Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-9-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2009-27.06.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ.61
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.01.2005
Дата вступления в силу
19.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաև սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավասությունները։

(1-ին հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 2.

Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենսդրությունը
 

1. Քաղաքացիական կացության ակտերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 3.

Քաղաքացիական կացության ակտերը

  

1. Քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը:

2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը.

ա) ծնունդը.

բ) ամուսնությունը.

գ) ամուսնալուծությունը.

դ) որդեգրումը.

ե) հայրությունը որոշելը.

զ) անվան փոխումը.

է) մահը:

 

Հոդված 4.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):

Երևան քաղաքում ամուսնության և ծննդյան գրանցումը կարող է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում, իսկ մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:

2. Օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` կառավարության սահմանած կարգով։

 

Հոդված 5.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների լիազորությունները

 

Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝

ա) իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, անվան փոխման և մահվան պետական գրանցումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող քաղաքացիական կացության ակտերի գրառումներում.

դ) իրենց կատարած քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա տալիս են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր.

ե) իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված` սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ։

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 6.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է` ելնելով ինչպես քաղաքացիների գույքային և անձնական` ոչ գույքային իրավունքների, պաշտպանության նպատակից, այնպես էլ պետության շահերից:

2. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտում համապատասխան գրառում կատարելու և այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու միջոցով:

3. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն:

ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը պետական գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ժամանակն է, որը փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ նշվում է ստացված դիմումի վրա և գրառվում է փաստաթղթերի ընդունման մատյանում:

4. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կամ աշխատողը իրավունք չունի իրականացնելու իրեն, իր ամուսնուն, ամուսնու և իր ազգականներին (ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերաբերող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում: Նման դեպքերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի այլ աշխատող կամ ՔԿԱԳ այլ մարմին:

5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը։

 

Հոդված 7.

Քաղաքացիական կացության ակտի գրառումը

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար, և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։

2. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինները և ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, և թարգմանվեն հայերեն։ Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

3. ՔԿԱԳ մարմնում քաղաքացիական կացության ակտերի գրառումը և գործավարությունը կատարվում է հայերեն:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ ընդգրկվող տեղեկությունները սահմանվում են սույն օրենքով:

5. Քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվում է երկու նույնական օրինակով։

6. Քաղաքացիական կացության ակտի յուրաքանչյուր գրառում ընթերցվում է դիմողի կողմից, ստորագրվում նրա և գրառումը կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի ու ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով, իսկ հաշմանդամ քաղաքացիների դեպքում ընթերցվում և ստորագրվում է նաև նրանց ներկայացուցչի կողմից` ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի։

7. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները (քաղաքացիական կացության ակտերի գրառումների յուրաքանչյուր տեսակն առանձին), որոնք կազմվել են մեկ տարվա ընթացքում, ժամանակագրական կարգով հավաքվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանում (ակտային գրքում): Նույն կարգով հավաքվում են նաև քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակները:

8. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական: Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականում ընդգրկվող տեղեկությունները սահմանվում են սույն օրենքով:

3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտով պատրաստվում են տպագրական եղանակով և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներից յուրաքանչյուրն ունի իր սերիան և համարը:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները ՔԿԱԳ տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` նախարարի սահմանած կարգով:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականները ոչնչացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով, որի լիազորությունները, ինչպես նաև վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 9.

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա, քաղաքացու դիմումի համաձայն, տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է՝

ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին.

գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.

դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է սահմանված կարգով տրված լիազորագիր:

3. Կրկնօրինակ չի տրվում՝

ա) երեխայի ծննդյան վկայականի` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

բ) ամուսնության վկայականի` այն անձանց, որոնց ամուսնությունը դադարել է կամ անվավեր է ճանաչվել:

Վերոհիշյալ անձանց դիմումով նրանց տրվում է երեխայի ծնունդը կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթուղթ:

Քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների վերաբերյալ, որոնք անվավեր կամ չեղյալ են հայտարարվել, կամ վերացել (դադարել) է այն իրավաբանական փաստը, որը հիմք է համարվել տվյալ գրանցումը (գրառումը) կատարելու համար, վկայականների կրկնօրինակներ չեն տրվում: Շահագրգիռ անձանց խնդրանքով ՔԿԱԳ մարմինը տալիս է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:

4. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ է տալիս դիմելուց հետո` մեկ օրվա ընթացքում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 10.

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե՝

ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

 

Հոդված 11.

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ ՔԿԱԳ մարմնի ղեկավարին և աշխատողին հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելը

 

1. ՔԿԱԳ մարմնի ղեկավարին և աշխատողին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ անձի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

2. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, ինչպես նաև դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների պահանջով:

 

Հոդված 12.

Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտի վավերացման նպատակով տրված փաստաթղթերի իսկության ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում

 

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ քաղաքացիական կացության ակտի վավերացման նպատակով տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքում վավեր են ճանաչվում դրանց հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 13.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների
համար նախատեսված պետական տուրքը

 

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

Գ Լ ՈՒ Խ  2.

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 14.

Ծննդի պետական գրանցման հիմքերը

 

1. Ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը հայտարարություն տալու համար անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 15.

Ծննդի պետական գրանցման վայրը

 

1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, իսկ գտնված (ընկեցիկ) երեխաներինը` գտնելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

2. Ծննդի ակտի գրառման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):

3. Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին: Այդ դեպքում, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

 

Հոդված 16.

Ծննդյան մասին հայտարարությունը

 

1. Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

2. Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.

բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.

գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական կազմակերպությունում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծննդի ժամանակ ներկա գտնված անձի հայտարարությունը պետք է ներկայացվի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է այն ծնողների հայտարարությամբ, ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով և ունեն նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթի հետ պետք է ներկայացվի պայմանագրի պատճենը, որը հաստատում է երեխային ծննդաբերած կնոջ համաձայնությունը՝ նշված ամուսիններին որպես երեխայի ծնողներ գրառելու վերաբերյալ։

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 17.

Ծննդի ակտի գրառման մեջ ծնողների մասին տեղեկություններ լրացնելը

 

1. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

2. Եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան երեք հարյուր օր, ապա ծննդի ակտի գրառման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաև ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթի հիման վրա:

3. Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որոնք գրավոր համաձայնություն ունեն որևէ կնոջից արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդների կիրառմամբ երեխա ունենալու մասին, ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են որպես այդ մեթոդների կիրառմամբ ծնված երեխայի ծնողներ։

 

Հոդված 18.

Ծննդի պետական գրանցման ժամանակ երեխայի անվան, հայրանվան և ազգանվան գրառումը

 

1. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:

2. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:

3. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:

4. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)

5. Երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով:

(18-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 19.

Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցումը

 

1. Երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմին:

2. Ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման մասին:

3. Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման հայտարարության հետ պետք է ներկայացվեն՝

ա) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը և հանգամանքները.

բ) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից:

4. Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմնի կամ կազմակերպության ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

 

Հոդված 20.

Մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցումը

 

1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվում է բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա:

2. Մահացած ծնված երեխայի համար ծննդյան վկայական չի տրվում: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:

3. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:

4. Եթե երեխան մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում, ապա կատարվում է նրա ծննդի և մահվան պետական գրանցում:

5. Կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցումը կատարվում է ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթղթերի հիման վրա:

6. Ծննդի և մահվան ակտերի գրառումների հիման վրա տրվում է միայն երեխայի մահվան վկայական: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:

7. Մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան մասին ՔԿԱԳ մարմնին տեղյակ պահելու պարտականությունը դրվում է՝

ա) այն բժշկական կազմակերպության ղեկավարի վրա, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է.

բ) բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բժշկի վրա, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:

8. Մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահացած ծնված երեխայի ծննդից կամ երեխայի մահվան օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում:

 

Հոդված 21.

Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը

 

1. Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա:

2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)

(21-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 22.

Ծննդի ակտի գրառման բովանդակությունը

 

1. Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ` նաև ազգությունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը.

բ) ծնված երեխաների քանակը (մեկ, երկու կամ ավելի կենդանածին կամ մեռելածին).

գ) նորածնի մոր որերորդ երեխան է.

դ) երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.

ե) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, աշխատանքի վայրը, զբաղմունքը և կրթությունը.

զ) հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները.

է) դիմող անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը կամ երեխայի ծննդի մասին հայտարարող մարմնի կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.

ը) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

թ) ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը և ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ժ) տրված ծննդյան վկայականի սերիան և համարը.

ժա) երեխայի բնակության վայրը.

ժբ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդի պետական գրանցում կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին՝ նշելով նրանց ծննդյան հաջորդականությունը:

3. Մահացած ծնված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա անվան մասին տեղեկություններ չեն լրացվում:

(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 23.

Ծննդյան վկայականը

 

Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը.

բ) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.

գ) ծննդի ակտի գրառման ժամանակը և համարը.

դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) ծննդյան վկայական տալու ժամանակը:

Գ Լ ՈՒ Խ  3.

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 24.

Ամուսնության պետական գրանցման հիմքը

Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:

Հոդված 25.

Ամուսնության պետական գրանցման վայրը

 Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

Հոդված 26.

Ամուսնության մասին դիմումը

1. Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում:

2. Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:

3. Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) ընտանեկան դրությունը.

դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

4. Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

5. Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝

ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:

6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

7. Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Հոդված 27.

Ամուսնության պետական գրանցման կարգը

1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մինչև մեկ ամիսը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառներ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված օրը, բայց ոչ շուտ, քան դիմում տալուց հետո` եռօրյա ժամկետում: Հարգելի պատճառների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)

3. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

4. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:

5. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

7. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Հոդված 28.

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսինների ազգանունների գրառման կարգը

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրառման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով:

 

Հոդված 29.

Ամուսնության ակտի գրառման բովանդակությունը

 

Ամուսնության ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնացողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).

բ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները և ստորագրությունները.

գ) ամուսնության ակտի գրառման ժամանակը, համարը և ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) ամուսնությունը վկայող անձանց անունները, ազգանունները և նրանց ստորագրությունները.

ե) տրված ամուսնության վկայականի սերիան և համարը.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

(29-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Հոդված 30.

Ամուսնության վկայականը

Ամուսնության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնացողներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), ազգությունը՝ ամուսնության ակտի գրառմանը համապատասխան, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը.

բ) ամուսնության ակտի գրառման ժամանակը և համարը.

գ) ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) ամուսնության վկայական տալու ժամանակը:

Գ Լ ՈՒ Խ  4.

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 31.

Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերը

Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

ա) ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար.

բ) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով.

գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքերում (երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելուց, կամ երբ ամուսինները ցանկանում են ամուսնությունը լուծել դատական կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ):

 

Հոդված 32.

Ամուսնալուծության պետական գրանցման վայրը

 

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է ամուսինների (ամուսիններից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

 

Հոդված 33.

Ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցման կարգը

 

1. Ամուսնալուծության մասին համատեղ դիմումում պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձ համաձայնությունը, և պետք է նշվեն նաև հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո.

դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

3. Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

4. Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում սույն մասով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից:

(33-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 34.

Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը

 

1. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (նրա ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո ընտրում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինը.

դ) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

ե) ամուսնալուծության հիմքերը.

զ) ամուսիններից մյուսի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վերջին հայտնի վայրը.

է) անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչի բնակության վայրը կամ այն քրեակատարողական հաստատության գտնվելու վայրը, որտեղ դատապարտված ամուսինը կրում է պատիժը.

ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ամուսնալուծության մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մյուսին երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:

2. Ամուսնալուծվել ցանկացող ամուսինը ստորագրում է ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

3. Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծվել ցանկացող ամուսնու պարտադիր ներկայությամբ:

4. ՔԿԱԳ այն մարմինը, որն ընդունում է ամուսնալուծության մասին դիմումը, եռօրյա ժամկետում պատիժը կրող ամուսնուն, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչին կամ խնամակալին, իսկ նրանց բացակայության դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահում ամուսնալուծության մասին ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 35.

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը

 

1. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման համար ամուսինների դիմումի կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և ամուսինների (ամուսիններից մեկի) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի անձը հաստատող փաստաթղթերը:

2. Ամուսինները (ամուսիններից մեկը) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը կարող են այլ անձանց գրավոր լիազորել` դիմում տալու ամուսնալուծության պետական գրանցման համար:

3. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)

(35-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 36.

Ամուսնալուծությունից հետո ամուսինների կողմից ազգանունների պահպանումը կամ փոփոխումը

 

Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

 

Հոդված 37.

Ամուսնալուծության ակտի գրառման բովանդակությունը
 

Ամուսնալուծության ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի, անունը, հայրանունը, ազգանունը (ամուսնալուծությունից առաջ և հետո), ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը և աշխատանքի վայրը, զբաղմունքը և որերորդ ամուսնությունը.

բ) ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները, մինչև 18 տարեկան համատեղ երեխաների թվաքանակը.

գ) ամուսնալուծվող ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները և ստորագրությունները.

դ) ամուսնության ակտի գրանցման վայրը, ժամանակը և համարը.

ե) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը, համարը և ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) տրված ամուսնալուծության վկայականի սերիան և համարը.

է) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

(37-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 38.

Ամուսնալուծության վկայականը

 

1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (ամուսնալուծությունից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտի գրառմանը համապատասխան.

բ) ամուսնության դադարման ժամանակը.

գ) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը և համարը.

դ) ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) այն անձի անունը, հայրանունը և ազգանունը, որին տրվում է ամուսնալուծության վկայականը.

զ) ամուսնալուծության վկայական տալու ժամանակը:

2. ՔԿԱԳ մարմինը ամուսնալուծության վկայականը տալիս է ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրին:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 39.

Որդեգրման պետական գրանցման հիմքը

 

Որդեգրման պետական գրանցման համար հիմք է համարվում դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հոդված 40.

Որդեգրման պետական գրանցման վայրը

 

Որդեգրման պետական գրանցումն իրականացնում են որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանը կամ որդեգրողների (որդեգրողի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

  

Հոդված 401.

Որդեգրման դիմումը

 

1. Որդեգրման համար որդեգրողը (ները) տարածքային ՔԿԱԳ մարմին են ներկայացնում գրավոր դիմում, որի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) որդեգրողի (ների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը (ըստ հայտարարության կամ անձնագրում այդ տվյալների առկայության).

բ) որդեգրողի (ների) բնակության վայրը.

գ) որդեգրողի (ների) ամուսնության գրանցման վայրը, համարը, ժամանակը.

դ) որդեգրողի (ների) կամ նրանց լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

ե) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո.

զ) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը.

է) երեխայի ծննդյան ակտի գրանցման վայրը, ժամանակը և համարը.

ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Որդեգրողը (ները) (լիազորված անձը) ստորագրում է (են) որդեգրման մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

(401-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 41.

Որդեգրման պետական գրանցման կարգը

 

1. Որդեգրման պետական գրանցումն իրականացվում է որդեգրողների (որդեգրողի) գրավոր դիմումի հիման վրա:

2. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների (որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթերը և որդեգրվողի ծննդյան վկայականը:

3. Եթե որդեգրողները (որդեգրողը) կամ նրանց լիազորած անձինք երեխայի որդեգրումից հետո` մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա ՔԿԱԳ մարմինը որդեգրման մասին դատարանի առաքած` օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա ծննդյան ակտի գրանցման մեջ սահմանված կարգով կատարում է որդեգրման մասին նշում:

(41-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 42.

Որդեգրման ակտի գրառման բովանդակությունը

 

1. Որդեգրման ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը (որդեգրումից առաջ և հետո).

բ) ծնողների (ծնողներից մեկի) անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (հայրանունը, ազգությունը նշվում են երեխայի ծննդի պետական գրանցման կամ ծննդյան վկայականի մեջ դրանց առկայության դեպքում) և քաղաքացիությունը.

գ) որդեգրողների (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

դ) երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի տվյալները.

ե) որդեգրվող երեխայի ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը և ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) որդեգրողների ամուսնության ակտի գրառման ժամանակը, համարը և ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

է) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմողի (ների) ստորագրությունը (ները).

ը) որդեգրման ակտի գրառման ժամանակը, համարը և որդեգրման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

թ) տրված որդեգրման վկայականի սերիան և համարը.

ժ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի հիման վրա երեխայի որդեգրողները (որդեգրողը) գրառվում են որպես նրա ծնողներ (ծնող), ապա նման տեղեկությունները լրացվում են որդեգրման ակտի գրառման մեջ:

(42-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 43.

Որդեգրման վկայականը

 

Որդեգրման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, մինչև որդեգրվելը և որդեգրումից հետո ծննդյան վայրը և ժամանակը.

բ) որդեգրողների (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, ազգությունը (որդեգրողի (ների) ցանկությամբ)՝ որդեգրման ակտի գրառմանը համապատասխան.

գ) որդեգրման ակտի գրառման ժամանակը և համարը.

դ) որդեգրման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) որդեգրման վկայական տալու ժամանակը:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 44.

Երեխայի որդեգրման կապակցությամբ ծննդի ակտի գրառման փոփոխումը

 

1. Որդեգրման ակտի գրառման հիման վրա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություն կատարվում է սույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:

2. Երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով երեխայի ծննդյան վայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է երեխայի ծննդի ակտի նոր գրառում: Երեխայի ծննդի ակտի նոր գրառման տվյալները (գրանցման վայրը, ակտի գրանցման համարը և ժամանակը) լրացվում են երեխայի ծննդի ակտի նախկին գրառման մեջ։

3. Երեխայի ծննդի ակտի նոր գրառման վայրի ՔԿԱԳ մարմինը փոփոխությունների հիման վրա տրամադրում է երեխայի ծննդյան վկայական:

(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 45.

Որդեգրված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունների պահպանումը

 

Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի մեջ նշվում է որդեգրված երեխայի հետ իր ծնողների (ծնողներից մեկի) գույքային և անձնական` ոչ գույքային հարաբերությունների պահպանման մասին, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունները փոփոխման ենթակա չեն:

 

Հոդված 46.

Որդեգրման վերացման կապակցությամբ ծննդի ակտի գրառման փոփոխումը

 

1. Որդեգրման վերացման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա որդեգրման ակտի գրառման մեջ կատարվում են որդեգրման վերացման մասին նշումներ, և ծննդի ակտի գրառման մեջ վերականգնվում են երեխայի անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան վայրի և ժամանակի, ինչպես նաև երեխայի ծնողների մասին նախկին տեղեկությունները: Նախկինում տրված որդեգրման և ծննդյան վկայականներն անվավեր են ճանաչվում և, հաշվի առնելով ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունները, տրվում է ծննդյան նոր վկայական:

2. Որդեգրման վերացման դեպքում որդեգրվածի ցանկությամբ որդեգրման կապակցությամբ կատարված գրառումները կարող են պահպանվել:

 

Հոդված 47.

ՔԿԱԳ մարմինների կողմից որդեգրման գաղտնիության ապահովումը

 

1. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և աշխատողը, առանց որդեգրողների (որդեգրողի) համաձայնության, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, իրավասու չեն որդեգրման մասին որևէ տեղեկություն հայտնելու կամ փաստաթղթեր տալու:

2. Որդեգրողի մահվան դեպքում նրա որդեգրված չափահաս երեխան իրավունք ունի դիմելու ՔԿԱԳ մարմին և նրանից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալու:

3. Որդեգրողի (որդեգրողների) համաձայնության բացակայության դեպքում որդեգրված չափահաս երեխան կարող է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմիններից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ:

Գ Լ ՈՒ Խ  6.

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 48.

Հայրության որոշման պետական գրանցման հիմքերը

 

Հայրության որոշման պետական գրանցման հիմքերն են՝

ա) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը.

բ) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը.

գ) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հոդված 49.

Հայրության որոշման պետական գրանցման վայրը

 

Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

 

Հոդված 50.

Հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա

 

1. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

2. Հայրության որոշման համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:

3. Եթե հիմքեր կան ենթադրելու, որ երեխայի ծննդի պետական գրանցումից հետո հայրության որոշման համատեղ դիմում տալը կարող է անհնարին կամ դժվար լինել, երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող` երեխայի ապագա հայրն ու մայրը կարող են նման դիմում տալ մոր հղիության ընթացքում: Նման դիմումի առկայության դեպքում հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ, եթե մինչև երեխայի ծննդի պետական գրանցումը հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված դիմումը, և նոր դիմում տալու անհրաժեշտություն չկա:

4. Հայրության որոշման պետական գրանցման համատեղ դիմումում պետք է հաստատվի երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից հայրության ճանաչման փաստը և հայրության որոշման մասին մոր համաձայնությունը: Այդ դիմումում պետք է նաև նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև նրա ծննդի ակտի գրառման տվյալները.

գ) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

դ) ամուսնության ակտի գրառման տվյալները (երեխայի ծնվելուց հետո նրա մոր և հոր ամուսնության դեպքում).

ե) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը.

զ) երեխայի հոր և մոր անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

Դիմողները ստորագրում են հայրության որոշման համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Մինչև երեխայի ծնունդը տրված նման դիմումում հաստատվում է ապագա երեխայի ծնողների համաձայնությունը նրան անուն (կախված ծնված երեխայի սեռից) և հոր կամ մոր ազգանունը տալու վերաբերյալ:

5. Երեխայի ծննդից հետո հայրության ճանաչման դեպքում հայրության որոշման համատեղ դիմումի հետ ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, իսկ մինչև երեխայի ծնունդը տրված նման դիմումի հետ՝ բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` մոր հղիությունը հաստատող փաստաթուղթը:

6. Եթե երեխայի հայրը կամ մայրը հնարավորություն չունեն անձամբ տալու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ապա նրանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել հայրության որոշման առանձին հայտարարություններով: Նման հայտարարության ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

(50-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 51.

Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն` հայրության որոշման պետական գրանցումը

 

1. Երեխայի ծննդյան պետական գրանցման պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն` հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում:

2. Հայրության որոշման մասին հոր գրավոր դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

Նման դիմումի մեջ պետք է հաստատվի երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից հայրության ճանաչումը և սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների առկայության փաստը: Հայրության որոշման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն նաև հետևյալ տեղեկությունները.

ա) իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև նրա ծննդի ակտի գրառման տվյալները.

գ) երեխայի մոր մահվան, նրան անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկելու փաստաթղթի տվյալները.

դ) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը.

ե) հոր անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Դիմողը ստորագրում է հայրության որոշման դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Նման դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն մոր մահվան վկայականը, մորը անգործունակ ճանաչելու, ծնողական իրավունքներից զրկելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ համապատասխան մարմնից մոր վերջին հայտնի բնակության վայրի մասին փաստաթուղթը, որը հաստատում է մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը:

(51-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 52.

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումը

 

Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված կարգով հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձի նկատմամբ, ապա այդ դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի չափահաս անձի` հայրության որոշման մասին գրավոր համաձայնությունը: Չափահաս անձի համաձայնությունը կարող է արտահայտված լինել առանձին դիմումով կամ հոր և մոր համատեղ դիմումում ստորագրելով: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով:

 

Հոդված 53.

Հայրության որոշման պետական գրանցման մերժումը

 

ՔԿԱԳ մարմինը մերժում է հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունների առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ երեխայի հոր մասին գրառումը կատարվել է մոր դիմումի հիման վրա՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 54.

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումը

1. Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի (հոգաբարձուի), որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաև չափահաս երեխայի գրավոր դիմումների հիման վրա:

Հայրության որոշման պետական գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք կարող են սահմանված կարգով լիազորել այլ անձանց՝ դիմելու հայրության որոշման պետական գրանցման համար:

3. Երեխայի հոր մասին տվյալները հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
 

Հոդված 55.

Հայրության որոշման ակտի գրառման բովանդակությունը

 

Հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի հայր ճանաչված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության որոշումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը.

գ) երեխայի ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը և ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը.

ե) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը.

զ) ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

է) հայրության որոշման համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները.

ը) դիմողի (դիմողների) անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը.

թ) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը.

ժ) հայրության որոշման ակտի գրառման ժամանակը, համարը և հայրության որոշման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ժա) տրված հայրության որոշման վկայականի սերիան և համարը.

ժբ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 56.

Հայրության որոշման վկայականը

 

1. Հայրության որոշման վկայականը ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում և տրվում է ծնողներին (ծնողներից մեկին) վերջիններիս խնդրանքով:

2. Հայրության որոշման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի հայր ճանաչված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը հայրության որոշումից առաջ և հետո, ծննդյան վայրը և ժամանակը.

գ) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ հայրության որոշման ակտի գրառմանը համապատասխան.

դ) հայրության որոշման ակտի գրառման ժամանակը և համարը.

ե) հայրության որոշման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

զ) հայրության որոշման վկայական տալու ժամանակը:

(56-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 57.

Հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելը

 

1. Հայրության որոշման ակտի գրառման հիման վրա ՔԿԱԳ մարմինը հոր վերաբերյալ տեղեկությունները լրացնում է երեխայի ծննդի ակտի գրառման մեջ: Հոր մասին տեղեկություններ լրացնելը, ինչպես նաև երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխումը կատարվում է սույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:

2. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելու մասին հայրության որոշման պետական գրանցումից հետո` եռօրյա ժամկետում, տեղյակ պահել երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7.

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 58.

Անվան փոխումը

1. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:

2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

3. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) խնդրանքով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:

4. Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:

5. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:

Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 59.

Անվան փոխման մասին դիմումը

 

1. Անվան փոխման մասին դիմումը գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

2. Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).

բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը.

գ) դիմողի և անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.

դ) անունը փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը.

ե) անունը փոխելու պատճառները.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Անունը փոխել ցանկացող անձը ստորագրում է անվան փոխման մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

3. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

բ) անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ.

գ) դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է.

դ) ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը.

ե) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.

զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 

Հոդված 60.

Անվան փոխման պետական գրանցման կարգը

 

1. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:

2. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրանց պահպանման վայրի ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ինչպես նաև ոստիկանության մարմինների եզրակացությունը: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:

3. ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար:

4. Եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ապա անվան փոխման պետական գրանցումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:

Եթե անվան փոխման մասին դիմումի հետ ներկայացված փաստաթղթերում և ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում առկա է տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով։

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման, ուղղման, լրացման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի հաշվարկվում մինչև քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնում, ուղղում, լրացում կամ փոփոխում կատարելը:

5. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմողի բնակության վայրի ոստիկանության մարմնին և զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին անվան փոխման մասին տեղյակ պահել այդ փոփոխության պետական գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում:

(60-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 61.

Անվան փոխման ակտի գրառման բովանդակությունը

 

Անվան փոխման ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) մինչև անվան փոխումը անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) անվան փոխումից հետո անձի անունը, հայրանունը, ազգանունը.

գ) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

դ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը, համարը և անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) տրված անվան փոխման վկայականի սերիան և համարը.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
 

Հոդված 62.

Անվան փոխման վկայականը

 

Անվան փոխման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխումից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրառմանը համապատասխան.

բ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը և համարը.

գ) անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) անվան փոխման վկայական տալու ժամանակը:

 

Հոդված 63.

Անվան փոխման կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրառումների փոփոխումը

 

1. Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:

2. Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:

3. Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով:

4. Ծնողների կողմից ազգանվան և հոր կողմից անվան փոխման դեպքում տասնվեց տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են երեխայի ազգանունը և հայրանունը:

5. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց` տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:

6. Ծնողների ազգանունների և հոր անվան փոխման կապակցությամբ չափահաս երեխաների ազգանվան և հայրանվան փոխումն իրականացվում է անվան փոխման պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված կարգով:

7. Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրվում է ծննդյան նոր վկայական:

(63-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն) 

Գ Լ ՈՒ Խ  8.

ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 64.

Մահվան պետական գրանցման հիմքերը

Մահվան պետական գրանցման հիմքերն են՝

ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.

բ) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հոդված 65.

Մահվան պետական գրանցման վայրը

1. Մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձնագրերը մեկամսյա պարբերականությամբ տալիս է ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման անձնագրային բաժնին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները՝ տասնհինգօրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին:

2. Եթե մահը վրա է հասել տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ժամանակ, ապա մահվան պետական գրանցումը կարող է կատարել այն տարածքի ՔԿԱԳ մարմինը, որտեղ մահացածն իջեցվել է տրանսպորտային միջոցից:

 

Հոդված 66.

Մահվան մասին հայտարարությունը

 

1. Մահվան մասին հայտարարությունը ցանկացած անձի, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց և կազմակերպությունների կողմից պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Մահվան մասին ՔԿԱԳ մարմին պարտավոր են գրավոր հայտարարել՝

ա) բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ.

բ) քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ.

գ) նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ.

դ) զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում:

(66-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 67.

Մահվան ակտի գրառման բովանդակությունը

 

1. Մահվան ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում` դրանց առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը և ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.

բ) մահվան պատճառը (մահը հաստատող փաստաթղթի հիման վրա).

գ) մահվան փաստը և մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

դ) մահվան մասին հայտարարող անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը կամ հայտարարող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.

ե) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը.

զ) մահվան ակտի գրառման ժամանակը, համարը և մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

է) տրված մահվան վկայականի սերիան և համարը.

ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Եթե մահվան պետական գրանցումը կատարվում է անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, մահվան ակտի գրառման մեջ որպես անձի մահվան օր նշվում է դատարանի վճռով հաստատված մահվան օրը, կամ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:

3. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է անձի մահվան պետական գրանցման մասին դրա գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյի տեղյակ պահել մահվան պետական գրանցման մասին:

(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 68.

Մահվան վկայականը

 

Մահվան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը, քաղաքացիությունը, մահվան վայրը, ժամանակը և պատճառը՝ մահվան ակտի գրառմանը համապատասխան.

բ) մահվան ակտի գրառման ժամանակը և համարը.

գ) մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) մահվան վկայական տալու ժամանակը:

Գ Լ ՈՒ Խ  9.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Հոդված 69.

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերը

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ մարմինը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:

Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար ՔԿԱԳ մարմինը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվությունը: ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և գործի մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար:

Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերն են՝

ա) որդեգրման ակտի գրառումը.

բ) հայրության որոշման ակտի գրառումը.

գ) անվան փոխման ակտի գրառումը.

դ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

ե) երեխայի անվան փոխման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը.

զ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա հոր մասին տեղեկություններ լրացնելու, փոփոխելու կամ հանելու մասին հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը.

է) տվյալ անձի ծննդի ակտի գրառման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները փոխելու մասին չափահաս անձի դիմումը՝ ծնողների (ծնողներից մեկի) կողմից իրենց անվան փոխման դեպքում.

ը) մահացածի անձը ճանաչելու մասին նախաքննության կամ հետաքննության մարմնի կողմից սահմանված ձևով տրված փաստաթուղթը, եթե մահը գրանցված է որպես անհայտ անձի մահ.

թ) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը՝ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

(69-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 70.

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը

 

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետևյալ դեպքերում.

ա) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ նշված են ոչ լրիվ կամ սխալ տեղեկություններ.

բ) քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվել է առանց սույն օրենքով սահմանված կարգի պահպանման.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթ:

(70-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 71.

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը

 

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

2. Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

բ) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնց մեջ դիմողը խնդրում է ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարել:

4. Դիմողը ստորագրում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը և նշում է այն ներկայացնելու ժամանակը:

5. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

(71-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 72.

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման կարգը

 

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:

2. Ստանալով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրա պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնից պահանջում է քաղաքացիական կացության ակտի գրառման այն պատճենը, որտեղ անհրաժեշտ է կատարել ուղղում, լրացում կամ փոփոխություն:

3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի, պահանջված քաղաքացիական կացության ակտի գրառման պատճենի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ կատարվում է ուղղում, լրացում կամ փոփոխություն, կամ դիմողին մերժվում է նման ուղղման, լրացման կամ փոփոխության կատարումը:

4. Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը կամ ՔԿԱԳ մարմնի կողմից այդ ուղղման, լրացման կամ փոփոխման մերժումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա:

(72-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 73.

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը

 

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարում է ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը:

2. Քաղաքացիական կացության ակտի ուղղված, լրացված կամ փոփոխված գրառման հիման վրա տալիս է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:

3. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո` յոթ օրվա ժամկետում, ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին տեղյակ պահել քաղաքացիական կացության ակտի գրառման երկրորդ օրինակի պահպանման վայրի համապատասխան մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև դիմողի բնակության վայրի ոստիկանությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մարմինների:

(73-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն) 

Գ Լ ՈՒ Խ  10.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

Հոդված 74.

Քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած կամ քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է համարվում ՔԿԱԳ մարմնի մերժումը:

3. Վերականգնված քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական՝ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնվելու մասին նշումով:

(74-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 741. 

 Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման դիմումը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման համար քաղաքացին իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին գրավոր դիմում է ներկայացնում, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) անունը, ազգանունը (տոհմական ազգանունը), հայրանունը.

բ) ծննդյան ժամանակը և վայրը, ազգությունը.

գ) ընտանեկան դրությունը, անչափահաս և չափահաս երեխաների մասին.

դ) ծնողների, եղբայրների և քույրերի մասին.

ե) աշխատանքի (ուսման) վայրը և զբաղեցրած պաշտոնը դիմում տալու օրվա դրությամբ.

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

(741-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

 

Հոդված 75.

Քաղաքացիական կացության ակտերի գրառումները չեղյալ հայտարարելը

 

Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման չեղյալ հայտարարելն իրականացնում է չեղյալ հայտարարելու ենթակա քաղաքացիական կացության ակտի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Գ Լ ՈՒ Խ  11.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՏՅԱՆՆԵՐԻ (ԱԿՏԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 76.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման վայրը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են տվյալ ակտերի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվում:

3. Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը երեսուն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում:

4. ՔԿԱԳ մարմնում պահպանվում են նաև պետական գրանցման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

 

Հոդված 77.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման ժամկետները

 

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են ՔԿԱԳ մարմիններում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելուց հետո` 100 տարի:

100 տարին լրանալուց հետո ՔԿԱԳ մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական արխիվ են փոխանցում քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված գրքերը, ինչպես նաև չափաբերական գրքերը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված ակտերի գրքերը ենթակա են ոչնչացման:

(77-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Գ Լ ՈՒ Խ  12.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 78.

ՔԿԱԳ մարմինների կազմավորումը և նրանց խնդիրները

1. ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները:

ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

ՔԿԱԳ մարմիններն ունեն իրենց անվանումով և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք:

2. ՔԿԱԳ մարմինները կոչված են ապահովելու սույն օրենքի և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված իրավական այլ ակտերի պահանջների կատարումը:

 

Հոդված 79.

ՔԿԱԳ մարմինների ղեկավարները

 

ՔԿԱԳ մարմինների ղեկավարներ օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով կարող են կատարել իրենց վերապահված լիազորությունները։

Հոդված 80.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝

ա) իրականացնում է ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

բ) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված` սույն օրենքից բխող հրահանգչական ցուցումներ.

գ) կարող է առաջարկություններ ներկայացնել տեղական ինքնակառավարման և իրավասու այլ մարմինների` ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

դ) ուսումնասիրում է ՔԿԱԳ մարմինների գործունեության դեմ ուղղված բողոքները.

ե) կատարում է ՔԿԱԳ մարմիններում գրանցման գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ.

զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 81.

ՔԿԱԳ մարմնի ղեկավարի լիազորությունները

 

ՔԿԱԳ մարմնի ղեկավարը`

ա) կազմակերպում և վերահսկում է ՔԿԱԳ մարմնի աշխատանքները.

բ) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.

գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ցուցումները.

դ) ՔԿԱԳ մարմնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.

ե) կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.

զ) իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.

է) ուսումնասիրում է ՔԿԱԳ մարմնի աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.

ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.

թ) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.

ժ) պատասխանատվություն է կրում ՔԿԱԳ մարմնի առջև դրված խնդիրների լուծման համար.

ժա) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

 

Հոդված 82.

ՔԿԱԳ մարմնի աշխատողի լիազորությունները

 

ՔԿԱԳ մարմնի աշխատողը`

ա) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների ժամանակին, լրիվ և ճիշտ կատարումն ապահովող անհրաժեշտ աշխատանքներ.

բ) կատարում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի ցուցումները և հանձնարարականները.

գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.

դ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

Հոդված 83.

ՔԿԱԳ մարմինների ղեկավարների և աշխատողների գործողությունների բողոքարկումը

ՔԿԱԳ մարմինների ղեկավարների և աշխատողների գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով։

Գ Լ ՈՒ Խ  13.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 84.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. ՔԿԱԳ մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. ՔԿԱԳ մարմինների ղեկավարները և աշխատողները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  14.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 85.

Մինչև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կազմավորումը եկեղեցական ծիսակատարություններով կատարված քաղաքացիական կացության ակտերը

Մինչև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կազմավորումը եկեղեցական ծիսակատարություններով կատարված քաղաքացիական կացության ակտերը հավասարեցվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարված քաղաքացիական կացության ակտերին և ենթակա չեն պետական հետագա գրանցման:

Հոդված 86.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 5
Երևան
ՀՕ-9-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան