ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 52-Ա
«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդումային ծրագրին հավանություն տալու և «Ջի Թի Բի Սթիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 2198-Ա որոշումը (այսուհետ՝ որոշում)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Որոշմամբ հավանության արժանացած՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից իրականացվող՝ Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) ֆինանսավորման նպատակով՝ «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին (ՀՎՀՀ՝ 02665081), որի կառավարիչն է «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, տրամադրել 3,500,000,000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 (չորս) տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով։
2. Սահմանել, որ՝
1) բյուջետային վարկի տրամադրման սկզբնաժամկետից հաշված 1-ին տարում վարկի տոկոսադրույք չի հաշվարկվում.
2) 2-րդ տարում տոկոսադրույք հաշվարկվում է, սակայն հաշվարկված տոկոսադրույքը չի մարվում սույն ենթակետում նշված ժամանակահատվածում.
3) վարկի և հաշվարկված տոկոսադրույքների գումարը (այդ թվում՝ 2-րդ տարվա համար հաշվարկված տոկոսադրույքի գումարը) սկսում է մարվել վարկի տրամադրման սկզբնաժամկետից հաշված 3-րդ տարուց մինչև տրամադրված վարկի ավարտման ժամկետն ամսական հավասարաչափ մարման գրաֆիկով։
3. Բյուջետային վարկը սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով հատկացվում է ծրագրի իրականացման համար ընկերությանը փոխառություն տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ֆոնդի կառավարիչ «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի հիման վրա։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ 3,500,000,000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկը «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից տրամադրվում է ընկերությանը որպես փոխառություն, որի մնացորդի դիմաց ընկերությունը սեփական միջոցների հաշվին «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին վճարում է փոխառությունը և դրա տոկոսադրույքները սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև՝ տարեկան 0.9 (զրո ամբողջ ինը տասնորդական) տոկոսի չափով փոխառության սպասարկման վճար:
5. Որպես փոխառության ապահովման միջոց գրավադրվում է սեփականության իրավունքով «ՋԻ ԹԻ ԲԻ ՓՐՈՓՐԹԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող գույքը (վկայական N 24022023-03-0086) և «ՅՈՒՆԻՈՆ- ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ քաղաք Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (վկայականներ N 10012022-01-0095, N 10012022-01-0091 և N 10012022-01-0089):
(5-րդ կետը լրաց. 23.02.24 N 233-Ա)
6. Բյուջետային վարկը տրամադրվում է փոխառության պահանջի իրավունքը՝ ներառյալ ապահովման միջոցի նկատմամբ իրավունքը, «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մոտ գրավադրվելուց հետո:
7. Ընկերության կողմից փոխառության պայմանագրով ստանձնված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն իրավունք ունի փոխառության պահանջի իրավունքը՝ ներառյալ ապահովման միջոցի նկատմամբ իրավունքը, բյուջետային վարկի տրամադրման պայմանագրով նախատեսված կարգով զիջելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ հաշվանցելով բյուջետային վարկի գծով իր կողմից ստանձնված պարտավորության հետ՝ «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի հանդեպ, զիջման պահին, ընկերության ունեցած ընդհանուր պարտավորության մնացորդի չափով:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման պայմանագիր։
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծ։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական: