Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.02.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
20.02.2024
Дата вступления в силу
20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17651/02/20

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17651/02/20

Նախագահող դատավոր՝

 Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի փետրվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սատուրն Ակիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21072023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն)՝ պարտավորություններն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել կատարել 16052018 թվականի «ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ապրանքի գնման» թիվ ՄԱԱՊՁԲ-1-5 պայմանագրով (այսուհետ նաև՝ Պայմանագիր) նախատեսված պարտավորությունը, այն է՝ ընդունել իր կողմից մատակարարված և Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան ապրանքները։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23122022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21072023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23122022 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 473-րդ ու 528-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները պետք է գնահատեր դրանց վերաբերելիության և թույլատրելիության տեսանկյունից։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում եղած ապացույցներից բխում է, ինչպես նաև Դատարանը հաստատել է այն փաստը, որ ինքը ձեռք է բերել Պայմանագրով նախատեսված ապրանքները, որպիսի փաստը Նախարարությունն ընդունել է։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի 17.12.2018 թվականի զեկուցագրով առաջարկվել է Նախարարության և Ընկերության միջև կնքված Պայմանագրի գնման ժամանակացույցում կատարել փոփոխություն՝ կրճատել քանակները, իսկ Պայմանագրի ժամկետներից ուշ հանձնված մեքենաների համար չկիրառել տույժ-տուգանքները։ Ուստի նշված ապացույցից չի հետևում, որ ինքը Պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարել իր մատակարարման պարտավորությունը, և ապրանքներն ընդունելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով Նախարարությունը չի ընդունում ապրանքներն ու միակողմանի լուծում է պայմանագիրը։

Արձանագրելով, որ ապրանքի վերջին խմբաքանակը պետք է մատակարարվի 2018 թվականի 4-րդ եռամսյակում, բայց ոչ ուշ, քան 30.11.2018 թվականը՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունն ընդունել է ապրանքների ձեռքբերման փաստը և 17.12.2018 թվականին կազմել զեկուցագիր՝ ապրանքների մատակարարման ժամկետի վերջնաժամկետ համարելով 31.11.2018 թվականը։ Հետևաբար անհիմն են էական պայմանի խախտման հիմքով Պայմանագիրը լուծելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, քանի որ ապրանքների մատակարարման 30-օրյա ժամկետը լրացած չի եղել։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ընդունելով իր կողմից ապրանքները ձեռք բերելու փաստը՝ Նախարարությունը չի կատարել մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները, այն է՝ ձեռք չի բերել համապատասխան թվով տրասնպորտային միջոցներ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանում գործի քննության ժամանակ Նախարարությունը դիրքորոշում չի հայտնել, ինչպես նաև գրավոր առարկություն չի ներկայացրել այն մասին, որ Պայմանագիրը միակողմանի լուծել է այն հիմքով, որ ինքն ապրանքները չի մատակարարել մինչև 30.11.2018 թվականը՝ չհիմնավորելով միաժամանակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը։

Վերաքննիչ դատարանը ոչ միայն պատշաճ չի հետազոտել բոլոր ապացույցները, այլև անտեսել է, որ առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Պայմանագրով սահմանված ժամկետը խախտելու հիմքով Նախարարությունը կորցրել է հետաքրքրությունն իր կողմից ձեռք բերված ապրանքների հանդեպ և դրանք համարել է անհրաժեշտություն չունեցող ապրանքներ, առավել ևս, որ Վերաքննիչ դատարանը հաջորդիվ վկայակոչել է կողմերի միջև 25.04.2019 թվականին կնքված թիվ ՄԱԱԾՁԲ-1-4 պայմանագիրը, որը վկայում է հակառակի մասին։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն փաստը, որ իր կողմից հայց հարուցվել է Պայմանագրի կատարման վերջնաժամկետի ավարտից հետո մեկ ու կես տարի անց, մինչդեռ անտեսել է, որ հայց ներկայացնելն իր իրավունքն է, որից օգտվել է օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21072023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23122022 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Սատուրն Ակիա» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես վաճառողի, և ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես գնորդի, միջև 16052018 թվականին կնքվել է «ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ապրանքի գնման» թիվ ՄԱԱՊՁԲ-1-5 պայմանագիրը, որով վաճառողը պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ «Տեխնիկական բնութագիր և գնման ժամանակացույց»-ով նախատեսված ապրանքը, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար։

Պայմանագրի`

211 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի

215 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի վաճառողի կողմից մատակարարման ժամկետի խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել վաճառողից վճարելու Պայմանագրի 62 կետով նախատեսված տույժը

217 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը

2171 կետի «բ» ենթակետի համաձայն՝ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի»

221 կետի համաձայն՝ գնորդը պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքի ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները

231 կետի համաձայն՝ վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով մատակարարված ապրանքը

241 կետի համաձայն՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանքը՝ պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով

62 կետի համաձայն` վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում վաճառողից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ՝ մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

Պայմանագրի հավելված 1-ում նշված՝ տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքներն անհրաժեշտ են թվով 40 հատուկ մասնագիտացված մեքենաների կահավորման համար (հատոր 1-ին, գթ 76-83)

2) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի կողմից 17122018 թվականին Պաշտպանության նախարար Դ Տոնոյանին հասցեագրված թիվ 2921/ԳՇ զեկուցագրի համաձայն՝ Նախարարության և Ընկերության միջև 16052018 թվականին կնքվել է Պայմանագիրը՝ 40 միավոր «Հատուկ մասնագիտացված մեքենաների» կահավորման մասին: Պայմանագրի պահանջների համաձայն՝ անհրաժեշտ ՈՒԱԶ տիպի մեքենաները պետք է հատկացվեին Նախարարության կողմից, սակայն Նախարարության կողմից առաջին խմբաքանակը՝ թվով 15 մեքենա, հատկացվել է 18.09.2018 թվականին, իսկ 2-րդ խմբաքանակը՝ թվով 14 մեքենա, հոկտեմբերի 9-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Ընկերության կողմից կահավորվել և հանձնվել են կապի ու ԱԿՀ վարչության թվով 20 ՀՇՄ, և Ընկերությանը դեռևս պետք է հատկացվի 11 մեքենա: Ընկերությունը ձեռք է բերել կահավորման համար անհրաժեշտ միջոցները: Հաշվի առնելով աշխատանքների ծավալը, ժամանակատարությունը և այն հանգամանքը, որ թվով 11 մեքենաները 2018 թվականին հնարավոր չի հատկացնել՝ առաջարկվել է Պայմանագրի գնման ժամանակացույցում կատարել փոփոխություն՝ քանակը կրճատել 11-ով, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետներից ուշ հանձնված մեքենաների համար Ընկերության նկատմամբ չկիրառել տույժեր և տուգանքներ (հատոր 1-ին, գթ 84)

3) Նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ն Յոլչյանի կողմից Նախարարության իրավաբանական վարչության պետ Ս Սիմոնյանին 06042021 թվականին հասցեագրված գրության համաձայն՝ Պայմանագրով նախատեսված 40 միավոր ՀՇՄ «Հատուկ մասնագիտացված մեքենաների» փոխարեն պատասխանատու ստորաբաժանման կողմից կահավորման համար Ընկերությանը հատկացվել է 29 միավոր, որի պատճառով վերջինիս կողմից կահավորվել է նշված քանակի ՀՇՄ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի 17122018 թվականի զեկուցագրով նշվել է, որ թվով 11 միավոր մեքենաներ հատկացնել հնարավոր չէ, ուստի առաջարկվել է Պայմանագրում կատարել փոփոխություն՝ քանակը կրճատել 11-ով, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետներից ուշ հանձնված մեքենաների համար Ընկերության նկատմամբ չկիրառել տույժեր և տուգանքներ (հատոր 1-ին, գթ 111, 112)

4) գործի քննության ժամանակ Նախարարությունը հայցադիմումի պատասխան և(կամ) գրավոր առարկություն չի ներկայացրել, իսկ Նախարարության ներկայացուցիչները դատական նիստերի ընթացքում ներկայացված հայցի դեմ բանավոր առարկել են այն հիմքով, որ խնդրո առարկա 11 մեքենաներն Ընկերության և Նախարարության միջև 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում կահավորվել են (հատոր 1-ին, գթ 125, 126, 180, 181, հիմք՝ 21102021 թվականի ու 13122022 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրություններ)

5) Նախարարությունը Դատարանի 23122022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով՝ այն հիմնավորումներով, որ Դատարանը բազմակողմանի ու լրիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, գործում վերաբերելի ապացույցի բացակայության պայմաններում հաստատված է համարել Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարված լինելու, բայց Նախարարության կողմից առանց պատճառաբանության ընդունված չլինելու փաստը՝ միաժամանակ ենթադրելով, որ կողմերի միջև մատակարարված ապրանքի որակի վերաբերյալ վեճ առկա չէ (հատոր 2-րդ, գթ 32-41)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում պետական պատվիրատուի (գնորդի) կողմից պայմանագրի պայմաններին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելու պարտականության կատարմանը։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 540-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ նույն պարագրաֆի կանոններով: (...):

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 541-րդ հոդվածի համաձայն՝ մատակարարը (կատարողը) պետական պայմանագրով պարտավորվում է ապրանքները հանձնել պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի, իսկ պետական պատվիրատուն պարտավորվում է վճարել մատակարարված ապրանքների համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան, ապրանքները մատակարարվում են անմիջականորեն պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով (բեռնման կարգադրագրով) այլ անձի (ստացողին), պետական պայմանագրի կատարմանն ուղղված կողմերի հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքի 521-538 հոդվածներով նախատեսված կանոններով:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

Անդրադառնալով շարադրված նորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Ընդ որում, այդ գործողությունների ծավալը կախված է ապրանքները գնորդին հանձնելու վայրից և այն եղանակից, որով պետք է իրականացվի հանձնումը։ Ապրանքի համար վճարելու պահանջի իրավունքը մատակարարի մոտ առաջանում է այն դեպքում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց: Տվյալ դեպքում գնորդի կողմից ապրանքից հրաժարվելը պետք է արտահայտվի հստակ և լինի որոշակի: Այսինքն` գնորդը պետք է կատարի այնպիսի գործողություններ կամ դրսևորի այնպիսի անգործություն, որոնք օբյեկտիվորեն վկայում են ապրանքը չընդունելու կամ այն ընդունելուց հրաժարվելու մասին (տե՛ս «Ստանդարտ Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/3094/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05042013 թվականի որոշումը

Անդրադառնալով պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրային իրավահարաբերությունների շրջանակներում պետական պատվիրատուն և մատակարարը (կատարողը) ստանձնում են այդ պայմանագրի կատարմանն ուղղված պարտավորություններ։ Մասնավորապես՝ մատակարարը (կատարողը) պարտավորվում է պետական պայմանագրի պայմաններին համապատասխան ապրանքները հանձնել պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի (ստացողին), իսկ պետական պատվիրատուն՝ ձեռնարկել դրանց ընդունումն ապահովող անհրաժեշտ բոլոր գործողությունները և վճարել դրանց դիմաց։ Ընդ որում, անհրաժեշտ գործողությունների կատարումը ենթադրում է այնպիսի միջոցների գործադրում, որոնք ապրանքների տեսակի և(կամ) դրանց հանձնման եղանակի տեսանկյունից պիտանի ու բավարար են ապրանքները փաստացի տիրապետման ընդունելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մատակարարված ապրանքները չընդունելու, լրիվ կամ մասնակի դրանցից հրաժարվելու դեպքերում պետական պատվիրատուն պետք է դրսևորի այդ մասին վկայող հստակ և որոշակի վարքագիծ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ մատակարարման պայմանագրի կատարման նպատակով ապրանքները պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի հանձնելու մատակարարի (կատարողի) պարտականության պատշաճ իրականացումը կարող է կախված լինել պետական պատվիրատուի (գնորդի) կողմից ապրանքների ընդունումն ապահովող անհրաժեշտ գործողությունները կատարելուց, երբ ապրանքի տեսակով և(կամ) դրա հանձնման եղանակով պայմանավորված՝ պետական պատվիրատուն (գնորդը) նախապես պետք է ձեռնարկի ապրանքների ընդունման համար անհրաժեշտ որոշակի գործողություններ։

Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարման իրավահարաբերությունների շրջանակում մատակարարի կողմից պայմանագրով սահմանված ապրանքները մատակարարելու պարտականությունը պատշաճ կատարված լինելու փաստը գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն նաև այն հանգամանքը, թե արդյոք պետական պատվիրատուն (գնորդը) ձեռնարկել է տվյալ տեսակի և(կամ) հանձնման տվյալ եղանակով ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ գործի փաստական հանգամանքները պարզելու ու գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում միայն հանգելով որոշակի եզրակացության։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի այնպիսի խախտումներ թույլ տալու հանգամանքով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում նախ անդրադառնալ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում ներկայացված փաստարկներին։

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել կատարել Պայմանագրով նախատեսված պարտավորությունը, այն է՝ ընդունել իր կողմից մատակարարված և Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան ապրանքները։

Դատարանում գործի քննության ընթացքում Նախարարությունը հայցադիմումի պատասխան և(կամ) գրավոր առարկություն չի ներկայացրել, իսկ Նախարարության ներկայացուցիչները դատական նիստերի ընթացքում ներկայացված հայցի դեմ բանավոր առարկել են այն հիմքով, որ խնդրո առարկա 11 մեքենաներն Ընկերության ու Նախարարության միջև 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում կահավորվել են։

 Դատարանի 23122022 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) ՀՀ պաշտպանության նախարարությունը ինչպես ապացուցման պարտականությունը որոշելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, այնպես էլ գործի ողջ քննության ընթացքում չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր ապրանքները չընդունելու հիմքերի առկայությունը: Ավելին, չի հիմնավորվել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագրով սահմանված կարգով պատճառաբանված մերժել է ապրանքների ընդունումը, ինչպես նաև հնգօրյա ժամկետում պատճառաբանված մերժումը տրամադրել է ընկերությանը։ (…) Ավելին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի կողմից 17122018 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին հասցեագրված թիվ 2921/ԳՇ զեկուցագրի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, կրելով թվով 11 մեքենաների տրամադրման պարտականությունը, չի կատարել այն, (…): Այսինքն՝ զեկուցագրով առնվազն հիմնավորվում է, որ առկա չէ վեճ ապրանքի որակի հետ կապված, որը պայմանագրի 2.1.2. կետի «բ» ենթակետի հիմքով կարող էր հիմք հանդիսանալ ապրանքը չընդունելու պատասխանողի իրավունքի իրացման համար, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կահավորման համար անհրաժեշտ մեքենաների տրամադրման անհնարինության հանգամանքով պայմանավորված ապրանքները չընդունելու հիմք պայմանագրով սահմանված չէ:»։

 Նախարարությունը Դատարանի 23122022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով՝ այն հիմնավորումներով, որ Դատարանը բազմակողմանի ու լրիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, գործում վերաբերելի ապացույցի բացակայության պայմաններում հաստատված է համարել Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարված լինելու, բայց Նախարարության կողմից առանց պատճառաբանության ընդունված չլինելու փաստը՝ միաժամանակ ենթադրելով, որ կողմերի միջև մատակարարված ապրանքի որակի վերաբերյալ վեճ առկա չէ։

 Վերաքննիչ դատարանի 21072023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23122022 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը՝ «(…) գործի քննությամբ ձեռք չի բերվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր «Սատուրն Ակիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թիվ ՄԱԱՊՁԲ-1-5 պայմանագրի հիման վրա ձեռք բերված ապրանքները պայմանագրով սահմանված ժամկետում, այն է՝ մինչև 30.11.2018 թվականը, մատակարարված լինելու հանգամանքը: Այսինքն՝ հայցը բավարարելու համար գործով պետք է հաստատվեին հետևյալ փաստերն առ այն, որ. 1. հայցվորը պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարել է ապրանքը, և 2. Պատասխանողը հրաժարվել է այն ընդունելուց: Մինչդեռ, գործով չի հիմնավորվել, որ ապրանքը մատակարարվել է և մատակարարվել է պայմանագրով սահմանված ժամկետում, քանի որ պայմանագրում նշված մատակարարման ժամկետի ավարտից հետո սահմանված ժամկետը խախտելու դեպքում վրա է հասնում պատասխանողի պայմանագիրը միակողմանիորեն լուծելու իրավունքը: (…) սույն գործով հայցվորի կողմից, որպես վաճառողի, իր պայմանագրային պարտավորությունները, այն է՝ պայմանագրում նշված ժամկետներում մատակարարման ենթակա ապրանքը պայմանագրի հավելվածում նշված վայր մատակարարելը, կատարած լինելու փաստը հաստատված չլինելու պայմաններում չի կարող ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել կատարել պայմանագրով ստանձնած մատակարարման ենթակա ապրանքների ընդունում: Այլ կերպ ասած՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը չի կարող պարտավորեցվել կատարել մի գործողություն, որից կատարելը հրաժարվելու փաստը գործով ապացուցված չէ»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա է դարձրել Պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված ապրանքներն Ընկերության կողմից Պայմանագրով սահմանված ժամկետում Նախարարությանը մատակարարված չլինելու հարցը՝ զուգորդված Պայմանագրի նկատմամբ Նախարարության հետաքրքրությունը կորսված լինելու հանգամանքի հետ՝ անտեսելով, որ վերաքննիչ բողոքը չի պարունակել նշված հանգամանքի վերաբերյալ հիմքեր և հիմնավորումներ։ Հստակ շեշտելով, որ բողոքը քննվում է «դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում» և «Բողոքաբերի հիմնական անհամաձայնությունը կայանում է նրանում, որ, Դատարանը չունենալով որևէ հիմնավոր փաստ և ապացույց, ապացուցված է համարել այն, որ Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվել են, (…)» Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Նախարարության վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից՝ անդրադառնալով պայմանագրային պարտավորություններն Ընկերության կողմից ժամկետում կատարված չլինելու հարցին։ Ավելին՝ նշված հարցի կապակցությամբ վերաքննիչ բողոքում հիմնավորումներ ներկայացված լինելու դեպքում անգամ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննարկել դրանք՝ Դատարանում գործի քննության ընթացքում Նախարարության կողմից այդ հարցի կապակցությամբ դիրքորոշում ներկայացված չլինելու պատճառաբանությամբ։

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները։

Այդուհանդերձ նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքում Նախարարությունը նշել է, որ Դատարանն առանց որևէ ապացույցի հաստատված է համարել Պայմանագրով նախատեսված ապրանքներն Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այդ փաստի գնահատմանը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով նաև Նախարարության կողմից ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարված լինելու հանգամանքը։ Այսպես՝

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության՝ որպես վաճառողի, և Նախարարության՝ որպես գնորդի, միջև կնքված Պայմանագրով վաճառողը պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ու հասցեով գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ «Տեխնիկական բնութագիր և գնման ժամանակացույց»-ով նախատեսված ապրանքը, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքն ու վճարել դրա համար։

Պայմանագրի հավելված 1-ում նշված՝ տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքներն անհրաժեշտ են թվով 40 հատուկ մասնագիտացված մեքենաների կահավորման համար։

Պայմանագրի`

221 կետի համաձայն՝ գնորդը պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքի ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները.

241 կետի համաձայն՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանքը՝ պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի կողմից 17122018 թվականին Պաշտպանության նախարար Դ Տոնոյանին հասցեագրված թիվ 2921/ԳՇ զեկուցագրով նշվել է, որ Պայմանագրի պահանջների համաձայն` անհրաժեշտ տիպի մեքենաները պետք է հատկացվեին Նախարարության կողմից, սակայն Նախարարության կողմից առաջին խմբաքանակը՝ թվով 15 մեքենա, հատկացվել է 18.09.2018 թվականին, իսկ 2-րդ խմբաքանակը՝ թվով 14 մեքենա, հոկտեմբերի 9-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Ընկերության կողմից կահավորվել և հանձնվել են կապի ու ԱԿՀ վարչության թվով 20 ՀՇՄ, և Ընկերությանը դեռևս պետք է հատկացվի 11 մեքենա, սակայն 2018 թվականին դրանք հատկացնելը հնարավոր չէ: Հիմք ընդունելով Ընկերության կողմից անհրաժեշտ միջոցները ձեռք բերված լինելու և Նախարարության կողմից Ընկերությանն անհրաժեշտ տիպի մեքենաներ հատկացնելու անհնարինության հանգամանքները` առաջարկվել է Պայմանագրի գնման ժամանակացույցում կատարել փոփոխություն ու Պայմանագրով սահմանված ժամկետներից ուշ հանձնված մեքենաների համար Ընկերության նկատմամբ չկիրառել տույժեր և տուգանքներ:

Նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ն Յոլչյանի կողմից Նախարարության իրավաբանական վարչության պետ Ս Սիմոնյանին 06042021 թվականին հասցեագրված գրությամբ վերահաստատվել է, որ Պայմանագրով նախատեսված 40 միավոր մեքենաների փոխարեն պատասխանատու ստորաբաժանման կողմից կահավորման համար Ընկերությանը հատկացվել է 29 միավոր, իսկ թվով 11 միավոր մեքենաներ հատկացնել հնարավոր չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքների մատակարարում իրականացնելու նպատակով Նախարարությունն Ընկերությանը պետք է հատկացներ 40 մեքենա, այսինքն՝ Պայմանագրի կատարման տեսանկյունից անհրաժեշտ էր, որ Նախարարությունը ձեռնարկեր մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող գործողություններ, որոնք տվյալ դեպքում Պայմանագրով սահմանված տիպի մեքենաներ ձեռք բերելը և կահավորման նպատակով Ընկերությանը հատկացնելն էին։ Մինչդեռ վկայակոչված ապացույցների համաձայն՝ Նախարարությունն Ընկերությանը հանձնել է միայն 29 մեքենա, որոնք Պայմանագրի պայմաններին և տեխնիկական բնութագրին համապատասխան կահավորվել են, իսկ մնացած 11 մեքենաները Պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2018 թվականին, Նախարարությունը չի հատկացրել։ Ընդ որում` Նախարարության կողմից առաջարկվել է Պայմանագրում կատարել փոփոխություն և դրանով սահմանված ժամկետից ուշ հանձնված մեքենաների մասով Ընկերության նկատմամբ չհաշվարկել տույժեր ու տուգանքներ՝ հիմք ընդունելով անհրաժեշտ միջոցներն Ընկերության կողմից ձեռք բերված լինելու փաստը։

 Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) որոշակի ժամկետում պայմանագիրը կատարելու պայմանով կնքված լինելու դեպքում, երբ պայմանագրից հետևում է, որ կատարման ժամկետի խախտման դեպքում գնորդը կորցնում է հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ, վաճառողն իրավունք ունի նման պայմանագիրը կատարել դրանում սահմանված ժամկետի ավարտից հետո` միայն գնորդի համաձայնությամբ: (…) մատակարարված ապրանքն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի բավարարման տեսանկյունից առանցքային է համարվում պայմանագրում սահմանված ժամկետում ապրանքի մատակարարված լինելու փաստը հաստատված լինելը, իսկ պայմանագրի կատարման ժամկետը խախտելու դեպքում՝ ապրանքը ժամկետի խախտմամբ մատակարարելու գնորդի համաձայնության առկայության հանգամանքը»։

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի 17122018 թվականի զեկուցագիրը և Նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ն Յոլչյանի 06042021 թվականի գրությունը, ինչի հետևանքով անտեսել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետում Նախարարությունը չի ձեռնարկել մատակարարված ապրանքների ընդունումն ապահովելուն ուղղված բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ չնայած Ընկերության կողմից անհրաժեշտ միջոցները ձեռք բերված լինելու հանգամանքին, հետևաբար պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ է տվել ոչ թե Ընկերությունը, այլ Նախարարությունը՝ ապրանքների ընդունումն ապահովելու նպատակով Ընկերությանը մեքենաներ չհատկացնելով։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրակացությանը, որ պարտավորության կատարման ժամկետի խախտման հիմքով Նախարարությունը կորցրել է դրա նկատմամբ իր հետաքրքրությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Պայմանագրի`

211 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի

215 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի վաճառողի կողմից մատակարարման ժամկետի խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել վաճառողից վճարելու Պայմանագրի 62 կետով նախատեսված տույժը

217 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը

2171 կետի «բ» ենթակետի համաձայն՝ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի»

62 կետի համաձայն` վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում վաճառողից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ՝ մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

Վերոգրյալից հետևում է, որ ապրանքները Պայմանագրով սահմանված ժամկետում չմատակարարելու դեպքում նախատեսվել են գնորդի հետևյալ իրավունքները՝ իր հայեցողությամբ սահմանել ապրանքների մատակարարման նոր ժամկետ՝ վաճառողից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձելով պայմանագրով սահմանված չափով տույժ, իսկ մատակարարման ժամկետները 30 օրից ավելի խախտված լինելու դեպքում՝ Պայմանագիրն էականորեն խախտված լինելու հիմքով հրաժարվել ապրանքներից և միակողմանի լուծել պայմանագիրը։

 Մինչդեռ տվյալ դեպքում Պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության կողմից ապրանքների մատակարարում իրականացված չլինելու պայմաններում Նախարարությունն իր նշված իրավունքներից ոչ միայն չի օգտվել` ձեռնպահ մնալով ապրանքները չընդունելու, լրիվ կամ մասնակի դրանցից հրաժարվելու հստակ և որոշակի վարքագիծ ցուցաբերելուց, այլև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի 17122018 թվականի զեկուցագրով ու Նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ն Յոլչյանի 06042021 թվականի գրությամբ առաջարկվել է Պայմանագրով սահմանված ժամկետից ուշ հանձնված մեքենաների համար Ընկերության նկատմամբ չկիրառել տույժեր՝ նկատի ունենալով, որ Նախարարությանը չի հաջողվել 2018 թվականին ձեռք բերել 11 մեքենա և կահավորման նպատակով Ընկերությանը հատկացնել, թեև վերջինս ձեռք է բերել անհրաժեշտ միջոցները։ Այս պայմաններում Ընկերության մոտ նշված 11 մեքենաների մասով ծագել է Պայմանագրի 231 կետով ամրագրված իրավունքը՝ Նախարարությունից պահանջել ընդունելու մատակարարված ապրանքը, որպիսի պահանջով վերջինս դիմել է Դատարան։

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի խախտում՝ Ընկերության կողմից Պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարում իրականացված չլինելու հարցի քննարկման շրջանակներում անտեսելով դրանց ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները Նախարարության կողմից ձեռնարկված չլինելու փաստը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու պայմաններում խաթարվել է արդարադատության բուն էությունը, ու այդ կապակցությամբ բողոքում նշված փաստարկները հիմնավորված են, որպիսի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի 21072023 թվականի որոշումը բեկանելու ու Դատարանի 23122022 թվականի վճռին, սույն որոշման պատճառաբանություններով, օրինական ուժ տալու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6‑րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով։

Մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։

Մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանվում է և օրինական ուժ է տրվում Դատարանի 23122022 թվականի վճռին՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝

Դատարանի 23122022 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու՝ Նախարարությունից հօգուտ Ընկերության 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված,

Նախարարության կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես օրենքով սահմանված 10000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։

 

Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար նախապես վճարել է 40000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից 20.000 ՀՀ դրամը՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար, Նախարարությունից ենթակա է բռնագանձման հօգուտ Ընկերության, իսկ ավել վճարված պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման Ընկերությանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21072023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23122022 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Պաշտպանության նախարարությունից հօգուտ «Սատուրն Ակիա» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

 

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: