Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.01.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
18.01.2024
Дата вступления в силу
18.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1922/02/20

2024 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1922/02/20

Նախագահող դատավոր`

 Ա. Խառատյան

Դատավորներ`

 Ն. Բարսեղյան

 Դ. Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2024 թվականի հունվարի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Էվոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Էվոյանի հայցի ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Էվոյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի թիվ 030-Տ հրամանը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.11.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2022 թվականի որոշմամբ Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Գործի վարույթը կարճելու մասին» 12.11.2021 թվականի որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ գործի վարույթը նորից սկսելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20042022 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.09.2022 թվականի վճռով Տիգրան Էվոյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2022 թվականի որոշմամբ Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Էվոյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիանա Դավթյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ ու 7-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 169-րդ և 379-րդ հոդվածները, 414-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ, 131-րդ և 135-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, սահմանելով ապացուցման ենթակա փաստեր, դրանց վերաբերյալ քննություն չի իրականացրել և իր կողմից կայացված վճռում չի կատարել համապատասխան եզրահանգումներ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն ըստ էության չի քննել ներկայացված հայցը և չի պարզել վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով Դատարանը, եզրահանգելով, որ հարուցված հայցի մասով ինքը չունի իրավական շահագրգռվածություն՝ այդ հիմքով մերժել է հայցը, չի վկայակոչել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այն իրավական նորմը, որը նման կարգավորում է պարունակում։ Որպես նշվածի տրամաբանական շարունակություն ինքը նշել է, որ ՀՀ օրենսդրությունն այդպիսի կարգավորում նախատեսող իրավական նորմ չի սահմանել, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որից հետևում է նաև, որ բողոքարկվող դատական ակտն առհասարակ չի համապատասխանում օրինականության սկզբունքին, քանի որ Դատարանը բողոքարկվող դատական ակտի հիմքում դրել է այն վերլուծությունը, որ ինքը չի ապացուցել հարուցված հայցի մասով իր իրավական շահագրգռվածությունը, և ավելին՝ քանի որ կողմերի միջև աշխատանքային հարաբերություններն այլևս դադարած են, ուստի իր իրավական շահագրգռվածությունը բացակայում է։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ իր դատական պաշտպանության իրավունքն ունի ձևական բնույթ և հայցը քննության է առել միայն իր իրավական շահագրգռվածության տեսանկյունից, որի հետևանքով անտեսվել է իր նյութական շահագրգռվածության հանգամանքը, ինչպես նաև խախտվել է իր դատական պաշտպանության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21122022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

 

2.1. Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով Դատարան ներկայացված հայցը մերժվել է ոչ թե աշխատանքային հարաբերությունները դադարած լինելու հիմքով, կողմերի միջև վեճն ըստ էության սպառված լինելու հետևանքով, այլ հայցը մերժվել է Դատարանի կողմից գործը բազմակողմանի, օբյեկտիվ քննության, ինչպես նաև կողմերի ներկայացրած բոլոր ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրության հետևանքով այն օրինական եզրահանգման հիմքով, որ հայցվորը չի ապացուցել ներկայացված պահանջում իր վկայակոչված փաստերը և հատկապես՝ վերջինիս ներկայացված պահանջում իրավական շահագրգռվածության առկայությունը։ Նման պայմաններում հերքվում է բողոքաբերի այն փաստարկները, որ Դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները քննության է առել և հետազոտել է կրկին անգամ։

Բողոքաբերի բարձրացրած հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները ոչ միայն ճիշտ և օրինական են, այլ նաև բխում են քաղաքացիական դատավարության ու սահմանադրական նորմերով սահմանված անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակային նշանակությունից՝ բացառելով դատական պաշտպանության իրավունքը չարաշահելու ցանկացած միտում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08.01.2020 թվականին կնքվել է թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գթ 13, 14)

2) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 14.10.2020 թվականի թիվ 029-Տ հրամանի համաձայն՝ Տիգրան Էվոյանի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գթ 17)

3) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի թիվ 030-Տ հրամանի համաձայն՝ Տիգրան Էվոյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գթ 12)

4) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 30032021 թվականի թիվ 063-Կ հրամանի համաձայն՝ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08012020 թվականին կնքված թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը լուծվել է, ի թիվս այլնի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հատոր 2-րդ, գթ26)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունը դադարած լինելու դեպքում աշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցը մինչև աշխատանքային հարաբերությունների դադարելը կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտը վիճարկելու աշխատողի իրավական շահագրգռվածությանը։

 

 Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել ինչպես անձի դատական պաշտպանության իրավունքի, այնպես էլ այդ իրավունքի իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող «իրավական շահագրգռվածության հարցի» վերաբերյալ։ Մասնավորապես ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, ու հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Այսինքն՝ ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունն է հնարավոր դարձնում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելը խախտված իրավունքների պաշտպանության նպատակով (տե´ս Սահակ Կարապետյանն ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԼԴ2/0145/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ու վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն ու ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատել այս հասկացությունն ու պարզել, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի  ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ գործը քննող դատարանը, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, պարտավոր է գնահատել հայցվորի՝ գործի ելքում իրավական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը։

Անդրադառնալով կարգապահական տույժի իրավաչափության վիճարկման գործերով կարգապահական տույժի ենթարկված անձի իրավական շահագրգռվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը իրավաբանական փաստ հաստատող անհատական իրավական ակտ է և այն պետք է պարունակի աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստական հիմքեր, որպիսի հիմքերի իրավաչափության դատական վերահսկողական իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը ցանկացած դեպքում պետք է ունենա՝ անկախ կարգապահական տույժի մարված լինելու և (կամ) աշխատանքային հարաբերությունները դադարած լինելու հանգամանքից։ Այլ կերպ՝ կարգապահական տույժ նշանակելու մասին անհատական իրավական ակտի հիմքում դրվում է աշխատողի աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստը, որպիսի փաստը չընդունելն արտահայտում է կարգապահական տույժի մասին անհատական իրավական ակտը վիճարկելու աշխատողի իրավական շահագրգռվածությունը։ Այսինքն՝ կարգապահական տույժի ենթարկված ցանկացած անձ, անկախ նրանից կարգապահական տույժ նշանակելու որոշումը անմիջական իրավական հետևանք կարող է առաջացնել թե՝ ոչ, պետք է իրավունք ունենա դատական կարգով բողոքարկելու իր նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոց նախատեսող անհատական իրավական ակտը, քանի որ այն պարունակում է աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստ, ինչն իրավաբանորեն հերքելու իրավունքով անձը պետք է օժտված լինի։

Բացի այդ, կարգապահական պատասխանատվության ենթարկված անձի՝ կարգապահական տույժը վիճարկելու իրավական շահագրգռվածությունն արտահայտվում է նաև նրանով, որ կարգապահական տույժի կիրառման իրավաչափության դատական կարգով քննության չենթարկելն աշխատողի նկատմամբ կարող է առաջացնել անբարենպաստ հետևանքներ։ Մասնավորապես՝ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը բացասական ազդեցություն կարող է ունենալ աշխատանքի ընդունվելու նրա հետագա հնարավորության վրա, քանի որ նախկին աշխատավայրում իրեն բնութագրող փաստաթուղթը, որը տեսականորեն կարող է լինել նաև ոչ իրավաչափ անհատական իրավական ակտը, կարող է խախտել վերջինիս իրավունքները։

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը, զարգացնելով դատական պաշտպանության իրավունքի իրավական շահագրգռվածության հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները և անդրադառնալով կարգապահական տույժի իրավաչափությունը վիճարկելու գործերով կարգապահական տույժի ենթարկված անձի իրավական շահագրգռվածությանը, արձանագրում է, որ կարգապահական տույժի իրավաչափությունը վիճարկելու հայցով աշխատողի իրավական շահագրգռվածությունն առկա է՝ անկախ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները դադարված և (կամ) կարգապահական տույժը մարված լինելու հանգամանքներից։

 

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Էվոյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ պահանջելով անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 030-Տ հրամանը:

Դատարանը 16092022 թվականի վճռով հայցը մերժել է և նշել, որ չի քննարկում վեճը սպառված լինելու կամ չլինելու հարցը, քանի որ այդ հարցի վերաբերյալ սույն գործով իր 18.02.2022 թվականի որոշմամբ վերջնական և պարտադիր եզրահանգում է կատարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ արձանագրելով, որ վեճը սպառված չէ ու գործն ուղարկել է նոր քննության: Դատարանը, հիմք ընդունելով այն իրողությունը, որ վեճը չի սպառվել, քննարկել է հայցվորի իրավական շահագրգռվածության հարցը, այլ ոչ թե վեճի սպառումը: Դատարանը գտել է, որ դատական ծախսերի առկայության վերաբերյալ ապացույցներով և այդ ծախսերի հատուցման հայցվորի ակնկալիքներով չի ապացուցվում ներկայացված պահանջում հայցվորի իրավական շահագրգռվածությունը:

Վերաքննիչ դատարանը 21.12.2022 թվականի որոշմամբ, մերժելով Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքն արձանագրել է, որ բողոքաբերը Դատարանում զրկված չլինելով իրավական շահագրգռվածության վերաբերյալ այլ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ չի իրացրել իր դատավարական իրավունքը և չի ներկայացրել վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, հայցվորն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի 13.07.2022 թվականի որոշման վերաբերյալ «Դիրքորոշում» է ներկայացրել, որով հայտնել է, որ ներկայացրած պահանջում իրավական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը պայմանավորված է դատական ծախսերի փոխհատուցմամբ, իսկ դատական ծախսերի հատուցման հայցվորի ակնկալիքներով չի ապացուցվել ներկայացված պահանջում հայցվորի իրավական շահագրգռվածությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը:

Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չի համարում, քանի որ տվյալ դեպքում Տիգրան Էվոյանը, համաձայն չլինելով «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ նախատեսող անհատական իրավական ակտի իրավաչափության հետ, վիճարկել է այն՝ ունենալով իրավական շահագրգռվածություն՝ անկախ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08012020 թվականին կնքված թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը լուծելու հանգամանքից։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 21122022 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21122022 թվականի որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: