։

37․ Հանրային լսման գործընթացում շահագրգիռ հանրությունը հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարող է տրամադրել տեղեկություններ, գրավոր կամ բանավոր կարծիքներ, որոնք ներառվում են արձանագրությունում կամ դրան կից ներկայացվող ամփոփաթերթում: Ամփոփաթերթում ներառվում են բոլոր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները։ Առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ։

38․ Լիազոր մարմինը և նախաձեռնողը պարտավոր են քննարկել հանրային լսման ընթացքում արված բոլոր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները, և պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս լիազոր մարմինը հաշվի է առնում շահագրգիռ հանրության կողմից ներկայացված հիմնավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները:

39. Պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս դիտարկվում են համապատասխան բնագավառներում պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած կարծիքները, գործընթացում ներգրավված փորձագետների կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կամ պետական և մասնագիտացված այլ մարմինների կամ անձանց տրամադրած տեղեկատվությունը և տվյալները։

40. Փորձաքննական գործընթացի արդյունքով կազմվում է պետական փորձաքննական եզրակացություն՝ հիմք ընդունելով․

1) հաշվետվությունների ամբողջականությունը և համապատասխանությունը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթին.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ընտրության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով այլընտրանքային տարբերակները.

3) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

4) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին.

5) հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթում ամրագրված բնապահպանական կառավարման պլանի, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը.

6) գործընթացի մասնակիցների ծանուցման, հանրային լսումների ապահովման և կարծիքների դիտարկման արդյունավետությունը, հիմնավորվածությունը:

41. Պետական փորձաքննական եզրակացությունը փորձաքննական կենտրոնի կողմից օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված ժամկետներում կազմվում, փորձաքննական կենտրոնի մասնագետի ու ղեկավարի կողմից ստորագրվում (փորձաքննական եզրակացության տեքստի վերջում են դրվում ստորագրությունները) և հաստատվում է լիազոր մարմնի կողմից։ Պետական փորձաքննական եզրակացությունը կազմվում և հաստատվում է սույն կարգի ձևին համապատասխան։

42. Հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նախաձեռնողին և յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

43. Պետական փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պարտադիր կատարման ենթակա պահանջներ, պայմաններ, որոնց համար սահմանվում են ժամկետներ:

44․ Եթե երկու կամ ավելի նախաձեռնողներ փաթեթ են ներկայացրել գործունեության ենթակա միևնույն տարածքների համար, կամ որտեղ առկա է տարածքների կոորդինատների համընկնում, ապա փորձաքննության է ենթարկվում այն նախաձեռնողի փաթեթը, որը օրենքով սահմանված կարգով լրակազմ փաթեթն առաջինն է ներկայացրել փորձաքննության: Այս դեպքում մյուս փաթեթը վերադարձվում է համապատասխան նախաձեռնողին՝ գրավոր տեղեկացնելով, որ այն կրկին կարող է ներկայացվել լրակազմ փաթեթն առաջինը ներկայացրած նախաձեռնողին պետական փորձաքննական եզրակացության տրամադրումից հետո, ընդ որում՝ ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փաթեթը վերադարձվելու դեպքում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում կամ երկարաձգում է տվյալ նախաձեռնողի մասով հարուցված վարչական վարույթը՝ մինչև պետական փորձաքննական եզրակացություն ստանալը։

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

45. Պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների առկայության դեպքում, որոնք չեն ազդում պետական փորձաքննական եզրակացության բովանդակության վրա, շտկվում են լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության անբաժանելի մաս կազմող ուղղումների ձևով։

46․ Նախաձեռնողը տրամադրված փորձաքննական եզրակացության մեջ տեխնիկական վրիպակներ հայտնաբերելու դեպքում կարող է գրությամբ դիմել լիազոր մարմնին՝ տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով։

47. Նախաձեռնողի կողմից գրությունը լիազոր մարմին մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական կենտրոնը փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների շտկումների վերաբերյալ գրություն է կազմում և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը։

48. Լիազոր մարմնի կողմից հաստատված գրությունը ներկայացվում է նախաձեռնողին, և կցվում է փորձաքննական եզրակացությանը։ Լիազոր մարմնի կողմից հաստատված գրությունը փորձաքննական եզրակացության անբաժանելի մասն է։

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

49. Պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո նախաձեռնողը մեկամսյա ժամկետում չի վերացնում արձանագրված խախտումները, և որի վերաբերյալ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) միջնորդում է լիազոր մարմնին, որ պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի․

2) ուժի մեջ է մտել օրենսդրական ակտ, որով սահմանվել է պետական փորձաքննական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչելու պահանջ.

3) պետական փորձաքննական եզրակացություն տալուց հետո առաջացել է շրջակա միջավայրի նոր գործոն, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որի առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, և որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար․

4) փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), և պետական փորձաքննական դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և եթե արձանագրված անհամապատասխանությունները մինչև եզրակացության տրամադրումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար։

50. Սույն կարգի 49-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքի առկայության դեպքում տեսչական մարմնի միջնորդագիրը լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին, տեսչական մարմնին և ազդակիր համայնքի ղեկավարին։

51. Սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետով նշված հիմքի առկայության դեպքում համապատասխան օրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքի ղեկավարին։

52. Սույն կարգի 49-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ շրջակա միջավայրի նոր գործոն է համարվում շրջակա միջավայրի բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ՝ ներառյալ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի՝ ներառյալ մարդու առողջության, անվտանգության գործոնների վերաբերյալ նոր հայտնաբերված կամ բացահայտված այնպիսի փաստերը կամ հանգամանքները, որոնք առկա չեն եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որոնց առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, և որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար։

53. Շրջակա միջավայրի նոր գործոն առաջանալու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի դառնալու օրվանից հետո եռամսյա ժամկետում լիազոր մարմինն ուսումնասիրում է շրջակա միջավայրի նոր գործոնի առաջացման վերաբերյալ տեղեկատվությունը։ Շրջակա միջավայրի նոր գործոնի առաջացման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դառնում լիազոր մարմնին՝ իր լիազորությունների իրականացման շրջանակներում կամ լիազոր մարմնին տեղեկատվությունը տրամադրվում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ անձանց կողմից՝ իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում։

54․ Շրջակա միջավայրի նոր գործոնի առաջացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ լիազոր մարմինը գրավոր ծանուցում է նախաձեռնողին՝ ուսումնասիրության առարկայի վերաբերյալ իր դիրքորոշումը, պատճառաբանությունները և հիմնավորումները ներկայացնելու նպատակով։

55. Նախաձեռնողը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին գրությամբ ներկայացնում է իր դիրքորոշումը, պատճառաբանությունները և հիմնավորումները։

56․Շրջակա միջավայրի նոր գործոնի առաջացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում, եթե առկա են սույն կարգի 52-րդ կետով սահմանված հիմքերը, կամ այն անփոփոխ թողնելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին ու ազդակիր համայնքի ղեկավարին։

57․ Սույն կարգի 49-րդ կետի 4-րդ ենթակետով նշված հիմքով օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթի կեղծման փաստը հաստատվելու դեպքում լիազոր մարմինը կայացնում է պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքի ղեկավարին։

58․ Նախաձեռնողը պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝

Շրջակա միջավայրի նախարար

-----------------------------

« » ------- 20--թ.

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

 

 

 

ԲՓ N------

 

 

 

Նախաձեռնող՝

Գործունեությունը՝

Առդիր՝    թերթ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան