Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-71-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.374
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.04.2009
Дата вступления в силу
25.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մարտի 19-ին

 

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.     Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության բնագավառի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մեղրատու մեղուների բուծման, խնամքի, գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման, մեղվաբուծական մթերքների ստացման, մեղրատու մեղուների պահպանման և անասնաբուժական սպասարկման ապահովմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մեղվաբուծություն` մեղրատու մեղուների բուծումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման, մեղվաբուծական մթերքների և հումքի ստացման համար.

մեղվաբույծ` մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

մեղվաընտանիք` միևնույն մեղվափեթակում կամ փչակում (բնում) ապրող մեղրատու մեղուների ընտանիք, որը կազմված է աշխատավոր մեղուներից, բոռերից (արու մեղուներից) և մայր մեղվից.

փեթակ` մարդու պատրաստած շինություն` մեղվաընտանիքի կենսագործունեության ապահովման համար.

մեղվանոց` մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով և պարագաներով.

ամրակայված (ստացիոնար) մեղվանոց` ամբողջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց.

գյուղատնտեսական էնտոմոֆիլ` մշակաբույսերի տարածքների շրջակայք տեղափոխված ժամանակավոր մեղվանոց.

էկոլոգիական մեղվանոց` էկոլոգիապես մաքուր մեղվաբուծական մթերք արտադրելու համար գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սահմանած պահանջները բավարարող և հավաստագրված մեղվանոց.

տոհմային մեղվանոց` ծագումով և հատկանիշներով տոհմային մեղվանոցներին ներկայացվող պահանջներին համապատասխանող մեղվանոց.

մեղուների պարս` բնական պայմաններում մեղուների բազմացման ձև, ձագատվության ճանապարհով հիմնական մեղվաընտանիքից ինքնուրույնաբար ձևավորված նոր ընտանիք.

մեղվաբուծական մթերք` մեղրատու մեղուների ստեղծած արտադրանքը (մեղր, մեղվամոմ, ակնամոմ, մայրակաթ, մեղվի թույն, ծաղկափոշի, մեղուների պարսեր և այլն), ինչպես նաև հենց մեղրատու մեղուները.

մոմաթերթ` մեղրահացի կառուցման համար հատուկ մշակման ենթարկված մեղվամոմի շերտեր.

մեղրատու մեղուների ցեղ` բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձևավորված, սերնդեսերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խումբ.

մեղրատու մեղուների պոպուլյացիա` մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձևավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձևավորվել է որոշակի տարածքում և ունի ընդհանուր գենոֆոնդ.

մեղվանոցի անձնագիր` լիազոր մարմնի սահմանած ձևի անձնագիր.

սերտիֆիկացման մարմին` էկոլոգիական արտադրանքի սերտիֆիկացման գործունեություն իրականացնող հավատարմագրված իրավաբանական անձ.

էնտոմոֆիլ բույսեր` միջատների կողմից փոշոտվող բույսեր.

մեղրաբերքի աղբյուրներ` մեղրատու մեղուների բնական սնունդ` նեկտար և ծաղկափոշի արտադրող բույսեր, որոնք ապահովում են մեղրաբերքը:

 

 Հոդված 3. Մեղվաբուծության մասին օրենսդրությունը

 

1. Մեղվաբուծության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

Հոդված 4.  Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները

 

1. Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներն են մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

 Հոդված 5. Մեղվաընտանիքների և մեղվանոցների քանակը, հաշվառումն ու գրանցումը

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների և մեղվանոցների թիվը չի սահմանափակվում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար լիազոր մարմինը կարող է սահմանել մեղվաընտանիքների և մեղվանոցների առավելագույն թիվը` ելնելով մեղրատու մեղուների խնամքի պայմաններից, անասնաբուժասանիտարական և քաղաքաշինական կանոններից:

3. Անասնաբուժասանիտարական կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազորված մարմինը:

 

 Հոդված 6. Մեղվանոցների տեղաբաշխումը

 

1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք մեղվանոցները տեղադրում են սահմանված կարգով հատկացված հողատարածքներում` պահպանելով համապատասխան անասնաբուժասանիտարական և մեղրատու մեղուներին պահելու կանոնները: Մեղվանոցները տեղադրվում են առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատություններից քաղաքացիների համար անվտանգ` առնվազն 0.5 կիլոմետր հեռավորության վրա:

2. Մեղվանոցները տեղադրվում են աղբանոցներից, թափոնների մաքրման, հավաքման, վերամշակման և օգտագործման (օգտահանման) օբյեկտներից, աղտոտված ջրամբարներից և այդօրինակ այլ տարածքներից առնվազն 3 կիլոմետր հեռավորության վրա: Այդ պահանջը չի կիրառվում մեղուների ձմեռացման դեպքում: Մեղվանոցները տեղադրվում են` հաշվի առնելով մեղրատու բույսերի աշխարհագրական դիրքը, որպեսզի մեղուները հնարավորինս չթռչեն բանուկ փողոցների, ճանապարհների, կենդանիներին քշելու (տանելու) ուղիների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների տարածքների, մարդկանց հանգստի կամ բնակվելու և մարդկանց կուտակումների վայրերի վրայով:

 

 Հոդված 7. Մեղվաընտանիքների տեղափոխումը

 

1. Մեղվաընտանիքների տեղափոխումն իրականացվում է լիազոր մարմնի համապատասխան պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) նշած երթուղիներով` անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ:

2. Փեթակի գերջերմացման և օդի խոնավության կտրուկ բարձրացման հետևանքով մեղվաընտանիքների անկումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությանը արգելվում է մեղվի փեթակներ տեղափոխող տրանսպորտային միջոցները 15 րոպեից ավել կանգնեցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տրանսպորտային միջոցը կանգնեցնելու կամ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերով և կարգով: Այդ հիմքերի առկայության դեպքում մեղվաընտանիքների անկումը կանխելու նպատակով մեղվաընտանիքների պահպանումն ապահովում է ոստիկանության համապատասխան ծառայողը:

3. Որպես շարժական մեղվանոց օգտագործվող կցասայլերը, հենահարթակները, տաղավարները համարվում են գյուղատնտեսական տեխնոլոգիական սարքավորումներ:

 

 Հոդված 8. Տոհմային մեղվանոցները

 

1. Տոհմային մեղվանոցները տեղակայվում են այնպիսի տարածքներում, որտեղ ութ ամսվա ընթացքում 3 կիլոմետր շառավղով չեն ախտորոշվել ակարոս, ամերիկյան փտախտ, եվրոպական փտախտ, նոզեմատոզ և վարրոատոզ հիվանդությունները:

2. Այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքները մեկ տարի պահվում են կարանտինի մեջ:

3. Յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ տոհմային մեղվանոցները և բերված տոհմային մեղվաընտանիքները ակտիվ թռիչքից հետո և մեղուների սերնդի ակտիվ բազմացման շրջանում մեղվաբույծի մասնակցությամբ ուսումնասիրվում են տեսչության կողմից, և վերցվում են համապատասխան նմուշներ` հիվանդությունների առկայությունը պարզելու նպատակով:

4. Տոհմային մեղվանոցների սեփականատերերը կամ պատասխանատու անձինք պարտավոր են`

1) այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքների մասին և տոհմային կամ շրջակայքում գտնվող այլ մեղվանոցներում մեղուների վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը.

2) մեղվանոց չբերել այլ մեղուներ (այդ թվում` մեղվի սերունդ) կամ մեղվաբուծական մթերք վարակված կամ անհայտ կարգավիճակի մեղվանոցներից:

 Հոդված 9. Էկոլոգիական մեղվանոցները

1. Էկոլոգիական մեղվաբուծությամբ մեղվաբույծները զբաղվում են կամավոր, իսկ էկոլոգիական մեղվանոցները հավաստագրվում են լիազոր մարմնի սահմանած կարգով:

2. Էկոլոգիական մեղվաբուծությունը համապատասխանում է էկոլոգիական գյուղատնտեսության սկզբունքներին:

3. Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են էկոլոգիական մեթոդներով աճեցվող մշակաբույսերի կամ վայրի` բնական բուսածածկով տարածքներում, որտեղ առկա են բավարար քանակի բնական նեկտարի, մեղրացողի և ծաղկափոշու պաշար, ինչպես նաև ջուր: Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են այնպես, որ 4 կիլոմետր շառավղով տարածքները լինեն էկոլոգիական կամ վայրի բնական, և որտեղ առնվազն երկու տարի չեն կիրառվել հերբիցիդներ կամ պեստիցիդներ: Լիազոր մարմինը ոչ էկոլոգիական, սակայն ցածր ռիսկային տարածքների վրա կարող է թույլատրել մեղվանոցների տեղադրումը նշված շառավղում, եթե այնտեղ չեն օգտագործվել տեստիցիդներ: Չորսկիլոմետրանոց տարածքը պահպանվում է նաև քաղաքներից, ավտոմայրուղիներից, արդյունաբերական օբյեկտներից, աղբանոցներից և աղբը այրելու վայրերից:

4. Փեթակները և մոմաթերթի շրջանակները պատրաստվում են բնական նյութերից, իսկ մոմաթերթերը` էկոլոգիական մեղվամոմից:

5. Էկոլոգիական նոր մեղվաընտանիքները կազմավորվում են` առկա մեղվանոցից ձագեր վերցնելով և նոր ընտանիք կազմելով կամ այլ էկոլոգիական միավորներից դրանք ձեռք բերելով: Մեղվաընտանիքները թարմացնելու համար թույլատրվում է օգտագործել մինչև 10 տոկոս ոչ էկոլոգիական մայր մեղուներ և պարսեր, եթե դրանք տեղադրվում են էկոլոգիական մոմաթերթերի վրա: Եթե մեղվաբույծը նույն տարածքի վրա մի քանի մեղվանոց ունի, ապա բոլորը պետք է լինեն էկոլոգիական: Յուրաքանչյուր արտադրական փուլի վերջում ձմռան ամիսների համար փեթակներում թողնվում է մեղրի ու ծաղկափոշու որոշակի պաշար: Թույլատրվում է մեղուներին արհեստականորեն կերակրել, եթե դրանց գոյությունը վտանգված է կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Արհեստական կերը պատրաստվում է էկոլոգիական մեղրից (գերադասելի է, որ դա լինի նույն մեղվանոցի արտադրանքը): Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել մեղրի փոխարեն օգտագործել էկոլոգիական եղանակով արտադրված շաքարի օշարակ կամ մաթ, եթե տվյալ կլիմայական պայմաններում մեղրը բյուրեղանում է: Արհեստական կերակրումը կատարվում է մեղրի վերջին բերքահավաքի և նեկտարի ու մեղրացողի հաջորդ սեզոնի սկսվելուց 15 օր առաջ ընկած ժամանակահատվածում: Մեղվաբույծները կատարում են համապատասխան գրանցում մեղուներին տրված կերի տեսականու քանակի և տրման ժամկետի վերաբերյալ:

6. Էկոլոգիական մեղվանոցներում մեղուների բուժման համար օգտագործվում են ֆիտոթերապևտիկ կամ հոմեոպատիկ պատրաստուկներ: Եթե դրանց բուժիչ ազդեցությունը բավարար չէ, և վտանգված է մեղվաընտանիքի գոյությունը, ապա անասնաբույժի պատասխանատվությամբ թույլատրվում է օգտագործել ալլոպաթիկ դեղամիջոցներ: Մեղուների բուժման համար թույլատրվում է միջամտություն` գոլորշիով և (կամ) բաց կրակով (բոցով):

7. Անցումային շրջանում մոմաթերթերը փոխարինվում են էկոլոգիական մեթոդներով ստացված մոմաթերթերով: Եթե մոմաթերթերը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ փոխարինել էկոլոգիականով, ապա սերտիֆիկացման կամ լիազոր մարմինը կարող է երկարաձգել անցումային շրջանի ժամկետը: Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել ոչ էկոլոգիական մոմաթերթերի օգտագործումը, եթե դրանք վերցվել են այնպիսի տեղերից, որտեղ արգելված նյութեր չեն օգտագործվել: Եթե փեթակներում նախկինում արգելված նյութեր չեն օգտագործվել, ապա մոմաթերթերը կարելի է չփոխել:

8. Մեղվաբուծական մթերքը որպես էկոլոգիական կարող է վաճառվել այն դեպքում, եթե սույն օրենքում նշված պահանջները պահպանվել են առնվազն մեկ տարի:

9. Էկոլոգիական մեղվաբուծության համար մեղուների տոհմի ընտրության ժամանակ ուշադրություն է դարձվում տեղի պայմաններին դրանց հարմարվողականությանը, կենսունակությանը և հիվանդությունների նկատմամբ դիմացկունությանը:

 Հոդված 10. Մեղվանոցների ստուգումը

1. Տարվա ընթացքում մեղվաբույծը պարբերաբար ստուգում է մեղվաընտանիքները, գնահատում դրանց առողջական վիճակը և հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքերում վերցնում համապատասխան նմուշներ` լաբորատոր հետազոտությունների համար: Մեղվանոցի ստուգումից հետո արձանագրված արդյունքները գրանցվում են մեղվանոցի անձնագրում: Մեղուների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցներով անհապաղ իրականացվում են մեղվաընտանիքների մեկուսացումը և բուժումը: Արգելվում է հիվանդ մեղվաընտանիքներից ստացված մեղվաբուծական մթերքը մեղուների համար որպես կեր օգտագործելը:

 

 Հոդված 11. Մեղվանոցների կարգավիճակը

 

1. Մարզային անասնաբուժական ծառայությունների կողմից համաճարակային իրավիճակի և հետազոտությունների արդյունքների հիման վրա մեղվանոցներին տրվում է մեղուների` վարակիչ հիվանդություններից զերծ լինելու մասին գրավոր եզրակացություն (տեղեկանք), և մեղվանոցի անձնագրում կատարվում է համապատասխան գրանցում:

 

 Հոդված 12. Մեղվաընտանիքների վաճառքին, փոխադրմանը և արտահանմանը ներկայացվող պահանջները

 

1. Մեղվաընտանիքների վաճառքը, փոխադրումը և արտահանումը թույլատրվում են, եթե`

1) դրանք առողջ մեղվանոցներից են.

2) տեղափոխված չեն ամերիկյան փտախտի հետ կապված սահմանափակումներում գտնվող տարածքներից.

3) դրանք ծագումով այնպիսի մեղվաընտանիքներից են, որտեղ սատկած մեղուների նմուշները վերջին 30 օրվա ընթացքում հետազոտվել են ակարոզի, նոզեմատոզի, ամերիկյան փտախտի և եվրոպական փտախտի հայտնաբերման նպատակով, և ստացվել են բացասական արդյունքներ.

4) փոխադրման և արտահանման համար տրվել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր` «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և անասնաբուժությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:

2. Մեղվաբուծության մեջ օգտագործելու համար նախատեսված մեղվաբուծական մթերքի վաճառքը թույլատրվում է այն դեպքում, եթե մթերքը ստացվել է մեղուների վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանափակումների մեջ չգտնվող մեղվանոցներից և ունի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ:

 

Հոդված 13. Մեղվաբույծների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների թիվը չի սահմանափակվում, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի:

3. Մեղվաբուծությամբ զբաղվող անձինք իրավունք ունեն տեղեկատվություն ստանալու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակների մասին:

4. Մեղվաբույծները պարտավոր են ապահովել`

1) մեղրատու մեղուների օգտագործման և վերարտադրության անասնաբուծական սպասարկումը.

2) մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը.

3) մեղրատու մեղուների խնամքի ու կերակրման անասնաբուժասանիտարական կանոնների պահպանումը.

4) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:

5. Մեղվաբույծները պարտավոր են փեթակներն ու մոմաթերթի շրջանակները և մեղվաբուծական այլ միջոցները պատրաստել այնպես, որ բացառվեն մեղվաբուծական մթերքի որակի իջեցումը և շրջակա միջավայրի աղտոտումը:

 

Հոդված 14. Մեղվաբուծության համար հողատարածքների տրամադրումը

 

1. Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնելու համար հողատարածքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրությանը և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Շարժական մեղվանոցները տեղաբաշխվում են մեղրաբերքի հավաքման աղբյուրներից այնպիսի հեռավորության վրա, որ ապահովվի մեղվաընտանիքների խնամքը, և որը հնարավորություն կտա միաժամանակ իրականացնելու նաև գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի արդյունավետ փոշոտումը:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև շարժական մեղվանոցի տեղադրումը պարտավոր են ստանալ հողի սեփականատիրոջ համաձայնությունը, տեղական ինքնակառավարման մարմնին և տարածքային անասնաբուժական տեսչությանը ներկայացնել անասնաբուժասանիտարական տեղեկանք (մեղվանոցի վարակիչ հիվանդություններից զերծ լինելու մասին անասնաբուժական փաստաթուղթ):

 

Հոդված 15. Մեղվաընտանիքների օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար

 

1. Գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք դրանց բերքատվության բարձրացման նպատակով կարող են օգտագործել այլ անձանց պատկանող մեղվաընտանիքները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան կնքված պայմանագրերի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

 Հոդված 16.

Մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) մեղվաբուծության զարգացմանը նպատակաուղղված հանրապետական և համայնքային նշանակության նպատակային ծրագրերի հաստատումը.

2) Հայաստանի Հանրապետությունում բուծվող մեղուների ցեղերի կատարելագործման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.

3) մեղվաբուծության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը.

4) մեղվաբուծության զարգացման տնտեսական խթանումը.

5) մեղրի և մեղվաբուծական այլ մթերքի ներկրման և արտահանման կարգի սահմանումը.

6) մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունների սահմանումը.

7) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ:

 

 Հոդված 17. Մեղվաբուծության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները

 

1. Մեղվաբուծության ոլորտում լիազոր մարմինը իրականացնում է հետևյալ իրավասությունները.

1) մեղվաբուծության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարակական միավորումների և մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ.

2) մեղվաբուծության զարգացմանը նպատակաուղղված հանրապետական և համայնքային նշանակության նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարակական միավորումների և մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ.

3) Հայաստանի Հանրապետությունում բուծվող մեղուների ցեղերի կատարելագործման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի և տոհմային մեղվաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումն ու իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարակական միավորումների և մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ.

4) մեղվաբուծության ոլորտում պետական ստանդարտների, կանոնների և կարգերի սահմանումը.

5) մեղրատու մեղուների պահպանման և մեղվաբուծական մթերքի որակի ապահովման նպատակով անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման և մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության պետական վերահսկողությունը.

6) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների անվտանգ և բնականոն կենսակերպի ապահովումը.

7) մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությանն աջակցելը.

8) մեղվաբուծության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման աշխատանքների համակարգումը.

9) մեղվաբուծության ոլորտում տոհմաբուծության, մայրաբուծության, մեղրատու մեղուների արգելոցների զարգացման աշխատանքներին աջակցությունը.

10) մեղրատու մեղուների հիվանդությունների, թունավորումների կանխարգելման, բուժման, այդ մեղուների գոյությանը սպառնացող վնասատուների դեմ պայքարի իրականացումը.

11) մեղվաբուծական մթերքի արտահանման և ներմուծման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

12) կեղծ մեղրի հայտնաբերման դեպքում դրա վաճառքի արգելումը.

13) մեղվաընտանիքներում հիվանդությունների կանխարգելման նպատակով անհապաղ միջոցների ձեռնարկումը` ընդհուպ վարակ տարածող մեղվաընտանիքների վերացումը.

14) մեղրատու մեղուների խնամքի և կերակրման անասնաբուժասանիտարական կանոնների հաստատումը.

15) մեղվաընտանիքների և մեղվանոցների գրանցման և հաշվառման կարգը սահմանելը.

16) ժամանակակից տեխնոլոգիաների մեթոդների կիրառման ներդրմանը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը նպաստելը.

17) աջակցությունը մեղվաբուծական մթերքի` Հայաստանի Հանրապետությունից արտահանմանը (այդ թվում` Եվրամիության երկրներ).

18) աջակցությունը մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` ելնելով նրանից, որ մեղուների միջոցով պտղատու այգիների և դաշտերի մշակաբույսերի մեղվափոշոտման շնորհիվ դրանց բերքատվությունը և որակը բարձրանում են.

19) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Մեղվաբուծության զարգացմանը նպաստելու նպատակով կարող է ստեղծվել մեղվաբուծության զարգացման խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Լիազոր մարմնի հետ մեղվաբուծության զարգացման խորհրդի համագործակցությունը իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 18. Մեղրատու մեղուների պաշտպանության և մեղվաբուծության բնագավառում անասնաբուժասանիտարական հսկողության կազմակերպումը

 

1. Մեղրատու մեղուների պաշտպանությունը, ինչպես նաև մեղվաբուծության ոլորտում մեղուների խնամքի անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

2. Մեղրատու մեղուների պաշտպանության, ինչպես նաև մեղվաբուծության բնագավառում անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման միջոցառումներն իրականացվում են` ապահովելով մեղվաբուծության ոլորտի հասարակական միավորումների անմիջական մասնակցությունը:

3. Մեղվաբուծության ոլորտում անասնաբուժասանիտարական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 19. Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջները

 

1. Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջներն են`

1) մեղրատու մեղուների օգտագործման և վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուժական սպասարկումը.

2) մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը.

3) մեղրատու մեղուների անասնաբուժասանիտարական սպասարկման ապահովումը:

 

Հոդված 20. Մեղրատու մեղուների պաշտպանության ապահովումը

 

1. Մեղրատու մեղուների պաշտպանությունն ապահովվում է լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2. Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձևերն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի անասնաբուժական և սանիտարական կանոնների և կարգերի պաշտպանությունը.

2) բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը.

3) մեղվաընտանիքների անխափան տեղափոխումը.

4) մեղրատու մեղուների պաշտպանության նպատակով գիտահետազոտական ուսումնասիրությունների կազմակերպումը.

5) մեղվաբուծության պետական աջակցության և միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:

3. Դաշտերի, մարգագետինների, անտառների պաշտպանիչ անտառաշերտերի և տնկիների մշակման նպատակով նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների օգտագործումն իրականացվում է լիազոր մարմնի գիտությամբ:

 

Հոդված 21. Անտառօգտագործման ժամանակ մեղրատու մեղուների պաշտպանությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրությանը համապատասխան:

2. Անտառների պահպանմանը և ընդարձակմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են` հաշվի առնելով մեղվաբուծության զարգացմանն անհրաժեշտ պայմանների ապահովումը:

3. Նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների և ագրոքիմիկատների օգտագործումը դաշտերի, մարգագետինների, անտառների, պաշտպանիչ անտառաշերտերի և տնկիների մշակման նպատակով իրականացվում է լիազոր մարմնի գիտությամբ:

4. Արգելվում է մեղրահումքի հավաքման աղբյուր համարվող ծառերի և թփերի (լորենի, թխկի, ուռենի, ակացիա և այլն) հատումը, մեղվանոցների տեղաբաշխման վայրերից առնվազն 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուռիների կեղևի մթերումը, բացառությամբ անտառների սանիտարական վիճակի բարելավման և վերարտադրության խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների:

 

 Հոդված 22. Մեղրատու մեղուների պաշտպանությունը դրանց բնակության բնական միջավայրում
 

1. Մեղրատու մեղուների օգտակար հատկությունների օգտագործումը` ըստ դրանց բնակության բնական միջավայրի, մեղրատու մեղուների մեղվաբուծական մթերքի ստացումն իրականացվում են կենդանական աշխարհի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Արգելվում է փչակների և մեղրատու մեղուների բնակության բնական այլ վայրերի ոչնչացումը:

3. Բնակության բնական վայրում մեղվաընտանիքի առկայությունը մարդու կենսագործունեությանը խոչընդոտելու պարագայում այդ մեղվաընտանիքների տեղափոխման անհնարինության դեպքում դրանց վերաբնակեցումը կամ ոչնչացումը իրականացվում է լիազոր մարմնի` մեղվաբուծության բնագավառի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

 

 Հոդված 23.   Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը

 

1. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք մեղվաընտանիքների հիվանդության կանխարգելման, բուժման ու մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքար իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող են ներգրավել անասնաբուժության ոլորտում լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը և հանձնումը իրականացնում է լիազոր մարմինը:

 

 Հոդված 24.  Մեղվաընտանիքների առավել մեղրատու տեսակների բուծումը

 

1. Լիազոր մարմինն իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում բուծվող տեղական (աբորիգեն) մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանման և բարելավման ուղղությամբ: Մեղվաբուծությունում սելեկցիոն տոհմային աշխատանքները և մեղուների առավել արժեքավոր տեսակների բուծմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մեղվաընտանիքների առավել արժեքավոր տեսակների բարելավմանն ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունն իրականացվում են տոհմային անասնաբուծության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տոհմային առավել արժեքավոր մեղուների պոպուլյացիաներով ապահովելու, ինչպես նաև մեղրատու մեղուների տեսակների բազմացման նպատակով տարածքներում (բնակության բնական շրջակայքում) կարող են ստեղծվել սելեկցիոն մեղվանոցներ, մայրաբուծարաններ: Մայրաբուծարանների, տոհմային վերարտադրիչների և սելեկցիոն մեղվանոցների շուրջը սահմանվում են պաշտպանիչ տարածքներ ոչ պակաս, քան 10-15 կիլոմետր շառավղով: Այդ տարածքներում արգելվում է այլ տեսակի անհայտ ծագում ունեցող մեղվաընտանիքների, պարսամայրերի տեղակայումը:

3. Մեղվաբուծության զարգացման և մեղվաընտանիքների տոհմամթերատու հատկությունները բարելավելու նպատակով լիազոր մարմինը աջակցում է տոհմային մեղվանոցների և մայրաբուծարանների ստեղծմանն ու գործունեությանը:

4. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել այլ ցեղերի մեղուներ, մայրապտուկներ, բացառությամբ գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով ներմուծման:

 

 Հոդված 25. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկացումը շրջակա միջավայրի և մեղրատու մեղուների համար վտանգավոր իրավիճակների մասին
 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ժամանակին ամբողջական ու հավաստի տեղեկատվություն ստանալու շրջակա միջավայրի, ինչպես նաև մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին: Շրջակա միջավայրի, մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին իրազեկումը իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

2. Թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ անձամբ գրավոր կամ զանգվածային լրատվության միջոցներով մշակման ենթակա գյուղատնտեսական և անտառային բույսերի տարածքից 5 կիլոմետր պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց և լիազոր մարմնին տեղեկացնել աշխատանքների սկզբի և ավարտի մասին: Իրազեկումը պարունակում է գյուղատնտեսական և անտառային բույսերի մշակման ամսաթվի, մշակման ձևի, օգտագործվող թունաքիմիկատների և ագրոքիմիկատների թունավորության աստիճանի մասին տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 26. Պատասխանատվությունը մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտման համար

 

1. Մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտումը հանգեցնում է վարչական կամ այլ պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. ապրիլի 8
Երևան
 ՀՕ-71-Ն