Գլխավոր տեղեկություն
Номер
N 479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.04.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.04.2024
Дата вступления в силу
06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 479-Ն

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բռնության ենթարկված երեխայի ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝

1) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում.

2) անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն (այսուհետ՝ կենտրոն) կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային հաստատություն (այսուհետ՝ ցերեկային հաստատություն):

2. Բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմիններն են՝

1) Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն), որը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է.

2) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

3) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները.

4) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ), որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հրատապ օգնության, անհրաժեշտության դեպքում նաև՝ անհապաղ տեղավորումն ապահովող, ինչպես նաև հայտնաբերող հիմնական մարմիններն են.

5) Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները (այսուհետ՝ բժշկական հաստատություն).

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից.

7) մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից.

8) հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ իրենց գործառույթներն իրականացնելու հարցում, ինչպես նաև աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված երեխային, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա ընտանիքին:

3. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման, երեխայի կամ բռնության մասին տեղեկության փոխանցման կամ աջակցության տրամադրման դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝

1) բռնության ենթարկված երեխայի տարիքին և զարգացածության մակարդակին համապատասխան՝ երեխայի կարծիք արտահայտելը, լսված և հասկացված լինելը.

2) բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը.

3) վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը.

4) երկրորդային զոհականացման բացառումը.

5) բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը.

6) բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը.

7) բռնության ենթարկված երեխայի կամ բռնության դեպքի վերաբերյալ որոշումների կայացման և կատարման օպերատիվությունը.

8) հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված երեխայի համար սույն կարգով նախատեսված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության առաջնահերթությունը:

 

2. ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՄ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

 

4. Ոստիկանությունը երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկության փաստը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրում է երեխայի նկատմամբ բռնության փաստը և կազմակերպում նրա ուղղորդումը՝ աջակցություն ստանալու նպատակով:

5. Եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա համապատասխան ԽՀՄ-ն այդ տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրում է բռնության փաստը, իրականացնում է երեխայի կարիքների գնահատումը, տեղեկությունը փոխանցում է ՄՍԾ համապատասխան տարածքային կենտրոնին՝ ըստ անհրաժեշտության սոցիալական դեպքի վարման և անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման նպատակով, իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է ծրագրով երեխայի համար նախատեսված գործողությունների իրականացումը, իսկ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն: Ոչ աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, ոստիկանությունն անհապաղ երեխային տեղավորում է կենտրոնում կամ ուղղորդում ցերեկային հաստատություն՝ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը երեխայի մասին տեղեկությունը փոխանցելով ԽՀՄ-ին՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

6. Ծրագիրն առնվազն ներառում է երեխային աջակցության տարբեր ձևերի տրամադրումը, անհրաժեշտության դեպքում նաև՝ կենտրոն տեղափոխելը, նրա ընտանիքի, ներառյալ՝ ծնողների հետ սոցիալական աշխատանք կազմակերպելը, երեխայի վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին մասնակից դարձնելը, երեխայի նկատմամբ կրկնակի բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելը:

7. Բռնության ենթարկված երեխայի մասին տեղեկությունը ոստիկանությունից կամ ԽՀՄ-ից փոխանցվում է այլ մարմիններին կամ կազմակերպություններին երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում, բացառությամբ, երբ երեխայի նկատմամբ կիրառվել է այնպիսի բռնություն, որը ենթադրաբար համարվում է հանցագործություն և նախատեսված է քրեական օրենսգրքով, ինչպես նաև այն դեպքում, երբ երեխան ենթարկվել է ընտանիքում բռնության:

8. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ոստիկանություն, իսկ բռնության ենթարկված երեխայի մասին տեղեկությունը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման վայրի ԽՀՄ-ին, որը պարզելով, որ այդ երեխան իր տարածքի բնակիչ չէ, բացի սույն կարգով նախատեսված գործողություններից, իրականացնում է նաև այդ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ի տեղեկացում ոչ ուշ, քան երեխայի բնակության վայրը պարզելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում:

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված համաձայնությունը չի պահանջվում, եթե՝

1) տեղեկությունը փոխանցելու պահին՝ ծնողը, այլ օրինական ներկայացուցիչը կամ նրանց գտնվելու վայրն անհայտ է.

2) տեղեկություն չփոխանցելը կարող է հանգեցնել երեխայի կյանքի կամ առողջության վտանգման կամ հիմնարար իրավունքների խախտման.

3) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն իր վարքագծով ակնհայտորեն վնասում է երեխայի շահերին. իր վարքագծով խոչընդոտում է երեխայի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

4) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն ինքն է գործադրել բռնություն երեխայի նկատմամբ:

10. Բռնության ենթարկված երեխան տեղափոխվում է կենտրոն այն դեպքում, երբ երեխան առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, կամ նրա խնամքն անհնարին է կազմակերպել նրա կենսաբանական կամ խնամատար ընտանիքում, հնարավոր կամ նպատակահարմար չէ խնամակալ կամ հոգաբարձու նշանակել, կամ եթե հնարավոր չէ սոցիալական այլ ծառայությունները մատչելի դարձնել նրա բնակության վայրում: Հակառակ դեպքում, երեխային աջակցությունը տրամադրվում է նրա բնակության վայրում՝ ԽՀՄ-ի կողմից մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ։

11. Կենտրոն տեղափոխելու համար համայնքի սոցիալական աշխատողը գնահատում է կենտրոն տեղափոխելու անհրաժեշտությունը և դրա հիման վրա ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ ոստիկանության ծառայողը՝ կենտրոնի ղեկավարին ներկայացնելով երեխային՝ բռնության ենթարկված երեխա ճանաչելու մասին տեղեկանք, որտեղ առնվազն նշվում են երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման կամ բնակության հասցեն (եթե հայտնի է), երեխայի նկատմամբ բռնության տեսակը, հետևանքները, բռնության կիրառման և դրա մասին ահազանգման, կենտրոն տեղափոխելու օրը, ամիսը, տարին: ԽՀՄ-ն կենտրոնին տրամադրում է նաև իր կողմից կատարված երեխայի կարիքների գնահատման վերաբերյալ տեղեկություն:

12. Ցերեկային հաստատություն բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է, եթե չկան հիմքեր այդ երեխային կենտրոն տեղավորելու համար, սակայն անհրաժեշտություն է առաջացել ցերեկային հաստատությունում ծառայություններ տրամադրելու համար:

13. Բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները: Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ առնչվող մասնագետները չեն կարող մասնագիտական գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունների առնչությամբ տալ հարցազրույցներ զանգվածային լրատվամիջոցներին, հրապարակումներ կատարել համացանցում կամ այլ կերպ տարածել երեխայի կամ բռնության մասին տեղեկությունը, եթե այդ տեղեկության տարածումը վնասում է երեխայի լավագույն շահին, չի հետապնդում երեխայի նկատմամբ կամ այլ բռնությունների կանխարգելման նպատակ կամ պայմանավորված չէ օրենքով նախատեսված վարույթների մասնակցությամբ:

 

3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինները համագործակցում են միմյանց հետ և պետական այլ մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ, որոնք օրենսդրությանը համապատասխան ստանձնել կամ իրականացնում են բռնության ենթարկված երեխայի պաշտպանություն, նրան տրամադրում են աջակցություն կամ այլ կերպ պայքարում են երեխայի նկատմամբ բռնությունների դեմ: Համագործակցության շրջանակներում տեղեկություն տրամադրող մարմնին կամ կազմակերպությանը տեղեկություն ստացող մարմինը կամ կազմակերպությունն առնվազն տեղեկացնում է ստացված տեղեկության ընթացքի և արդյունքի մասին:

15. Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով՝

1) տեղեկատվական համագործակցություն.

2) վարչական-կազմակերպական համագործակցություն.

3) սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված համագործակցության ձևերն ընտրվում և իրականացվում են երեխայի նկատմամբ բռնության դեպքի կամ բռնության ենթարկված երեխայի ուղղորդման դեպքում՝ ելնելով սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների լիազորություններից:

17. Բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատումն իրականացնում են ԽՀՄ-ները: ԽՀՄ-ներն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են կենտրոնների կամ խնամատար ընտանիքի, խնամակալի կամ հոգաբարձուի հետ՝ երեխայի՝ անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար: Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացում, երեխան անմիջապես տեղափոխվում է կենտրոն: Կենտրոն տեղափոխումը կազմակերպում է ԽՀՄ-ը՝ իր միջոցներով, ելնելով իր գնահատման արդյունքներից ըստ անհրաժեշտության՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Ձ Ե Վ Ե Ր

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Աջակցություն տրամադրելու համար բռնության ենթարկված երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն, պետական կառավարման այլ մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ դրանց ենթակայությամբ գործող կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ: Եթե բռնության ենթարկված երեխան ուղղորդվել է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, ապա աջակցությունը տրամադրվում է այդ կենտրոնի կողմից, կամ այդ կենտրոնը դիմում է այլ ծառայություններին, ներառյալ՝ ուսումնական և բուժական, նրանց կողմից ծառայություններ տրամադրելու համար:

2. Բռնության ենթարկված երեխային, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվում են ծառայության հետևյալ ձևերը՝

1) խորհրդատվական օգնությունը.

2) վերականգնողական օգնությունը.

3) ցերեկային հաստատությունում ծառայություններ տրամադրելը.

4) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպումը.

5) իրավական օգնությունը.

6) կրթության կազմակերպումը.

7) բժշկական օգնությունը.

8) սոցիալ-հոգեբանական օգնությունը:

3. Բռնության ենթարկված երեխային խորհրդատվություն առաջնային տրամադրվում է նրան հայտնաբերող մարմնի կողմից՝ ներկայացնելով երեխայի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ ու առաջարկություններ, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում երեխայի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Վերականգնողական օգնությունն ուղղված է բռնության ենթարկված երեխայի հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող երեխայի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը: Վերականգնողական օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցներով:

5. Բռնության ենթարկված երեխային ցերեկային հաստատությունում ծառայություններ տրամադրելը կազմակերպվում է այն դեպքում, երբ երեխան չի ստանում խնամք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, և եթե երեխայի բնականոն միջավայրում գտնվելը չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է բռնության ենթարկված երեխային, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև նրա ընտանիքի անդամներին:

6. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքը կազմակերպվում է այն դեպքում, երբ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում հնարավոր չէ կամ չի բխում երեխայի լավագույն շահերից, և բացակայում են այլընտրանքային խնամքի այլ ձևերը: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքը կազմակերպելիս հաշվի են առնվում բռնության ենթարկված երեխայի հոգեբանական առանձնահատկությունները, ինչի հիման վրա ընտրվում են սոցիալական աջակցության կոնկրետ ձևերը, որոնք բխում են երեխայի կարիքներից:

7. Իրավական օգնությունը բռնության ենթարկված երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով նրան հայտնաբերած կամ խնամող կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից իրավաբանական օգնության կազմակերպումն է կամ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով ուղղորդումն է:

8. Կրթության կազմակերպումն իրականացվում է «Կրթության մասին» օրենքին և դրանից բխող այլ իրավական ակտերին համապատասխան:

9. Բժշկական օգնությունը կազմակերպվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին և դրանից բխող այլ իրավական ակտերին համապատասխան:

10. Սոցիալ-հոգեբանական օգնությունը տրամադրվում է բռնության ենթարկված երեխայի կենսագործունեությանը և սոցիալական ներառմանը խոչընդոտող ներանձնային կամ միջանձնային խնդիրների լուծման կամ մեղմացման, ինչպես նաև նրա՝ սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացման նպատակով։

11. Եթե բռնության ենթարկված երեխան գտնվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, ապա սույն հավելվածով նախատեսված աջակցությունը տրամադրվում է այդ կենտրոնի կողմից:

12. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված աջակցության յուրաքանչյուր ձև տրամադրվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է տրամադրել այդ աջակցությունը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Երեխային աջակցություն տրամադրելիս պարտադիր է ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով նախատեսված սկզբունքները:

2. Աջակցությունը կիրառվում է բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ երեխայի կարիքների գնահատման հիման վրա: Բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում: Բռնության ենթարկված երեխային աջակցությունը տրամադրելիս աջակցություն կարող է տրամադրվել նաև նրա ընտա նիքին՝ ընտանիքի կարիքները գնահատելուց հետո:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ, իսկ կյանքը կամ առողջությունը վտանգող կամ դրա իրական սպառնալիք ստեղծող դեպքերում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ապահովում են աջակցության տրամադրումը կամ կազմակերպում են այդ աջակցության տրամադրումը՝ բռնության ենթարկված երեխային ուղղորդելով ուսումնական հաստատություն կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կամ ցերեկային հաստատություններ:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ու հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:

5. Երեխաների խնամքը, ներառյալ՝ համապատասխան հաստատություններում, կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան