Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
01.04.2024
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
01.04.2024
Дата вступления в силу
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8724/05/19

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8724/05/19

Նախագահող դատավոր՝

 Հ. Այվազյան

Դատավորներ՝

 Կ. Գևորգյան

 Ռ. Մախմուդյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Հ․ ԲԵԴևՅԱՆ

 

զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

 

2024 թվականի ապրիլի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03072023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Կարեն Բաբայանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Բաբայանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ Առաքելյան) 20122019 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ Ավետիսյան, դատավորներ՝ Ք Մկոյան, Ա Թովմասյան) 13042021 թվականի որոշմամբ Կարեն Բաբայանի վերքաննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վարչական դատարանի 20122019 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 08112021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03072023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.11.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Հրայր Կյուրեղյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ներկայացվել են բավարար ապացույցներ առ այն, որ վիճարկվող որոշմամբ արձանագրված ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը եղել է 60կմ/ժ, մասնավորապես՝ որոշման կայացման հիմքում դրված լուսանկարը, որի վերևի ձախ անկյունում նշված է թույլատրելի առավելագույն արագությունը՝ «Лимит 060 км/ч», ինչպես նաև արձանագրված արագությունը՝ 79 км/ч։

Բացի այդ, ներկայացվել է արագաչափ սարքի ստուգաչափման վկայականը, ինչից պարզ է դառնում, որ արագության փաստն արձանագրելու պահին արագաչափ սարքը եղել է ստուգաչափված։ Հետևաբար տվյալ իրավիճակում կասկած չէր կարող առաջանալ թույլատրելի առավելագույն արագության չափի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է լուսանկարում երևացող մեկ այլ տրանսպորտային միջոցին, ապա այն չի գտնվում արագաչափ սարքի գնահատման գոտում։ Մասնավորապես՝ տեխնիկական բնութագրում նշված է, թե որն է հանդիսանում գնահատման գոտի՝ այն փոխադրամիջոցը, որի արագությունը համարվում է չափված, պետք է առնվազն մասամբ գտնվի նկարի երեք քառորդում՝ ընթացքի ուղղությամբ և չպետք է ամբողջությամբ դուրս եկած լինի գնահատման գոտուց։ Գնահատման գոտում չպետք է լինի միևնույն ուղղությամբ շարժվող այլ փոխադրամիջոց՝ նույնիսկ մասամբ։ Հակառակ ուղղությամբ շարժվող փոխադրամիջոցները կարող են գտնվել գնահատման գոտում։

Իրավախախտման փաստը հիմնավորող լուսանկարի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ հայցվորի տրանսպորտային միջոցի ուղղությանը համընթաց գտնվող տրանսպորտային միջոցը չի գտնվում արագաչափ սարքի գնահատման գոտում, իսկ արագաչափ սարքը չափել և արձանագրել է հայցվորի տրանսպորտային միջոցի արագությունը։

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշմամբ Կարեն Բաբայանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նշանակվել է 9.000 ՀՀ դրամի չափով տուգանք այն բանի համար, որ վերջինս «NISSAN» մակնիշի 35VR506 համարանիշի տրանսպորտային միջոցով 31.08.2019 թվականին, ժամը 21:30-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 68-րդ կետի պահանջը, այն է՝ երթևեկել է 79կմ/ժ արագությամբ՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելով 9կմ/ժ-ով (հատոր 1-ին, գթ 9-10)

2) «Արագաչափի համապատասխանության վկայագիր՝ 1200 (Գ/Հ՝ 71617), տեղակայման վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, արագությունն ըստ արագաչափի՝ 79կմ/ժ, թույլատրելի արագությունը՝ 60կմ/ժ» (հատոր 1-ին, գթ 11)

3) Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշմամբ արձանագրված վարչական իրավախախտումը հայտնաբերած թիվ «Multa Radar SD580» արագաչափ սարքը ստուգաչափման է ենթարկվել 21.12.2018 թվականին և ուժի մեջ է մինչև 21.12.2019 թվականը (հիմք՝ թիվ 008903 ստուգաչափման վկայական) (հատոր 1-ին, գթ 36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 1-10կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի հանաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

 Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: (․․․

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, երթևեկության արագության վերաբերյալ կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի՝ «Երթևեկության արագությունը» վերտառությամբ VII բաժնի 65-72-րդ կետերով:

Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 65-րդ կետի համաձայն՝ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...):

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 68-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 70-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել նույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ նույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չի կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս՝ 110կմ/ժ-ը:

Նշված որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 3-րդ գլխի համաձայն` արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ. դրանցից է թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը, որը նշանակում է, որ արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը:

Նույն գլխի համաձայն` թիվ 3.24 նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ տեխնիկական միջոցով տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը ֆիքսելու դեպքում, այդ հանգամանքը հաստատելու համար, լուսանկարում համապատասխան ճանապարհային նշանի առկայությունը կամ բացակայությունը չունի էական նշանակություն։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ տվյալը կարող է հիմք հանդիսանալ վարչական պատասխանատվության համար, եթե չեն խախտվել տվյալ սարքի տեխնիկական և շահագործման պայմանները, որոնք սահմանված են տվյալ սարքի արտադրողի կողմից և ստուգաչափված են չափագիտության լիազոր մարմնի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը վիճելի կհամարվի այն պարագայում, եթե ապացուցվի, որ խախտվել են արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները, այլ ոչ թե լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի բացակայությունը (տե՛ս, Տիգրան Գեղամյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8980/05/18 վարչական գործով 10122021 թվականի որոշումը 

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկության համար թույլատրվող 60կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկելու համար տրանսպորտային միջոցի վարորդը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե բնակավայրերում գերազանցել է սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը: Նման իրավախախտումը հիմնավորող ապացույց է հանդիսանում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թույլատրելի արագության գերազանցմամբ երթևեկելու փաստը հաստատող լուսանկարը, հիմք ընդունելով՝ այդ լուսանկարում ճանապարհի տվյալ հատվածի համար նախատեսված արագության առավելագույն ամրագրված սահմանաչափը և տրանսպորտային միջոցի կողմից գերազանցված արագությունը։ Նշված իրավախախտման համար տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ձեռք բերված ապացույցը վիճելի կհամարվի և հիմք չի ընդունվի միայն այն պարագայում, եթե ապացուցվի, որ խախտվել են արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու համար տրանսպորտային միջոցի վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում իրավախախտման փաստը կարող է հաստատվել բացառապես իրավախախտումն ամրագրած լուսանկարով։ Ընդ որում նշված ապացույցով սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու վերաբերյալ փաստը կարող է հաստատված համարվել միայն այն պարագայում, եթե հիմնավորվի, որ արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտված չեն և լուսանկարում պարունակվող տվյալները բավարար են տվյալ հատվածում սահմանված թույլատրելի առավելագույն արագության կոնկրետ չափը և այն գերազանցված լինելու փաստը պարզելու համար։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Կարեն Բաբայանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշումը։

Դատարանը 08.11.2021 թվականի վճռով բավարարել է Կարեն Բաբայանի հայցը` պատճառաբանելով, որ 31.08.2019 թվականի դրությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Քրիստափորի փողոցից մինչև Բագրատունյաց փողոց 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի միջոցով երթևեկության առավելագույն արագություն է սահմանված եղել 70կմ/ժ-ը, բացառությամբ Շահամիրյաններ փողոցի խաչմերուկի 100 մետր հատվածի, որտեղ առավելագույն արագություն է սահմանվել 50կմ/ժ: Վիճարկվող որոշմամբ արձանագրվել է, որ «NISSAN» մակնիշի 35VR506 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 31.08.2019 թվականին, ժամը 21:30-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում երթևեկել է 79 կմ/ժ արագությամբ, այսինքն՝ հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը, գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 9կմ/ժ-ով: Սակայն քանզի առավելագույն արագությունը սահմանված է եղել 70կմ/ժ, իսկ հայցվորը երթևեկել է 79կմ/ժ արագությամբ, հետևաբար հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը, հայցվորը չի գերազանցել երթևեկության սահմանված արագությունը, որպիսի պայմաններում իրավախախտումը ոչ իրավաչափորեն է վերագրվել հայցվորին:

Վերաքննիչ դատարանը Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 08.11.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ գործի փաստերով չի հաստատվում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ «NISSAN» մակնիշի 35VR506 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 31.08.2019 թվականին, ժամը 21:30-ին վիճելի իրավախախտումը կատարել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի այն հատվածում, որը չի գտնվել 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի ազդման գոտում և այդտեղ գործել է բնակավայրերում երթևեկության առավելագույն արագության ռեժիմը՝ 60կմ/ժ: Բացի այդ, իրավախախտումն արձանագրած լուսանկարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ արագության գերազանցման արձանագրման պահին արագաչափի տեսադաշտում առկա է եղել միևնույն ուղղությամբ շարժվող այլ փոխադրամիջոց և միանշանակ չէ, թե արագաչափի տեսադաշտում գտնվող մեքենաներից, որ մեքենան է 31.08.2019 թվականին, ժամը 21:30-ին (արագության գերազանցման արձանագրման պահին) գերազանցել սահմանված արագությունը: Այսինքն, լուսանկարը միանշանակ չի վկայում այն մասին, որ արագության գերազանցման փաստի արձանագրման պահին հենց Կարեն Բաբայանի վարած «NISSAN» մակնիշի 35VR506 պետհամարանիշի ավտոմեքենան է գերազանցել արագությունը 9կմ/ժ-ով: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ իրավախախտումն արձանագրած լուսանկարի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ կատարել ինչպես 35VR506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, այնպես էլ արագաչափի տեսադաշտում գտնվող միևնույն ուղղությամբ շարժվող մյուս փոխադրամիջոցի ընթացքի մեջ (չ)գտնվելու վերաբերյալ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշմամբ Կարեն Բաբայանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 9000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս իրեն պատկանող տրանսպորտային միջոցով 31082019 թվականին, ժամը 21։30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, երթևեկել է 79կմ/ժ արագությամբ` գերազանցելով երթևեկության սահմանված արագությունը 9կմ/ժ-ով, չպահպանելով բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկության համար թույլատրվող 60կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ երթևեկելու պահանջը։

Սույն գործով իրավախախտման փաստն արձանագրած «Multa Radar SD580» լուսանկարահանող արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանների խախտված լինելու փաստ առկա չէ։ Ավելին, գործում առկա է արագաչափ սարքի ստուգաչափման վկայական, որով հաստատվում է, որ արագության փաստն արձանագրելու պահին արագաչափ սարքը եղել է ստուգաչափված։

Տվյալ դեպքում վիճարկվող որոշման հիմքում դրված լուսանկարի վերևի ձախ անկյունում նշված է թույլատրելի առավելագույն արագությունը՝ «Лимит 60 км/ч», ինչպես նաև արձանագրված արագությունը՝ 79км/ч, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար է եզրահանգելու, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը սահմանված է եղել 60կմ/ժ, մինչդեռ հայցվորն իրեն պատկանող 35VR506 հաշվառման համարանիշի «NISSAN» մակնիշի սև գույնի տրանսպորտային միջոցով 31082019 թվականին ժամը 21։30-ին երթևեկել է 79կմ/ժ արագությամբ, այսինքն՝ գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 9կմ/ժ-ով (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հայցվորի կողմից խախտում թույլ տալու, մասնավորապես սահմանված արագությունը գերազանցելու հանգամանքը կասկած չէր կարող հարուցել։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ արագության գերազանցման արձանագրման պահին արագաչափի տեսադաշտում առկա է եղել միևնույն ուղղությամբ շարժվող այլ փոխադրամիջոց, արձանագրում է հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի։ Ընդ որում, կասկածն անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ անձի (տե՛ս, Ստեփան Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8271/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21052021 թվականի որոշումը

Սույն գործով Ծառայության կողմից էլեկտրոնային կրիչով ներկայացվել է վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրված խախտումն արձանագրած «Multa Radar SD580» արագաչափ սարքի տեխնիկական բնութագիրը։

Նշված տեխնիկական բնութագրի 8-րդ կետի համաձայն` այն փոխադրամիջոցը, որի արագությունը համարվում է չափված, պետք է առնվազն մասամբ գտնվի նկարի երեք քառորդում ընթացքի ուղղությամբ (գնահատման գոտի, տե՛ս որպես օրինակ տրված նկարը կամ գծագրերը) և չպետք է ամբողջությամբ դուրս եկած լինի գնահատման գոտուց: Գնահատման գոտում չպետք է լինի միևնույն ուղղությամբ շարժվող որևէ այլ փոխադրամիջոց` նույնիսկ մասամբ: Հակառակ ուղղությամբ շարժվող փոխադրամիջոցները կարող են գտնվել գնահատման գոտում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած լուսանկարի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Կարեն Բաբայանին պատկանող «NISSAN» մակնիշի 35VR506 համարանիշի տրանսպորտային միջոցը գտնվում է լուսանկարի երեք քառորդում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա՝ վարչական իրավախախտումն ամրագրած լուսանկարի երեք քառորդում, Կարեն Բաբայանի վարած տրանսպորտային միջոցից բացի, առկա չէ նույն ուղղությամբ երթևեկող որևէ այլ փոխադրամիջոց: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վկայակոչած միևնույն ուղղությամբ շարժվող այլ փոխադրամիջոցին, որը գտնվում է լուսանկարի աջ եզրային մասում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն նույնիսկ մասամբ չի գտնվում նկարի գնահատման գոտում՝ երեք քառորդում։

Այսպիսով, իրավախախտման փաստը հիմնավորող լուսանկարի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ հայցվորի տրանսպորտային միջոցի ուղղությանը համընթաց գտնվող տրանսպորտային միջոցը չի գտնվում արագաչափ սարքի գնահատման գոտում, իսկ արագաչափ սարքը չափել և արձանագրել է հայցվորի տրանսպորտային միջոցի արագությունը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու եզրահանգումը կատարել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման, այն է՝ գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ լուսանկարի և «Multa Radar SD580» արագաչափ սարքի թիվ 008903 ստուգաչափման վկայականի սխալ գնահատման արդյունքում։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (ակսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով Կարեն Բաբայանն ազատված է եղել սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, իսկ նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Կարեն Բաբայանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03072023 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կարեն Բաբայանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 18.09.2019 թվականի թիվ 1910076408 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան