Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.03.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
19.03.2024
Дата вступления в силу
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19
2024 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19

Նախագահող դատավոր`

 Դ. Սերոբյան

Դատավորներ`

 Ա. Խառատյան

 Գ. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի մարտի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Մհեր Դերձյանի հայցի ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, փոխհատուցում վճարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր Դերձյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար, ինչպես նաև բռնագանձել 3.570.000 ՀՀ դրամ, որից 1.000.000 ՀՀ դրամը՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 2.000.000 ՀՀ դրամը՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, 500.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 70.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2021 թվականի որոշմամբ Մհեր Դերձյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է

«11․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Մհեր Լևոնի Դերձյանից «խաբեություն» և «ապօրինի գործունեություն» արտահայտությունների համար: Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում տեղադրել լրատվական հոդված «www.armlur.am» ինտերնետային կայքում հետևյալ վերնագրով՝ «Ընկերությունը ներողություն է խնդրում «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանից», իսկ բովանդակությունը շարադրել հետևյալ կերպ «29.03.2019թ. «armlur.am» պորտալում լույս է տեսել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակում: Հայտնում ենք, որ հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Մհեր Դերձյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն ենք խնդրում: Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Դերձյանի հայցն ընդդեմ Ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, հերքում հրապարակելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին բավարարվել է մասնակի։ Ստորև ներկայացվում է դատարանի կայացրած վճռի բովանդակությունն ամբողջությամբ։

Հոդվածը տեղադրել «www.armlur.am» ինտերնետային կայքում առավոտյան ժամը 09:30-12:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել «www.armlur.am» ինտերնետային կայքում նույն ժամկետով, հոդվածը «www.armlur.am» ինտերնետային կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել:

12․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել «www.armlur.am» կայքում 29.03.2019 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած՝ Մհեր Դերձյանի վերաբերյալ կատարված զրպարտություն համարվող «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Նույն կայքում, երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկ աշխատանքային օր, նույն ժամկետով, նույն եղանակով, ցուցադրման նույն առաջնահերթությամբ ինչպիսին զրպարտություն պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել տեղադրել «Հերքում» խորագրով հետևյալ հայտարարությունը՝ Ընկերությունը հերքում է 29.03.2019թ. «armlur.am» պորտալում ««Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակման մեջ Մհեր Դերձյանի վերաբերյալ կատարված «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:

13․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Մհեր Լևոնի Դերձյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար:

14․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Մհեր Լևոնի Դերձյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։

Հայցը մնացած մասով մերժել:(...)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 02.09.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Գարիկ Հախնազարյան և Քնարիկ Մանուկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 07012023 թվականը գործած  խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 368-րդ հոդվածի 5‑րդ մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 26082022 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց ներկայացվել է թիվ 000335 վճարման հանձնարարագիրը։ Հանձնարարագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով՝ «Օնլայն Բանկինգ» համակարգով, իսկ վճարումները հավաստող ապացույցները Վերաքննիչ դատարան են ներկայացվել թղթային տարբերակներով։ Մասնավորապես՝ նշված վճարման հանձնարարագրում առկա է փաստաթղթի համարը՝ թիվ 000335, վճարման օրը, ամիսը, տարին՝ 17082022 թվական, վճարման գումարի չափը՝ 44000 ՀՀ դրամ, վճարման նպատակը՝ «վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ «08211581», շահառուի (ստացող) անվանումը՝ «ՀՀ պետական բյուջե», շահառուի հաշվեհամարը՝ «900005016010»։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված թիվ 000335 բյուջետային փոխանցումը պարունակում է վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը։ Բացի այդ, «www.registr.am» կայքը ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի պաշտոնական կայքէջն է, որի միջոցով հնարավոր էր ներկայացված թիվ 000335 բյուջետային փոխանցումը հավաստող փաստաթղթի մեջ նշված 08211581 ՀՎՀՀ-ով պարզել վճարող ընկերության՝ բողոքաբերի անվանումը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պետական տուրքի վճարումն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, որի պարագայում գործարքն իրականացնող անձի և վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունները չեն պահանջվում։ Վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ֆինանսական կազմակերպությանը ներկայացվում է թղթային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելիս գործարքն իրականացնող անձի ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Սույն գործով պետական տուրքի վճարումը հավաստող վճարման հանձնարարականը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որպիսի պայմաններում գործարքն իրականացնող անձի և վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը, որպես վճարահաշվարկային փաստաթղթի (վճարման հանձնարարագրի) վավերապայման, չի պահանջվում:

Կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով 17.08.2022 թվականի թիվ 000335 վճարման հանձնարարագիրը՝ պահպանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության ներկայացուցիչը Դատարանի 19.04.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պետական տուրքի վճարման գծով տրամադրել արտոնություն (հատոր 4-րդ, գթ 3-14)

2) Վերաքննիչ դատարանը 28.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ «(...)վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության հանգամանքը, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը չի կարող բավարարվել՝ հետևաբար ենթակա է մերժման (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 18-20)

3) Ընկերությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կից որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց ներկայացնելով «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 4-րդ, գ.թ. 33-56)

4) Վերաքննիչ դատարանը 02.09.2022 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ «(...)Անդրադառնալով բողոքաբերի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացված 44,000.00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի վճարման վերաբերյալ «Բյուջետային փոխանցում» 000335 փաստաթղթի պատճենին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված փաստաթուղթը չի կարող համարվել սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց, այն պատճառաբանությամբ, որ այն բնօրինակ և ամբողջական չէ (պատճենահանվել է «փաստաթղթի» մի մասը) նշված վճարման հանձնարարականում բացակայում է վճարող ընկերության՝ բողոքաբերի անվանումը, վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), վճարող ընկերության բանկի անվանումը, շահառուի (ստացող) անվանումը, ստացողի բանկի անվանումը, գործարքն իրականացնող անձի և վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը» (հատոր 4-րդ, գթ 59-63)։

 

4 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային եղանակով՝ հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի կամ մոբայլ բանկինգի միջոցով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով էլեկտրոնային միջավայրից արտատպված և թղթային ձևով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսի փաստաթղթի բնօրինակ դիտարկելու հարցին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (…):

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ դատարանը մերժել է բողոք բերող անձի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված՝ պետական տուրքը ճիշտ հաշվարկված և ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի, թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22032007 թվականի վճիռը, կետ 125)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր հերթին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): 

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման պահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-իրավական  որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները (…)

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ» ու «ժդ» կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`

ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:

Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.

գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.

ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.

ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.

ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 931-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը (․․․) փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին (․․․):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 932-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1‑ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ: Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը և այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջև կնքված պայմանագրով:

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1‑ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը և վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը` պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (…):

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների, դրանք չեղյալ համարելու հանձնարարականների և տեղեկացումների վավերապայմանները:

««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:

Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`

ա. Վճարման հանձնարարական, (…)։

Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ‑հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: (․․․

Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով (․․․).

1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,

2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,

3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:

Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 12-րդ կետի համաձայն՝ ՀՎՀՀ-ն պարտադիր պետք է լրացվի հաշվառված հարկատու հանդիսացող անձի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության բյուջե ուղղված վճարումների ժամանակ, (․․․

Հավելվածի՝ նույն գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.

ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ

բ. սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ

գ. ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ

դ. ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ

ե. վարկի մարում, կամ

զ. կանխիկի մուտքագրում, կամ

է. կանխիկի ելքագրում, կամ

ը. փոխանցում և այլն:

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,

բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,

(…),

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում, կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կիրառում է հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը ներկայացված` վճարման կամ փոխանցման կարգադրության ընդունման և վերջինիս պահանջների համաձայն կրեդիտային փոխանցումներ կատարելիս. 1) երբ վճարումը կամ փոխանցումը կատարվում է անկանխիկ եղանակով վճարողի բանկային հաշվից, որի արդյունքում կրեդիտագրվում է շահառուի բանկային հաշիվը, (․․․

Հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կազմվում է երկու օրինակից` մեկը պահվում է ֆինանսական կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է հաճախորդին, եթե հաճախորդին չի տրամադրվում գործարքի կատարումը հավաստող այլ փաստաթուղթ (օրինակ` անդորրագիր): Ընդ որում` հաճախորդին տրամադրվող վճարման հանձնարարականով կատարված գործարքի կատարումը հավաստող փաստաթուղթը պետք է առնվազն պարունակի այն դաշտերը, որոնք լրացվել են վճարման հանձնարարականում, բացառությամբ «վճարողի ստորագրությունը» և «վճարողի կնիքը» դաշտերի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հավելվածի 17-րդ կետով «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար, ի լրումն Հավելվածի 11-14 կետերով նախատեսված ընդհանուր կանոնների, սահմանվում են նաև հատուկ կանոններ։

 Նույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աղյուսակի համաձայն՝ «Վճարման հանձնարարական» փաստաթղթում պարտադիր պետք է լրացվեն հետևյալ դաշտերը՝ «փաստաթղթի անվանումը», «վճարման հանձնարարականի համարը», «վճարման հանձնարարականի ներկայացման ամսաթիվը», «վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը», «վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի բանկային հաշվի համարը» (վճարողի բանկային հաշվից վճարում կամ փոխանցում իրականացնելու դեպքում), «վճարողի ՀՎՀՀ» (պարտադիր բյուջե ուղղված վճարումների կատարման դեպքում, երբ վճարողն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր), «վճարողի ՀԾՀ» («Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, երբ վճարողը ֆիզիկական անձ է), «շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը», «շահառուի բանկային հաշվի համարը», «շահառուի ՀԾՀ» («Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում), գումարը (թվերով և (կամ) բառերով), արժույթը (բառերով կամ կոդով), «գործարքի նպատակը», «միջնորդավճարը», «վճարողի ստորագրությունը»։

Նույն աղյուսակի համաձայն՝ «վճարողի կնիքը», «վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը» ու «վճարման հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը» դաշտերը ենթակա են պարտադիր լրացման վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործում է վճարահաշվարկային համակարգը, որն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Ընդ որում, վճարումը, որպես դրամական պարտավորության կատարում, իրականացվում է համապատասխան միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով: Միաժամանակ օրենսդիրը վերը նշված օրենքով սահմանել է վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, մասնավորապես՝ նշելով, որ այն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ: Այսինքն՝ վճարահաշվարկային համակարգի միջոցով անձն իրավասություն է ստանում կատարելու համապատասխան վճարումներ, ի հավաստում որի՝ տրամադրվում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր և այլն): Ընդ որում, վճարահաշվարկային փաստաթուղթը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Միաժամանակ օրենսդիրը «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև վճարման հանձնարարականի, որպես վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, ըստ որի այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար: Ի ապահովումն վերը նշված օրենքների կիրառման՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կանոնակարգվել են վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները: Մասնավորապես՝ որպես ընդհանուր կանոն էլեկտրոնային եղանակով ստեղծված վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման համար նախատեսվել են մի շարք վավերապայմաններ, որոնցից է նաև «ստորագրություն» վավերապայմանը: Ըստ այդմ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրություն վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Ավելին, նույն կարգով որպես հատուկ կանոն սահմանվել է նաև «վճարման հանձնարարականին» (վճարահաշվարկային փաստաթուղթ) վերաբերող վավերապայմանները, որի 25-րդ կետում որպես վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքի, ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է թղթային եղանակով: Այսինքն՝ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, դրա նկատմամբ կիրառելի չէ վերը նշված կանոնը (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով նույն Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին, նշել է, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Վճարման հանձնարարականում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և հիմք ընդունելով վերը շարադրված իրավական նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

1.  վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված փաստաթուղթ է, որը պարունակում է՝

ա) վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությանն ուղղված կարգադրություն` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու վերաբերյալ, և (կամ)

բվճարահաշվարկային կազմակերպության կողմից դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ֆինանսական ծառայությունների ու (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն

2․ վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ձևավորվել, ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով

3․ վճարային փաստաթուղթը համարվում է կազմված (ձևավորված, ներկայացված) թղթային եղանակով, եթե վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությանն ուղղված հանձնարարությունը (կարգադրությունը)` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու վերաբերյալ, վճարողի կողմից տրվել է գրավոր ձևով, այլ ոչ թե բանավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ ի թիվս այլի՝ հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, գործարքի սպասարկումն ապահովող սարքի կամ այլ միջոցի կիրառմամբ

4․ վճարային փաստաթուղթը համարվում է կազմված (ձևավորված, ներկայացված) էլեկտրոնային եղանակով, եթե այն ներկայացվել է հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, գործարքի սպասարկումն ապահովող սարքի կամ այլ միջոցի կիրառմամբ

5․ ի հավաստումն վճարահաշվարկային կազմակերպության կողմից դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու ծառայությունների մատուցման և (կամ) գործարքների կատարման, մատուցված ֆինանսական ծառայությունների ու (կամ) կատարված գործարքների՝ վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է ֆինանսական կազմակերպությունը, որի վրա օրենքով դրված է վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրման, պահպանման, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակման, փոխանցման, մասնակցող կողմերի նույնականացման, ինչպես նաև վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգման և միջոցների փոխանցման հավաստագրման գործառույթը.

6․ «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կազմվում է երկու օրինակից` մեկը պահվում է ֆինանսական կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է հաճախորդին (վճարողին)։ Վճարողին կարող է տրամադրվել գործարքի կատարումը հավաստող այլ փաստաթուղթ (օրինակ` անդորրագիր, ստացական և այլն), որը, որպես գործարքի կատարումը հավաստող փաստաթուղթ, պետք է առնվազն պարունակի այն դաշտերը, որոնք լրացվել են վճարման հանձնարարականում, բացառությամբ «վճարողի ստորագրությունը» և «վճարողի կնիքը» դաշտերի

7․ Վճարահաշվարկային փաստաթղթերը համարվում են ֆինանսական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով գործարքն իրականացնող անձին (վճարողին) տրամադրված, եթե՝

ա) ուղարկվել են վերջինիս կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին, կամ

բ) թեև չեն ուղարկվել նրան, պահպանվում են միայն տվյալ հաճախորդի (վճարողի) համար հասանելի այնպիսի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին։

8) Էլեկտրոնային եղանակով կիրառվող (ներկայացվող, տրամադրվող) վճարային փաստաթղթերին, մասնավորապես՝ վճարման հանձնարարականներին ներկայացվող պահանջները, հաշվի առնելով դրանց ձևավորման, ներկայացման (տրամադրման) և ֆինանսական կազմակերպությունում պահման պայմանները, ունեն որոշ առանձնահատկություններ։ Մասնավորապես՝ ի տարբերություն թղթային եղանակով կիրառվող վճարման հանձնարարականների՝

ա) էլեկտրոնային եղանակով կիրառվող վճարման հանձնարարականում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի), այդ թվում՝ հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի կիրառմամբ դրամական միջոցների վճարում կամ փոխանցում իրականացնելու դեպքում վճարահաշվարկային փաստաթղթում «ստորագրություն» դաշտը կարող է չլրացվել, իսկ համապատասխան վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը, նույն միջոցի կիրառմամբ անհրաժեշտ հրահանգը տալով, հայտնում է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար․ 

բ) «Վճարման հանձնարարականն ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր վավերապայման չէ

գ) «Վճարման հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը» պարտադիր վավերապայման չէ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված Կանոններով կամ որևէ այլ իրավական ակտով, որպես նույն Կանոններով վճարահաշվարկային փաստաթղթերի բովանդակությանը ներկայացվող պահանջները խախտելու հետևանք, նախատեսված չէ վճարողի և նրան սպասարկող ֆինանսական կազմակերպության միջև (նրանց կողմից) էլեկտրոնային եղանակով կատարվող` դրամական միջոցներ մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու կապակցությամբ գործարքների, այդ թվում՝ ի հավաստումն նշված գործարքների կատարման վճարահաշվարկային կազմակերպության կողմից վճարողին տրված վճարահաշվարկային փաստաթղթերի անվավերություն։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության ներկայացուցիչը Դատարանի 19.04.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պետական տուրքի վճարման գծով տրամադրել արտոնություն։ Վերաքննիչ դատարանը 28.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության հանգամանքը, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը չի կարող բավարարվել՝ հետևաբար ենթակա է մերժման (...)»։

Ընկերությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կից որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց ներկայացնելով «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթուղթը:

Վերաքննիչ դատարանը 02.09.2022 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ «(...) Անդրադառնալով բողոքաբերի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացված 44,000.00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի վճարման վերաբերյալ «Բյուջետային փոխանցում» 000335 փաստաթղթի պատճենին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված փաստաթուղթը չի կարող համարվել սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց, այն պատճառաբանությամբ, որ այն բնօրինակ և ամբողջական չէ (պատճենահանվել է «փաստաթղթի» մի մասը), նշված վճարման հանձնարարականում բացակայում է վճարող ընկերության՝ բողոքաբերի անվանումը, վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), վճարող ընկերության բանկի անվանումը, շահառուի (ստացող) անվանումը, ստացողի բանկի անվանումը, գործարքն իրականացնող անձի և վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը»։

Վերը նշված դիրքորոշումների և վկայակոչված իրավական ակտերի համատեքստում անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքը վճարած լինելը հավաստող ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը, 28.07.2022 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց բողոքին կից ներկայացված չլինելու ու վճարման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ըստ էության, Ընկերությանն առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու ու վճարման փաստը հավաստող ապացույցը կրկին ներկայացվելիք բողոքին կից ներկայացնելու իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Ավելին` Վերաքննիչ դատարանը ժամկետ է սահմանել վերը նշված թերությունը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 28.07.2022 թվականի որոշման մեջ նշված խախտումը վերացնելու նպատակով Ընկերությունը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ֆինանսական կազմակերպությունից էլեկտրոնային եղանակով ստացված՝ «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ վճարահաշվարկային փաստաթուղթը։ Նշված փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները՝ փաստաթղթի անվանումը՝ Բյուջետային փոխանցում, փաստաթղթի համարը՝ 000335, ներկայացման (կատարման) ամսաթիվը՝ 17.08.2022, ՀՎՀՀ՝ 08211581, շահառուի հաշիվը՝ 900005016010, արժույթի համար սահմանված կոդը` AMD, գումարը՝ 44.000, գործարքի նպատակը՝ «վերաքննիչ բողոք ներկայացնելու համար»։ Նշվածով հերքվում է նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ներկայացված փաստաթղթում բացակայում է վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստաթղթում բացակայում են վերը նշված պարտադիր վավերապայմաններից վճարողի անվանումը (չնայած առկա է Ընկերության՝ որպես հարկ վճարողի հաշվառման համարը՝ 08211581), վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը, վճարողի բանկային հաշվի համարը, շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածը՝ գանձապետական համապատասխան հաշվեհամարն է), միջնորդավճարը, իսկ փաստաթղթի «շահառուի անվանումը» դաշտում լրացված է «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև» արտահայտությունը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածից և «շահառուի անվանումը» դաշտի բովանդակությունից ակնհայտ է, որ շահառուն Հայաստանի Հանրապետության գանձապետարանն է)։

Ներկայացված փաստաթուղթը չի պարունակում նաև վճարողի լիազոր ներկայացուցչի ստորագրությունը, ինչպես նաև գործարքն իրականացնող անձի և վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը, որոնք պարտադիր լրացման ենթակա դաշտեր են վճարահաշվարկային փաստաթուղթը թղթային եղանակով ֆինանսական կազմակերպությանը ներկայացված լինելու դեպքերում։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև որպես պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույց ներկայացված փաստաթղթում բացակայում են տվյալներ վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանման, վճարողի բանկային հաշվի համարի և գանձված միջնորդավճարի մասին, նշված հանգամանքը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին էլեկտրոնային եղանակով՝ հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի կամ մոբայլ բանկինգի կիրառմամբ տրամադրված և վճարողի կողմից իրեն հասանելի տեխնիկածրագրային միջավայրից արտատպված ու դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ այդ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա Վերաքննիչ դատարանը հնարավորություն ուներ միանշանակ պարզելու և՛ գործարքն իրականացրած իրավաբանական անձի անվանումը՝ հիմք ընդունելով փաստաթղթում առկա վճարողի ՀՎՀՀ-ն, և՛ շահառուի անվանումն ու շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը՝ հիմք ընդունելով շահառուի՝ փաստաթղթում նշված գանձապետական հաշվեհամարը։ Ինչ վերաբերում է վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանման և վճարողի բանկային հաշվի համարի մասին տվյալների բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ տեղեկությունների բացակայությունը չի կարող էական նշանակություն ունենալ վճարողի կողմից պետական տուրք վճարելու պարտականության կատարումը հավաստելու տեսանկյունից, քանի որ որևէ կերպով չի ազդում գնահատվող փաստաթղթի ու դրանով հավաստվող վճարահաշվարկային գործարքի վավերության վրա։

Ընդ որում, նման վարքագծի դրսևորումը համահունչ կլիներ Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումներին, որոնց համաձայն՝ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների ու կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում, կիրառված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցության` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ: Ընդ որում, իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտմանը։ Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով ապահովելու նաև Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումների գործնականում կիրառելիությունը, համապատասխան համակարգի միջոցով ստուգման ենթարկելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթղթում նշված գործարքը կատարված լինելու հանգամանքը, պարզեց, որ այն իրականում կատարվել է, իսկ որպես գործարքը կատարող հանդես է եկել հենց Ընկերությունը։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի 02092022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման հիմքում դրված մյուս այն պատճառաբանությանը, որ վճարահաշվարկային փաստաթուղթը բնօրինակ չէ, արձանագրում է, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ նման որոշում կայացնելու համար, քանի որ տվյալ դեպքում թեկուզև ի հավաստումն վճարահաշվարկային կազմակերպության կողմից մատուցված ֆինանսական ծառայության կատարված գործարքի վճարողին տրամադրված վճարահաշվարկային փաստաթուղթը Վերաքննիչ դատարան է ներկայացվել թղթային տարբերակով, սակայն այն Ընկերությանը ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվել է էլեկտրոնային եղանակով՝ հեռահար սպասարկման համակարգի միջոցով, և հանդիսանում է այդ համակարգից արված արտատպում, որի պայմաններում ներկայացված փաստաթուղթը որևէ պարագայում չէր կարող ունենալ բնօրինակի տեսք։

Անդրադառնալով սույն գործով ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթում Ընկերության իրավասու անձի ստորագրության բացակայությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև տվյալ դեպքում այդ փաստաթղթում բացակայում է Ընկերության ստորագրությունը՝ Ընկերությանը նույնականացնող ծածկագիրը կամ այլ միջոցը, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ վավերապայմանի բացակայությունը ևս չէր կարող բավարար հիմք հանդիսանալ անձին վերաքննության կարգով բողոքարկման իրավունքից զրկելու համար, քանի որ Ընկերությունը գործարքն իրականացնելու համար իր համաձայնությունը տվյալ դեպքում տվել է գործարքի սպասարկումն ապահովող սարքի կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքին կցել է պետական տուրքը վճարելու մասին վերաբերելի և թույլատրելի ապացույց, որն առանց բազմակողմանի ու օբյեկտիվ հետազոտման և գնահատման «ոչ պատշաճ» համարելն ու այդ հիմքով Ընկերությանը վերաքննության իրավունքից զրկելը պետք է գնահատվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում խաթարվում է այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը սույն դեպքում կրում է խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ընկերության կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.09.2022 թվականի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19

2024 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19

Նախագահող դատավոր`

 Դ. Սերոբյան

Դատավորներ`

 Ա. Խառատյան

 Գ. Թորոսյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/11182/02/19 քաղաքացիական գործով 19032024 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

2024 թվականի մարտի 19-ին

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 19.03.2024 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Մհեր Դերձյանի հայցի ընդդեմ Ընկերության` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, փոխհատուցում վճարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ վերացնել Վերաքննիչ դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 19.03.2024 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիք այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Հարկ եմ համարում նշել, որ Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ անհամաձայնությունս պայմանավորված է Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված՝ «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթղթի՝ որպես օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող պատշաճ փաստաթուղթ (վճարման հանձնարարական) լինելու մասին Վճռաբեկ դատարանի եզրակացության հետ, որի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 932-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականի բովանդակությունը և ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին։

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ։

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար, (…):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների (…) վավերապայմանները:

Շարադրված նորմերի բովանդակությունից հետևում է, որ վճարահաշվարկային փաստաթուղթն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված որոշակի ձև և բովանդակություն ունեցող թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որն իրենից ներկայացնում է վճարահաշվարկային համակարգի մասնակցին ուղղված կարգադրություն` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ։ Ընդ որում, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել վճարման հանձնարարականի ձևին և բովանդակությանն առաջադրվող պարտադիր վավերապայմաններ, որոնց բավարարող թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթը միայն կարող է նշվածի համատեքստում վճարման հանձնարարական, հետևաբար նաև վճարահաշվարկային համակարգի մասնակցին ուղղված կարգադրություն համարվել։

Հարկ է նկատել, որ Կենտրոնական բանկի կողմից վճարման հանձնարարականի ձևի և բովանդակության կապակցությամբ պարտադիր նվազագույն վավերապայմաններ սահմանելն ինքնանպատակ չէ։ Այսպես՝ ֆինանսական կայունության ապահովման համար պատասխանատու կենտրոնական մարմինը վճարահաշվարկային փաստաթղթի համար մշակել և սահմանել է ձևական և բովանդակային որոշակի պարտադիր տվյալներ, որպիսիք իր գնահատմամբ առնվազն անհրաժեշտ և բավարար են դրա վավերականությունը ստուգելու, ինչպես նաև բանկի կողմից շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումարը վճարելու կամ դրա կատարումն այլ բանկի հանձնարարելու հանձնարարությունը կատարելու համար։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ հաստատված՝ «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`

ա. Վճարման հանձնարարական, (…)։

Հավելվածի 17-րդ կետով «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.

Հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ի թիվս այլնի, «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են՝ «վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը», «վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի բանկային հաշվի համարը, շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը», «միջնորդավճարը»։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Որոշմամբ արձանագրել է, որ Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթղթում «բացակայում են վերը նշված պարտադիր վավերապայմաններից վճարողի անվանումը (չնայած առկա է Ընկերության՝ որպես հարկ վճարողի հաշվառման համարը՝ 08211581), վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը, վճարողի բանկային հաշվի համարը, շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածը՝ գանձապետական համապատասխան հաշվեհամարն է), միջնորդավճարը, իսկ փաստաթղթի «շահառուի անվանումը» դաշտում լրացված է «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև» արտահայտությունը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածից և «շահառուի անվանումը» դաշտի բովանդակությունից ակնհայտ է, որ շահառուն Հայաստանի Հանրապետության գանձապետարանն է)»։

Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «նշված հանգամանքը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին էլեկտրոնային եղանակով՝ հեռահար սպասարկման համակարգերի՝ բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի կամ մոբայլ բանկինգի կիրառմամբ տրամադրված և վճարողի կողմից իրեն հասանելի տեխնիկածրագրային միջավայրից արտատպված ու դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ այդ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա Վերաքննիչ դատարանը հնարավորություն ուներ միանշանակ պարզելու և՛ գործարքն իրականացրած իրավաբանական անձի անվանումը՝ հիմք ընդունելով փաստաթղթում առկա վճարողի ՀՎՀՀ-ն, և՛ շահառուի անվանումն ու շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը՝ հիմք ընդունելով շահառուի՝ փաստաթղթում նշված գանձապետական հաշվեհամարը։ (…)»։

Շարադրված պատճառաբանություններով գտնում եմ, որ «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթուղթը չի պարունակում Կենտրոնական բանկի կողմից Հավելվածով սահմանված պարտադիր նվազագույն բոլոր վավերապայմանները, ուստի այն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի և բանկային կանոնների իմաստով վճարման հանձնարարական համարվել չէր կարող։

Իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նշել, որ Որոշման հիմքում ընկած արդար դատաքննության՝ դատարանի մատչելիության  իրավունքի ապահովումը չի կարող իրականացվել իրավունքի գերակայության մեկ այլ բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի անտեսմամբ։ Դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Գտնում եմ, որ Դատարանը, որպես պետական տուրք գանձող մարմին, չպետք է ծանրաբեռնվի լրացուցիչ պարտականությամբ՝ օրինականության պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը ստուգման ենթարկելու և ըստ այդմ հավաստվելու պետական տուրքը վճարված լինելու փաստի հարցում։ Օրինականության սկզբունքի պահպանումը պահանջում է, որպեսզի դատարան դիմող անձինք նույնպես պահպանեն Օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված պահանջները և դրանցից շեղումը բավարար հիմք է պետության կողմից սահմանած կարգավորումները չպահպանած գնահատելու համար։

Ամփոփելով վերոգրյալը գտնում եմ, որ հիմնավորված են Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ նշված փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը վճարած լինելու փաստը հաստատող պատշաճ ապացույց չի հանդիսանում։

 

Դատավոր

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան