Գլխավոր տեղեկություն
Номер
N 502-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2024
Дата вступления в силу
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի N 502-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր՝ ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 12-ի N 502-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ

 

1. Սույնով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, սահմանվում են մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց վարքագծի պարտադիր կանոնները։

2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշմամբ:

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում (այսուհետև գոտի) տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:

4. Գոտիների տարածքում տրանսպորտային միջոցների տեղակայումը, կայանումը, կանգառը իրականացվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում, ուղիներով, ժամանակահատվածում և տևողությամբ:

5. Գոտիներ անձանց՝ ներառյալ երրորդ անձանց (մաքսային մարմնի կամ պետական այլ մարմնի պաշտոնատար անձ կամ գոտու կազմակերպչի համապատասխան պաշտոնական լիազորություններով օժտված անձ չհանդիսացող այլ անձինք, այսուհետև՝ երրորդ անձինք), ինչպես նաև պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը, դուրս գալը, գտնվելը կամ գործելը կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, ըստ անհրաժեշտության, համապատասխան թույլտվությունների կամ անցագրերի տրամադրմամբ:

6. Հսկողություն իրականացնող մաքսային մարմնի որոշմամբ՝ գոտիները կարող են բաժանված լինել հասանելիության տարբերակված տարածքների:

7. Գոտիներում անձինք պարտավոր են կատարել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ մաքսային հսկողության անհրաժեշտությամբ պայմանավորված և դրանից բխող իրավաչափ հրահանգները և ցուցումները:

8. Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենան բացառապես հայտարարագրման, բաց թողնման կամ մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն:

9. Գոտու տարածք երրորդ անձանց մուտքը, այդ տարածքում գտնվելը, առանց հայտարարագրման, բաց թողնման կամ մաքսային հսկողության շրջանակներում այլ մաքսային գործառնությունների իրականացման նպատակի, արգելվում են:

10. Մաքսային գործառնությունների իրականացման ընթացքում և վայրում, մաքսային հսկողության ենթարկվող տրանսպորտային միջոցների մոտակայքում ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելվում են:

11. Գոտու տարածքում անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, գտնվելը, կայանելը կամ կանգառը թույլատրվում են հատուկ այդ նպատակով հատկացված կամ առանձնացված վայրերում:

12. Գոտիների տարածքում անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, տեղակայումը, կայանումը, կանգառը իրականացվում են՝ համաձայն այդ նպատակով հատկացված կամ առանձնացված վայրերում կատարված տեղաշարժի ուղիների, ինչպես նաև կայանման, կանգառի և տեղակայման վայրերի գծանշումների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան