Գլխավոր տեղեկություն
Номер
N 830-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.709
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Дата вступления в силу
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 830-Ն

«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 18.04.24 N 566-Ն)

1. Հաստատել «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 830-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Որդան կարմիր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի N 61 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա: Արգելավայրն զբաղեցնում է 219.85 հեկտար տարածք, բաղկացած է երկու առանձին տեղամասերից` Արազափի գյուղական համայնքի հյուսիսարևմտյան մասում (198.33 հեկտար) և Ջրառատի գյուղական համայնքի հյուսիսային մասում (21.52 հեկտար)` Արարատյան հարթավայրում, ծովի մակերևույթից 835-850 մետր բարձրության վրա:

(1-ին կետը խմբ. 20.11.08 N 1371-Ն)

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Արարատյան հարթավայրի աղուտային (հալոֆիտ) ցուցանմուշային էկոհամակարգերի, դրանց բուսական ու կենդանական աշխարհի ամբողջության պահպանության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության համար էնդեմիկ արժեքավոր միջատ որդան կարմիրը և նրա սնման օբյեկտ հանդիսացող բույսերից որդանախոտը:

3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և սեփականաշնորհման ենթակա չեն:

4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Արգելավայրի հիմնական խնդիրներն են՝

ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

բ) Արարատյան հարթավայրի աղուտային (հալոֆիտ) ցուցանմուշային էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում՝ ջրային ռեժիմի պահպանությունը.

գ) արգելավայրի վայրի բուսական և կենդանական աշխարհի էկոլոգիական միջավայրի պահպանությունը.

դ) հազվագյուտ ու անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջություն իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

7. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են՝

ա) որդան կարմիրի, որդանախոտի, ինչպես նաև էկոհամակարգերի այլ բուսական և կենդանական տարրերի էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, համակեցությունների վիճակի մոնիտորինգը, որդան կարմիրի ու որդանախոտի գիտականորեն հիմնավորված վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

8. Արգելավայրի տարածքում արգելվում են՝

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնական ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը՝ բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների.

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողի հերկումը:

9. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել՝

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների ու վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) որդան կարմիրի և որդանախոտի վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.

ե) գիտահետազոտական ուսումնասիրություններ` լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում‚ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված‚ թույլատրվում է արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:

10.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:

(10.1-ին կետը լրաց. 18.04.24 N 566-Ն)

11. Արգելավայրի տարածքում ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Արգելավայրի պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը, որոնց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12. Արգելավայրի ռեժիմը և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 20.11.08 N 1371-Ն, լրաց. 18.04.24 N 566-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան