ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24461/02/21 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24461/02/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի հունվարի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Լուսինե Սարգսյանի կուտակային կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերն անժառանգ են:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.06.2022 թվականի որոշմամբ դիմումը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին Նախարարության միջնորդությունը բավարարվել է և ժամկետը վերականգնվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը:
Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը վերաքննիչ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի տարբերակում է նախատեսել, մասնավորապես՝ ոչ դրամական պահանջի գործերով սահմանված է եղել բազային տուրքի տասնապատիկի, իսկ հատուկ վարույթի գործերով՝ բազային տուրքի ութապատիկի չափով դրույքաչափ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործը քննվել է հատուկ վարույթի կարգով, հետևաբար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի ութապատիկի չափով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.06.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ու «գ» ենթակետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22․03․2007 թվականի վճիռը, կետ 125)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգը և պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է՝ հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս՝ բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը՝ այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով, օրինակ՝ նաև ներկայացված հայցապահանջի տեսակով (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), բողոքարկվող ատյաններով (վերաքննիչ և վճռաբեկ), վարույթի տեսակներով (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումներ և այլ դիմումներ) (տե՛ս Կարեն Գևորգյանը և Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարված լինելու հարցը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունեն գործով ներկայացված պահանջների, դրանց քանակի, տեսակների պարզումը, հիմնական և ածանցյալ պահանջների ճշգրիտ տարանջատումը, ինչպես նաև հայցվորի նյութաիրավական պահանջը դրա իրականացման միջոցներից տարբերակելը՝ ինչպես օրենքի պահանջը պահպանելու, այնպես էլ բողոք բերած անձի վրա ֆինանսական ավելորդ պարտականություն դնելը բացառելու տեսանկյունից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։
Նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (․․․)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով։
Օրենքի նույն հոդվածի նույն կետի «գ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար հատուկ վարույթի գործերով պետական տուրքը գանձվում է բազային տուրքի ութապատիկի չափով։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն Նախարարությունը 01․06․2021 թվականին դիմում է ներկայացրել Դատարան և պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Լուսինե Սարգսյանի կուտակային կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերն անժառանգ են (հատոր 1-ին, գ․ թ․ 4-6):
Դատարանի 24.06.2022 թվականի որոշմամբ դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 1-ին, գ․ թ․ 192-193):
Վերաքննիչ դատարանի 01.06.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Նախարարության բերած բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն թ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ․․․
ա) դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով․
բ) ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով (10․000 ՀՀ դրամ)։
Տվյալ դեպքում բողոք բերող անձը վերաքննիչ բողոքին կցել է պետական տուրքը վճարած լինելը հաստատող փաստաթուղթ 8000 (ութ հազար) ՀՀ դրամի չափով, սակայն պետք է վճարեր 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:
Բողոք բերող անձը չի պահպանել վերը նշված պահանջները, մասնավորապես վերջինս, պակաս վճարելով, չի միջնորդել այդ մասով կիրառել վճարումից ազատվելու կամ այն հետաձգելու արտոնություն՝ հիմնավորելով դրա համար հիմք հանդիսացող գույքային դրությունը, ուստի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտմամբ՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման» (հատոր 2-րդ, գ․ թ․ 22-23):
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերը նշված պատճառաբանությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործում առկա նյութերից պարզ է դառնում, որ քննության առարկան հատուկ վարույթի գործ է, ուստի Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի համապատասխան կարգավորումից բխում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր գանձման 8․000 ՀՀ դրամի չափով, որպիսի չափով պետական տուրքը Նախարարությունը վճարել է:
Նման պայմաններում հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները, նկատի ունենալով այն, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 8.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույց (հատոր 2-րդ, գ․ թ․ 10), իսկ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ենթակա էր վճարման 8.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որպիսի պայմաններում պետական տուրքը վճարվել է օրենքով սահմանված չափին համապատասխան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը չի բխում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջից:
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված հիմքի հետ, չի բխում վերը արտահայտած դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Նախարարության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 01.06.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. ՄԵՂՐՅԱՆ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|