Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1717
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
05.03.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
05.03.2024
Дата вступления в силу
05.03.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 մարտի 2024 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2239-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվա քաղաքում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության (այսուհետ` 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրություն) մեջ փոփոխություններ կատարելու նպատակով:

 

2. Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարարության, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև:

 

3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

4. Արտաքին գործերի նախարարության՝ Արձանագրության վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացության և Արձանագրությունը ստորագրած կողմերի՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ «2023 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել: 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Արձանագրությունը ստորագրած կողմերից որևէ մեկը չի ավարտել Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները ենթադրում են ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատում՝ տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։ Միաժամանակ, նախատեսվում է 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունը լրացնել Հավելված 3-ով, որը սահմանում է փոխանակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները։ Նախատեսվում են նաև տեխնիկական և խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ։

Ընդհանուր առմամբ, նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը և անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը»։

 

5. Արձանագրության համաձայն՝ Արձանագրության Հավելվածում սահմանված կարգով փոփոխություններ են կատարվում 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ, մասնավորապես՝ 2-րդ Հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ պարբերությունները շարադրվում են այլ խմբագրությամբ, 2-րդ Հոդվածի 9-րդ և 10-րդ պարբերություններից հետո լրացվում են նոր պարբերություններ, նշված արձանագրությունը լրացվում է թիվ 3 Հավելվածով (այն, իր հերթին, ունի 16 հավելվածներ), որը ներառում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների (այսուհետ՝ հարկային մարմիններ) միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) բյուջեներ վճարված անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման նիշքերի ձևաչափերի կազմի և կառուցվածքի նկարագրությունը:

 

6. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա՝ ի լրումն 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կամ դրանց փոխարեն, ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

- հայտերի ռեեստրների, հարցումների ռեեստրների և ծանուցումների ռեեստրների փոխանակումն իրականացնել յուրաքանչյուր շաբաթ՝ շաբաթվա առաջին աշխատանքային օրը (Հավելված, կետ 1, ենթակետ «բ»).

- ապահովել, որ ձևաչափատրամաբանական հսկողության (այսուհետ նաև՝ ՁՏՀ) հաղորդակարգի մեջ այն կազմելու ժամանակ առաջացած սխալների առկայության դեպքում հայտերի ռեեստրն ստացող ՀՀ հարկային մարմինը վերացնի հաղորդակարգը կազմելու սխալները, կրկին կազմի ձևաչափատրամաբանական հսկողության հաղորդակարգ և, նախքան հայտերի ռեեստրների հերթական փոխանակումն իրականացնելը, այն ուղարկի հայտերի ռեեստրի ուղարկող հարկային մարմին (Հավելված, կետ 1, ենթակետ «դ»).

- ապահովել, որ ՀՀ հարկային մարմինը մյուս կողմերի հարկային մարմինների հետ էլեկտրոնային ձևով փոխանակվի բյուջե վճարված անուղղակի հարկերի գումարների մասին տեղեկատվությամբ (Հավելված 3, կետ 1.1).

- ապահովել, որ հարկային մարմինների միջև հայտերի ռեեստրների նիշքերի ձևով հայտերով, հարցումների ռեեստրի ձևով հարցումներով, ծանուցումների ռեեստրի ձևով հարցումներին պատասխաններով տեղեկատվության փոխադարձ փոխանակումն իրականացվի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ սահմանված կարգով և ժամկետներում (Հավելված 3, կետ 1.3).

- ապահովել, որ ՀՀ հարկային մարմինը մյուս կողմերի հարկային մարմինների հետ տեղեկատվության փոխադարձ փոխանակումն իրականացնի արձանագրության 3-րդ Հավելվածի պահանջներին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվության փոխանակման կարգը կանոնակարգող այլ ակտերին համապատասխան, ինչպես նաև հայտերի ռեեստրի նիշքն ստանալիս կատարի ստացված տվյալների ձևաչափատրամաբանական հսկողություն՝ արձանագրության թիվ 15 հավելվածի համաձայն, և ձևավորի ՁՏՀ հաղորդակարգ, որի ձևաչափի նկարագրությունը բերված է Արձանագրության 6-րդ բաժնում (Հավելված 3, կետ 1.4, պարբերություններ 1, 2).

- ապահովել, որ ՁՏՀ հաղորդակարգեր ստանալուց և նույնականացնելուց հետո ուղարկող ՀՀ հարկային մարմինը միջոցներ ձեռնարկի սխալները վերացնելու ուղղությամբ և ուղղված տեղեկատվությունն ուղարկի ստացող հարկային մարմին՝ 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ սահմանված կարգով և ժամկետներում (Հավելված 3, կետ 1.5).

- ապահովել, որ հարկային մարմինների միջև էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխադարձ փոխանակման դեպքում օգտագործվեն արձանագրության 3-րդ հավելվածի 1.6-րդ կետում շարադրված միասնական դասակարգիչները և տեղեկագրքերը, իսկ տեղեկագրքի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխությունները կատարելու օրվանից 10 օրից ոչ ուշ այն փոխանցի ամբողջական թարմացված տեղեկագրքի ձևով (Հավելված 3, կետ 1.6, պարբերություններ 1 և 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

5 մարտի 2024 թվականի

ՍԴՈ-1717

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1717 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի մարտի 5-ի ՍԴՈ-1717 որոշմամբ որոշել է, որ 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի մարտի 5-ի ՍԴՈ-1717 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

ԲԱԺԻՆ I

 

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությանը, որը հաստատվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-221-Ն հրամանագրով։

Վերոնշյալ արձանագրությունում 2019 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է 2020 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-103-Ն հրամանագրով:

Կառավարությունն իր` 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2239-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, իսկ Սահմանադրական դատարանը 2024 թվականի մարտի 5-ի ՍԴՈ-1717 որոշմամբ այդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։

Վերոնշյալից հետևում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությանը միանալը և 2019 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ կատարված փոփոխությունը հաստատվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով: Մինչդեռ քննարկվող դեպքում Կառավարությունը, 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, դիտարկելով որպես վավերացման ենթակա միջազգային պայմանագիր, դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ Փաստորեն, բացառապես սույն գործով քննարկման առարկա արձանագրությունն է ներկայացվել սահմանադրական նախնական վերահսկողության, իսկ դրա հիմք հանդիսացող հիմնական արձանագրությունը և դրանում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունն անմիջապես ներկայացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը։

Իմ գնահատմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար նախևառաջ պետք է պարզվեր այն հանգամանքը, թե արդյո՞ք քննարկման առարկա արձանագրության հիմք հանդիսացող հիմնական արձանագրության, այնուհետև՝ դրանում փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախկինում սահմանադրական նախնական վերահսկողության չենթարկվելու պարագայում Սահմանադրական դատարանն իրավասու էր քննարկման առարկա դարձնել սույն գործով քննության առարկա արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

 

Այսպես՝ Սահմանադրությունը Սահմանադրական դատարանին օժտել է այնպիսի լիազորությամբ, ինչպիսին է՝ մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը՝ դրանցում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելը1: Նշված լիազորության առկայությունը սահմանադրական նախնական վերահսկողության մոդելի դրսևորումն է2։

Իսկ միզաջգային պայմանագրերի առնչությամբ սահմանադրական կարգավորումները հանգում են հետևյալին. Սահմանադրությամբ3 նախատեսվում է Ազգային ժողովի կողմից բացառապես այն միջազգային պայմանագրերի վավերացում, կասեցում կամ չեղյալ հայտարարում՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

Բացի վերոնշյալից, Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորությունների շարքում ներառվել է Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով այն միջազգային պայմանագրերի հաստատում, կասեցում կամ չեղյալ հայտարարում, որոնք վավերացում չեն պահանջում4:

Իր հերթին օրենսդիրը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով կարգավորել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման և կասեցման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

Մասնավորապես՝ նշված օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով5։

Ըստ այդմ՝ վերոնշյալ օրենքի «Միջազգային պայմանագրի վավերացումը և հաստատումը» վերտառությամբ դրույթով նույնությամբ ամրագրվել են Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից, իսկ Հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում է թողնվել այն միջազգային պայմանագրերի հաստատումը, որոնք, Սահմանադրության և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն, ենթակա չեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը6։ Միաժամանակ նշվել է, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով7: Փաստորեն, թե՛ սահմանադրի և թե՛ օրենսդրի կողմից նախատեսվել է սահմանադրական նախնական վերահսկողության պարտադիր ընթացակարգ բացառապես վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի դեպքում։

 

Միջազգային պայմանագրերի առնչությամբ նախկին սահմանադրական կարգավորումները հանգում են հետևյալին.

2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանվել է, որ միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո8՝ համապատասխանաբար որպես իրավասու սուբյեկտներ նախատեսելով Ազգային ժողովին և Հանրապետության Նախագահին։ Ըստ այդմ՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը ևս սահմանել է այն նախապայմանները, որոնց առկայության պարագայում միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից. դրանք այն միջազգային պայմանագրերն են9՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

Միաժամանակ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ևս նշվել է, որ Սահմանադրական դատարանը մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Հանրապետության Նախագահի լիազորությունների շարքում ներառվել է վերջինիս կողմից վավերացում չպահանջող միջազգային պայմանագրեր հաստատելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու լիազորությունը10։

Իսկ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալու դրությամբ (այն է՝ 2015 թվականի փետրվարի 27) գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով ևս սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագիրը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, իսկ հաստատում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը11։ Բացի այդ, հստակորեն առանձնացվել են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում միջազգային պայմանագիրը ենթակա է պարտադիր վավերացման12. դա այն միջազգային պայմանագիրն է՝

1) որը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.

2) որը ֆինանսական պարտավորություններ է նախատեսում Հայաստանի Հանրապետության համար.

3) որի կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր.

4) որը վերաբերում է վերոնշյալ օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուն, բացառությամբ այդ օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի.

5) որով նախատեսված է վավերացում։

Միաժամանակ նշվել է, որ վերը նշած դեպքերը չպարունակող միջազգային պայմանագրերը ենթակա են հաստատման13։

 

Ամփոփելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն իր պարտադիրությունը դրսևորում է ուժի մեջ մտնելու պահից14, իսկ թե՛ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ, թե՛ գործող Սահմանադրությամբ նախատեսվել է դրա ուժի մեջ մտնելու երկու ընթացակարգ, այն է՝ վավերացում և հաստատում։ Ընդ որում, թե՛ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ և թե՛ գործող Սահմանադրությամբ վավերացման և հաստատման ընթացակարգերը ևս նույնանում են, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերի վավերացումը ներառվել է Ազգային ժողովի լիազորությունների շարքում։ Հատկանշական է, որ վավերացում պահանջող միջազգային պայմանագրերի առնչությամբ նախատեսվել է առանձնահատկություն, մասնավորապես՝ թե՛ 2005 թվականի փոփոխություններով և թե գործող Սահմանադրությամբ, և համապատասխանաբար թե՛ 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող և թե՛ ներկա դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանվել են կոնկրետ նախապայմաններ, որոնց առկայության պարագայում միայն միջազգային պայմանագրերը պետք է անցնեն վավերացման ընթացակարգով։ Ավելին՝ նշված միջազգային պայմանագրերի առնչությամբ սահմանվել է պարտադիր փուլ՝ սահմանադրական նախնական վերահսկողության կառուցակարգի տեսքով։ Ըստ այդմ՝ վերոնշյալ նախապայմանները չպարունակող միջազգային պայմանագրերը պետք է անցնեն հաստատման ընթացակարգով, որն էլ հանդիսանում է Հանրապետության Նախագահի լիազորությունը։

Հատկանշական է նաև այն, որ օրենսդիրը սահմանել է առանձին փուլ նախքան միջազգային պայմանագրերը Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելը, մասնավորապես՝ նախատեսվել է այն իրավասու մարմինների շրջանակը, որոնք միջազգային պայմանագրի վավերացումից կամ հաստատումից առաջ համապատասխան հարցում ստանալով՝ պետք է ներկայացնեն եզրակացություն օրենքով նախատեսված հարցի առնչությամբ, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը, ի թիվս այլնի, ներկայացնում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, Արդարադատության նախարարությունը՝ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին, ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին և այլն15։ Որոշակի տարբերությամբ համանման կարգավորում նախատեսվել է նաև 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով16։

Այսպիսով, վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ ինչպես սահմանադրի, այնպես էլ օրենսդրի կողմից միջազգային պայմանագրերի հաստատման և վավերացման վերաբերյալ սահմանված նախկին և ներկա կարգավորումները հիմնականում նույնանում են։

 

Վերոնշյալ կարգավորումների համատեքստում անդրադառնալով քննության առարկա գործով միջազգային պայմանագրին՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու մարմինների կողմից համապատասխան հարցերի վերաբերյալ ներկայացված եզրակացություններով առավելապես հերքվել են նշված հոդվածով պահանջվող տեղեկությունները, օրինակ՝ Ֆինանսների նախարարի տեղակալը հայտնել է, որ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն։ Մինչդեռ Արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտնել է ոչ միանշանակ կարծիք, մասնավորապես նշել է, որ նպատակահարմար է արձանագրության վավերացումը կամ հաստատումը։ Իսկ Արդարադատության նախարարությունը, ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջից, այն է՝ «Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում (…)», նշել է, որ արձանագրությունը ենթակա է վավերացման։

Վերոնշյալից հետևում է, որ երկու իրավասու մարմին եկել են այն եզրահանգման, որ քննարկման առարկա միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, ընդ որում, դրանցից մեկն այդ եզրահանգմանը եկել է ոչ միանշանակ կերպով, իսկ մյուսը՝ կատեգորիկ կերպով։ Նշված հանգամանքի առնչությամբ հարկ եմ համարում նշել հետևյալը.

 

Ինչպես արդեն վերը նշվեց և՛ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ, և՛ գործող Սահմանադրությամբ, ըստ այդմ էլ և՛ 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով, և՛ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսվել են հստակ նախապայմաններ, որոնց առկայության պարագայում միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից։ Դրանցում, ի թիվս այլնի, նախատեսվել է նաև այն դեպքը, երբ միջազգային պայմանագիրը վերաբերում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին։ Այսինքն՝ սահմանադիրն ուղղակիորեն նախատեսել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային պայմանագրերի դեպքում բացառապես վավերացման ընթացակարգի կանոնների կիրառում։

Նշված կարգավորման համատեքստում անդրադառնալով Արդարադատության նախարարության եզրակացության բովանդակությանը՝ հարկ եմ համարում նշել, որ սահմանադիրը Սահմանադրության 2-րդ գլխում որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք ամրագրել է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը17։ Միաժամանակ օրենսդիրը, ելնելով Սահմանադրության այն կարգավորումից, որ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսել է կարգավորում առ այն, որ «Առանց լիազոր մարմնի թույլտվության անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն, եթե այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան»։

Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքն իր ամրագրումն է ստացել սահմանադրական մակարդակում՝ դասվելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների շարքին։ Ավելին՝ նշված իրավունքն իր ամրագրումը ստացել էր դեռևս 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ18։ Ուստի նման իրավակարգավորման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության իրավունքին վերաբերելող միջազգային պայմանագրերն ինքնին ենթադրում են ուղղակի առնչություն մարդու հիմնական իրավունքին, ինչն էլ հիմք է հանդիսանում նշված միջազգային պայմանագրերի նկատմամբ ուժի մեջ մտնելու համար նախատեսված վավերացման ընթացակարգ կիրառելու համար։

Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից և դրանց վերլուծությունից՝ կարող ենք արձանագրել, որ ինչպես սույն գործով քննարկման առարկա արձանագրության, այնպես էլ դրա հիմք հանդիսացող հիմնական արձանագրության, այնուհետև՝ դրանում փոփոխություն կատարելու մասին արձանագրության նկատմամբ պետք է կիրառվեին ուժի մեջ մտնելու համար նախատեսված միևնույն ընթացակարգը, այն է՝ կամ վավերացում, կամ հաստատում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ թե՛ սահմանադրական և թե՛ օրենսդրական մակարդակում նշված հարցին վերաբերող իրավակարգավորումները նույնանում են։ Բացի այդ, դրանք միմյանց հետ փոխկապակցված են, մասնավորապես՝ սույն գործով քննարկման առարկա արձանագրությունը ենթադրում է սոսկ վերոնշյալ հիմնական արձանագրության փոփոխություններ, որոնք չեն պարունակում էական շեղում հիմնական արձանագրությունից, ուստի նման պայմաններում վերջինիս ուժի մեջ մտնելու գործընթացը պետք է հանդիսանա արդեն իսկ ուժի մեջ մտած հիմնական արձանագրության տրամաբանական շղթան։ Հետևաբար իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը նախքան սույն գործով քննության առարկա միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը պետք է բացահայտեր այն կարևոր հանգամանքը, թե արդյոք սույն գործով քննարկման առարկա արձանագրության հիմք հանդիսացող հիմնական արձանագրության նկատմամբ ուժի մեջ մտնելու հաստատման ընթացակարգ կիրառված լինելը բավարար է դրանում փոփոխություն կատարելու մասին արձանագրության (սույն գործով քննարկման առարկա արձանագրության) ուժի մեջ մտնելու համար նախատեսված վավերացման ընթացակարգ կիրառելու համար, թե նման պայմաններում քննարկման առարկա արձանագրության հիմք հանդիսացող հիմնական արձանագրությունը ևս պետք է անցներ վավերացման ընթացակարգով։

Տվյալ դեպքում նկատի ունենալով այն, որ Սահմանադրությունը հռչակել է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացում այն դեպքում, երբ այն առնչվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին, ինչպես նաև այն, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը թե՛ գործող Սահմանադրությամբ, և թե՛ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ դասվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների շարքին՝ կարծում եմ, որ ինչպես սույն գործով քննարկման առարկա արձանագրությունը, այնպես էլ դրա հիմք հանդիսացող հիմնական արձանագրությունը, այնուհետև՝ դրանում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնեին վավերացման ընթացակարգով։

Բացի այդ, սույն գործով քննության առարկա դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, թե ինչով է պայմանավորված քննարկման առարկա միջազգային պայմանագրի նկատմամբ ուժի մեջ մտնելու համար նախատեսված վավերացման ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը՝ ի տարբերություն դրա հիմք հանդիսացող հիմնական միջազգային պայմանագրի հաստատման ընթացակարգով ուժի մեջ մտած լինելուն։

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ չի բացառվում նաև այնպիսի իրավիճակի առկայություն, երբ վավերացման ենթակա միջազգային պայմանագրի հիմք հանդիսացող միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտած լիներ հաստատման ընթացակարգով, սակայն դրանում փոփոխություն նախատեսող միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը պահանջի վավերացման ընթացակարգ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրինակ՝ ի տարբերություն հիմք հանդիսացող հիմնական միջազգային պայմանագրի՝ դրանում փոփոխություն կատարելու մասին պայմանագրում նախատեսվող փոփոխությունն իրենից ենթադրի առնչություն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին, որն էլ ինքնին փոփոխություն նախատեսող միջազգային պայմանագրի նկատմամբ ուժի մեջ մտնելու վավերացման ընթացակարգի կիրառման հիմք կհանդիսանա։ Ուստի յուրաքանչյուր նման իրավիճակում դիմողը պետք է հիմնավորի տվյալ միջազգային պայմանագրի նկատմամբ ուժի մեջ մտնելու համար նախատեսված վավերացման ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ, քննարկվող դիմումի շրջանակում առաջացած հարցը նշված իրավիճակին համահունչ չէ, քանի որ սույն գործով քննարկման առարկա արձանագրությամբ նախատեսվող փոփոխությունները չեն պարունակում էական շեղում հիմնական արձանագրությունից։

Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը՝ գտնում եմ, որ նախքան 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը Սահմանադրական դատարանը նախևառաջ պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյո՞ք քննարկման առարկա միջազգային պայմանագրի հիմք հանդիսացող հիմնական պայմանագիրն ուժ է ստացել Սահմանադրության իրավակարգավորումներին համապատասխան, թե՝ ոչ, և նման պայմաններում արդյո՞ք քննարկման առարկա միջազգային պայմանագիրը կարող էր ուժ ստանալ հիմնական պայմանագրից տարբերվող ընթացակարգով, որպիսի խնդրի հաղթահարման պարագայում Սահմանադրական դատարանը կկարողանար կիրառել սահմանադրական նախնական վերահսկողություն իրականացնելու իր լիազորությունը։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը առանց վերոնշյալ հարցը քննարկման առարկա դարձնելու անմիջապես անդրադարձել է միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

 

ԲԱԺԻՆ II

 

2. Միաժամանակ հարկ եմ համարում անդրադառնալ սույն գործի հարուցման հիմք հանդիսացած դիմումի պատշաճ ներկայացված չլինելու հանգամանքին.

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի մարտի 5-ի ՍԴՈ-1717 որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է նաև թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

______________________________

1 Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ։

2 Այս լիազորությունն առավել մանրամասն կարգավորված է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածում:

3 Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մաս։

4 Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մաս։

5 «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս։

6 «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր։

7 «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս։

8 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ պարբերություն։

9 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ պարբերություն։

10 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և 100-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ։

11 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 23-րդ հոդված։

12 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս։

13 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մաս։

14 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս և ներկա դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս։

15 «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս։

16 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գործող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մաս։

17 Սահմանադրության 34-րդ հոդված։

18 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 23-րդ հոդված։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«12» մարտի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան