ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5430/05/18 2023 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/5430/05/18 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | ||
ա. Թովմասյան |
2023 թվականի դեկտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հայկ Մաշուրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` ոստիկանապետին Հայկ Մաշուրյանին վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ, այն է՝ փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․12․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հայկ Մաշուրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հայկ Մաշուրյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել իրեն վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ, այն է՝ փոխհատուցել իրեն հասցված նյութական գույքային վնասը 1.549.375 ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար, 500.000 ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) 10.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Առաքելյան, դատավորներ՝ Ք․ Մկոյան, Կ․ Մաթևոսյան) 24․05․2021 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և ՀՀ վարչական դատարանի 10.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25․08․2021 թվականի որոշումներով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.05․2021 թվականի որոշման դեմ ՀՀ ոստիկանության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը մերժվել է:
15.08.2022 թվականին դիմելով ՀՀ վարչական դատարան` Հայկ Մաշուրյանը խնդրել է տրամադրել կատարողական թերթ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս․ Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2022 թվականի որոշմամբ վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ տրամադրելուն պարտավորեցնելու մասով, կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26․12․2022 թվականի որոշմամբ Հայկ Մաշուրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2022 թվականի «Կատարողական թերթ տալու դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Մաշուրյանը (ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 50-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ, 163-րդ և 411-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:
Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում շարադրել է վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, սակայն չի կատարել իր՝ դատական ակտը պատճառաբանելու և կողմերի ներկայացրած բացատրությունների, փաստարկների և ապացույցների պատշաճ հետազոտում իրականացնելու պարտականությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ վարչական դատարանի 10.07.2019 թվականի վճռով կատարած եզրահանգումն առ այն, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ հայցվորի ներկայացուցիչների կողմից 18.02.2018 թվականին ներկայացված դիմումի հիման վրա սահմանված ժամկետում՝ մինչև 16.04.2018 թվականը, պատասխանողը որևէ որոշում չի կայացրել, հայցվող վարչական ակտն առ ոչինչ չէ, այն է՝ դրա հասցեատիրոջը՝ Հայկ Մաշուրյանին, չի տրամադրում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, հետևաբար հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, ինչից հետևում է, որ ակնկալված վարչական ակտն իրավունքի ուժով ընդունված է 16.04.2018 թվականի ժամը՝ 18:00-ից ոչ ուշ:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի կողմից 26.10.2021 թվականին կայացված «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշումը սույն գործով կայացված դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց դիտելը խոչընդոտում է հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով ապահովված իրավունքի հնարավոր իրականացումը:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26․12․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ վերացնել Դատարանի 16.08.2022 թվականի «Կատարողական թերթ տալու դիմումը քննության առնելու մասին» որոշումը կամ վերացնել Վերաքննիչ դատարանի 26․12․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ վերացնել Դատարանի 16.08.2022 թվականի «Կատարողական թերթ տալու դիմումը քննության առնելու մասին» որոշումը և տալ կատարողական թերթ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 50-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը բավարարող դատական ակտի կատարման առանձնահատկություններին:
Օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն իրավունքի գերակայության ցուցիչներից է և արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչը (տե՛ս, Վայոց ձորի Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի, երրորդ անձ` «Վայկ Մետալ» ՍՊԸ թիվ ՎԴ3/0037/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․11․2022 թվականի որոշումը):
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011)003rev) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն՝ երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.b կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:
Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:
Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը․ եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով» (տե՛ս, Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19․03․1997 թվականի վճիռը, կետ 40)։
Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված պրակտիկայում ընդհանուր մոտեցումը հանգում է նրան, որ դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը և անձին զրկում արդյունավետ դատական պաշտպանությունից:
Եվրոպական դատարանը նաև իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ պետության դեմ վեճը շահած հայցվորից չպետք է պահանջվի նախաձեռնել իր օգտին կայացված դատական ակտի կատարման առանձին վարույթ: Նման դեպքերում պատասխանող պետական մարմինը պետք է պատշաճ կերպով ծանուցվի դատական ակտի մասին, որից հետո պետք է նախաձեռնի դատական ակտը կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները կամ փոխանցի մեկ այլ պետական մարմնի, որը պատասխանատու է տվյալ դատական ակտը կատարելու համար (տե՛ս, Burdov v. Russia (No. 2) թիվ 33509/04 գանգատով Եվրոպական դատարանի 15․01․2009 թվականի վճիռը, կետ 68):
Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի իրացումը գործնականում պետք է ապահովվի այդ ակտերի կատարումը երաշխավորող արդյունավետ ընթացակարգերի միջոցով։ Արդյունավետ են այն ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս դատական ակտի կատարումն ապահովել ողջամիտ ժամկետում և ամբողջությամբ վերականգնել շահագրգիռ անձի խախտված իրավունքը։ Գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը կարող է կատարված համարվել, եթե անձի իրավունքն այլևս արդյունավետորեն վերականգնված է։ Ըստ այդմ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատական ակտի կատարված լինելու (չլինելու) հանգամանքը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք վերականգնված է հայցվորի այն սուբյեկտիվ իրավունքը, որի պաշտպանությամբ վերջինս դիմել էր դատարան։ Ընդ որում, վարչական դատավարությունում նշված հանգամանքը գնահատելու համար էական նշանակություն ունի նաև, թե տվյալ դատական ակտն ինչ հայցատեսակի քննության արդյունքում է կայացվել։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-69-րդ հոդվածներով սահմանված հայցատեսակները միմյանցից տարբերվում են, ի թիվս այլնի, նաև դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի կատարման առանձնահատկություններով։ Այսպես, առանձին հայցատեսակներով կայացված դատական ակտերն իրենց բնույթով ինքնակատարվող են, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փաստով իսկ պայմանավորված՝ վերականգնվում է հայցվորի խախտված իրավունքը։ Մասնավորապես, որպես կանոն, ինքնակատարվող, կատարում չենթադրող դատական ակտեր են վիճարկման հայցը, Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցերը բավարարող դատական ակտերը։ Համապատասխանաբար վարչական ակտն անվավեր ճանաչող, իրավահարաբերության բացակայությունը (առկայությունը), վարչական ակտի առ ոչինչ լինելը, այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը, գործողությունը և անգործությունը ոչ իրավաչափ ճանաչող դատական ակտերով հայցվորի իրավունքը, որպես կանոն, վերականգնվում է ինքնին վարչական ակտն անվավեր ճանաչելու, իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, վարչական ակտի առ ոչինչ լինելը, այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը, գործողությունը և անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու փաստի ուժով։ Կատարում պահանջում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով և 68-րդ հոդվածով նախատեսված համապատասխանաբար պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով կայացված դատական ակտերը։ Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրն ունի իր կատարման առանձնահատկությունները՝ պայմանավորված այն իրավական նպատակներով, որոնք հայցվորը հետապնդում է՝ նշված հայցատեսակների հիման վրա ՀՀ վարչական դատարանում գործ հարուցելով։
Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը համակարգային փոխկապակցության մեջ է գտնվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հետ, որն ամրագրում է իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը։ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի նորմերն իրենց համակարգային փոխկապակցության մեջ կոչված են ապահովելու վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձանց իրավունքների արդյունավետ իրավական պաշտպանությունն ընդդեմ վարչական մարմնի անգործության։ Հաշվի առնելով Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտի նշված գործառույթն ու նպատակը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիման վրա կայացված դատական ակտի կատարման առանձնահատկությունները էապես պայմանավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտի բովանդակությամբ ու էությամբ։ Ուստի, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիմքով կայացված դատական ակտի կատարման առանձնահատկությունները բացահայտելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտի բովանդակությանն ու էությանը։
22․12․2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի։ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Ի ապահովումն ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրվել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, իսկ Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ։
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները։ Այն է՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված։ Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը։ Բացառություն է հանդիսանում այն դեպքը, երբ տվյալ վարչական ակտն առ ոչինչ է՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Անդրադառնալով նշված կարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, և դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին,
2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,
3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,
4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ (տե՛ս Արթուր Ախիջանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8200/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու և օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը, ըստ էության, հաստատում է իրավական համակարգում Վարչարարության մասին օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը և սպառիչ տեղեկություններ է պարունակում այն կոնկրետ իրավունքի մասին, որը համարվում է անձին տրամադրված տվյալ վարչական ակտով (տե՛ս, Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով ընդունված համարվող ֆիկտիվ վարչական ակտը դրա հասցեատիրոջ համար ունի այն նույն իրավական հետևանքները, ինչ օրենքով սահմանված կարգով ու ժամկետում վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը։ Ֆիկտիվ վարչական ակտի հասցեատերը կարող է ձեռնամուխ լինել հայցվող իրավունքի իրականացմանն սկսած այն պահից, երբ տվյալ վարչական ակտն օրենքի ուժով համարվում է ընդունված, այն է՝ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից։ Ըստ այդմ՝ վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրն արդեն օրենքի ուժով առկա է ֆիկտիվ վարչական ակտը, այլապես ակտի հասցեատիրոջ կողմից իր իրավունքի իրականացումը զուրկ կլիներ անհրաժեշտ իրավական հիմքից։ Պատահական չէ, որ ինչպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է ոչ թե «վարչական ակտի տրամադրում», այլ «համապատասխան փաստաթղթի տրամադրում» ձևակերպումը, ինչը նշանակում է, որ ֆիկցիայի ուժով ընդունված համարվող վարչական ակտի բովանդակությունը հետագայում պարզապես փաստաթղթային ձևակերպում է ստանում և նյութականանում։ Այլ կերպ՝ ֆիկտիվ վարչական ակտը, հաշվի առնելով, որ իրավական հետևանքներ է առաջացնում վարչական վարույթի ավարտին հաջորդող օրվանից, պետք է թվագրված լինի առնվազն այդ օրվանով, և հետագայում փաստաթղթային ամրագրում ստանա այդ թվագրմամբ։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ եթե պարտավորեցման հայցի պարագայում հայցը բավարարող դատական ակտի կատարումը պահանջում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտելուց հետո վարչական ակտի ընդունում, ապա Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված գործողության կատարման հայցի պարագայում դատական ակտի կատարումը պահանջում է զուտ փաստաթղթային ձևակերպում տալ վարչական վարույթի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից արդեն իսկ գործող ֆիկտիվ վարչական ակտին։ Այլ կերպ՝ ի կատարումն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված գործողության կատարման հայցը բավարարող դատական ակտի՝ վարչական մարմինը ոչ թե ընդունում է վարչական ակտ, այլ հաստատում է իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան վարչական վարույթի ժամկետի ավարտին հաջորդող օրն օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը․ սրանում է դրսևորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը բավարարող դատական ակտի կատարման հիմնական առաձնահատկությունը։
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված գործողության կատարման հայցը բավարարող դատական ակտը կարող է կատարված համարվել, եթե իրավասու վարչական մարմինը հայցվորին տրամադրում է խնդրո առարկա բարենպաստ վարչական ակտը՝ վարչական վարույթի ժամկետի ավարտին հաջորդող օրվա թվագրմամբ։ Միայն այս դեպքում կապահովվի այն սուբյեկտիվ իրավունքի արդյունավետ վերականգնումը, որի դատական պաշտպանությունն անձը հայցել է նշված հայցատեսակով։
Սույն վարչական գործով ՀՀ վարչական դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված հայցը, 10.07.2019 թվականին կայացված և 25.08.2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ ոստիկանությանը պարտավորեցրել է Հայկ Մաշուրյանին տրամադրել վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր յոթանասուն հինգ) ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը» (հատոր 3, գ.թ. 95-134):
ՀՀ ոստիկանության պետին ուղղված 27.09.2021 թվականի դիմումով Հայկ Մաշուրյանի ներկայացուցիչը խնդրել է իրեն տրամադրել վարչական ակտ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր յոթանասուն հինգ) ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը» (հատոր 6, գ.թ. 140-143):
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի կողմից 26.10.2021 թվականին կայացվել է «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշումը, որի 1-ին կետով որոշվել է.
«Փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր յոթանասուն հինգ) ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը» (հատոր 6, գ.թ. 145-148):
Դատարանին ուղղված դիմումով Հայկ Մաշուրյանի ներկայացուցիչը խնդրել է.
«Տալ կատարողական թերթ՝ Հայկ Մաշուրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ոստիկանապետին Հայկ Մաշուրյանին վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ, այն է՝ «փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր յոթանասուն հինգ) ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը», տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով:
Դատարանը «Կատարողական թերթ տալու դիմումը քննության առնելու մասին» 16․08․2022 թվականի որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի վկայակոչմամբ մերժել է կատարողական թերթ տալու դիմումը՝ նշելով, որ վարչական գործի նյութերում առկա է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի կողմից 26․10․2021 թվականին կայացված «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշումը, որի «որոշեցի» մասն ամբողջությամբ արտացոլում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի եզրափակիչ մասը, այսինքն՝ վարչական գործի նյութերում առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց։
Վերաքննիչ դատարանը 26․12․2022 թվականի որոշմամբ ևս փաստել է, որ Դատարանի կողմից 10.07.2019 թվականին կայացված և 25.08.2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջի կամովին կատարված լինելու մասին ապացույցի առկայության պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով կատարողական թերթ տալու մասին դիմումը ենթակա է եղել մերժման, քանի որ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի կողմից 26․10․2021 թվականին կայացված «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշման 1-ին կետն ամբոջությամբ վերարտադրել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի եզրափակիչ մասը։
Վերոգրյալ իրավական վերլուծությունների կիրառմամբ Վճռաբեկ դատարանը սույն բողոքի շրջանակներում հայցվորի իրավունքների խախտման հանգամանքը գնահատելու նպատակով անհրաժեշտ է համարում պարզել՝ արդյոք, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի կողմից 26․10․2021 թվականին «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշման ընդունմամբ կատարվել է ՀՀ վարչական դատարանի 10.07.2019 թվականին կայացված և 25.08.2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են` (․․․) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի (…)։ Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է` դատարանի վճիռների (․․․) հիման վրա (․․․)։
Կատարողական թերթ տրամադրելու կարգը սահմանված է նույն օրենքի 18-րդ հոդվածով։ Վերջինիս 1-ին մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար՝ ակտն ընդունած դատարանը՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
Նույն հոդվածի 5-րդ մասն սպառիչ կերպով սահմանում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը։ Այն է՝ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝ 1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.
(․․․)
4) դատական ակտը չի ենթադրում կատարում (․․․)։
Կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերի բովանդակությունից բխում է, որ կատարողական թերթ տալու հարցը քննարկելիս դատարանը, ի թիվս այլնի, պարզում է դատական ակտի կատարված լինելու (չլինելու) հանգամանքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը գնահատելիս պետք է, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատարանի վեճն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունը դիտարկել պատճառաբանական մասի բովանդակության հետ համակցության մեջ՝ հաշվի առնելով պատճառաբանական մասում նշված՝ հայցի բավարարման իրավական և փաստական հիմքերը, ինչպես նաև հաշվի առնել այն հայցատեսակի առանձնահատկությունները, որի հիման վրա վարչական գործը հարուցվել է:
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) 10.07.2019 թվականի վճռով բավարարվել է ՀՀ ոստիկանության դեմ Հայկ Մաշուրյանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցը, որով վերջինս խնդրել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել Հայկ Մաշուրյանին վարչարարությամբ հասցված վնասը հատուցող վարչական ակտ, այն է՝ փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը 1.549.375 ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար, 500.000 ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը: ՀՀ վարչական դատարանը հացը բավարարել է ամբողջությամբ՝ վճռի եզրափակիչ մասում շարադրելով պատասխանող ՀՀ ոստիկանության կողմից տրամադրման ենթակա փաստաթղթի եզրափակիչ մասը, այն է՝ «փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված նյութական գույքային վնասը՝ 1.549.375 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեք հարյուր յոթանասուն հինգ) ՀՀ դրամի չափով, փոխհատուցել Հայկ Մաշուրյանին հասցված ոչ նյութական վնասը՝ խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտման համար՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, նշված՝ ոչ նյութական վնասի գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը»: Միևնույն ժամանակ վճռի պատճառաբանական մասում ՀՀ վարչական դատարանը կատարել է եզրահանգում առ այն, որ «վարչական վարույթը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 17.03.2018 թվականին, հետևաբար նշված վարչական վարույթն ավարտվել է (որի արդյունքում վարչական մարմինը պետք է որևէ որոշում կայացներ) 16.04.2018 թվականին ժամը 18:00-ին (17.03.2018 թվականից հաշվարկված 30-րդ օրացուցային օրն ավարտվում է 15.04.2018 թվականին, որը ոչ աշխատանքային օր է), որի ընթացքում պատասխանող վարչական մարմինը պետք է հայցվորի ներկայացուցիչների դիմումի հիման վրա որևէ որոշում կայացներ»:
Սույն որոշմամբ վերն արտահայտված դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի կատարումն ՀՀ վարչական դատարանի 10.07.2019 թվականի վճռի, ՀՀ ոստիկանությունից պահանջվում էր զուտ փաստաթղթային ձևակերպում տալ 17.03.2018 թվականին հարուցված (նշված փաստն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված անվիճելի փաստ է) վարչական վարույթի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, այն է՝ 17․ 04․ 2018 թվականից, արդեն իսկ գործող ֆիկտիվ վարչական ակտին։ Այլ կերպ՝ պահանջվում էր հաստատել իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վրույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան վարչական վարույթի ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 17․04․2018 թվականին, օրենքի ուժով ընդունված վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը։ Հետևաբար, հայցվորին պետք է տրամադրվեր նրա կողմից հայցված բարենպաստ ակտը՝ թվագրված 17․04․2018 թվականին։ Միայն այս դեպքում կերաշխավորվեր օրինական ուժի մեջ մտած դատական ակտի արդյունավետ կատարումը, հետևաբար նաև՝ հայցվորի իրավունքի ամբողջական վերականգնումը: Հակառակ դեպքում, հայցվորի համար իմաստազրկվում է իրավաբանական ֆիկցիայի գործիքակազմը՝ որպես պատշաճ վարչարարության իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիք:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի կողմից 26․10․2021 թվականին կայացված «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշումը դիտարկելով որպես թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով կայացված դատական ակտը կատարված լինելու վերաբերյալ ապացույց, ցուցաբերել են ձևական մոտեցում՝ հաշվի չառնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի բովանդակությամբ պայմանավորված՝ խնդրո առարկա դատական ակտի կատարման առանձնահատկությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի կողմից 26․10․2021 թվականին կայացված «Վարչարարությամբ հասցված վնասը հատուցելու վերաբերյալ» թիվ 369 որոշումը չի կարող դիտարկվել որպես ՎԴ/5430/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարված լինելու վերաբերյալ ապացույց, ըստ այդմ՝ առկա չէ Հայկ Մաշուրյանի կատարողական թերթ տալու դիմումը մերժելու՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․12․2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 16.08.2022 թվականի «Կատարողական թերթ տալու դիմումը քննության առնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|