Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1724
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
09.04.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
09.04.2024
Дата вступления в силу
09.04.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 ապրիլի 2024 թ.

 

ԼԻԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱ­ԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների` Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայա­ցուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվա­կանի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:

Օրենսգրքի՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունքը» վերտառությամբ 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է.

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերա­նայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:

Գործի քննության առիթը Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաս­տաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

01.06.2011 թ. Վճռաբեկ դատարանի նախագահը N Ե-2966 գրությամբ (իր նախաձեռնությամբ՝ դիմումի բացակայությամբ) ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին հանձնարարել է դատավոր Սամվել Մնացա­կանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ (տեղեկատվության աղբյուրը ներկայացված դիմումն է):

Կարգապահական հանձնաժողովը 02.06.2011 թ. կայացրել է «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության են­թարկելու վերաբերյալ միջնորդությամբ արդարադատության խորհրդին դիմելու վերաբերյալ» N Կ-2-10/2011 որոշումը:

Արդարադատության խորհուրդը 24.06.2011 թ. քննության է առել Կարգա­պա­հական հանձնաժողովի 02.06.2011 թ. որոշմամբ ներկայացված միջնորդությունը և կայացրել է «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհա­նուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապա­հական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 2011 թ. որոշումը (հետայսու` 24.06.2011 թ. Որոշում), ըստ որի`

«1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնոր­դու­թյունը բավարարել: Դիմել Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդու­թյամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 24.06.2011 թ. Որոշումը և ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ և 95-րդ հոդվածի 5-րդ կետերով` 11.07.2011 թ. ընդունել է հրամանագիր, որով դադարեցրել է Դատավորի լիազորությունները:

Սամվել Մնացականյանի ներկայացուցիչը 24.08.2011 թ. Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Արդարադատության խորհրդի և ՀՀ Նախա­գահի՝ Արդարադատության խորհրդի 24.06.2011 թ. ԱԽ-13-Ո-17 2011 թ. որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ այն անվավեր ճանաչելու, ինչպես նաև ՀՀ Նախա­գահի 11.07.2011 թ. «Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորու­թյունները դադարեցնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործ):

Վարչական դատարանի 31.08.2011 թ. որոշմամբ Սամվել Մնացականյանի հայցադիմումի ընդունումը՝ Արդարադատության խորհրդի 24.06.2011 թ. «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխա­նատվության ենթարկելու վերաբերյալ» ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժվել է, իսկ հայցա­դիմումը՝ ՀՀ Նախագահի 11.07.2011 թ. «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվա­վեր ճանաչելու պահանջի մասով, վերադարձվել է:

Վերաքննիչ վարչական դատարանը, գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարչական դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշ­ման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը, 12.10.2011 թ. որոշել է Սամվել Մնացականյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժել և Վարչական դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանը, քննարկելով Վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2011 թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացա­կանյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 23.11.2011 թ. որոշել է վերադարձնել հիշյալ որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը:

16.12.2011 թ. Վարչական դատարանում ստացվել է Սամվել Մնացականյանի ներկայացուցիչների դիմումը` հայցում թույլ տրված խախտումները վերացնելու մասին։

Վարչական դատարանի 23.12.2011 թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ` ՀՀ Նախագահի 11.07.2011 թ. հրամանագիրն անվավեր ճանաչելու պա­հանջի մասով։

Վարչական դատարանը, քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդդեմ ՀՀ Նախագահի և Արդարադատության խորհրդի՝ ՀՀ Նախագահի 11.07.2011 թ. հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 02.05.2012 թ. վճռել է հայցը մերժել։

Վերաքննիչ վարչական դատարանը, քննելով ըստ Սամվել Մնացականյանի հայցի ընդդեմ ՀՀ Նախագահի և Արդարադատության խորհրդի` ՀՀ Նախագահի 2011 թվականի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով Վարչական դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի վճռի դեմ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը դռնբաց դատա­քննու­թյամբ, 11.09.2012 թ. որոշել է ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել և վճիռը թողնել անփոփոխ։

Վճռաբեկ դատարանը, քննարկելով ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդ­դեմ ՀՀ Նախագահի, Արդարադատության խորհրդի` ՀՀ Նախագահի 11.07.2011 թ. հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով Վար­չական դատարանի 02.05.2012 թ. վճռի և Վերաքննիչ վարչական դատարանի 11.09.2012 թ. որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 24.10.2012 թ. որոշել է վերադարձնել բերված վճռաբեկ բողոքը:

Դատավորի անունից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), որի քննության ընթացքում՝ 17.08.2021 թ., վերջինս մահացել է:

Եվրոպական դատարանը Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ N 2463/12) 06.12.2022 թ. կայացրել է վճիռ, որով նշել է.

«66. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ խախտվել է դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բակայի գործը, § 121, և դրանում մեջբերված համապատասխան միջազգային փաստաթղթերը):

67. Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։

Դատարանն արձանագրել է նաև, որ «(…) դիմումատուի այրին՝ տկն Լիա Մնացականյանը, և դուստրը՝ օրիորդ Հասմիկ Մնացականյանը, իրավունք ունեն դիմումատուի փոխարեն շարունակելու սույն գործով վարույթը1»:

Եվրոպական դատարանի 06.12.2022 թ. վճռի հիման վրա Լիա Մնացա­կանյանը և Հասմիկ Մնացականյանը (այսուհետ նաև՝ Դիմողներ) ներկայացրել են՝ ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդդեմ ՀՀ Նախագահի, Արդարադատության խորհրդի` ՀՀ Նախագահի 11.07.2011 թ. հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 24.10.2012 թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումների դեմ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում):

Վճռաբեկ դատարանը 30.06.2023 թ. որոշել է թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 24.10.2012 թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումների դեմ նոր հանգամանքի հիմքով Դիմողների ներկայացրած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժել:

 

2. Դիմողների դիրքորոշումները

Դիմողների կողմից բարձրացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացրած և գործի քննության ընթացքում մահացած անձի իրավահաջորդի՝ ժառանգի կողմից, որի իրավահաջորդությունը Եվրոպական դատարանն ընդունել է և կայացրել է իրավունքի խախտումը ճանաչելու վերաբերյալ դատական ակտ, մահացածի իրավունքների վերականգնման հնարավորության օրենսդրական կարգավորման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարց:

Դիմողները գտնում են, որ անհրաժեշտ է պարզել և գնահատել անձի մահվան հիմքով` նոր հանգամանքով նրա մասնակցությամբ դատական գործի վերաբացման ընդհանուր կանոնից նրա և նրա իրավահաջորդների իրավունքների վերա­կանգնման համար գործի վարույթը վերաբացելու իրավունքի բացառության լիարժեքությունը՝ Օրենսգրքում` մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, քաղաքացիական իրավունքների ու պարտակա­նությունների իրացման, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահ­մանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության տեսանկյունից:

Դիմողների համոզմամբ՝ օրենսդրի կողմից դատավարական օրենսգրքերի ընդունման նպատակը Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննու­թյան իրավունքն ապահովելն է: Արդար դատաքննության իրավունքի բովանդա­կության մաս են կազմում և այն մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն Սահ­մանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, այդ թվում՝ Եվրոպական դատարանի պրակտիկան և իրավական դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներն ընդհանրացնելով՝ Դիմողները նշում են, որ միջազգային դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Եվրոպական դատարանի վճռի հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին` վերականգնելու Եվրոպական դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) խախտում ճանաչելու հետևանքով խախտված իր կոնվենցիոն, հետևաբար՝ սահմանադրական իրավունքը:

Դիմողները նշում են. «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների, Եվրոպական դատարանի վճիռների, Նախարարների կոմիտեի հանձնարարա­կանների վերլուծությունից հետևում է, որ միջազգային դատարանի ակտերի կատարումը՝ չի ներառում իրավունքի խախտման զոհին այդ ակտով սահմանված՝ միա՛յն փողի տրամադրում (...) և Կոնվենցիայի (միջազգային պայմանագրի՝ ընդհանրապես) խախտում թույլ տված դատական ակտի վերանայում-բեկանում: Իսկ անձի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման զոհ, տուժող հանդիսանալ-չհանդիսանալու, այդ կարգավիճակը պահպանել-կորցրած լինելու շուրջ վեճը լուծում է միջազգային դատարանը՝ իր նախաձեռնությամբ կամ պատաս­խանող պետության կառավարության պահանջով՝ մրցակցային պայմաններում»:

Դիմողների գնահատմամբ՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի անխուսափելիորեն` ipso facto (փաստի ուժով) վերանայման պահանջը նույնությամբ, հավասարապես վերաբերում է և´ հակասահմանադրական նորմ կիրառած դատա­կան ակտի, և´ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը` բացառելով դրանք օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1114 որոշման եզրահանգման օրինակով, ըստ Դիմողի` «(...) եթե Եվրոպական դատարանը գործով անձին ճանաչել է դիմող սուբյեկտ, մերժել է Կառավարության պահանջը՝ դիմողի մահվան կամ լուծարման հետևանքով նրա ժառանգի կամ իրավահաջորդի կողմից զոհի՝ «իրավաչափ շահ» ունեցողի կարգավիճակը կորցնելու հիմքով գանգատը գործերի ցուցակից հանելու վերաբերյալ, արդեն իսկ գանգատն ընդունել է քննության և իրավունքի խախտումը ճանաչելու մասին դատական ակտ է կայացրել, ապա այդ որոշումը կասկածի տակ դնելու և տարաբնույթ մոտեցումներով դրա կատարումից խուսափելու՝ վճռաբեկ դատարանի պալատին լիազորություն օրենքով վերապահելը, խաթարում է միջազգային դատարան դիմելու իրավունքի բուն էությունը և հակասում է ՀՀ Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներին»:

Ամփոփելով իրենց դիրքորոշումները՝ Դիմողները խնդրում են` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 61 և 63, 62, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «եթե վիճելի իրավահա­րաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն» դրույթը՝ նոր հանգամանքի մասով:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) նշում է, որ Օրենսգրքի 184-րդ հոդվածը նոր և նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք է տալիս դատավարության մաս­նակիցներին և նրանց իրավահաջորդներին, սակայն միաժամանակ սահմանում է պայման, այն է՝ եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավա­հաջորդություն:

Այսինքն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնել հնարավոր է, եթե դիմումը ներկայացնում է դատավարության մասնակիցը, ինչպես նաև նրա իրավահաջորդը՝ վիճելի իրավա­հարաբերության իրավահաջորդություն թույլ տալու դեպքում:

Վերոգրյալից ելնելով՝ Պատասխանողը գտնում է, որ օրենսդրի կողմից նման ձևակերպումն ինքնանպատակ չէ, քանի որ գոյություն ունեն մի խումբ իրավունքներ, որոնք անձի հետ անխզելիորեն կապված են, և հետևաբար՝ դրանք չեն կարող փոխանցվել այլ անձանց իրավահաջորդության կարգով: Նշվածից հետևում է, որ բացարձակ բնույթ չի կարող կրել դատավարության մասնակիցների իրավա­հաջորդների կողմից նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունքը՝ պայմանավորված անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների և պարտականությունների առկայության հանգամանքով:

Պատասխանողի համոզմամբ՝ վիճարկվող դրույթը որոշակիության տես­անկյունից չի կարող համարվել խնդրահարույց, քանի որ «նյութական իրավունքի նորմերով սահմանվում են անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Հետևաբար, դատավարության ժամանակ իրավահարաբերության իրավահաջորդություն թույլ տալու հանգամանքի գնահատ­ման համար անհրաժեշտ սկզբունքները օրենսդրի կողմից բավարար հստա­կությամբ սահմանվում են, և իրավակիրառ պրակտիկայում գործնական և իրատեսական հնարավորությունն առկա է նման եզրահանգման գալու համար»:

Պատասխանողը նշում է նաև, որ քննարկվող իրավանորմում կամ դատավա­րությունն իրավակարգավորող նորմատիվ իրավական ակտում սպառիչ հնարավոր չէ թվարկել իրավահաջորդություն թույլատրող իրավահարաբերությունները, քանի որ իրավահարաբերության իրավահաջորդության հարցը յուրաքանչյուր դեպքում ենթակա է քննարկման և գնահատման:

Միևնույն ժամանակ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը բավարար չափով որոշակի է և կանխատեսելի, քանի որ այն նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք է տալիս դատավարության մասնակիցներին և նրանց իրավահա­ջորդներին՝ հստակ պայմանի առկայության դեպքում: Նշված պայմանը (իրավա­հարաբերության իրավահաջորդություն թույլ տալու պայմանը) գնահատողական բնույթ ունի և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատվի դատարանների կողմից՝ հաշվի առնելով նյութական իրավունքի նորմերով սահմանված անձի հետ կապված իրավունքների և պարտականությունների բնույթը:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի 30.06.2023 թ. որոշմամբ վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությանը՝ Պատասխանողը գտնում է, որ այն խնդրա­հարույց է այն առումով, որ անձի խախտված իրավունքը՝ դատարանի մատ­չելիության իրավունքը, դիտարկվել է որպես անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որն իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա չէ, սակայն, ըստ Պատասխանողի, դա չի կարող հանգեցնել վիճարկվող դրույթի հակասահ­մանադրականության:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանա­դրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցա­դրումներին.

- վիճարկվող դրույթով, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության պայմաններում երաշխավորվո՞ւմ է արդյոք դատական պաշտպանության և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքների բաղադրատարր հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավական հնարավորությունը.

- վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության պայմաններում պահ­պանվո՞ւմ է արդյոք մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանա­գրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմա­նադրական պահանջը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրա­վունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանու­թյան իրավունքի սահմանադրաիրավական էությանը, 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ ընդհանրացնելով և վերահաստատելով նախկինում արտա­հայտած իրավական դիրքորոշումները դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ, փաստել է.

«(...) - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխա­վորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրա­վունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (...)»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտ­պանության իրավունքի սահմանադրական ամրագրումը կոչված է երաշխա­վորելու մարդու իրավունքների և ազատությունների ամբողջական և լիարժեք պաշտպանություն, ինչը ենթադրում է ոչ միայն ներպետական դատական ատյանների կողմից գործի քննություն անկախության, անաչառության և արդարության սկզբունքների լույսի ներքո, այլև ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումից հետո իրավունքների և ազատու­թյունների պաշտպանության հարցով մարդու իրավունքների միջազգային մարմիններ դիմելու իրավական հնարավորություն:

Իրավական այս հնարավորության նախատեսումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործընթացը ներպետական դատական պաշտպանության միջոցներով չսահմանափակելու, ինչպես նաև պետու­թյան կողմից վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու, ըստ այդմ՝ պետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, այլ պետությունների առջև (տվյալ դեպքում ՄԻԵԴ-ով) ստանձնած իր պարտավորությունները բարե­խղճորեն կատարելու իրողությամբ:

Իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրա­վունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքն այն արդյունավետ լրացուցիչ լծակն է, որը կոչված է երաշխավորելու անձի խախտված իրավունքի լիարժեք և ամբողջական վերականգնումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վնասների համարժեք հատուցումը: Հետևապես` բովան­դակային առումով սահմանադրական այս իրավունքը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հնարա­վորությունից զատ, ենթադրում է նաև միջազգային մարմնի կողմից կայացված որոշման կատարման իրական հնարավորությունների ապահովման անհրա­ժեշտություն:

Սահմանադրորեն նման երաշխիքների նախատեսումը պայմանավորված է այն իրողությամբ, որ ներպետական դատական ատյանների միջոցով իրա­վունքների պաշտպանության հնարավորությունների սպառումից հետո իրա­վունքների և ազատությունների պաշտպանության խնդրով միջազգային դա­տարան դիմելու իրավունքի նպատակը, ի վերջո, ներպետական իրավական համակարգում խնդրի վերջնական լուծումն է: Ուստի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրագրված իրավակարգավորումները երաշ­խավորում են անձի՝ ոչ միայն ներպետական դատական պաշտպանության միջոցով իրավունքների և ազատությունների պաշտպանություն, այլև այդ խնդրով միջազգային մարմիններ դիմելու, իսկ այդպիսի մարմնի կողմից որոշման կայացման արդյունքում՝ իրավունքների և ազատությունների պաշտ­պանության գործընթացն ավարտին հասցնելու իրական և արդյունավետ հնարավորություն:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպա­նության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավական հնարավորությունները յուրաքանչյուր իրավունքի և ազատու­թյան պաշտպանությունն անկախության, անաչառության և արդարության պայման­ներում իրականացնելու երաշխավորված միջոցներ են, ուստի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի իրական երաշխավորումից է կախված սահմանադրորեն ամ­րագրված մյուս հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը:

5.2. Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազ­գային մարմիններ դիմելու իրավունքի կենսագործումը չի հանգում միայն միջազ­գային մարմիններ, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավական հնարավորության իրացմանը. այն, ի թիվս այլնի, ներառում է նաև միջազգային մարմնի կողմից կայացված ակտի կատարման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի երաշխավորումը:

Ըստ այդմ՝ դատավարական օրենսդրության շրջանակներում նախատեսվել է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավական հնարավորու­թյուն, որը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատա­րանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրա­վունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգա­վորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերա­նայման իրավական հնարավորության նախատեսումը կոչված է երաշխավորելու անձանց իրավունքների և ազատությունների ամբողջական և իրական պաշտ­պանությունը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ անձը, օգտվելով դատական պաշտպանության իրավունքից, չի ստանում իրավունքի կամ ազատության պաշտ­պանության իր «չափաբաժինը»: Ուստի՝ անձի համար ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումից հետո միջազգային մարմիններ դիմելու իրավական հնարավորության երաշխավորումը մեծ կարևորություն է ներկայացնում, եթե, իհարկե, այդ իրավունքի իրացման հարցում ևս ապահովվեն ամբողջական և իրական պաշտպանության համարժեք կառուցակարգեր: Այդպիսի կառուցակար­գերից է Եվրոպական դատարանի համապատասխան վճռի դեպքում նոր հանգա­մանքի հիմքով դատական ակտի վերանայման իրավական հնարավորությունը:

Սահմանադրական դատարանն իր` 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշմամբ արձանագրել է, որ «(...) նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն, խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապա­հովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարա­գայում: Հետևաբար, նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրա­վունքի վերականգնման միջոց, առաջին հերթին պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի վերացմանը /բեկանմանը/, և սա օրենսդրորեն հստակ ամրագրման անհրաժեշտություն ունի»:

Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ`

«(...) նոր հանգամանքի հիմքով «դատական ակտի վերանայում» եզրույթն իր բովանդակությամբ համարժեք է «գործի նորոգում», «գործի վարույթի վերաբացում» եզրույթների բովանդակությանը, և դատական ակտի վերանայման հասկացության նշված ընկալումն էլ պետք է կանխորոշի վերանայման վարույթի բովանդակությունը, դրա խնդիրները և դրա շրջանակներում լուծման ենթակա հարցերը: Ըստ այդմ, դատական ակտի վերանայման վարույթի, նույնն է, թե գործի նորոգման վարույթի շրջանակներում պետք է ձեռնարկվեն արդարադատական այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն գործի վերաքննություն, նոր քննություն, ինչը հնարավոր է միայն հակասահմանադրական նորմ կիրառած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման պայմաններում: Վերանայման ինստիտուտը կարող է ծառայել իր նպատակին միայն այն դեպքում, երբ ապահովվի տվյալ գործի նոր քննություն` կիրառված նորմի հակասահմանադրականության և կոնվենցիոն իրավունքի խախտման փաստի առկայության պայմաններում` հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր հանգամանք հանդիսացող դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսա­փելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Սակայն հիմնախնդիրը միայն դրանով անհրաժեշտ լուծում չի ստանում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթը կարող է ապահովել այդ վարույթի սահմանա­դրաիրավական նպատակի ու խնդիրների իրացումն այն դեպքում, երբ վերանայման վարույթը կանոնակարգող օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան ձևավորվեն հետևյալ իրավական մոտեցումներին համապատասխան.

ա/ վերանայման բողոքում նոր հանգամանքի շարադրանքի և բողոքին կից` նոր հանգամանքը հաստատող ապացույցի առկայությունը, ի լրումն բողոքին ներկա­յացվող մյուս վավերապայմանների առկայությանը, բավարար հիմք պետք է դիտվի վերանայման վարույթ հարուցելու համար,

բ/ վերանայման պահանջը կարող է մերժվել, եթե միայն հարուցված վերա­նայման վարույթի շրջանակներում բողոքի քննության արդյունքներով պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ դատական ակտը վերանայելու համար հիմք չէ, այսինքն` այդ հանգամանքը տվյալ դեպքում նոր հանգամանք չի հանդիսանում,

գ/ եթե վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր հան­գամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն հակասահմանադրական նորմ կիրառած կամ կոնվենցիոն իրավունքի խախտմամբ ընդունված դատական ակտերը,

դ/ վերոհիշյալ դատական ակտերի` ուժը կորցնելու պայմաններում կազմա­կերպվող` գործի կամ բողոքի նոր քննությունը պետք է հաշվի առնի նոր հան­գամանք հանդիսացող դատական ակտերում արտահայտված իրավական դիրքո­րոշումները»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանա­դրական դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած կամ նոր հան­գամանքներով դատական ակտերի վերանայման հնարավորությունները բխում են Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հիմնա­րար իրավունքներից, քանի որ կոչված են ապահովելու դատական պաշտ­պանության, այն է՝ իր խնդրով դատարան դիմելու և գործի արդարացի լուծում ստանալու իրավական հնարավորության ամբողջական և լիարժեք իրացումը: Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքները կդառնան առարկայազուրկ, եթե անձը չունենա միջազգային մարմնի կայացրած ակտի հիման վրա դատական ակտի վերանայման իրական հնարավորություն: Վերոնշյալ նկատառումներից ելնելով էլ՝ Սահմանադրության 80-րդ հոդվածն ամրագրում է հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության պարտադիր պահանջը, որի լույսի ներքո պետք է երաշխավորվի յուրաքանչյուր իրավունքի այնպիսի կենսագործում, որն ամբողջությամբ կծառայի այդ իրավունքի իրական առաքելության և բուն նպատակի իրացմանը:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման իրավական հնարավորության արդյունավետ կենսագործման երաշխավորումը պետք է ապա­հովվի ոչ միայն սահմանադրական համապատասխան կարգավորումների և օրենս­դրական կառուցակարգերի առկայության, այլև այդ կարգավորումների կիրառման գործընթացում դրանց տրվող մեկնաբանությունների արդյունքում: Ուստի՝ յուրա­քանչյուր կոնկրետ դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ առկա օրենսդրական այս կամ այն նորմը մեկնա­բանելիս կարևոր է հաշվի առնել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման ինստիտուտի էությունն ու նշանակությունը, դրա երաշխավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ապահովման լույսի ներքո:

5.3. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և վերլուծությունների համա­տեքստում անդրադառնալով վիճարկվող դրույթով ամրագրված կարգավորման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահ­մանադրականության խնդրին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում առանձնացնել հետևյալ նկատառումները.

վիճարկվող դրույթը վերաբերում է նոր երևան եկած կամ նոր հանգա­մանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներին, որոնց շարքում են, առաջին հերթին, դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավա­հարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Այսինքն` եթե դատավարության մասնակիցները համապատասխան հանգա­մանքների առկայության դեպքում անվերապահորեն իրավունք ունեն ներկայացնելու դատական ակտի վերանայման դիմում, ապա նրանց իրավահաջորդներն այդ իրավունքի իրացման հնարավորությունից օգտվում են պայմանով, այն է՝ եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Այս առումով Սահմանադրական դատարանը հայտնում է, որ կարևոր է նախ՝ բացահայտել իրավահաջորդության թույլատրելիության օրենսդրական սահմանները և դրա վերաբերելիությունը վիճարկվող դրույթով ամրագրված կարգավորմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դատա­վարություն ենթադրում է մասնակիցների որոշակի կազմ, որոնք ունեն կոնկրետ շահագրգռվածություն քննվող հարցի և դրա լուծման համար, ուստիև նրանք պետք է օժտված լինեն, ի թիվս այլնի, նաև նոր հանգամանքով դատական ակտի վերա­նայման դիմում ներկայացնելու իրավական հնարավորությամբ: Այնուամենայնիվ, չեն բացառվում իրավիճակներ, երբ օբյեկտիվ պատճառներով դատավարության մասնակիցն այլևս չի կարող ներկայացնել դատական ակտի վերանայման դիմում (տվյալ դեպքում՝ մահվան պատճառով): Այս իրավիճակում կենսագործվում է դատա­վարական իրավահաջորդության ինստիտուտը, որը, Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթադրում է դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմա­կերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխ­ման այլ դեպքեր) այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, ինչի վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։ Ընդ որում՝ օրենսդիրն իրավահաջորդությունը հնարավոր է համարում դատավարության յուրաքանչյուր փուլում:

Անդրադառնալով վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորմանը՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ այն հնարավորություն է ընձեռում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ընդունող դատա­րանին գնահատելու վիճելի իրավահարաբերության մասով իրավահաջորդության առկայության կամ բացակայության հանգամանքը, որից ելնելով էլ` կայացնելու դիմումն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ որոշում:

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմումի ներկա­յացումը բխում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մար­միններ դիմելու իրավունքներից, ուստի՝ այդպիսի դիմումների ընդունելիության փուլում ևս պետք է որպես ելակետ ընդունել նշյալ իրավունքների երաշխավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Հետևաբար` վիճարկվող դրույթով ամրա­գրված իրավակարգավորմամբ առկա «եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն» ձևակերպումը ենթադրում է ոչ թե դիմումի ընդունելիության փուլում Դիմողների կոնկրետ իրավունքների և ազատությունների իրացման հստակ ու միանգամայն կանխատեսելի հեռանկարների դիտարկում (որոնք պետք է պարզվեն գործի քննության շրջանակներում), այլ իրավահա­ջորդությունը բացառող ակնհայտ հանգամանքների բացակայության դեպքում անձի՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորություն­ների ապահովում:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ դատարանում քննվող վեճի լուծման արդյունքում իրավունքների խախտումն իրավահաջորդի մասով հնարավոր չէ վերականգնել ամբողջ ծա­վալով, սակայն առերևույթ առկա է դրանք մասնակի վերականգնելու հնարավորություն, այլ կերպ` նույնիսկ մասնակի նյութական շահագրգռվածության առկայության դեպքում վիճելի իրավահարաբերությունում իրավահաջորդությունը պետք է թույլատրելի լինի: Ուստի` դատական վեճի լուծման արդյունքում դատավարության մասնակցի իրավահաջորդի համար որևէ հնարավոր դրական հետևանքի (խախտված իրավունքի թեկուզ մասնակի վերականգման հնարավո­րության) բացակայությունը միայն կարող է հանդիսանալ վիճելի իրավահարաբերությունում վերջիններիս իրավահաջորդությունը բացառող հանգամանք:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ իրավահա­ջորդության ինստիտուտի էությունը հանգում է անձի իրավունքների և ազա­տությունների պաշտպանության գործընթացի շարունակականության և ամբող­ջականության ապահովմանը, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի զորու չէ շարունակելու իր իրավունքների պաշտպանության գործընթացը, իրավահաջորդության գործար­կումը հնարավորություն է ընձեռում կանխել իրավունքների պաշտպանության հարցում գործադրված քայլերի և ձեռնարկված միջոցների իմաստազրկումը: Վերջինս վերաբերում է նաև այն անձանց, որոնց կարգավիճակը դատավա­րության մասնակցի ընդհանուր (քաղաքացիաիրավական) իրավահաջորդության իմաստով կասկած չի հարուցում, և որոնց նյութական իրավունքներն այս կամ այն ծավալով շոշափվելու են ակնկալվող դատական ակտով:

5.4. Վերոթվարկյալ դիրքորոշումների և վերլուծությունների տիրույթում Սահ­մանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը:

Վիճարկվող դրույթի բովանդակության բացահայտման համատեքստում Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(…) Սամվել Մնացականյանի խախտված իրավունքը՝ դատարանի մատչելիության իրա­վունքը, անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որն իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա չէ (…)»:

Անդրադառնալով վերոնշյալ դիրքորոշմանը՝ Սահմանադրական դատա­րանը կարևոր է համարում ընդգծել, որ դատական պաշտպանության իրավունքը սահմանադրորեն երաշխավորված այն բացառիկ իրավական հնարավորությունն է, որի իրացման միջոցով անձինք հնարավորություն են ստանում պաշտպանելու իրենց հիմնական մյուս իրավունքներն ու ազատությունները: Այսինքն՝ այս իրավունքն այն առանցքային երաշխիքն է, որի միջոցով հնարավոր է իրացնել սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները, վերականգնել խախտված իրավունքները կամ հասնել դրանց խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցման: Այսինքն` յուրաքանչյուր իրավունքի կամ ազատության դատական կարգով պաշտպանությունն իրացվում է հենց դատական պաշտպանության իրավունքի միջոցով, հետևաբար՝ այս իրավունքի՝ իրավահաջորդության կարգով փոխանցման բացառումն ուղղա­կիորեն հանգեցնում է յուրաքանչյուր իրավունքի կամ ազատության պաշտ­պանության հնարավորությունների բացառման, ինչը ոչ միայն չի բխում սահ­մանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների բովանդակությունից և դրանց իրացումը երաշխավորող սկզբունքներից և գաղափարներից, այլև հակասում է դրանց:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դատական պաշտպանության իրավունքի էությունը դատարանների գոյության և գոր­ծունեության իմաստավորումն է, հետևապես՝ այս իրավունքի էությանը հակասող մեկնաբանությունները ստվերում են ինչպես դատական պաշտպանության իրավունքի, այնպես էլ դրա իրացման համար նախատեսված բացառիկ մարմնի՝ դատարանի գոյության և առաքելության իմաստը:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Վճռաբեկ դատա­րանի՝ խնդրո առարկա մեկնաբանության պայմաններում դատական պաշտպա­նության իրավունքի իրավահաջորդության կարգով փոխանցելիության բացառումը կարող է խաթարել դատական պաշտպանության իրավունքի էությունն ու դրա հիմքում սահմանադրի դրած իմաստն ու նշանակությունը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հիմնական իրավունքը միտված է Սահմանադրությամբ երաշխա­վորված հիմնական իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով արդյու­նավետ պաշտպանությանը. հակառակ մեկնաբանության պայմաններում՝ սույն հիմ­նական իրավունքների և ազատությունների երաշխավորումը կկրի հռչակագրային բնույթ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ նախ՝ Սահմանադրական դատա­րանն ընդգծում է, որ Եվրոպական դատարանն իր վճռում արդեն իսկ արձանագրել է Դիմողների՝ Հասմիկ և Լիա Մնացականյանների իրավահաջորդության թույլա­տրելիությունը՝ նշելով, որ «(…) դիմումատուի այրին՝ տկն Լիա Մնացականյանը, և դուստրը՝ օրիորդ Հասմիկ Մնացականյանը, իրավունք ունեն դիմումատուի փո­խարեն շարունակելու սույն գործով վարույթը»:

Տվյալ վճռով դիտարկվող հարցի կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ այս հարցը քննարկելիս հիմնական խնդիրը ոչ թե այն է, թե քննարկվող իրավունքները փոխանցելի են ընթացակարգը շարունակել ցանկացող ժառանգներին, թե՝ ոչ, այլ այն, թե արդյոք ժառանգները կամ մերձավոր ազգականները կարող են սկզբուն­քորեն իրավաչափ շահ հետապնդել՝ Դատարանից պահանջելով գործը քննել դիմումատուի՝ Դատարան գանգատ ներկայացնելու իր անհատական և անձնական իրավունքից օգտվելու ցանկության հիման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Էրգեզենի գործը, § 29. Քսենզը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ksenz and Others v. Russia], թիվ 45044/06 և 5-ը, §§ 86‑87, 2017 թվականի դեկտեմբերի 12, և Բարախոևն ընդդեմ Ռուսաստանի [Barakhoyev v. Russia], թիվ 8516/08, §§ 22-23, 2017 թվականի հունվարի 17): Այնուհետև այն կրկնել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ գործերն ընդհանուր առմամբ ունեն բարոյական հարթություն, և դիմումատուին մոտ կանգնած անձինք կարող են իրավաչափ շահ ունենալ արդա­րադատության իրականացումն ապահովելու համար՝ նույնիսկ դիմումատուի մահից հետո (տե՛ս վերևում հիշատակված՝ Քսենզը և այլք գործը, § 86, և Մալհաուսն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշում) [ՄՊ] [Malhous v. the Czech Republic (dec.) [GC]], թիվ 33071/96, ՄԻԵԴ 2000‑XII)»:

Ստացվում է, որ Դիմողների իրավահաջորդության հանգամանքը, այն է՝ գործով վարույթը շարունակելու կարողությունն արդեն իսկ հաստատված է Եվրոպական դատարանի կողմից, ուստի՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմումի ընդունելիության փուլում դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ Դիմողներն ունեն դատավարական իրա­վահաջորդություն, իսկ թե դրա իրացման արդյունքում կոնկրետ ի՞նչ իրավունքների պաշտպանության կարող են հավակնել, պետք է գնահատման առարկա դառնա վերանայման դիմումը վարույթ ընդունելուց հետո:

5.5. Սահմանադրության՝ «Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան» վերտառությամբ 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահ­մանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային այդպիսի մարմինների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 19-րդ հոդվածի ուժով հիմնված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այս առումով Սահմանադրական դատարանը հայտնում է, որ ներպետական դատական պաշտպանության միջոցներից զատ, որպես իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ հնարավորություն, ՀՀ քաղա­քացիները գլխավորապես օգտվում են հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատարկման հնարավորությունից:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ նույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հետևաբար՝ կոնվենցիոն իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցում կարևոր նշանակություն է ձեռք բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների և դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումների պատշաճ կատարումը:

Ըստ այդմ, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Նախարարների կոմիտեի կողմից, ուստի՝ դրանց կատարման վերաբերյալ ամրագրված իրավակարգավորումների բովանդակության բացահայտումը Սահմա­նադրական դատարանը հարկ է համարում իրականացնել ինչպես այդ հարցի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների և Նախարարների կոմիտեի հանձնարարականների, այնպես էլ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո.

Կոնվենցիոն համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ներառում է դրանով ամրագրված դրույթների՝ Կոնվենցիային համա­պատասխանությունը վերանայելու մեխանիզմ: Այսպիսով, Կոնվենցիան Պայմանա­վորվող պետություններից ոչ միայն պահանջում է պահպանել դրանից բխող իրա­վունքներն ու պարտականությունները (հոդված 1), այլ նաև ստեղծում է դատական մարմին՝ Եվրոպական դատարանը (հոդված 19), որն իրավասու է վճիռների միջոցով հայտնաբերել Կոնվենցիայի խախտումները, որոնք Պայմանավորվող պետություն­ները պարտավորվել են պահպանել (հոդված 46, 1-ին կետ): Բացի այդ, այն ստեղծում է վճիռների կատարման վերահսկման մեխանիզմ, որը վստահված է Նախարարների կոմիտեին (46-րդ հոդվածի 2-րդ կետ): Նման մեխանիզմը ցույց է տալիս Կոնվենցիայի համակարգում Դատարանի վճիռների արդյունավետ իրակա­նացման կարևորությունը (Verein Gegen Tierfabriken Schweiz (vgt) v. Switzerland (No. 2), application no. 32772/02, 30.06.2009, §84),

(...) վճիռը, որով Դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, Պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերջ տալ խախտմանը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (Papamichalopoulos and others v. Greece, application no. 14556/89, 31.10.1995, §34),

Պայմանավորվող պետությունը պարտավոր է ոչ միայն վճարել դիմումատուին արդարացի փոխհատուցման կարգով շնորհված գումարները, այլև ձեռնարկել անհատական և/կամ, անհրաժեշտության դեպքում, ընդհանուր միջոցներ դատա­րանի կողմից հայտնաբերված խախտումը վերացնելու համար (Verein Gegen Tierfabriken Schweiz (vgt) v. Switzerland (No. 2), Application No. 32772/02, 30.06.2009, § 85),

Դատարանը պարզաբանում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կարգա­վորումները, առաջին հերթին, հնարավորություն են տալիս դատարանին իր վճռով երաշխավորել Կոնվենցիայով նախատեսված պաշտպանության արդյունավետու­թյունը և կանխել խնդրո առարկա իրավունքների շարունակական խախտումները՝ կարևորելով Նախարարների կոմիտեի աջակցությունը վերջնական վճռի կատար­ման վերահսկման հարցում։ Նման կարգավորումները նաև հնարավորություն են տալիս և պահանջում են, որ շահագրգիռ պետությունը հնարավորինս արագ վերջ դնի Դատարանի կողմից հայտնաբերված Կոնվենցիայի խախտմանը (Kavala v. Turkey, Application No. 28749/18, 11.07.2022, § 1482):

Թեև Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը Պայմանավորվող կողմերին պարտավորեցնում է իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսել վարույթի վերանայում կամ վերաբացում, նման հնարավորությունների առկա­յությունը, հատուկ հանգամանքներում, ապացուցվել է, որ կարևոր է, և որոշ դեպքերում, իրապես միակ միջոցն է խախտված իրավունքի վերականգնման համար: Ըստ այդմ, մեծ թվով պետություններ ընդունել են հատուկ օրենսդրություն, որը նախատեսում է նման վերաքննության կամ վերաբացման հնարավորությունը3:

Այն վճիռները, որոնցում Դատարանը խախտում է գտնում, Բարձր պայմա­նավորվող կողմերը պարտավորվում են.

վճարել դատարանի կողմից նշանակված ցանկացած գումար` արդարացի փոխհատուցման կարգով,

անհրաժեշտության դեպքում ընդունել անհատական միջոցներ՝ վերջ դնելու Դատարանի կողմից հայտնաբերված խախտմանը և հնարավորինս փոխհատուցելու դրա հետևանքները,

անհրաժեշտության դեպքում ընդունել ընդհանուր միջոցներ, որոնք անհրա­ժեշտ են նմանատիպ խախտումներին վերջ տալու կամ դրանք կանխելու համար4։

Սահմանադրական դատարանն իր` 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ հայտնել է, որ «Եվրոպական դատարանի վճռում [Case of Papamichalopoulos and others v. Greece, application no. 14556/89, 31/10/1995] արտահայտված restitutio in integrum սկզբունքը հետագայում իր արտացոլումը գտավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» R (2000) 2 հանձնա­րարականում: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիշյալ հանձնարարականի համաձայն՝ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակ­տիկան ցույց է տալիս, որ բացառիկ հանգամանքներում գործերի վերաքննությունը կամ վարույթի վերաբացումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum) հասնելու համար, ուստի Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմա­նավորվող պետություններին, մասնավորապես, ուսումնասիրել իրենց ազգային իրավական համակարգերը` ապահովելու գործի վերաքննության համարժեք հնարա­վորությունների առկայություն, այդ թվում՝ վարույթի վերաբացումը, այն դեպքերում, երբ Դատարանը գտել է Կոնվենցիայի խախտում։

(…) այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն»:

5.6. Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքի վերջնական նպատակը Եվրոպական դատարանի վճռով իրավունքի խախտման փաստն արձանագրելն ու այդ խախտումը վերացնելուն հասնելն է: Նշյալ նպատակի կենսագործման նկատառումներից ելնելով էլ` մի կողմից՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսվել է Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտականություն, մյուս կողմից՝ ներպետական օրենսդրության շրջանակներում ամրագրվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարա­վորություն, նաև այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական հնարավորություններն ու դրանց արդյունավետ կենսագործման համար նախա­տեսված օրենսդրական կառուցակարգերն ու ընթացակարգերը կոչված են երաշխավորելու անձի իրավունքի պաշտպանությունը, որը, կախված գործի հանգամանքներից, կարող է դրսևորվել ինչպես մինչև իրավունքի խախտումը եղած վիճակի վերականգնմամբ, այնպես էլ իրավունքի խախտումը վերացնելով կամ խախտված իրավունքի արդյունքում պատճառված վնասների հատուցմամբ:

Այս առումով անդրադառնալով վերոգրյալ խնդրի առնչությամբ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանն առ այն, որ «(...) դատական ակտի վերանայման համատեքստում կոնվենցիոն իրավունքի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք կարող է համարվել, եթե դրա հիման վրա վերանայման արդյունքում անհրաժեշտ և հնա­րավոր է խախտված իրավունքի վերականգնումը», Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

հաստատելով այն մոտեցումը, որ խախտված իրավունքի վերականգնումն իրապես իրավունքի պաշտպանության ամենաարդյունավետ միջոցն է, այնուա­մենայնիվ, չպետք է անտեսել իրավունքի պաշտպանության այլ միջոցների դերը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք դեպքերում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով անհնար է լինում խախտված իրավունքի վերա­կանգնումը: Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքի պաշտպանության գործիքակազմի նման սահմանափակումը համա­հունչ չէ իրավունքի պաշտպանության, այդ նպատակով դատական ատյաններ դիմելու, ներպետական դատական ատյանների սպառման արդյունքում միջազ­գային մարմիններ դիմելու իրավական հնարավորությունների գործադրման իրական էությանն ու նշանակությանը:

Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքների պաշտպանությունը Եվրոպական դատարան դիմելու միջոցով իրաց­նելու արդյունքում անձն ակնկալում է, առաջին հերթին, նախկին վիճակի վերա­կանգնում, սակայն դա չի բացառում իրավունքի պաշտպանության այլ միջոցների գործադրման հնարավորությունն այն դեպքերում, երբ խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր չէ:

Սահմանադրական դատարանը հայտնում է, որ ներպետական որևէ ընթա­ցակարգ չպետք է խոչընդոտի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված ակտերի կատարմանը և դրանով իսկ անձի խախտված իրա­վունքի վերականգմանը (եթե ոչ ամբողջ ծավալով, ապա՝ մասնակի), ինչը տվյալ պարագայում հնարավոր է իրավահաջորդության ինստիտուտի պատշաճ կիրառման պայմաններում՝ սույն որոշման շրջանակներում վիճարկվող իրավանորմին տրված մեկնաբանությանը համահունչ:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ` վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրության 81-րդ հոդվածով ամրագրված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջին, քանի որ դրա արդյունքում անտեսվում է Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով ամրագրված՝ Եվրոպական դատարանի վճիռների պարտադիր կատարման պարտականությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանա­դրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրության 61 և 81-րդ հոդված­ների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունը ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակա­յության դեպքում:

2. Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով՝ Վճռա­բեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՎԴ/4264/05/11 որոշմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենս­գրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողների նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրա­կան օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի ուժով հիմք է Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման համար:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

______________________________

1 Հասանելի է հետևյալ հղմամբ՝

https://hudoc.echr.coe.int/#{%22fulltext%22:[%22(\%22Mnatsakanyan%20v.%20Armenia\%22)%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-222821%22]}

2 Guide on Article 46 of the European Convention on Human Rights, Updated on 31 August 2022, էջ 9, Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.echr.coe.int/documents/d/echr/Guide_Art_46_ENG

3 Recommendation No. R (2000) 2 of the Committee of Ministers to member states on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights, 3-րդ կետ, 19.01.2000թ.:

Հասանելի է հետևյալ հղումով՝ https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805e2f06

4 Recommendation CM/Rec(2008)2 of the Committee of Ministers to member states on efficient domestic capacity for rapid execution of judgments of the European Court of Human Rights, b) կետ, 06.02.2008թ., հասանելի է հետևյալ հղումով՝ https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805ae618

 

Նախագահող`

Ա. Դիլանյան

 

9 ապրիլի 2024 թվականի

ՍԴՈ-1724

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2024 թվական: