Գլխավոր տեղեկություն
Номер
N 1057-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 22.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
20.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
20.03.2024
Дата вступления в силу
23.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1057-Ա

«20» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Քրիքուր Մալխսյանի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24428-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24428-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի մարտի 18-ին, ժամը 15.30-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Քրիքուր Մալխսյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24428-24 դիմումի դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի մարտի 18-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Ն/8124-24 գրությամբ ներկայացված տեղեկատվությունն ու ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի հունվարի 25-ի թիվ Դ-11318-24 դիմումով Քրիքուր Մալխսյանը, հիմք ընդունելով դրան կից ներկայացված փաստական հանգամանքները, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի հունվարի 24-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում ծառն իր սեփականությունը հանդիսացող՝ «MITSUBISHI GRANDIS 2.4» մակնիշի «18MS118» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկնելու արդյունքում պատճառված վնասը:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 22-ի N 662-Ա որոշմամբ 2024 թվականի հունվարի 25-ի թիվ Դ-11318-24 դիմումը մերժվել է «MITSUBISHI GRANDIS 2.4» մակնիշի «18MS118» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջա-նալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ ներկայացված չլինելու և վնասի փոխհատուցման պահանջը չհիմնավորելու պատճառաբանությամբ:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24428-24 դիմումով Քրիքուր Մալխսյանը ներկայացրել է «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 13-ին տրված թիվ ԳՆ 24 002ՎՇ եզրակացությունը և խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը, որը կազմում է 93.000 (իննսուներեք հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է փոխհատուցել փորձագետին վճարված 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամը՝ որպես իրավունքի պաշտպանության նպատակով կատարված ծախս:

Վարույթի լսումների ընթացքում հետազոտման և գնահատման է ենթարկվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Ն/8124-24 գրությունը, որով տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2024 թվականի հունվարի 24-ին, ժամը 8:30-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում կոտրված ծառը գտնվում է 2008 թվականի ապրիլի 16-ին կնքված՝ հողի վարձակալության թիվ 464/Գ-Ա պայմանագրի առարկա հողամասի տարածքում:

Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և «Մուշ-Մեդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2008 թվականի ապրիլի 16-ին կնքված և նոտարական վավերացման ենթարկված՝ հողի վարձակալության թիվ 464/Գ-Ա պայմանագրով «Մուշ-Մեդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիրա-պետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասում գտնվող՝ 800 քառակուսի մետր մակերեսով հողամասը:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի (փաստաթղթի ծածկագիր՝ 10012024-0026) համաձայն՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասում գտնվող և թիվ 01-006-0121-0153 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Մուշ-Մեդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձակալության իրավունքը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ) վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2024 թվականի հունվարի 24-ին, ժամը 8:30-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում «MITSUBISHI GRANDIS 2.4» մակնիշի «18MS118» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկած ծառը գտնվում է «Մուշ-Մեդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված և վերջինիս օգտագործման ու տիրապետման ներքո գտնվող հողամասում, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի իրավակարգավորման իմաստով առկա չեն վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական և անխուսափելի հետևանք հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Քրիքուր Մալխսյանի՝ վնասի փոխհա-տուցման պահանջի մասին 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24428-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան